Показаны сообщения с ярлыком Անկախ պատմություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անկախ պատմություններ. Показать все сообщения

суббота, 9 мая 2015 г.

Մտքապատկեր..

Արի խոսենք  անիրական թվացող,  խառնված, գուցե ցնորական երևույթներից...
Արի նստենք ասեղի միևնույն ծայրին ու սկսենք երազել  փափուկ բամբակի դաշտերի մասին...
Արի, ձեռքս բռնիր ու մի մտածիր այդպես էլ չիրականացվող գործերիդ մասին...
Արի գլուխդ դիր ուսիս ու զգա դրա չոր փափկությունը... 
Արի խոսենք անցյալից...Չհիշելով այն՝ ստեղծենք նոր անցյալ, անցյալի դեպքեր, անցյալի դեմքեր, անցյալի բույր ու  երաժշտություն... 
Արի փակենք դարակը՝ լցված անցյալով: Կողպենք...
Արի թողնենք անշունչ առարկային, որ պատմում է շնչավոր երևույթների մասին, փոխանցում է  անիրական զգացմունքներն ու խաբելով մեզ իրականության մասին՝ գցում է անիրական խորանարդի մեջ: Ինչու՞ չեմ տեսնում խորանարդը, այնինչ զգում եմ նրան...

пятница, 1 августа 2014 г.

Քաղցր անձրևից հետոն

Քաղցր անձրևի համից զարմացած պետք է սթափվել: Միշտ չէ այն քաղցր, այն էլ վանիլային
համով: Տարբեր կողմերից  դեպի ինձ են գալիս հսկայական ցեխագնդեր, որոնք ամենևին էլ քաղցր չեն, ոչ էլ վանիլային համ ունեն:  

Աչքերս բացեցի ու  դիմացի A4 ֆորմատով թղթի վրա պատկերված գունավոր շենքերով, շա՜տ ճոճանակներով քաղաքը թվաց  երազանք կամ դեմքիս մկանները ձգող մի ուժ, որ պատկերվի "ժպիտ" ասվածը:  Արի ու տես, որ փոխվեց շատ բան: Մարդիկ, ընկերներ, դեպքեր, որ իրար հետևից "Զգա'ստ" հրամանով շարվեցին, իսկ "Շարքով մա՛րշ"-ի դեպքում՝ հերթով քայլեցին  Մենքի վրայով: 

Ասում են քաղցրը վնաս է: Քաղցր անձրևը առավել ևս վնաս է: Իսկ քաղցրը  ազատության փորձ է, դե մեկ-մեկ էլ՝ փորձանք

Էսքանից հետո, հարաբերականության տեսության մեկ այլ վարկած Նիցշեի կողմից.
"Ոչ մի բարոյական երևույթ էլ չկա. գոյություն ունի միայն երևույթների բարոյական մեկնաբանություն…"
 

 

воскресенье, 30 марта 2014 г.

Կտոր մը մոխրագույն..

Երբ մտածում էի  ծառի ճյուղին նստած երգող  թռչունը երբ է  փորձելու  դեպի ինձ շրջվել ու
 երգել սպասված, ներսիս երաժշտության հետ ներդաշնակ իր երգը, չէի պատկերացնում, որ նա լսում է մտքերս,  գրիչով սեղանին տկտկացրած բառերս, կարողանում է կարդալ փոշեհատիկի միջոցով նրան ուղարկված  նամակներս: Ձմեռը չէի սիրում, ձմեռը չեմ սիրում. անսովոր ցուրտ է մոլորակումս: Ձյունը սիրում էի, ձյունը սիրում եմ. չեղած տեղից բծեր է գտնում ու մաքրում դրանք: Այսպես ասած բնության երևույթներից ամենամաքրասերն է: Առաջին ձյան հետ երազանք պահեցի, հետո երբ բոլոր երազանք իրականացնողները ցրվեցին տներով, թաքուն ոչ մեկի համար շշնջացի  մի երկու կցկտուր բառ:

Այն ժամանակ տեսնում էի արևը, բայց չէի զգում: Հակառակը ջերմության փոխարեն սառնության ալիքներն էին դեմքիս հարվածում: Հիմա զգում եմ նրան, բայց չեմ տեսնում: Ծածուկ  մի կայան է գտել ու ակտիվ ջերմություն է ճառագայթում: Բարի՜

Որոշեցի գտնել արևուկի գաղտնարանը: Տարբերակներ շատ կային:  Մյուս կողմից էլ այդքան էլ շատ չէ, մեկից ավել՝ երկու: Տարբերա՜կ առաջին (մրցույթում հաղթողներին հայտարարողի ձայնով)՝ Վերևներ, տարբերա՜կ երկրորդ (նույն վերջինի ձայնով)՝ Ներքևներ: Վերևների ու Ներքևների համար այդքան էլ շատ տարբերակներ չունեի...
Ֆունկցիայի որոշման տիրույթին ու ածանցյալին տետրի տողերի ու գրիչի թանաքի միջոցով գտնելուց հետո, մեկ երկու շարժումով վերարկուն վրաս եմ գցում ու դուրս գալիս հետաքննության: Լրիվ կերպարի մեջ, ինձ գաղտնի գործակալ զգալով գնում եմ այդ թաքնված ջերմության աղբյուրին փնտրելու, բացահայտելու:

Մեկ, երկու, երեք (ինչպես միշտ երրորդին մի քար գտնում եմ ոտքս դրան հարվածելու ու կոշիկների վրա փոքր-մոքր քերծվածք ստեղծելու համար)... "Պատկերացրու ինչ-որ պահող բան կա, գլուխդ  բա՜րձր պահող:"... Հիշեցի խոսքերը, մեխանիկորեն գլուխս բարձրացավ ու դիմացս կանգնած է անցյալի մասնիկ կազմող տասներկուհարկանի ուղղանկյունանիստը: Ձգում է, հիշում եմ թաքնվածի մասին ու հասկանում, որ հնարավոր է նրան գտնել ուղղանկյունանիստի տարածքում:
Վերելակով բարձրանալու համար չափազանց կասկածելի տեսք ունեի, ոտքով բարձրանալու համար էլ մթության գերակայում կար: Այ քեզ խնդիր: Մի երկու քայլ գնալուց հետո, հասկացա, որ մթությունը այդքան էլ մթություն չէ: Հոգնած ե՞մ, հնարավոր է: Աչքերս փակվում են, իսկ ոտքերս հանգիստ առանց երկմտանքների բարձրանում են մթության մեջ լողացող աստիճաններով: Հասնում եմ հերթական յոթերրորդ աստիճանին ու ինձ թափ տալիս. "Է՜յ, գաղտնի գործակալները չեն քնում աշխատանքի ժամին, քեզ հավաքիր": Երեք ատիճան +: Քիչ մնաց, որ բացահայտեմ այդ  անհասկանալի աղբյուրին:

Տասներկու հարկ. մի տեղ ընտանեկան վեճի ձայներն են, մյուսում՝ ինչ-որ մեկը բարձրաձայն պատմության դասն է սովորում  կամ  անգիր անում, էն մյուսում՝ կեդանի՝ ավելի կոնկրետ՝ շունն է անհանգստացել. երևի էլի վախի ալիքներս սկսեցի տարածել, իսկ նա էլ զգաց դրանց առկայությունը: Մի խոսքով մի խառնաշփոթ, դասակարգված խառնաշփոթ, մթություն, ձայներ ու ոտնաձայներ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Գովազդային դադար!
 Եթե տխուր եք, հոգնել եք ամենից և մտքերը կարգի բերելու համար տեղ և ժամանակ է անհրաժեշտ, ապա գտեք մի բարձրահարկ շինություն ու առանց վերելակի էներգիան ծախսելու ձգտեք շինության ամենաբարձր կետը, իսկ այդ ընթացքում ինչքան  խելքին փչի մտածեք, մտածեք, մտածեք: Հատուկ առաջարկ՝ վատ վիճակում գտնվողները կարող են բարձրաձայն մտածել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հասնում եմ  այնտեղ, որտեղից  կտեսնեմ Արևուկի հայրենի տունը, որտեղ նա հաճախ է լինում: Մի կողպեք է բաժանում ինձ, այդ վայրից: Թռչելու,  բոլոր կորածներին ձայն տալու, կապույտ մոխրագույն, բայց ուրախ շերտերով լցնելու,  խորը շունչ քաշելու ու թթվածնի ավելցուկը վայելելու վայելելու վայրը: Յոթերրորդ աստիճանից հետո սթափվեցի, գլուխս բարձրացրեցւ ու տեսա փոքրիկ, երկաթյա ու ծերացած արգելքին՝ կողպեքին: Ժպտացի, Արևուկին չգտա: Բայց ժպտացի, չէ՞
Երևի նրան արդեն գտնելու կարիք էլ չկար...

Հակասություն. Ձմեռը չէի սիրում, ձմեռը սիրում եմ




пятница, 14 марта 2014 г.

Հնդրած մտքեր

Երբեմնի  նուրբ ձեռքերը դանդաղ հնդրում էին մանր, համարյա թե մաքուր ոսպը: Տարիներ առաջ այդ ձեռքերը գնահատականներ էին տալիս փոքրիկ անմեղներին, որ "ճ"-ի մասնիկը
սխալ էին գրել: Այսօրվա ճաշը արդեն եփվում է, իսկ նա արդեն անցել է վաղվա ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին: Սա էլ նրա ժամանակ գլորելու միջոցն է...

Ամեն անգամ ժամացույցին նայելիս գտնում եմ սլաքները նույնանման զույգերով. 11:11, 15:15, 23:23... Ինչքան մոտիկ են իրար, հարազատ...Թվերը՝  դեռ չխաբված, պղտորված փոքրիկից, գարնանային նորածաղկից ու  մեկ հայացքից հետո ամենամաքուր երևույթներն են: 

Դժվար է՞քայլել ինչ-որ մեկերի կողքով, բայց թռչել բամբակե ամպերի անձրևոտ խաչմերուկներում: Մի քիչ թրջվել, տերերի կողմից մոռացված ու անձրևի տակ ընկած լվացք զգալ: Մի քիչ  պահանջել, հետո համակերպվել, մի քիչ վերցնել անձը՝ մտքի տակ գցելով ճնշել այնքան, որ հանձնվի ու փորձի ոտքի կանգնել, սկսի շարժվել տեղից ու զգացնել տա իրեն: 

Շնչող նկարների վրա կետեր են ավելանում, բծավոր են դառնում ու սկսում վարակել իրենց բծերով կողքին շնչող նկարներին: Արդեն սկսեցի մտածել "Արտաքին բծերից պաշտպանական հագուստների" արտադրամաս բացելու մասին: Մնում է գտնել մի ցնդած գիտնական ու նրա հետ այդ բծերից պաշտպանվելու համար նյութ ստեղծել: 
Իսկ եթե ես էլ բծավոր դառնամ՝ արտադրամասը չի բացվի: Պարզից էլ պարզ է: 

Աղմկոտ պատկերներ,  ներդաշնակ քայլեր, կերպար,  կոշիկները երաժշտություն են ստեղծում՝ երևի իրենք էլ չեն հասկանում: Խառնաշփոթիս մեջ գտա մի տող՝ ապագայի ու անցյալի մեջ կորած մեկի քնելուց առաջ գրած խոսքերն էին."Ստվերի կերպարը գնաց": 
Բա՜ց, շա՜տ բաց կապույտ կամ դեղին հիշեցնող ժպիտ է հայտնվել: Բա՜ց, շա՜տ բաց մոխրագույնի ներքո ինչ-որ մեկը (երկուսը) կենդանի են, ապրում են: 
Ասում են՝ գույները չեն կորցնում իրենց գունային ազդեցությունը, ստեղծած ազդեցության դաշտը չի թուլանում, անհատ պաշար կա: Չեք հարցնում, չգիտեմ էլ որտեղից

понедельник, 13 января 2014 г.

Արագացում

Մեքենաները կանգնել են: Շարժը կանգնել է: Երաժշտությունը հոսում է: Մոտեցա անցումին՝
ազատ է: Քայլում էր  նա՝  փաթաթորված մինչև աչքերը փակող շարֆով ու  իր կրկնակի չափի վերնագուստով, ձեռքից բռնել էր տատիկը՝ նա ժպտում էր: Ձեռքը բաց թողնելը երևի ամենավատ բանը կարող էր լինել աշխարհում այդ պահին: Նա  քայլում էր՝ փոքր-ինչ երերալով, դեռ վստահ չէր իր վրա, դեռ վստահ չէր, որ կարող է այն մեծերի նման վստահ, գետնին ագահորեն խփելով քայլել: Բայց ոչի՜նչ, ինքն էլ է դառնալու այդ ագահներից մեկը: Մի օր, օրերից մի օր...

Ջերմաստիճանը բարձրանում է:
Տաք գոլորշին փակում է տեսադաշտը: Հեռվում վառվող լամպը խամրել է. ջերմաստիճանը բարձրացել է: Մի քիչ էլ  ու արդեն  դիմացս կլինի միայն սպիտակ գոլորշու ամպը: Երկնքում լողացող ամպերից մի կտոր ընկել էր սենյակս: Արդեն հասկացաք՝  տեսադաշտս էլ փակել ու հաճելի սպիտակի մի հավերժություն է դիմացս: Վերցնում եմ արդեն ծայրը մաշված մատիտը ու սկսում տեսնել մուգ շերտով "Համընկնությունների անվերջ աճող պրոգրեսիան": Կարծես  թե, դա ես չեմ նկարել ...

Արագ-արագ քայլերը  խաբում են ու վստահեցնում, որ ավելի արագ ու զգույշ քայլելու դեպքում չեն նկատի ներկայությունս: Մթնշաղում մինչև վերջին կետը միացրած երաժշտությունը ավելի  է արագացնում մեքենաների վազքը, դիմացովս քայլող համարձակ երիտասարդների թեժ զրույցը ու  մարդկանցով լցոնված երթուղայինի ծանր շարժումը:

Այն փոքրիկի նման` ես էլ վերարկուի, շարֆ-գլխարկ անբաժան զույգով փաթաթորված անցնում եմ այն կամուրջի վրայով, որը առաջին անգամ անցա, երբ պետք է պաղպաղակ գնեի այն ժամանակ այդ արգելված, չափից դուրս մեծ ու վտանգավոր կամուրջն անց գտնվող խանութից: Դա առաջին անգամն էր, երբ խախտեցի "չի կարելի"-ն, բայց ունեցա սպասված պաղպաղակը: Նրանք տեսնում էին ինչպես էին պսպղում աչքերը, երբ փոքրիկը վայելում էր վանիլային պաղպաղակը՝ սկզբում ազատում սպիտակին վաֆլու  պատնեշներից, հետո աստիճանաբար մաքրում նրան իրականությունից:

Ոտքս դնում եմ սառույցի արդեն մաշված, ասֆալտի տպավորություն թողնող կտորի վրա ու մտածում, որ հանկարծ թե ընկնեմ երևի աչքերս կբացեմ ու կժպտամ, թեկուզ որ՝ կցավա: Կժպտամ, ուղղակի մի մտքից, որ  այն օրը աչքերս փակեցի ու, քաղցր ալկոհոլը խմելով՝ ցածր, միայն մեկի համար լսելի ձայնով ասացի այդ եռյակը: Թեկուզ, որ նրանցից երկուսը՝մյուսի հետ  անհաշտ են:




четверг, 14 ноября 2013 г.

Թարթող լուսամփոփներ

Ու էլի  բարձրանում եմ սպիտակ երթուղայինը, նստում վերջում մի ազատ տեղ ու քարանում: Մտածել, թե հնարավոր է մի  ձեռք վերցնում ու  աղմուկը հատուկ մոտեցնում է ինձ, մի քիչ  անտրամաբանական է, թեթևամիտ, իսկ ուրիշ տարբերա՞կ: Մի կանգառով մոտենում եմ տաք թեյին, հաջորդ կանգառում երթուղային է բարձրանում բռնցքամարտի պարապմունքից նոր դուրս եկած  մի պատանի. աչքերը հազիվ են բաց մնում,  ոտքերը նույնիսկ իվիճակի չեն  պահել այդքան թեթև քաշը, բայց պետք է տուն հասնել, քիչ մնաց: Պատանին ձեռքում պահել է  ծռմռված հարյուրանոցը ու  հենվել երթուղայինի ներսում առկա միակ սյանը, որը շատերի գոնե կանգնած գնալու հույսն է: Հարյուրանոցը հարմար է՝ մետաղադրամների ոսկե միջինն է. պուճուր -մուճուր, նրանով կարելի է տուն հասնել, անուշահաց գնել կամ էլ  մի լիքը արևածաղիկի հատիկներ, կամ էլ ուղղակի գրիչ կամ տետր գնել ու  գրե՜լ՝ անվերջ, առանց շեղվելու: 
Արդեն մութ է ու  քունս էլ տանում է այնքան, որ կողքիս նստած թմբլիկ, չէ շատ թմբլիկ կնոջ ուսը անասելի գրավիչ է թվում, իսկ փափուկ վերնահագուստը կրկնապատկում է գրավչությունը, բայց չէ, ավելորդ մուննաթներից խուսափելու համար, ավելի լավ է  դիմանալ ևս մի քանի կանգառ:  Ուզում եմ հասկանալ այս մարդիկ ինչից են վախենում հիմա: Բոլորը մռթնած են, բոլորը գնուխները կախել են ու  լռում են: Այս մթնոլորտը չափից դուրս ճնշող է, առավել ճնշող քան թե քննության քիչ մնացած ժամանակը: 
Մի օր առաջ ես հոսանքի մի մասնիկ էի, հոսանքը աղմկում էր, հոսանքը ճանապարհ էր ուզում, հոսանքը  հենց այնպես չէր առաջացել՝ ուժ էր ազդել վրան: Իսկ հոսանքը վրդովվել էր, հոսանքի ուժը ազդեց ու լռեց ձայնը...
Այսօր քայլում եմ ու առաջին անգամ զգում եմ այն  փոքրիկ, կարմիր կոթով մուրճի  հարվածը, որ փոքր ժամանակ պապիկս նվիրեց ինձ: Նա փոքրիկ է, առաջին հայացքից դուրեկան, սակայն պարբերական հարվածները ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան մեծ, հաստավիզ կացինը: 

Ճնշող է այս միջավայրը, նման է այն  լուսամփոփին, որ դեռ թարթում է  մարդկանց գլխավերևում: Ամեն թարթոցի հետ լույսը ավելի է խամրում: Ինչ-որ մի պահի այն լրիվ կմարի...

воскресенье, 13 октября 2013 г.

Սառը արև

Երկար թարթիչներով արևի թարթոցները  դժվարանում են:  Աչքերը ավելի շատ փակ են, քան բաց` աշխարհի ու իր առջև:  Ես փորձում եմ օգնել արևին: Ձեռքերումս եղած ուժը շատ քիչ է, նրա ահռելի գրավիտացիոն ուժի  համեմատ: Կամաց-կամաց հասկանում եմ, որ անզոր եմ ու փոքր, բայց ոչ այնքան փոքր, ինչքան դուք հիմա մտածեցիք: Մեկ-մեկ ստացվում է տեսնել ինքս ինձ, չնայած, որ ավելի շատ կուզեի տեսնել կանաչ էկրան, որի վրա երազանքներս կտեղադրվեին` իրենց Աստված զգացող մարդկանց կողմից:

Դեմքիս վրա ոչ մի  արտահայտություն չնշմարելով` դանդաղ քայլում եմ  դեպի  տուն: Հանգիստ անցնելով տխուրների մոտով` շրջվում եմ դեպի  կասկածամիտները, հետո նրանց հրաժեշտ տալիս ու մոտենում բարիներին: Երկար զրուցելուց հետո հիշում եմ լրիվ "արդար" թեստերի մասին ու նրանց նույնպես լքում: 50մ անցնելուց հետո նկատում եմ կողքովս քայլող եսասերներին, որոնք կրկին իրենց գովքն էին անում: Փողոցը անցնում եմ` եսասերիներից հեռանալու համար: Այս անգամ հետապնդում են երազողները, ում համար դիտավորյալ դանդաղ եմ սկսում քայլել` մի երկու երազանք փոխանակելու համար: 
Երազողները առաջարկում են միանալ իրենց ու սկսել երազել փոքրիկների նման`  անմեղ, սովորական մի կոնֆետի մասին: Երազողները վարակիչ են, անկախ ինձնից ուզում եմ նմանվել նրանց: 

Երկաթե ճոճանակների սղոցող ձայնը հաճելի է թվում առաջին անգամ` քոնի համեմատ իմ ապրած այս քիչ տարիների ընթացքում: Արդեն երաժշտություն չեմ լսում շատ անգամներ այս տիրույթում հիշատակված ականջակալներով, որոնցով երաժշտություն էր հոսում ու խելքահան անում բոլոր բանական էակներին: 

Ներքին նորաձևության աշուն-ձմեռ հավաքածույի մեջ ընդգրկված են և արդեն լայն տարածում են ստացել փակ աչքերով քայլելը,  տարիքով մարդկանց կնճիռները հաշվելը ու կաշտանի ծառից վտարված տերևներով ու կլոր գնդիկներով ֆուտբոլ խաղալը՝  ծնված օրվանից էլ տուն չունեցող կենդանիների հետ: Ամեն օր նոր մականուն են մտածում մարդիկ ու ուրախանում իրենց հանճարեղության վրա, այնինչ ուղղակի իրականության համար ճիշտ բառեր են գտել վերջապես: Երևի վերջին մի քանի օրվա ընթացքում կարդացած հայերեն մի երկու ճիշտ նախադասության արդյունքն է: 

Սկսել են ավելի ու ավելի շատ այցելել հեքիաթային անկյուն ստեղծելու մասին մտքերը: Գալիս են  հմայում, համոզում, մնում որոշ ժամանակ, հետո գալիս են խանդոտ  վախերը ու տանում մտքերին դեպի փակուղի:  Աշնանային սառը արևը մի անտեսանելի ու ապտակող մտքերի հոսք է ուղղում ճառագայթների միջոցով: Թվացյալ զբաղվածության ու  խառնաշփոթության մեջ զգում եմ  զայրացնող թեթևություն: 

Սառը արևի շողերը աչքերիս մեջ են ընկնում: Մի քանի վայրկյան հետո անկման անկյունը փոխվում է ու տեսնում եմ դեպի առաջ եկող, ասել է, թե գեղարվեստական արժեք ներկայացնող մի երևույթ: Ճիշտ մարդն էր` իր բոլոր  ճիշտ հատկություններով ու բարոյական մեծ արժեք ներկայացնող պահվածքով: Ահա, նա միայն քայլում է, բայց տապալում է փողոցում քայլող բոլորին` կլինեն նրանք սխալ, կամ կիսասխալ կամ ընդհանրապես ոչինչ: 

Արևից տաքություն սպասել պետք չէ, հիմա նա ուղղակի սառն է: Արհամարհում է, երևի ուզում է իրեն ուշադրություն դարձնենք: Բայց քանի որ մենք հիմա տարված ենք մեր անկապ մտքերով, կամ սիրու~ն տերևների  մահվան արարողություններով, կամ էլ մեր անթիվ-անհամար գործերով, որոնք չգիտես որ հրաշքով վերանում են բոլոր  կարևոր պահերին, արևը նեղանում է ու ավելի սառում: Մի քիչ հետո ընդհանրապես միայն աչքերով կտեսնենք նրան, բայց կզգանք սառը~ ձյան  սկզբում մրսեցնող, հետո վառող  ազդեցությունը: 

четверг, 16 мая 2013 г.

Սոված շների օրերից..

"Առաջիկա մի քանի օրերին սպասվում են տեղումներ` անձրևների և կարկուտների տեսքով..", - հաղորդեց  եղանակի տեսություն  վարող ժպադեմ աղջիկը:

Կենտրոնական փողոցի վրա իրար կողք շարված մթերային խանութներից մեկում անգործ
նստած էր խանութի արևածաղիկից անխնա օգտվող վաճառողուհին: Առանց աչքերը հեռուստացույցի էկրանից շեղելու  հաստատուն պարբերությամբ  "չռթում" էր արևածաղիկի հատիկները, մտնող-գնացողին տալիս էր մի տուփ ծխախոտը կամ էլ մի հատ թթվասեր, մի հատ հաց զույգը ու էլի անցնում իր հիմնական գործին` արևածաղիկի սպառմանը և սերիալախառը լուրերին հետևելը: Դատարկությունը բացատրվում էր մեկ բանով. դուրսը անձրև էր գալիս` իր խշշոցով ու տկտկոցով: Անձրևից ծեծվող փողոցներով մեկ վազում էր, մեկ դանդաղ քայլում ցրտից ու անձրևից սրսռթացնող մի շուն: Թրջվել էր մինչև ոսկորները, ինչ-որ բան անելու անկարողությունից իր կողմից չսիրված կատվի մլավոցներ էր արձակում: Չգիտեր ինչ աներ..
Անձրևի սառը կաթիլները  հարվածում էին անընդհատ, խանութի կամ ինչ-որ շենքի ծածկի տակ էր մտնում, բայց էդտեղ էլ մարդիկ էին պատսպարվում: Ոնց կլիներ իրենց հետ մի կենդանի էակ էլ պաշտպանվեր անձրևից: Լույս է տեսնում ու կամաց արագացող քայլերով մոտենում դրան: Խանութներն էին, որոնցից շատերը արդեն փակ էին: Մոտեցավ, առջևի ոտքերը դրեց աստիճանների վրա ու թաց աչքերով երկար ժամանակ նայում էր այդ լուսավոր, տաք, ուտելիքներով ու մսի կտորներով լի աշխարհը, որտեղ չկար այդ չար անձրևը, չկար սառը քամին: Մի քայլ էլ առաջ ու հնարավոր է նա մտնի այդ աշխարհ: Մեկ աստիճան էլ բարձր ու..
- Յա յա յա, եկել, մտել էս խանութս, որ ի՞նչ անես: Գնացիր էստեղից, կեղտոտ շուն, - բարկացած ձայնով ու կտրուկ շարժումներով քշեց շանը արևածաղիկ "չռթող"  մեծածավալ կինը:
Նա էլի դրսում էր, էլի անձրևի տակ, որը պիտի շարունակվեր դեռ մի քանի օր էլ ու Աստված գիտի ինչքան գիտի կենդանի կմնա մինչև արևի գալը, թե կսատկի մի էսպիսի օր` ցրտից, սառը անձրևից ու սովից...

среда, 27 февраля 2013 г.

Առանց «ինչու»-ների ու «որովհետև»-ների..


- Արի´: Նստի´ր Կողքս: Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է 
- Գիտե ՞ ս, ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ եմ հավատում` ուրիշ  ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ: Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ եմ այդ 
կապանքներից  միայն այդ դեպքերում: 
- Էլի «բայց» ու էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի  դուրս գա մեր բերանից  ինչու՞  հարցը տալուց ու որովհետև  բացատրությունը ստանալուց հետո: 
- Դեռ մարդ չես դարձել, Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով: 
- Մարդիկ սովոր են արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը: Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ  ամենակարևորը ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլ կվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ  այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց: 

Մի քանի րոպե լռություն է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն , իսկ «որովհետև՞»-ը...

Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս  այդ հավատով լի սենյակից, որտեղ սովորաբար հանդիպում  էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ: 

пятница, 14 декабря 2012 г.

Մի կաթիլ լույս..

Մի մե~ծ մութ սենյակում մի թաքուն, գողտրիկ անկյունում, մի փոքրիկ սև տուփի մի անկյունում թաքնվել է մի կաթիլ լույսս: Ամաչում է երևի մարդկանցից, վախենում է գուցե, կամ էլ` ինչ-որ մեկը ասել է նրան  դուրս չգա այդտեղից, մինչև մի կարևոր բան չլինի: Չգիտեմ ինչու է այդպես ասել այդ մեկը կամ ինչու է վախենում լույսս: Փորձեցի խոսել նրա հետ.. Ստորև ներկայացնում եմ իմ և լույսի կաթիլի միջև ընթացած զրույցը.

- Բարևիկ
- Ես չպիտի քեզ բարևեմ
-Բայց ինչու?
-Կլուսավորեմ պատահաբար, իսկ դա ինձ արգելված է..
-Ինչպես թե արգելված է: Գիտես, ճիշտ է, դու սովորական մի կաթիլ լույս ես, բայց դու շատ կարևոր ես ինձ համար: Դու պետք ես ինձ, առանց քեզ տխուր է: Արև է, կապույտ է երկինքը, բոլորը ժպտում են, բայց իմ ժպիտի ու արևի համար դու ես պետք: Ինչ է, պիտի համոզեմ, որ գաս?
- Հա? Իսկ ինձ ասում էին, որ ես եղած չեղած մեկ եմ քո համար ու բացակայությունս էլ չես նկատի: Բայց ես գիտեմ, որ սրտումդ լինելով ես ամբողջ հոգիդ ու մարմինդ եմ լուսավորում: Ես իմ գործը լավ եմ անում (հպարտանալով և փոքր ինչ ուղղվելով արտասանում է լույսի կաթիլը): Բայց ես շատ փոքր եմ, որ որոշեմ քո մոտ վերադառնալ ու առաջվա պես լուսավորել:
-Այստեղ լավ չէ. դու կմրսես, մենակ ես` կտխրես: Մենակությունը վատ բան է, ժամանակի հետ սովորում ես դրան ու հետո արդեն, երբ մեկը փորձում է մտնել քո աշխարհ, դռները փակում ես նրա դիմաց` դեմքի վրա ջարդված քթի կամ էլ սպիի տեսքով հետք թողնելով:
-Ես էլ չեմ սիրում մենակությունը, բայց ուրիշ ելք չունեմ: Եթե դու ինձ խոստանաս, որ եթե գամ, ինչ չես անտեսի, չես տխրի, երբ քեզ լուսավորեմ, կժպտաս ու կգնահատես արևը, որ շողում ու լուսավորում է գլխավերևդ, ապա ես մի ելք կգտնեմ ու կգամ իմ տաքուկ անկյունը քո մոտ: Թեկուզ, որ դա կլինի, վտանգների ու փորձությունների միջով: Գիտես չէ, գալիս եմ, որովհետև հավատում ես քեզ, որովհետև զգում եմ ինչ է կատարվում ներսդ: Իսկ հիմա, փակիր տուփը, փակիր այս մութ սենյակի դուռը հետևիցդ ու հանգիստ քայլերով գնա դեպի լույսը` մե~ծ ու տաք լույսը: Ես գալիս եմ հետևիցդ, կհասնեմ շուտով քեզ
- Սպասում եմ, բայց առանց քեզ չեմ գնա: Սպասում եմ..

Մի կաթիլ լույսը մի կերպ դուրս եկավ մթության այդ աշխարհից, որի մեջ չարն էր իրեն գցել ու արագ գնաց Ես-ի հետևից: Հասավ նրան ու ժպտաց, ժպտաց ու լուսավորեց:
Միշտ մի կաթիլ լույս պահեք ձեր հոգում, մի կորցրեք նրան: Կայնքի ամեն հարվածին նա չի ալարի ու կաշխատի արտաժամ, կլուսավորի մթությամբ լցված հոգին..
Մի կաթիլ լույս տուր..

пятница, 30 ноября 2012 г.

Նոր Մեկը..

Մի օր, մի ժամ, մի պահ նոր մեկը եկավ աշխարհ: Նոր Մեկը եկավ, իր հետ աղմուկ բերեց: Նոր Մեկը կերավ, էլի կերավ, էլի կերավ ու մեծացավ: Մի բառ ասավ, նոր բառ ասավ Նոր Մեկը այդժամ: Նոր մեկը բառեր կուտակեց իրար վրա ու նոր խոսք ստեղծեց` իր խոսքը ստեղծեց: Խոսեց, քայլեց, բռնեց ու որոշեց, որ Նոր Մեկին նոր բան է պետք: Ու գնաց Դպրոց կոչվածում նոր բան փնտրելու: Փնտրեց, փնտրեց, մի հատ էլ փնտրեց, հազիվ մի բան գտավ` անունը դրեց "գիտելիք": Վերցրեց գիտելիքը ու գնաց նոր տեղ, փնտրեց նոր բան ու գտավ "աշխատանք": Աշխատեց Նոր Մեկը, վերցրեց պտուղը ու "փող" անվանեց: Վերցրեց փողը ու գնաց Նոր Մեկը էլի փնտրելու: Հիմա ինչ էր ուզում նա? Գիտելիք ուներ, աշխատանք ուներ, դրանցից բխող փողեր էլ ուներ.. Կարծես թե արդեն նոր բան չէր գտնի, չկար այլևս Նոր Մեկի համար մի նոր բան:
Գնաց Նոր Մեկը նստեց գետի մոտ ու լացեց նրա հետ` կյանքից, աշխարհից: Բողոքեց, կոպտեց, պահանջեց գետից, որ նոր բան բերի, իր կյանք ներմուծի: Գետը զայրացավ, հոխորտեց, փրփրեց: Բռնեց Նոր Մեկին մի կաթիլ դարձրեց: Այլևս նա Նոր Մեկը չէր, այլ մի հասարակ շարքային կաթիլ, որ լոկ վազում էր ուրիշի հետևից: Տխուր էր Նոր Մեկը կաթիլի տեսքով:
Չկար դեռ մեկը, որից այլևս  նոր բան չէր ուզի նա երբեք: Բայց մի օր նա զգաց, որ կողքով վազող այն կաթիլին մոտիկ, նա հանգիստ է միշտ ու թեթև հոգով: Ու հասկացավ ու գտավ այն Նոր Էակին ու դարձավ էլի նա Նոր Մեկը հին: Բռնեց Էակի ձեռքը ու տարավ, տարավ նրան իրական աշխարհ ու խրոխտ կանգնեց նա հողին: Չէ-որ նա արդեն չէր ուզում արդեն ոչ-մի նոր բան: Ամեն ինչ իր կյանքում նոր էր հավիտյան: Դե ինչ, Նոր Մեկը Նոր Էակի հետ ապրեց ողջ կյանքը ու իր կյանքն այսպես նոր գույնով ներկած դիտեց նա կողքից ու նոր մի բան զգաց:
Դե հա, ամեն նորր լավ քողարկված հինն է (ինչ-որ էսպիսի բան): Դա էլ քողարկված այն հին սերն էր` սերը կյանքի ու գույների հանդեպ, սերը կողքինի ու սիրողի հանդեպ:

четверг, 15 ноября 2012 г.

Ժպիտը ու մենք..

"Ժպտա ամեն դեպքում, ինչ էլ լինի", "ժպտա, երբ մութ է, ժպտա, երբ ցուրտ է, ժպտա, երբ մենակ ես, ժպտա, երբ անգույն ես" ու ամենակարևորը ժպտա՜ ..
Շատ եք չէ՞ ասում: Ասում եք, երբ ուզում եք ձեր կարեկցանքը, հոգատարությունը նույնիսկ սերը ցույց տալ այն մարդուն, որին ուղղում եք այդ գուցե հրաման - խորհուրդները:

Դե հա, վեց ժամ պարապմունքից հետո, կարևոր էր շեղվել թեմայից ու մի քիչ խոհափիլիսոփայական չոր դատողությունների մեջ խրվել: Մի քանի օրվա մեջ երևի ամեն րոպե ինձ էի այդ հրամանները ուղղում, ինձ էի խրատում ու խորհուրդ տալիս: Հետո երկրորդական համարեցի ու անցա ուրիշներին: Ասում եմ. "Ժպտա՛" ու հասկանում, թե իմ այդ խորհուրդ-հրամանով նա պիտի մոռանա ամեն ինչ, պիտի լսի արևին, լսի բնությանը, լսի լռությունը, լսի հանգիստը ու աղմուկը: "Ժպտա՞մ, ինչի՞ համար: Որ այս պահը ուզում եմ սևով ընդգծել ու հրաժարակա՞ն տալ նրանից: Որ քո խոսքերը հիմա ավելի շատ են նյարդերիս վրա ազդում, քան սովորական օրերին տհաճ մարդկանց ներկայությունը կամ խոսելը: Որ քո այդ "Ժպտա, ժպտա, ժպտա"-ներով ոչնչի չես հասնի, ոչինչ չի փոխվելու: Ես ավելի շատ կկենտրոնանամ կոկորդիս ներքը մի տեղ նեղող այդ ցավի վրա:". կասի նա  մտքում, բայց այդ պահին մի թեթև ժպիտ կանցկացնի դեմքի վրայով ու ստվերի նման կչքանա այդ մեկ վայրկյանանոց պատկերը:  Դու կհանգստանաս ու քեզ կթվա, թե օգնեցիր նրան, թե այդ ժպիտը հզոր ռետինի նման ջնջեց դժվար ջնջվող գրիչ-ցավի հետքերը, որոնք միևնույն է թեթև բաց հետք են թողնում:

Եկավ մյուս պարապմունքի ժամը ու պետք էր ավարտել այս ժպիտախառը մտքերը: "Ժպի՞տ", մեկ-մեկ այդ բառը հավասարվում է "կներես"-ին: Երկուսն էլ ոչինչ չեն փոխի, ինչպես ասում են կներեսով արարքները հետ չեն վերադարձվում, մեղքերը չեն արդարացվում, վերքերը չեն սպիանում: Ժպիտ կեղծ է, հա հա կեղծ է: Երևի հիմա բոլոր լավատեսիկները կքննադատեն, կբացատրեն ինձ, որ դա՜, դա մի հզոր ուժ է, որ կարող է գույն տալ ամեն ինչին, ամենքին, կարող է սիրտը շրջել,որ սխալ բաներ չզգա ու մենակ հիմարի նման ժպտա:
Կեղծ է, ժպիտը կեղծ է: Այդ պահին կեղծ է: Ուրախ մարդուն ասեք "Ժպտա՛": Նա կժպտա ու դու էլ կզգաս դրա անկեղծությունը ու մի փոքր կամ մեծ մաս այդ անկեղծության ուրախության կփոխանցվի քեզ (դա կախված է ուրախ մարդու կամքից):
Իսկ քե՞զ, քեզ ժպիտը փոխե՞լ է, օգնե՞լ

четверг, 25 октября 2012 г.

Վախերի ու Չ-երի մասին

Մարդկանց հրեշտակային կերպարներից չենք կարող եզրակացնել, թե ներսում ինչ սատանաներ են թաքնված կամ կա՞ ինչ-որ մեկը՝ թաքնված  այդ անմեղ դեմքի հետևում, թե՝ ոչ: Ամեն մեկս մի անհատ ենք, ամեն մեկս իմ կարծիքով ունի մի քանի դեմքեր: Ես երբեք չեմ տեսել մի մարդու, որը միշտ նույն ձևի լինի. նույն պահվածքով, նույն տրամադրությամբ, նույն աչքերի արտահայտությամբ ու ձեռքերի հանգիստ կամ անհանգիստ շարժումներով: Եթե դուք ուզում եք ինձ տեսնել միշտ ժպիտը դեմքիս, միշտ նույնը, նույնը, նույնը....... Չեմ կարող!!! Դու էլ չես կարող, նա էլ չի կարող, որովհետև դու պիտի ճնշվես, պիտի ոգևորվես, պիտի անզգայանաս ու այդ ամենին զուգահեռ պիտի ժպտաս, լացես կամ էլ ոչինչ չասող հայացքով նայես պատի սև կետին, որովհետև ինքն էլ ոչինչ չի ասում մեծ սպիտակ պատի վրա, թեկուզ որ առանձնանում է սպիտակ կետերի բազմության մեջ:  Դու մարդ ես, ես դեռ չգիտեմ, նա էլ երևի ու բոլորս էլ ենթարկվում ենք տարբեր փոփոխությունների: Դա բնական է: Իսկ մարդկանց մի ստվար զանգված ուզում է, որ միշտ նույն կերպ լինենք, միշտ նույն դեմքի  հոգնեցնող արտահայտությամբ՝ թեկուզև այնտեղ ժպիտ կա: Դեռ հարց է՝ այդ ժպիտը անկեղծ է, թե ուղղակի քայլ, որ չզզվեցնեն անիմաստ հարցերով:

Չ-եր

Չխոսաս, չգնաս, չբարևես, չնայես, չզգաս, չմտածես, չհիշես, չմոռանաս ու չլինես!!!!!!
ԼԱՎ!! Ինչպես ասում է մեր երիտասարդությունը OK, բայց կա մի բայց: Ինչպես կարող է մարդ, եթե իհարկե մարդ է, չ-երով շարժվել ամբողջ կյանքում: Այդ չ-երը միշտ էլ կան, չեմ ասում անտեսել դրանք ու ոտքի տակ գցել, ամեն անցնելուց տրորել դրանք: Ոչ! Ուղղակի, ուղղակի այնքան կուզեի մարդիկ հասկանային, որ 1 տարին մարդուն չի կարող լրիվ փոխել: Մարդ դժվար, բարդ կառուցվածք է: Իրեն ժամանակ, տարածություն ու այլ պայմաններ են պետք փոխվելու համար: Ու ընդհանրապես ինչու եք ուզում փոխվել? Մնացեք դուք դուք, ուրիշ դիմակ պետք չէ: Եթե  շատերը ինձ համոզում են, որ փոխվել եմ... Ապա այդ նույն մարդիկ հուսով եմ հասկանում են, որ իրենց ասած 1 տարին իր թեկուզ փոքր հետքը թողել է իմ պահվածքի ու ձև-եր վրա: Եթե անցյալում դուրները չէի գալիս, ուզում էին ավելի շատ նկատել ինձ, ավելի շատ լսել ինձ, ապա հիմա երանի են տալիս այդ ժամանակներին: Ու այստեղ վերադառնամ սկզբի դիմակների փոփոխությանը: Ես տարբեր եմ, դու էլ: Մի պահի մի ձև, հաջոր
դին՝ մի ձև: Չեմ կարող դեռ այլ կերպ լինել: Չեմ ուզում!! Թողեք հասկանամ, ով եմ ես, ով ես դու ու ով է նա: Միանգամից իմ փոխարեն էլ եք որոշում այդ ամենը: Բայց ախր ես էլ եմ ուզում մի քանի չ-երից ազատվել, ես էլ եմ ուզում այդ չ-ոտ հա-երը մի կողմ նետել: Հրեշտակ չեմ, բայց մաքուր եմ ներսում, թողեք հավատամ, որ դուք էլ եք մաքուր, որ սև չեք, որ լույսը դեռ չի մարել, որ ամուր կապերը չեն քանդվել:

Վախեր 

Վախեր՝ ամեն տեղ, ամեն ինչում ու ամենքում: Վախենում եմ ամեն ինչից, ամեն մեկից ու ամենավատը ինքս ինձնից: Երբ մարդ կորցնում է իրեն, երբ դեռ չի հասկանում, որ դեռ մարդ չի, երբ իրան թվում է, թե մեծացել է, երբ թվում է մարդիկ բարի են, լավը ու ցավ չեն ուզում պատճառել միմյանց: Գալիս է մի ժամանակ, մի պահ, որ ամեն ինչ գլխի վայր է շրջվում: Երբ ամեն ինչ լավ է, բայց ոչինչ իր տեղում չէ, ամեն ինչ ցավ է պատճառում:  Երբ դու իրականություն չես գտնում քեզ՝ միայն քայլելիս տեսնում ես ստվերդ ու հայելու մեջ պատկերդ: Եթե, ապա-ները  իրար հերթ չեն տալիս ու խճճվում՝ վերջին ու գլխավոր ԱՊԱ-ին չհասնելով: Ու էլի չկամ ու էլի պիտի հանձնվեմ, որովհետև այդ  ԱՊԱ-ին չհասա, ինչքան էլ երկար ու մանրակրկիտ մտածեցի: Չի լինում ու վերջ!!! Պետք չէ ավելի խճճել ու բարդացնել, ուղղակի պետք է ասել դեռ անծանոթ "վերջ, հանձնվում եմ"-ը ու իրոք կգա վերջը, բայց չգիտեմ այդ վերջից հետո ինչ կլինի: Ավելի վատ? թե գետի հունը իր ուղղությամբ կգնա առաջվա  նման:


Այն երգում, այն նկարում, այն պատմությունում միթե չհասկացա, որ ես էի, որ ինքս իմ համար էի ափսոսում, ինքս իմ համար էի զղջում ու ինքս իմ վրա էի ծիծաղում: Չհասկացա, երևի չեմ էլ հասկանա: Միշտ կմնա փոքր, անհասկացող ու վերջ!! Այդպես ձեռնտու է բոլորին

вторник, 2 октября 2012 г.

Կապույտ-կապույտ ..

Կապույտ-կապույտ երկինք, կապույտ-կապույտ լիճ: Կապույտ-կապույտ հոգիս խաղաղվեց.. Ուղեղումս պարող գույները դադարեցրին պարը. բնության գույներն ուրիշ երգ էին թելադրում: Աշնան կապույտն ուրիշ է, աշնան կապույտը բարի է, սիրում է, ժպտում է:
Հեռու եմ.. Անտեսանելի պիտակս չեք տեսնում` ձեր հոգին էլ է կապույտ: Կիլոմետր +1, կարոտ +1 (անցել է 2  ժամ)

 Ժպտում է, հեկեկում է, էլի ժպտում է, վերջը տեսնենք ինչ է ուզում եղանակը: (անցել է 5 ժամ):

Տըկ, տըկ, տըկ-տըկ.. Գնաց գնդիկը պատին պատնվեց, դարպասի գիրկն ընկավ: Միավորը ուրախացավ. 1-ով մեծանում է: Տըկ-տըկ (անցել է 2 օր) :

Փակվում են աչքերը, հոգնել են նույն դեմքերից: Փակվում են աչքեը, հարազատ են ուզում տեսնել նրանք: Բացվում են աչքերը, ջրի սառնությունն են զգում նրանք: Հովացել են աչքերը, երազ է թվում ամենը: (անցել է 1 օր 7 ժամ)

Կարմիր, թե սև: Ազնիվ, թե խաբեբա: Մատնող աչքեր, թե քողարկված սևություն: (անցել է 2 օր 11 ժամ)

Գծիկ 1, կիլոմետր +1, գծիկ +2...Զանգ.. ժպիտ..արցունք .. երազ.
Վերջ


суббота, 15 сентября 2012 г.

Հիասթափված մի դաս..

Լուսավոր մի կետ
Կնկարես դու
Լուսավոր մի կետ դեպի
Կգնաս դու:
Կվերցնես ձեռքը նրա,
Կբռնես ամուր:
Լուսավոր կետը կգնաք դուք..

* * *





Կետ N1 - լռություն
Կետ N2 - քայլ առաջ
Կետ N3 - հաջողություն
Կետ N4 - դու
Կետ N5 - քեզնից ավել
Կետ N6 - դուք
Կետ N7 - հիասթափություն
Կետ N8 - տաքություն
Կետ N9 - քայլ հետ
Կետ N10 - լռություն..



* * *

Հույսը վերջինն է մեռնում? Հույսը?

Իմ համար նա չի մեռնում, նա հավերժ է, հավերժ մի անկյունում սպասող: Հույսը սարդ է հոգու պատերով քայլող: Նա ճյուղավորվում է և կազմում իր "հույսիկների" սարդոստայնը: Հույսը կորստի մնացորդն է, հիասթափությանը հետևող զգացումը: Հույսը միտք է, միտք է, որ սա դեռ վերջը չէ, այլ սովորական STOP, դադար հաջորդ լույսից առաջ...

понедельник, 10 сентября 2012 г.

Դեռ մարդ..

Մարդիկ խրատում են, օրենքներ կարդում իրար գլխի, հետո օրենքներին չհետևելու դեպքում ծեծում են իրար ֆիզիկապես կամ հոգեկան ծեծով, լռում են, չեն հասկանում իրար, էլի են ծեծում.......... Եվ ինչու? Որպես մարդ ունեմ իմ կարծիքը, որպես մարդ կարող եմ արտահայտել այն ու էլի որպես մարդ չեմ պատրաստվում ենթարկվել կարծիքների ճնշմանը: Միջավայրում գործող տարբեր մարդանման էակների պատճառով  դեռ որպես մարդ պահպանվածները սկսում են փոխել իրենց: Իրենք էլ են դառնում մարդանման, այնինչ որոշ ժամանակ առաջ մարդ էին, անկախ ու առանց իրենց մարդ զգացող մարդանմաններից կախվածության: Եթե փոխում ես էությունդ, փոխում ես մտքերդ ու դառնում ավելի լուսավոր, բայց մնում ես մարդ` սովորական մարդ: Չես փորձում ամեն մեկի մեջ կեղտ գտնել, ամեն մեկի նվաստացնել ու հետո դրանից հաճույք ստանալ: Հասկանալի է, որ մարդանմանները դրանով ինքնահաստատվում են, դառնում ավելի մանկամիտ: Ինչու մանկամիտ? Որովհետև փոքրերն են, որ դեռ չեն հասկանում, թե ինչպես է ստացվում, որ դիմացինին հեշտությամբ գցում են ու ծաղրում:

понедельник, 3 сентября 2012 г.

Լուռ մտքեր մարդկանց մասին

Մտքերը միշտ էլ վտանգավոր են եղել իմ համար: Միշտ մտածելեմ զգույշ, որ հանկարծ չիրականանա, մենակ ես իմանամ իմ մտքերի մասին ու իրենց պահեմ իմ մեջ..Երևի այն ժամանակ շատ էի անիմաստ մտածում:
Մարդկանց մասին? մտքեր?
Մարդիկ կետեր են, մեծ բազմության մեջ մտնող կետեր: Կետը կարող ես ջնջել թղթի վրայից, կարող ես կողքը ավելացնել նոր կետեր ու նրանց հավաքել մի մեծ շրջանակի մեջ` նրանք կդառնան խումբ: Ես էլ եմ կետ, դու էլ.. Մենք չենք տարբերվում իրարից: Մենք հավասար շառավիղներով կետեր ենք, միայն թե կետերը լինում են դատարկ, լինում են լուսավոր, լինում են կիսով չափ լցված կամ էլ ուղղակի առանց սահմանների կետեր:
Ամեն կետի ինչպիսին լինելը որոշում են շրջապատող կետերը, որովհետև ինքը չի կարողանում կողքից տեսնել իր մեջ  կատարվելիքը:
Թուղթը դա աշխարհն է, որտեղ կետերը` այսինքն մարդիկ ապրում են: Ամեն կետ ունի իր նմանակը, որը իր վնասվելու դեպքում  միշտ օգնում է վերականգնվել: Այդ նմանին ասում են "կես կետ": Նմանը անփոխարինելի է ու միակը...


 
                                                                          
                                                                         

среда, 18 июля 2012 г.

Մի կաթիլ ժպիտ..

Բողոքելու բան չունեմ, տոչորվելու առիթ նույնպես, որովհետև ամեն ինչ լավ է (թու-թու-թու:D ): Ու ինչքան լավ է այսպես: Գիտեք մի տարի առաջ մի գրառում արեցի ու գրելու ժամանակ մի երկու երազանք-նպատակ-ցանկություն ձգեցի: Մեկ տարի անց հանդիսավոր պայմաններում հայտարարում ե~մ. տեղ են հասե~լ: Ոչ ոք չէր հավատում ու երևի էլի չի հավատա, բայց իրոք ես ապշած եմ ու շա~տ ուրախ, որովհետև այն ամենը ինչ իրոք "от души" ցանկացել եմ, հիմա ինձ ժպիտ է պարգևում ու ստիպում տհաճ գործն էլ  ժպիտով ու առանց տրտնջալու արագ ավարտին հասցնել:
Շուրջս ակտիվություն է ու հաճելի ամառային մթնոլորտ: Մարդիկ երեկոները զբոսնում են, առանց շտապելու դեպի անավարտ դասերը, գործերը և այլնը: Սովորականից կարճ կամ երկար հագնված աղջիկներ, "որսի" դուրս եկած տղաներ, բոլորից անպակաս արևածաղիկ, որը ամեն "չռթոցի" հետ բաժանվում է երկու մասի ու արագ կերպով հայտնվում մարդկանց ոտքի տակ և վայրկյաններ հետո վերածվում շարքային կեղտի, որը գիշերը կմաքրեն բարի, բայց խեղճ մարդիկ: Փոքրիկների համար ուղղակի երջանկություն է ամառը: Նրանց մի մասը նստում է տանը համակարգչի դիմաց ու խաղում "զոմբիացնող" "մանկական" խաղեր, որոնց շնորհիվ դառնում են ագրեսիվ շրջապատող միջավայրի և մարդկանց հանդեպ: Մյուս խումբը ցեխից ու մոլախոտերից ճաշ ու դեղաթուրմեր պատրաստող երեխաներն են, ովքեր դուրս են իջնում ապրելու համար և իրենց տիկնիկ-երեխաների համար ճաշ պատրաստելու, այսինքն պատրաստվում են անել այդ ամենը իսկական սննդի և դեղաբույսեր հետ (անձնական փորձից եմ ասում):  Չմմոռանամ նշել, որ եկել է բրդի շրջանը: Բակերում գեղատեսիլ տեսարաններ են բացում բազմերանգ բրդերի կույտերը: Ամենաշատ հանդիպող տեսարանը. ձմերուկ, սեխ վաճառող կետերն են, որտեղ իրենց օրերն են գլորում տարբեր տարիքի տղաները (շատ են հանդիպում անչափահասներ):
Շա~տ եմ սիրում քեզ ամառ, բայց կարոտում եմ դպրոցը, քիմիայի զզվելի բանաձևերին ու մաթեմի գրավիչ վարժությունները :D Այսպես էլ է լինում բա: Վայելեք ուղղակի ամառվա յուրաքանչյուր պահը, բայց մի մոռացեք, որ դուք մարդ եք, որը կարիք ունի ուղեղի աշխատանքի և վերջնականապես մի թուլացեք: Փորձեք մի հետաքրքրություն գտնել ու երբ որ հարցնեն ոնց եք, չասեք "յոլա ենք գնում էլի", այլ ժպիտով պատասխանեք "լավ ենք, ապրեք", թեկուզ, որ դա այդպես չէ :Դ Ու երբ որ շատ այդպես ասեք, որոշ ժամանակ հետո կզգաք, որ իրոք կյանքը այդքան էլ մռայլ ու վատը չէ, երկիրս երկիր է (մեզ հույս տանք) ու միայն ծիծաղն ու ժպիտը կփրկեն աշխարհը, այլ ոչ թե փողը ու շքեղությունը:
Ոնց որ երազներն են կանչում` հուսամ հաճելի են: Չմոռանաք, որ տխրությունը իր հետ ընկերներին էլ է բերում, իսկ մենք նրանց չենք սիրում: Ավելի լավ է նա էլ չգա, միայն ժպիտ ժպիտ ու էլի ժպի~տ ^_^ :DDD



 

вторник, 3 июля 2012 г.

Կետակույտ

Հանկարծ մի կետ: Մի լույս: Մի բույն: Հետո խավար: Գրկախառնված զույգեր: "Շորտիկավոր"  օտարերկրացիներ: Գրավիչ մենակություն: Անսովոր աշխույժ: Թուլացնող մաքուր օդ: Անզգա կարոտ:Մտքումս կերպարների խոսակցություն: Դու, թե հաջողվի ես: Գրավիչ դու, ինչ էլ լինի էլի ես: Դռներ` թափանցիկ ու փակ: Սպասող աչքեր: Չվերաբերվող միտք: Կծող բառ: Կծող աչքեր:  Բացելու փորձ. չստացվեց: Զղջում: Թեմա չկա: "Չեմ հանձնվի" վիճակ: Դու` ինձնից լավը, բայց ինչի ես, որովհետև դու և ես` հավասար գծեր: Յանիմ հավասարություն: Խելացի կետ: Լցվող կետ: Դու, ինչի դու, վայ դու: Դե լավ, դու ես, դու: Թե ինչպես մի անգամ: Քեզ լացող նա: Բա չիմացար է: Արհամարհող կետեր: Արի ճակատդ պաչեմ: Պահ, դե կներեք էլի: Թողեք: Կխաբեմ, որ համոզեմ: Խաբել չի կարելի: "Բացականին": Գնա հա: Ուֆֆֆ, դե զզվեցրիր էլի: Բեր քեզ "կպցնեմ": Վըխք, մի թեմա չկա մեջդ: Դու ես արել? շատ լավ: Գնացինք: Ճաշ: Նախաշաճ: Ընթրիք: Հաջորդը: Երազանք եմ բաժանում: Բա դու տեսար դրա մուննաթը? Բայց անցած անգամ դու լավն էիր: Անշնորհք ազատություն: Անգիտակից քայլ: Թքած: Դու, հետո նա, մեկ էլ էս կողքից ուրիշ նա: Մեկա չի լինելու: Քնեցինք..
Մեկումեջ, նոր գրքերը չեն նեղացնում: Արդուկ: Մի նայեք: Ամոթ: Խայտառակ:
Ավելորդը: Օձ խոսք: Մոռանալ! Անտաղանդ: Քննադատ: Չստացված.

воскресенье, 13 мая 2012 г.

Երազ՝ իրականությունից դուրս

Առավոտ, 7:00
Վեր եմ թռչում քնած տեղից: Հագնում եմ տնային, հասարակ, անշուք հագուստներ , լվացվում եմ, վերցնում եմ պայուսակը ու դուրս գալիս թափթփված տնից: Գնում եմ սովորական` դպրոց գնալու ճանապարհով: Ահա դպրոցի դարպասները:
-Չմտնե՛ս, առաջ շարժվի՛ր: Գնում եմ առաջ: Խաչմերուկ. Չորս ուղղություն` ներքև, վերև, ուղիղ, դեպի փակուղի: Իջնում եմ ներքև` դեպի կանգառը, որտեղ պիտի սպասեմ Թուլուզ գնացող երթուղայինին: Կանգառում մի կնոջից հարցնում եմ, թե ինչքան ժամանակ է մնացել նրա գալուն: 10 րոպե ականջակալները փրկում են միայնության գիրկը ընկնելուց: Գալիս է երթուղայինը` կարմիր, դեղին, կապույտ, սև ու տեղ-տեղ սպիտակ: Մարդկանց ծանրությունից հազիվ շարժվող և գետնին քսմստվող երթուղայինի դուռը բացվում է:
_Արագացրու՛, մտի՛, - լսվում է ծխող վարորդի փնթփնթոցը: Մաքուր, օզոնաշատ օդը փոխարինվում է մարդկանց ու վարորդի ծխախոտի հոտով լցված զզվելի օդով:
Գնում եմ գրքի հետևից: Եղբորս ընկերոջից գիրք պետք է վերցնեմ: Քիչ մնաց, արդեն երևում են Թուլուզի դարպասները: Երթուղայինը կանգնում է և 100 դրամները լցվում են խիստ ընդգծված վարորդային հատկանիշներով տղամարդու ձեռքի մեջ: Վերջինը ես եմ:
Գրպանից հանում եմ երկու 100 դրամանոցներից մեկը և զգուշորեն դնում դրամների կույտի վրա: Ահա և Թուլուզը: Մտնում եմ դարպասներով, աջ կողմում եղբորս ընկերոջ եղբոր տունն է: Հանգիստ թակում եմ դուռը, մտնում ներս: Այնտեղ եղած մարդկանց պատմում եմ, թե ինչն է ստիպել գալ այստեղ: Տանտերը լսում է և զանգում եղբորը: Խոսակցությունը կարճ տևեց` կոնկրետ և սառը:
-Գնա եկեղեցու կողքը գտնվող տարօրինակ տունը: Եթե հիշի, ապա քեզ դիմավորող կլինի:
Քայլում եմ Թուլուզի հնաոճ փողոցներով, որոնցում սակայն երևում են բավականին թարմ շնչով խանութներ և տարբեր ակումբներ, տներ: Նրանց մեջ դժվար չէր գտնել հին, միջնադարյան ոճով կառուցված եկեղեցին: Մի փոքր հայացքս շեղելով` տեսնում եմ այդ տարօրինակ տունը: Ուզում եմ դուռը թակել, բայց առաջին իսկ հարվածից այն բացվում է` իմ առջև բացելով իրոք որ տարօրինակ միջավայր: Պատերը կարծես հարթություններ լինեին, որոնց վրա ծեփռտել էին տարբեր ձևաչափերի աղջիկների: Հատակը ամբողջությամբ պատված էր նկարներով, որոնց վր կա՛մ տղամարդու հագուստով կանայք էին, կա՛մ կենդանիների դեմքերով մարդիկ: Քայլերը տանում են տան մեծ սենյակը, որի կենտրոնում` գետնին փռված անկողնում մեջ քնած է գրքի ենթադրյալ տերը: Քայլերի աղմուկը արթնացնում է նրան:
_Ո՞վ ես աղջիկ
_Գրքի հետևից եմ եկել
_Ի՞նչ գիրք: Ախ, լավ հիշեցի: Եղբա՞յրդ է ուղարկել:
_Ո՛չ: Ինքս: Տվեք գիրքը և ես կգնամ:
_Ինչու՞ ես շտապում: Ուզու՞մ ես քեզ նկարեմ: Քո ոտքով եկար մոտս, իսկ այս տնից առանց վրձնիս կողմից արտածվելու ոչ ոք չի գնում:
_Ո՛չ: Ես այստեղ ուրիշ նպատակով եմ եկել. Գիրքը:
Լռություն: Նա գնում է, հագնվում է և դուռը բացում, գնում: Հանկարծակիի գալով` հետևից գնում եմ, բայց մինչ դուռը կբացեի և կփնտրեի անծանոթին, նա չքացավ:
Չորս օր չկար: Ես արդեն խելագարվում էի. Ուրշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ տուն, անծանոթ միջավայր ու մարդիկ: Չորրորդ օրը գիշերը հայտնվեց: Արդեն սովորել էի նրա տան միջավայրին: Այդ չորս օրը անդադար փնտրում էի գիրքը: Չկար, լավ էր թաքցրել: Հայտնվեց նա ու սկսեցի տանջել կես գիտակցությամբ երիտասարդ նկարչին, որը մեկ-մեկ կրկնում էր. “Մի քիչ սպասիր, կտամ, կգնաս”: Հոգնեց խեղճը հուզված ձայնիցս, բարձրացավ մի աթոռի վրա և պատի մեջից բացվող դարակից հանեց գիրքը: Անհամբեր խլեցի գիրքը նրա ձեռքից, պինդ սեղմեցի ու դրեցի պայուսակիս մեջ: Վերջ! Արդեն իմ մոտ էր գիրքը:
Ի՞նչ գիրք էր: Այնտեղ բանաձևեր էին, մաքուր մաթեմատիկական բանաձևեր, որոնք գրվել էին եղբորս և նրա ընկերոջ կողմից, որոնք նրանք գրել էին ծածկագրերով` իրենց լավ կյանքի ծածկագրերով: Գիրքը միակ միջոցն էրեղբորս` կործանված երիտասարդների շարքերից հեռացնելու համար:
Դուրս եկա Թուլուզի դարպասներից և սկսեցի սպասել գունազարդ երթուղայինին: