воскресенье, 29 ноября 2015 г.

Սեփական երազանքները․․

Նոյեմբերն է․․․ մեկ֊երկու օր մնաց։  Այս տարի անսովոր, բայց նաև հաճելի տաք է։
Քայլում էի այսօր փոքր քաղաքի հարազատ փողոցով, որ ժամանակին գաղտնի մի տեղ տանող ճանապարհներից մեկն էր։ Դանդաղ էի քայլում, թեկուզ շատ գործեր, դասեր էին տանը սպասում։ Հանգիստ նայում էի մարդկանց  մտազբաղ դեմքերին, հանգի՞ստ, հա․ որովհետև նրանք այնքան խառնված էին ու  մտքերով լծված, որ չէին էլ նկատում իրենց նայող  մի աղջկա, ով փորձում էր հասկանալ ինչն է այդ մարդկանց կիտված հոնքերի,  կծկված ուսերի ու  սառած հայացքների հետևում թաքնված։ Կասեք ինչիդ էլ պետք է, չէ՞

Իհարկե, ամեն մարդ հոնքերը կիտելու իր պատճառներն ունի, բայց․․․ Բայց եթե այդ մարդիկ մտածեն փոքր երեխաների նման, ովքեր կոնֆետը չստանալու դեպքում  օրերով չեն տառապում, այլ սկսում են բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հասնել կոնֆետների դարակին ու բացել այն, թեպետ մայրիկը ջանք չէր խնայել այն ամուր փակելու համար։

Ճանապարհին պատահեց մի արտաքինից գրավիչ խանութ, այսպես կոչված  "սուպերմարկետ"։ Առաջին հանիպած բաժինը օծանելիքի, զարդերի և այլնի բաժինն էր, որը սահուն կերպով բաց թողնվեց։ Հաջորդը մանկական բաժինն էր։ Առաջին անգամ  որոշեցի մտնել այնտեղ, միշտ անցել էի կողքով՝ կարծելով, որ անելիք չունեմ այնտեղ, բայց, ինչպես երևում է,  մեծապես սխալվել էի։

Կային առօրյայում օգտագործվող գրեթե բոլոր առարկաների խաղալիք տարբերակները, որոնք ավելի վառ էին, քան իրականում։ Զարմացել էի։ Այդ վերջին զարմանքով ուսումնասիրում էի խաղալիքները, որոշները փորձում։ Ախր պատմելու չի՝ դա պետք է զգալ ։

Վաճառողուհին կարծելով, թե երեխայի համար նվեր եմ փնտրում՝ ինձ մի առարկա առաջարկեց։ Անվանումը չեմ հիշում, բայց "Dream"  բառը կար։ Դե, կարևորն էլ դա էր։ Արագ֊արագ սկսեցի ուսումնասիրել։ Նկարագրությունում ասվում էր, որ այն նախատեսված է երազանք նկարելու համար։ Մտածեցի, որ մի յուրահատուկ բան պետք է լինի, որ թուղթ, գրիչ, մատիտները թողած հատուկերազանքը նկարելու համար խաղալիք են ստեղծել։ Չդիմացա ու բացեցի և ինչ զարմա՜նք․ Միկի Մաուսը և նրա ընկերուհին։ Մ՜  էլ ի՞նչ նկարեմ, եթե արդեն նկարած է, հետն էլ որպես երազանք Միկին է։ Դե այդքան էլ վատ չէ, բայց երազանքը ախր սեփական է, անձնական է, կերտելիք ու մտածվելիք մի երևույթ է, քաղցր մի բան է, շատ դեպքերում մշուշոտ կյանք ու ապրելիք։ Չէի կարծում, որ երազանքն էլ կարող է թելադրվել ինչ֊որ մեկի կամ մեկերի կողմից։ Չեմ բացառում, որ ինչ֊որ մեկի համար էլ Միկին է երազանք, բայց․․․

Ու հիշեցի այն մռայլ մարդկանց, երևի իրենց տեղն էլ են երբևէ երազանքը նկարել ու  ձեռքները տվել, որ մնա ներկելը ու վրան նայելը ու սեփական երազանքի համը այդպես էլ չզգալը։

Գնեցի այդ անհասկանալի առարկայի կողքի մի առարկա, որը գուցե ինչ֊որ մեկին օգնի իր սեփական երազանքը գտնելու համար։ Վաճառողուհին տարօրինակ հայացքով նայեց երեխայի համար ընտրածս նվերին, այն դեպքում երբ երազանք նկարելու խաղալիքին այդքան երկար ուսումնասիրել էի, իսկ ընտրյալին երկու րոպե էլ չտրամադրեցի։ Դեռ չգիտեմ ում կնվիրեմ, բայց մինչև Ամանոր կորոշեմ։

Վերջում․ կիտված հոնքերի ու կծկված ուսերի արանքից  մի կերպ փորձեք դուրս թողնել ձեր սեփական երազանքները, գուցե նրանք օգնեն մինչ իրենց հանդիպած դժվարություններն արագ հաղթահարել։

суббота, 9 мая 2015 г.

Մտքապատկեր..

Արի խոսենք  անիրական թվացող,  խառնված, գուցե ցնորական երևույթներից...
Արի նստենք ասեղի միևնույն ծայրին ու սկսենք երազել  փափուկ բամբակի դաշտերի մասին...
Արի, ձեռքս բռնիր ու մի մտածիր այդպես էլ չիրականացվող գործերիդ մասին...
Արի գլուխդ դիր ուսիս ու զգա դրա չոր փափկությունը... 
Արի խոսենք անցյալից...Չհիշելով այն՝ ստեղծենք նոր անցյալ, անցյալի դեպքեր, անցյալի դեմքեր, անցյալի բույր ու  երաժշտություն... 
Արի փակենք դարակը՝ լցված անցյալով: Կողպենք...
Արի թողնենք անշունչ առարկային, որ պատմում է շնչավոր երևույթների մասին, փոխանցում է  անիրական զգացմունքներն ու խաբելով մեզ իրականության մասին՝ գցում է անիրական խորանարդի մեջ: Ինչու՞ չեմ տեսնում խորանարդը, այնինչ զգում եմ նրան...

четверг, 4 сентября 2014 г.

Կապույտ ընկերություն

-Մի անգամ էլ փորձիր, դե~
-Չի ստացվի, չի ստացվում
- Դու ես մեղավոր, քո մտքերն են  փչացնում ամենը: Մտքերդ եկել են  ու  դանդաղ, ներքին կարգով սպանում են  բանականությանդ: Մտքերդ չեն թողնում  փորձես, հասկանաս: Մտքերդ քեզ մեխանիկական շարժում իրականացնող մի մեխանիզմի են վերածել:  Մեխանիզմ, մեխ- դու շարժվում ես, կանոնակարգված գործողություններ ես կատարում, բայց մեխի նման տեղումդ գամված ես: 
-Կարողանում ես ճիշտը  երեսիս`  քամուց քշված փողոցային ցելոֆանների նման   հարվածել:

Թողնում է  կապույտ  կոթով   խատուտիկին ու գնում, հենց թողնում ու գնում: Ինչու? Որովհետև խատուտիկը  իրեն պատմեց այն ամենը, ինչից փախչում էր, ինչը լսելուց փակում էր ականջները ամուր-ամուր ու սեղմում ատամները այն աստիճան, որ  ցավ զգա, ցավից չլսի ու չտեսնի:

 "Կապույտ Խատուտիկը", ինչպես Նենեն էր անվանում նրան, նրան լավ էր ճանաչում, միայն նրա հետ էր խոսում:  Պարտեզում ամառ ձմեռ  հաստատուն դիրքով կանգնած էր: 
 Մշտակայուն ծաղիկի հետ խոսելիս Նենեն ամուր գրկում էր նրան, որ ձայնը լսի: Խատուտիկը ցածր էր խոսում, որ տան մնացած անդամները չլսեն իր ձայնը, խոսելու ունակությունը չբացահայտեն: Նենեն  գտնում էր  շատ հարցերի պատասխաններ, գտնում էր իր մեջ թաքնված ուժեր, թաքնված կարողություններ, երբ տեսնում էր, թե ինչպես է այդ հողին գամված մեկ ոտքանի էակը խոսում  ազատության, բարձր թռիչքների, արագության և շարժման մասին, կամ ընդհանրապես, թե ինչպես է էությամբ բույսը խոսում: 

Նենեն սիրում էր մուգ կապույտ գույնը:  Բուֆետի գումարից  քիչ-քիչ հավաքում էր ու  եղունգների  համար մուգ կապույտ ներկ էր գնում: Սիրում էր իր ձեռքերի և խատուտիկի կապույտ կոթի համադրությունը:  
Հանգստյան օրերին Նենեն  սիրում էր ուրախացնել Կապույտ Խատուտիկին:  Օճառաջուր էր պատրաստում և խատուտիկին պարուրում օճառաջրե պղպջակներով: Պարտեզը լցվում էր  թափանցիկ, տեղ-տեղ գունավոր և  փայլուն գնդիկներով:  Խատուտիկը նայում էր շուրջը, թվում էր, թե  թռչում է օճառաջրե թեթև գնդիկների հետ, թվում էր` գամված չէ տեղում, թվում էր` ազատ է ու թռչում է... Նա բույս է, ծաղիկ է` ասում են, բայց  թռչում է,  դեմքին չի զգում անձրևի հարվածները, քամու քաշքշուքները, ձյան սառնությունը, արևի ճառագայթների այրոցները: Թռչում է, գնում է այնտեղ, որտեղ անձրևը թարմացնում է, քամին շոյում, ձյունը  փայլում է և խրթխրթում, արևը ջերմացնում:   

Նենեն պարուրում էր պարտեզում ապրող իր գաղտնի ընկերոջը այն ամենով, ինչի կարիքն ինքն էր զգում:  Նենեն ներկում էր եղունգները մուգ կապույտ, ամուր գրկում էր Կապույտ Խատուտիկի կապույտ կոթը և լսում, թե ինչպես է խատուտիկը շշուկով պատմում այն հաճելի զգացողությունների մասին,  որ զգում էր հանգստյան օրերին: 

пятница, 1 августа 2014 г.

Քաղցր անձրևից հետոն

Քաղցր անձրևի համից զարմացած պետք է սթափվել: Միշտ չէ այն քաղցր, այն էլ վանիլային
համով: Տարբեր կողմերից  դեպի ինձ են գալիս հսկայական ցեխագնդեր, որոնք ամենևին էլ քաղցր չեն, ոչ էլ վանիլային համ ունեն:  

Աչքերս բացեցի ու  դիմացի A4 ֆորմատով թղթի վրա պատկերված գունավոր շենքերով, շա՜տ ճոճանակներով քաղաքը թվաց  երազանք կամ դեմքիս մկանները ձգող մի ուժ, որ պատկերվի "ժպիտ" ասվածը:  Արի ու տես, որ փոխվեց շատ բան: Մարդիկ, ընկերներ, դեպքեր, որ իրար հետևից "Զգա'ստ" հրամանով շարվեցին, իսկ "Շարքով մա՛րշ"-ի դեպքում՝ հերթով քայլեցին  Մենքի վրայով: 

Ասում են քաղցրը վնաս է: Քաղցր անձրևը առավել ևս վնաս է: Իսկ քաղցրը  ազատության փորձ է, դե մեկ-մեկ էլ՝ փորձանք

Էսքանից հետո, հարաբերականության տեսության մեկ այլ վարկած Նիցշեի կողմից.
"Ոչ մի բարոյական երևույթ էլ չկա. գոյություն ունի միայն երևույթների բարոյական մեկնաբանություն…"
 

 

воскресенье, 30 марта 2014 г.

Կտոր մը մոխրագույն..

Երբ մտածում էի  ծառի ճյուղին նստած երգող  թռչունը երբ է  փորձելու  դեպի ինձ շրջվել ու
 երգել սպասված, ներսիս երաժշտության հետ ներդաշնակ իր երգը, չէի պատկերացնում, որ նա լսում է մտքերս,  գրիչով սեղանին տկտկացրած բառերս, կարողանում է կարդալ փոշեհատիկի միջոցով նրան ուղարկված  նամակներս: Ձմեռը չէի սիրում, ձմեռը չեմ սիրում. անսովոր ցուրտ է մոլորակումս: Ձյունը սիրում էի, ձյունը սիրում եմ. չեղած տեղից բծեր է գտնում ու մաքրում դրանք: Այսպես ասած բնության երևույթներից ամենամաքրասերն է: Առաջին ձյան հետ երազանք պահեցի, հետո երբ բոլոր երազանք իրականացնողները ցրվեցին տներով, թաքուն ոչ մեկի համար շշնջացի  մի երկու կցկտուր բառ:

Այն ժամանակ տեսնում էի արևը, բայց չէի զգում: Հակառակը ջերմության փոխարեն սառնության ալիքներն էին դեմքիս հարվածում: Հիմա զգում եմ նրան, բայց չեմ տեսնում: Ծածուկ  մի կայան է գտել ու ակտիվ ջերմություն է ճառագայթում: Բարի՜

Որոշեցի գտնել արևուկի գաղտնարանը: Տարբերակներ շատ կային:  Մյուս կողմից էլ այդքան էլ շատ չէ, մեկից ավել՝ երկու: Տարբերա՜կ առաջին (մրցույթում հաղթողներին հայտարարողի ձայնով)՝ Վերևներ, տարբերա՜կ երկրորդ (նույն վերջինի ձայնով)՝ Ներքևներ: Վերևների ու Ներքևների համար այդքան էլ շատ տարբերակներ չունեի...
Ֆունկցիայի որոշման տիրույթին ու ածանցյալին տետրի տողերի ու գրիչի թանաքի միջոցով գտնելուց հետո, մեկ երկու շարժումով վերարկուն վրաս եմ գցում ու դուրս գալիս հետաքննության: Լրիվ կերպարի մեջ, ինձ գաղտնի գործակալ զգալով գնում եմ այդ թաքնված ջերմության աղբյուրին փնտրելու, բացահայտելու:

Մեկ, երկու, երեք (ինչպես միշտ երրորդին մի քար գտնում եմ ոտքս դրան հարվածելու ու կոշիկների վրա փոքր-մոքր քերծվածք ստեղծելու համար)... "Պատկերացրու ինչ-որ պահող բան կա, գլուխդ  բա՜րձր պահող:"... Հիշեցի խոսքերը, մեխանիկորեն գլուխս բարձրացավ ու դիմացս կանգնած է անցյալի մասնիկ կազմող տասներկուհարկանի ուղղանկյունանիստը: Ձգում է, հիշում եմ թաքնվածի մասին ու հասկանում, որ հնարավոր է նրան գտնել ուղղանկյունանիստի տարածքում:
Վերելակով բարձրանալու համար չափազանց կասկածելի տեսք ունեի, ոտքով բարձրանալու համար էլ մթության գերակայում կար: Այ քեզ խնդիր: Մի երկու քայլ գնալուց հետո, հասկացա, որ մթությունը այդքան էլ մթություն չէ: Հոգնած ե՞մ, հնարավոր է: Աչքերս փակվում են, իսկ ոտքերս հանգիստ առանց երկմտանքների բարձրանում են մթության մեջ լողացող աստիճաններով: Հասնում եմ հերթական յոթերրորդ աստիճանին ու ինձ թափ տալիս. "Է՜յ, գաղտնի գործակալները չեն քնում աշխատանքի ժամին, քեզ հավաքիր": Երեք ատիճան +: Քիչ մնաց, որ բացահայտեմ այդ  անհասկանալի աղբյուրին:

Տասներկու հարկ. մի տեղ ընտանեկան վեճի ձայներն են, մյուսում՝ ինչ-որ մեկը բարձրաձայն պատմության դասն է սովորում  կամ  անգիր անում, էն մյուսում՝ կեդանի՝ ավելի կոնկրետ՝ շունն է անհանգստացել. երևի էլի վախի ալիքներս սկսեցի տարածել, իսկ նա էլ զգաց դրանց առկայությունը: Մի խոսքով մի խառնաշփոթ, դասակարգված խառնաշփոթ, մթություն, ձայներ ու ոտնաձայներ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Գովազդային դադար!
 Եթե տխուր եք, հոգնել եք ամենից և մտքերը կարգի բերելու համար տեղ և ժամանակ է անհրաժեշտ, ապա գտեք մի բարձրահարկ շինություն ու առանց վերելակի էներգիան ծախսելու ձգտեք շինության ամենաբարձր կետը, իսկ այդ ընթացքում ինչքան  խելքին փչի մտածեք, մտածեք, մտածեք: Հատուկ առաջարկ՝ վատ վիճակում գտնվողները կարող են բարձրաձայն մտածել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հասնում եմ  այնտեղ, որտեղից  կտեսնեմ Արևուկի հայրենի տունը, որտեղ նա հաճախ է լինում: Մի կողպեք է բաժանում ինձ, այդ վայրից: Թռչելու,  բոլոր կորածներին ձայն տալու, կապույտ մոխրագույն, բայց ուրախ շերտերով լցնելու,  խորը շունչ քաշելու ու թթվածնի ավելցուկը վայելելու վայելելու վայրը: Յոթերրորդ աստիճանից հետո սթափվեցի, գլուխս բարձրացրեցւ ու տեսա փոքրիկ, երկաթյա ու ծերացած արգելքին՝ կողպեքին: Ժպտացի, Արևուկին չգտա: Բայց ժպտացի, չէ՞
Երևի նրան արդեն գտնելու կարիք էլ չկար...

Հակասություն. Ձմեռը չէի սիրում, ձմեռը սիրում եմ




пятница, 14 марта 2014 г.

Հնդրած մտքեր

Երբեմնի  նուրբ ձեռքերը դանդաղ հնդրում էին մանր, համարյա թե մաքուր ոսպը: Տարիներ առաջ այդ ձեռքերը գնահատականներ էին տալիս փոքրիկ անմեղներին, որ "ճ"-ի մասնիկը
սխալ էին գրել: Այսօրվա ճաշը արդեն եփվում է, իսկ նա արդեն անցել է վաղվա ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին: Սա էլ նրա ժամանակ գլորելու միջոցն է...

Ամեն անգամ ժամացույցին նայելիս գտնում եմ սլաքները նույնանման զույգերով. 11:11, 15:15, 23:23... Ինչքան մոտիկ են իրար, հարազատ...Թվերը՝  դեռ չխաբված, պղտորված փոքրիկից, գարնանային նորածաղկից ու  մեկ հայացքից հետո ամենամաքուր երևույթներն են: 

Դժվար է՞քայլել ինչ-որ մեկերի կողքով, բայց թռչել բամբակե ամպերի անձրևոտ խաչմերուկներում: Մի քիչ թրջվել, տերերի կողմից մոռացված ու անձրևի տակ ընկած լվացք զգալ: Մի քիչ  պահանջել, հետո համակերպվել, մի քիչ վերցնել անձը՝ մտքի տակ գցելով ճնշել այնքան, որ հանձնվի ու փորձի ոտքի կանգնել, սկսի շարժվել տեղից ու զգացնել տա իրեն: 

Շնչող նկարների վրա կետեր են ավելանում, բծավոր են դառնում ու սկսում վարակել իրենց բծերով կողքին շնչող նկարներին: Արդեն սկսեցի մտածել "Արտաքին բծերից պաշտպանական հագուստների" արտադրամաս բացելու մասին: Մնում է գտնել մի ցնդած գիտնական ու նրա հետ այդ բծերից պաշտպանվելու համար նյութ ստեղծել: 
Իսկ եթե ես էլ բծավոր դառնամ՝ արտադրամասը չի բացվի: Պարզից էլ պարզ է: 

Աղմկոտ պատկերներ,  ներդաշնակ քայլեր, կերպար,  կոշիկները երաժշտություն են ստեղծում՝ երևի իրենք էլ չեն հասկանում: Խառնաշփոթիս մեջ գտա մի տող՝ ապագայի ու անցյալի մեջ կորած մեկի քնելուց առաջ գրած խոսքերն էին."Ստվերի կերպարը գնաց": 
Բա՜ց, շա՜տ բաց կապույտ կամ դեղին հիշեցնող ժպիտ է հայտնվել: Բա՜ց, շա՜տ բաց մոխրագույնի ներքո ինչ-որ մեկը (երկուսը) կենդանի են, ապրում են: 
Ասում են՝ գույները չեն կորցնում իրենց գունային ազդեցությունը, ստեղծած ազդեցության դաշտը չի թուլանում, անհատ պաշար կա: Չեք հարցնում, չգիտեմ էլ որտեղից