пятница, 29 ноября 2013 г.

Ճանապարհների մտքերից

.. Աչքերը բացում է, փոշմանում երազում դանդաղ քայլող մեկին մենակ թողնելու համար ու
նորից փակում աչքերը՝ ետ ճանապարհի հույսով: Ախ, չստացվեց, ուրիշ երազ ընկնելը այդքան էլ հաճելի չէր: Այնտեղ  նրան էին սպասում  Մոխրակույտը ու Մռայլակը, որոնց հանդիպելը երևի վերջին ցանկությունը կլիներ նրա ցուցակում: Զարթուցիչը դեռ կես ժամ առաջ էր նոր օրվա բացվելու մասին հայտարարել, բայց անգամ այդ հաճելի երաժշտությունը չէր համոզել մահճակալից հեռանալ ու անցնել ստանդարտ օրերի գործողություններին: Ամենածանրը քնից արթնացող մարմնին մահճակալից անջատելն է:

Ահա այսպես էին սկսվում Նինայի վերջին մի քանի ամիսների գիտակից օրերը: Ինչու՞ գիտակից: Որովհետև երբեմն օրերը այնքան անկարևոր ընթացք էին ստանում, որ մեկ-մեկ անջատվում էր զուտ "հասկանալ" կոճակը: 
Կարոտել է իր վախերին, կարոտել է, որովհետև դրանք  լիքն էին գույներով՝ թեկուզ տեղ-տեղ ընդհատվող, բայց վառ ու հիշվող: 
Նինան է...Կանգնել է Ուրախ Ավտոբուսի դիմաց ու խոսում է (բարձրաձայն, բայց կտրատվող ձայնով).
...Կարմիրը արյունը չէ: Տեսնես ինչ կլիներ, եթե աշխարհում  հակուղղված կամ համուղղված իրար համար մարդիկ ամեն օր միևնույն գույնով  լցնեին իրենց արտաքինը: Դե պուճուր ժամանակ էլ էինք մտածում, որ եթե մեր սիրած էակիկը նույն գույնն է հագել այդ օրը, ինչ մենք, ուրեմն էստեղ մի բան կա: Լավ, թեկուզ դա չլիներ: Լիներ այնպես, որ նրանք զուգահեռ գործողություններ անեին: Օրինակ մեկը իր  երազանքների ամփոփումը այդ օրվա համար ավարտեր, իսկ մյուսը դեռ նոր սկսեր, բայց իրականում այդ երազանքները համընկնեին, կամ գուցե նման լինեին մեծ մասով: Զուգահեռներից մեկը որոշել է այդ օրը չենթարկվել անհասկանալիից ծնված կանոններին ու աշխատանքի կամ դասի գնալ մի ուրիշ ճանապարհով, որը գուցե այդպես էլ չտանի վերջնակետին: Մյուսը նույնպես փոխում է ճանապարհը, բայց հակառակ ուղղությամբ: Ուղղակի զուգահեռ ուղիղները չեն հատվում: Ու նրանք  կհատվեն, եթե մեկը իր սովորական հունով գնա, իսկ մյուսը՝ փորձի ազատվել անհասկանալիի կանոններից:
Մեկը այսօր կարմիրով է  լցված, մյուսը՝ կանաչով: Կարմիր-կանաչ? չէ՜, փոխեցինք նարնջագույն և բաց կանաչ կամ էլ չգիտեմ: Ուրախ, մի բան էլ դու ասա դե: Հա, իրոք, դու չես խոսում, մենակ ժպտում ես, դե ով էլ չի ժպտա, երբ անընդհատ երիտասարդներ են իր շուրջը պտտվում ու նույնիսկ իրենց տրամադրության  ու երազանքների մի քանի կտորը հանձնում նրա ենթակայությանը: Երաժշտությունը հոսում է, իսկ ես դեռ կանգնած եմ: Երևի հիմա նա էլ կանգնած է զուգահեռ փողոցում ու խոսում է  տաք բլիթներ վաճառող սպիտակահեր, թմբլիկ կնոջ հետ: Ուրա՜խ, խոսքով ընկար, ինձ էլ ուշացրիր պարապմունքից: Կբարևես նրան, մի քանի րոպե հետո այստեղով կանցնի...


четверг, 14 ноября 2013 г.

Թարթող լուսամփոփներ

Ու էլի  բարձրանում եմ սպիտակ երթուղայինը, նստում վերջում մի ազատ տեղ ու քարանում: Մտածել, թե հնարավոր է մի  ձեռք վերցնում ու  աղմուկը հատուկ մոտեցնում է ինձ, մի քիչ  անտրամաբանական է, թեթևամիտ, իսկ ուրիշ տարբերա՞կ: Մի կանգառով մոտենում եմ տաք թեյին, հաջորդ կանգառում երթուղային է բարձրանում բռնցքամարտի պարապմունքից նոր դուրս եկած  մի պատանի. աչքերը հազիվ են բաց մնում,  ոտքերը նույնիսկ իվիճակի չեն  պահել այդքան թեթև քաշը, բայց պետք է տուն հասնել, քիչ մնաց: Պատանին ձեռքում պահել է  ծռմռված հարյուրանոցը ու  հենվել երթուղայինի ներսում առկա միակ սյանը, որը շատերի գոնե կանգնած գնալու հույսն է: Հարյուրանոցը հարմար է՝ մետաղադրամների ոսկե միջինն է. պուճուր -մուճուր, նրանով կարելի է տուն հասնել, անուշահաց գնել կամ էլ  մի լիքը արևածաղիկի հատիկներ, կամ էլ ուղղակի գրիչ կամ տետր գնել ու  գրե՜լ՝ անվերջ, առանց շեղվելու: 
Արդեն մութ է ու  քունս էլ տանում է այնքան, որ կողքիս նստած թմբլիկ, չէ շատ թմբլիկ կնոջ ուսը անասելի գրավիչ է թվում, իսկ փափուկ վերնահագուստը կրկնապատկում է գրավչությունը, բայց չէ, ավելորդ մուննաթներից խուսափելու համար, ավելի լավ է  դիմանալ ևս մի քանի կանգառ:  Ուզում եմ հասկանալ այս մարդիկ ինչից են վախենում հիմա: Բոլորը մռթնած են, բոլորը գնուխները կախել են ու  լռում են: Այս մթնոլորտը չափից դուրս ճնշող է, առավել ճնշող քան թե քննության քիչ մնացած ժամանակը: 
Մի օր առաջ ես հոսանքի մի մասնիկ էի, հոսանքը աղմկում էր, հոսանքը ճանապարհ էր ուզում, հոսանքը  հենց այնպես չէր առաջացել՝ ուժ էր ազդել վրան: Իսկ հոսանքը վրդովվել էր, հոսանքի ուժը ազդեց ու լռեց ձայնը...
Այսօր քայլում եմ ու առաջին անգամ զգում եմ այն  փոքրիկ, կարմիր կոթով մուրճի  հարվածը, որ փոքր ժամանակ պապիկս նվիրեց ինձ: Նա փոքրիկ է, առաջին հայացքից դուրեկան, սակայն պարբերական հարվածները ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան մեծ, հաստավիզ կացինը: 

Ճնշող է այս միջավայրը, նման է այն  լուսամփոփին, որ դեռ թարթում է  մարդկանց գլխավերևում: Ամեն թարթոցի հետ լույսը ավելի է խամրում: Ինչ-որ մի պահի այն լրիվ կմարի...