суббота, 22 июня 2013 г.

Փողոցի երկու կողմերը..

Ամեն օր  երթուղայինում "շախմատի ձի" դառնալու փոխարեն  ինձ  նվիրում էի` հետաքրքիր պատկերներով, պետքական պարզաբանումներով ու  գիժ մտքերով 40 րոպե, որը առանց սիրելի երաժշտության թերի կլիներ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ  ճանապարհը  իմ ամենասիրելին է` իր անցյալի պատմություններով, խառնված մտքերով ու ուղղակի մեքենայացված քայլերով:
Ճանապարհի մի մասում բարձր, խիստ, մուգ գունավորված ծառերը  պաշտպանում են երկու կողմից` տալով մտքերին ավելի բարձր տիրույթներում սավառնելու հնարավորություն, թողնելով վերցնել պահանջված ազատությունը ու կորցնել քայլերի մինչ այդ պահած հաշիվը: Ավարտվում է խիստ ծառերով սահմանազատված ճանապարհահատվածը ու սկսվում իրականության սիրունիկ արտացոլումը քաղաքի մի փոքր հատվածում: 

Մի փողոց` կարծես թե վազելու ու դրա ժամանակ մի լավ գժվելու համար հատուկ նախատեսված: Եթե բախս բերի, մեքենա չի անցնի ու հնարավորություն կունենամ դիտարկումներս փողոցի հենց կենտրոնով քայլելիս անել: 

Ինչպես միշտ` ճանապարհիս հանդիպում է կանաչ գույնի այն մեքենան, որի մակնիշը ես այդպես էլ չսովորեցի ու իր զիգզակաձև շարժումով, ստիպում ինձ անցնել փողոցի մյուս կողմը: Իսկ փողոցի մյուս կողմում ինչ կա՞ 
Պատասխան` Ամեն ինչ, ինչ պակասում է մյուս կողմում:

Ավերակ մի տուն, որի տանիքը հազիվ է իր ծանրության ու բնության բոլոր "նվերների" հետ պայքարում, ներսում իրենց տանտիրոջ նման բողոքավոր ու միաժամանակ խեղճացած աչքերով կենդանիներ, անընդհատ  կետիկավոր ֆոն ստեղծող մանր-մունր միջատներ, մի երկու  կիսաքանդված մահճակալ ու  անմիջապես դրանց կողքը մի սեղան ամանեղենը վրան, որոնք զարմանալիորեն մաքուր են (չնայած ինչով պիտի կեղտոտվեին): Միջատներին ցրելով տեսնում եմ մահճակալի մեջ երկու փոքրիկների, որոնց  փոքրիկ դեմքերիի վրա պարզ երևում էին հյուծվածության նշանները: Ծանր օդից ազատվելու համար վերադառնում եմ սիրելի փողոցը: Կիսավեր տան կողքի փոքրիկ պարտեզում, որտեղ գլուխները կախ  կանգնած են մի երկու գունատ ծաղիկ, որոնք գոնե մի քիչ գունավորում են կիսավեր տների մռայլ պատկերը, վիճում էին  երկու փոքրիկներ: Ուշադիր նայելուց հետո, զգացի ինչ-որ վանող տարբերություն նրանց միջև. առաջինը հագած էր կոկիկ, մաքուր հագուստ, մաշկից և ընդհանուր տեսքից երևում էր, որ ուրիշ պայմաններում է մեծացել, քան մյուսը, որի շուրջը պտտվում էին այն կետիկավոր ֆոնն ապահովող միջատները: Նրա դեմքին դեռ մնացել էին երեկվա ցեխակռվից հետո մնացած հետքերը, ձեռքերը կրում էին ամենօրյա արդեն սովորական դարձած կեղտի շերտի մուգ գունավորումը: Ինձ տեսնելուց հետո նրա հայացքը կանգ առավ ձեռքիս տոպրակի մեջի խնձորների և հաց-թթվասեր զույգի վրա: Ավելորդ չմտածեցի էլ, մի քիչ հետո դրանք նրա  մոտ էին և նա արդեն վազում էր համեղ նվերը մայրիկին ցույց տալու համար: Իսկ մյուսը` գնացել էր արդեն անհետաքրքիր պատկերից ձանձրանալով: 
Գլուխս թեքեցի ու այ քեզ հրաշք~
Լուսավորություն, մաքրություն, քարե շենքեր: Մի քիչ հետաքրքրվելուց հետո, իմացա, որ այդ շենքերը կառուցված են հատուկ բանկային աշխատողների ընտանիքների համար: Արդեն պարզ էր, որ  մաքրությամբ տարբերվող այն երեխան, այդ շենքերից էր ու իր համար ուղղակի  խաղընկեր էր գտել փողոցի մյուս կողմում` ցեխի, իրական աշխարհի մի ուրիշ տարբերակում: 

Մի քանի քայլ ևս ու հասկացա, որ փողոցի երկու կողմում տիրողը ուղղակի 10-0 հաշվից էլ անարդար էր:  
Ինչի՞ եմ սիրում այս ճանապարհը: Որովհետև  զգում եմ կյանքը այստեղ` իր անհավասարության դառը  երանգով, իր իրական ու անիրական գույներով, կետիկավոր ֆոն ապահովող միջատներով ու  իրական, բայց կեղտոտ աշխարհում մաքուր մտքերով ընկեր փնտրող, բամբակների մեջ մեծացող  այն երեխաներով, ովքեր կողքից են ծանոթանում իրականությանը: 


пятница, 21 июня 2013 г.

Չէ, իրանց մոտ կարմիրը արգելված է

Ներկայացնում եմ գործի բերումով  իմ և 14-ամյա մի տղայի զրույց, որի երազանքն էր դառնալ օրենքով գող։ Հատվածը կլինի առանց իմ կողմից որևէ մեկնաբանության։


- Ինչո՞վ ես զբաղվում օրվա ընթացքում
-Դե, կինոներ եմ նայում, հետո տենց էլի
- Լավ, իսկ ո՞րն է վերջին ֆիլմը, որ նայել ես
-Բայեվիկ էր է մի հատ, որ անունն ասեմ հաստատ կհիշեք։ Բայց չեմ հիշում
-Ի՞նչ էր կատարվում այդ ֆիլմում
-Ոչ մի բան էլ չէր կատարվում։ Մենակ իրար էին տալիս
-Լավ, բա ո՞վ էր գլխավոր հերոսը
-Մի հատ ուժեղ տղա էր։ Ինքը սաղից ուժեղ էր ու բոլորը իրան "չեստ" էին տալիս
-Հաա։ Բա ֆիլմի ո՞ր մասը ամենաշատը դուր եկավ քեզ
-Դուրս եկա՞վ: Հա՛, հիշեցի։ Էն որ էտ գլխավոր հերոսը սենյակա մտնում, բոլորը կանգնում են, բայց մեկը կար, չկանգնեց ու էտ գլխավոր հերոսը ջղայնացավ, հարցրեց ինչի չկանգնեց։ Էն մյուսն էլ ասավ, որ ինքը ովա, որ "չեստ" տա իրան։ Էդպես, խոսալով չհասկացան իրար, սկսին խփել-մփել իրար։ Սենց սաղ արյուն էր... Վերջում պարզա էտ գլխավոր հերոսը էն մեկին գետնին հավասարեցրեց ու հաղթեց։ 
-Քեզ դու՞ր էր գալիս էտ կռիվների, արյունոտ կադրերի պահը։ Կուզեի՞ր էտ գլխավոր հերոսին նմանվել։
-Հա, բա ոնց չէր դուրս գալիս։ Հա, կուզեի իրան նմանվել։ 
-Իսկ, ինչո՞վ
-Դե էտ ուժով, միանգամից չբռնկվելով, լավնա էլի։
-Ինչ-որ քայլեր ձեռնարկու՞մ ես  իրան նմանվելու համար։
-Հա, "Бои без правил" եմ պարապում
-Ասեցիր, որ մի ժամանակ երազում էիր "օրենքով  գող"  դառնալու մասին։ Ինչի՞ հետ կանգնեցիր երազանքիցդ։
-Հա, մի ժամանակ հա, բայց հիմի չէ։ Դե իրանց մոտ կարմիրը արգելվածա, հետն էլ իրանք չեն կարող ամուսնանալ։ Իսկ ես պիտի ամուսնանամ։ 
-Շատ լավ, բացի ֆիլմեր դիտելուց ի՞նչ ես անում օրվա ընթացքում
-Հեչ մի բան էլ չեմ անում, էնա սաղ օրը կռիվների մեջ ենք։ 
-Վայ, ինչի՞ համար եք կռվում
-Դե սաղ էտ աղջկեքն են էլի, իրանց լավ չեն պահում, արդյունքում մենք ենք տուժում
-Դուք ինչի՞ եք տուժում
-Դե որ խելոք չեն պահում իրանց, ուրիշ տղաներն էլ լավ չեն խոսում, մենք էլ գնում ենք պաշտպանում ենք։ Էդպես չենք հասկանում իրար, կռիվա դառնում։
-Բա աղջիկներին չե՞ք հարցնում տեսնեք ինչի իրանց խելոք չեն պահում կամ մի հատ իրականությունը իմանաք։
-Դե ինչ իմանանք դրանցից, մեկա աղջկա խոսքը "ասնավանի" չի։
-Բա որ էդպես եք կարծում, ինչի՞ եք գնում այդ նույն աղջիկների համար կռվում
-Ա՛, շուն գել մեր աղջկեքն են, բա ի՞նչ անենք։

вторник, 4 июня 2013 г.

Դեպի բաց կապույտ թիթեռնիկները...

Խիտ անտառների ու  ժայռերի սահուն հաջորդականությունը, լեռների մեջ փորված քարանձավները, որոնք հայոց պատմության  զենքով ու կռիվներով լի շրջանների կենդանի, բնության տեսքով վկայություններն են, ստիպեցին հիշել իմ՝ առանց զենքի ու արյունի պատմությունը.. Հաշվիչի վրա արտածվող ու վայրկյանը մեկ ավելացող գումարի հաշվի թարմացումներին զուգահեռ աչքերիս առջև պատկերանում են այդ պատմության էջերը.. Այնտեղ ես էի, այնտեղ, կարծես թե, դու էիր, նրանք էին՝ կասկածով լի աչքերով կանգնած մեր առջև: Աչքերս փակել էի ու քամու հարվածները հաճելի ապտակներ էր հասցնում ու երաժշտության տակտի հետ միասին  ժամանակի մեջ անցյալ էի տեղափոխվում, ափսոս՝ առաջ գնալ չէր ստացվում: Նույն այդ քամին էր, որ հավաքեց այն թրվռող մտքերը, հասկացումները, որ այսքան ժամանակ քաոսային շարժվում էին մտքերիս տոպրակում: Հավաքեց ու հասկացրեց, որ պատմության այդ էջերը լցված են աներևույթ լույսով, դեղին թիթեռնիկներով ու վարկով ժպիտներով:
Հետաքրքիր զգացում է, գիտեք: Կարծես նոր ավարտածս  գեղեցիկ պատմվածքը ստացել էր իր սպասված արդյունքը ու բավարարել էր ընթերցողի՝ իմ սպասելիքները: Ու դրան հաջորդում է բնական զգացողություն. կարդալ հաջորդ գիրքը՝ այդ նույն հեղինակի գրչին պատկանող: Հեղինակը, իմ մի քիչ աննորմալ պատկերացումներում այն նույն՝ ալեհեր, բարի աչքերով ծերուկն է, որը տարբեր կյանքեր է գրել ու նկարել: Ու չգիտես ինչի, այդ նույն պատկերացումներում ալեհեր պապիկը չի հասկանում հայերեն ու ինձ միշտ հետաքրքիր է լինում նրա հետ մտքերով փոխանակվել, քանի որ նրա նախադասությունները միշտ կազմված են լինում աշխարհի շատ ու շատ լեզուներով բառերից: Զարմանալին այն է, որ ես լրիվ հասկանում եմ այդ օտար լեզուներով արտահայտած մտքերը: Անցնում էի սպիտակ չղջիկներով լցված թունելով ու զրուցում սպիտակահեր ծերունու հետ: Նրան պատմեցի նոր առաջացած զգացողության ու կանխազգացողության մասին. նոր պատմության սկզբի կանխազգացման ու ազատության զգացման մասին: Նոր պատմություն? Հահ, դժվար թե: Բայց ծերուկը հաստատեց կանխազգացումներս, պատմեց, որ իր պատմության մեջ հերոսուհու լուսավոր մտքերի հետևում թաքնված էր լուսավոր մի պատմություն՝ լի դեղին կամ արդեն բաց կապույտ թիթեռնիկներով, բնության մաքուր մթնոլորտով ու արդարության ներկայիս համար տարօրինակ զգացողությամբ:
Ծերուկի հետ խոսակցությունը այնքան էր ընկղմել իր մեջ, որ չէի հասկացել, թե ինչպես էինք հասել անկանոն դասավորված, թափառական գետի խշշոցով լցված մի քաղաք: Մի քիչ շրջելուց հետո, հարազատության մի զգացում պատեց: Այս անկանոն դասավորված շենքերով, չգործող գործարաններով ու ավերակ դարձած շինություններով քաղաքը ինչ-որ բան է թաքցնում...