воскресенье, 15 сентября 2013 г.

Քառակուսի սահմանումներից ու պատասխանի հետ չհամընկնող թվերից հոգնած եկել եմ այստեղ:  Ավելի հստակ եմ ինքս իմ հետ, քան.. Ծիծաղս գալիս է մի տարի առաջ արածներիս ու ասածներիս վրա: Ինձ էսպես էլ ասում էին բոլորը, երևի բոլորը գուշակներ են, կամ էլ ես եմ կանխատեսելի, կամ էլ ուղղակի փրփուր դեռահաս աղջիկ:

Կեղտոտ լճի ջուրը այ հիմա ավելի քան մաքուր է, քան ...Հա հա, մաքուր է, որովհետև համեմատելու բան չունեմ: Այն ժամանակվանից ոչինչ չի պահպանվել, միայն սև կոշիկների անհանգիստ ետ ու առաջ քայլերը: Ոչինչ չեմ հիշում, ը՜: Հենց այս "ոչինչ"-ում էլ զգացվեց գիտակցված ստի համը: Ամենապայծառ հիշողությունս անհարմար կարմիր շապիկս է ու ժամացույցի սլաքների ահավոր մեծ արագությունը:

Հիմա միայն խշշոց է՝ մեկ ջրի, մեկ քամուց խառնված տերևների: Ձայնը մեկ-մեկ ընդհատվում է մեքենաների անվադողերի ու ասֆալտի մեջ առաջացած կոնֆլիկտի աղմուկով: Աղմուկը այնքան մեծ էր, որ ձայնային ալիքները կարողանում են այս հաստավիզ խողովակը շարժել: Հա ու որի վրա նստած՝ ինձ թվում է թեթևոտ երկրաշարժ է: Անկեղծ ասած, ուրախանում եմ այդ պահերին, հետո գիտակցում եմ, որ կեղծ տագնապ է ու շարունակում սպիտակը կապույտով լցնել:

Անկանոն իրար գլխի տնկած քարեր, մի քիչ վերւ չշտապող պչրուհի գետը ու..
Ու եթե հիմա մոտենայիր ու հարցնեիր՝ ինչ եմ անում, երևի կպատասխանեի, որ հանցագործը մեկ տարի անց վերադառնում էմ հանցանքի վայր: Այստեղ եմ: Ու ինչպես միշտ դու չէիր հասկանա իմ հիմար փոխաբերական արտահայտությունները ու մի կծու խոսքով հրաժեշտ կտայիր:
Կա մի ուրիշ տարբերակ էլ: Ես կվախենայի խոսել ու աչքերիդ մեծ ու գունավոր շրջանների յուրաքանչյուր կետը մտապահել փորձելով կգնայի: Ու մեկ տարի անց մի հանցանք էլ կգումարեի նախորդների շարքին: Ինձ առաջադրված մեղադրանքները կավելանան այսպիսի հարմար առիթի դեպքում, վերջում էլ կգան 3x4 չափի նկարս կպահանջեն ու վերջնահաշվարկ կանեն

воскресенье, 8 сентября 2013 г.

Փորձել չհասկանալ..

"Այսօրվա մուլտիկներիս կեսը մենակ նայեցի: Լավ օր չէր: Հետո էլ ուզում էի պաղպաղակ ուտել, մաման գործի էր գնալու, չհասցրեց գնի ու էդպես էլ  պաղպաղակ չկերա: Հետո էլ մանկապարտեզում ընկեր Լելենան չթողեց  էտ զզվելի տոլման չուտեմ: Վատ օր էր էլի
Քունս էլի չի տանում:  Շրջվեմ, տեսնեմ պատի  կողմում ինչ կա, արդեն էս կողմում ապահովա: Երկար սև մազերով, սպիտակ զգեստով աղջիկը էսօր չէր եկել, հանգիստ կարող եմ շրջվել մյուս կողմի վրա:"

Չորս տարեկան մի փոքրիկ էր, կարճ, սև մազերով՝ տղաների նման, փոքրիկ բերանով և մուգ շագանակագույն աչքերով: Այդքանը իր մասին գիտեր, քանի որ բարեկամները, հյուրերը, բոլորը միշտ իրեն գովելիս, նկարագրելիս,միշտ այդքանն էին ասում ամաչկոտի հետ միասին: Նրան միշտ թվում էր, թե իր դեմքը տարբերվում մնացած մարդկանց դեմքերից, քանի որ մնացած դեմքի մասերը միայն ինքն է տեսնում, զգում դրանց առկայությունը ու խոսում, իսկ ուրիշները չեն տեսնում, չեն զգում, քանի որ չեն խոսում դրանց մասին: 

"Կարմիր գլխարկը այսօր եկել է, Վիննին էլ, բայց ովքե՞ր են այս մարդիկ: Ո՞վ եք դուք: Ինչ տարօրինակ է, երբեք ձեզ չեմ տեսել այստեղ՝ իմ մթության մեջ: Ես հիշեցի, ձեզ տեսել եմ Աստվածաշնչում, մի շաբաթ առաջ  պապիկի գրադարանը քանդելիս էի գտել ու սկսեցի թերթել: Ձեզ տեսա այնտեղ: Սպաս, դու Մարիամն ես, չէ՞ : Ես չհասկացա քեզ, այդ ինչպե՞ս եղավ, որ դատարկությունից ծնվեց ամեն, որ ամեն ինչ  սկսեց չափվել ինչ-որ բաներով, որ մեր բարեկամները, հյուրերը ու նույնիսկ մաման չեն տեսնում ու ինձ չեն ասում: Արդար չի: Լավ, ինչի՞ չեք խոսում, քունս չի տանում, գոնե դուք խոսեք, մաման ու պապան քնած են, էլ հեքիաթ հաստատ չեն կարդա իմ համար, չնայած  մի ամիսա չեն էլ կարդում: Դրա համար էլ արդեն 3 տառ գիտեմ, պատկերացնում ե՞ք:  Լավն եմ չէ՞ ես, մեր հարևան Լյուդա տատիկնելա ասում, որ լավն եմ: Մի րոպե սպասեք, մամայի ձայննա, արթունա, հեքիաթ կկարդա, ուխ "

Երկար գիշերանոցը ոտքերի տակ էր ընկնում: Փոքրիկ քայլեր անելով, որ չընկնի, հասավ հյուրասենյակի դռան մոտ ու կանգ առավ:  Հայրը՝ մոտ 40 տարեկան, սևահեր, տիպիկ հայկական քթով տղամարդ  էր, ով սիրում էր լինել մոր, կնոջ և ընդհանրապես բոլորի ուշադրության կենտրոնում: Մայրը՝ մոտ 30 տարեկան, հոգնածությունից ու հոգեկան ապրումներից հիվանդոտ տեսք ստացած մի կին, ում համար աղջիկը, թերևս, ամենալուսավոր կետն էր աշխարհում: Ընտանիքում լարված և  գաղջ մթնոլորտը, իրար հաջորդող երկու աշխատանքները, որոնց նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում, քանի որ դրանց շնորհիվ էր, որ կարողանում էր իր միակ ուրախության համար  ամեն օր փոքրիկ Թզուկ պաղպաղակներից ու կանաչ խնձորներից գնել:

Ձայները կամաց -կամաց ավելի էին ուժեղանում: Մայրը արթուն էր, սակայն հեքիաթ կարդալու ակնկալիքները արդեն միանգամեց բացառվեցին: Հյուրասենյակի մեծ ջահի միայն երկու լամպերն էին վառվում, սենյակը կարծես խավարի մեջ լիներ: Այդ խավարից դուրս էին գալիս մեկ հոր, մեկ մոր  մյուսի վրա վիրավորանքներ թափող ձայները: Ձայները շարունակում էին սաստկանալ, վիրավորանքները դառնում էին  ավելի ու ավելի անհասկանալի ու անընդունելի փոքրիկի համար: Առաջին անգամ նա տեսավ հորը այդքան զայրացած: Աչքերը արագ-արագ բացվում-փակվում էին ու արցունքի կաթիլները հասցնում էին այդ շարժման ընթացքում դուրս գալ փոքրիկ աչքերից ու վազել բարակ գիշերանոցի վրայով:

- Դու իրավունք չունես աշխատել մինչև այս ժամը, դու  հայ կին ես: Պետք է տանը նստես, երեխուն պահես, լսի՞ր: Քիչ եմ փող բերու՞մ, հերիք չի հա՞ քեզ: Սրան նայ: Մարդա դառել, աշխատումա, մի երկու բան գիտի, հենց գիտի էտա ու վերջ:

- Քո ու քո երեխու համար եմ անում: Էսա էլի պատասխանդ: Գնում ես, տուն չես գալիս, էտա՞ քո ընտանիք պահելը:

- Լավ եմ անում: Կնիկ ես,  տեղումդ մնա, խոսելա սովորել

Այդ ձայներից ու գորգոռոցներից հետո անսպասելի վերջ դրվեց ամենաբարձր ձայնով: Հարված ու վերջ
Գլուխը ձեռքերից ազատեց ու  աչքերը բարձրացրեց դեպի սենյակի ներս: Կիսախավարի մեջ երևաց ընկած մոր և հոր դողացող ձեռքի ստվերները...

Աչքերը դեռ թաց էին,  մայրը արդեն հեքիաթ էր կարդում, սենյակը դեռ խավարում էր..