понедельник, 23 апреля 2012 г.

Կիսատոն ձայնով

Տասնյակ զույգ աչքեր ուղղված են իմ կողմը: Նրանցից շատերը զզվանք են պարունակում, շատերը՝ ատելություն, ավելի քչերը՝ անտարբերություն, մեկ-երկուսը՝ հարազատ ջերմություն: Անսովոր վստահությամբ դուրս են թռչում անգիր արված բառերը, որոնք դարձել են այս երկու օրվա իմ անբաժան ընկերները: Դուրս են պրծնում, ազատվում իմ անհիմն կապանքներից: Նրանք ինձ չդավաճանեցին որոշիչ պահին, բայց և դժկամ ու նեղացած ձևացան, թողեցին, որ ամենը ինքս կարգավորեմ: Հասկացա, ընդունեցի.

среда, 18 апреля 2012 г.

Այս օրը

Վառ կանաչը համոզում է սթափվել, բացատրում է, որ բույսերի արթնանալու ժամանակն է: Ես իրավունք չունեմ առանձնանալ մնացած կանաչներից, պիտի կլանեմ վիրավորանքը, սուտը ու կեղծիքը՝ որպես արեգակնային էներգիա:
45 րոպե պատուհանի մոտ՝ ծառի ճյուղին թառած ճնճղուկ-սոխակի անսովոր ծլվլոցը  տեղափոխում է իրական կյանքից  ուրիշ հարթություն՝   ազատություն: Կապույտ երկինք եմ բարձրանում անտեսանելի թելով կապված, մոտենում եմ նրան, ցանկանում շոյել կապույտ բամբակը՝ ընդհատված սպիտակ հետքերով: Ձեռքս սահում է, ընկնում է՝ այդպես էլ չհասնելով այնտեղ:  Վերջ, իջնում եմ. մաթեմատիկական ճոճանակ. անվերջ երկար, չձգվող, անկշիռ թելից կախված նյութական կետ և երկրագունդ: դասը ավարտվեց: Գրքերը գնում են գրքատար պայուսակի մեջ: Քայլերը ուղղված են դեպի կիսաբաց դուռը, որին վերջինը ես եմ տեսնում այսօր: Նույն խոտերը՝   գլուխները հառած թափառական արևի կողմը. տրորում եմ, անցնում: Շենքեր՝ կարծես իրարից նեղացած ու երեսները միմյանցից թեքած: Չորացած ջրափոս՝ էլի դիմակավոր. արև է՝ նա ոչինչ է, անձրև է՝ վտանգավոր ու կեղտոտ: Տուն: Դուռ: Ու վերջացավ այս օրը.

пятница, 6 апреля 2012 г.

Պատահական հանդիպում

Նրանք ամեն օր զրուցում էին, կարելի է ասել՝ ամբողջ օրը միասին էին լինում, սակայն միասին վիրտուալ կյանքում: Հիմնականում վիճում էին, հետո հերթով արդարանում,  զիջում միմյանց: Նինայի համար Լուկան կարևոր էր, նա դարձել էր նրա առօրյայի անբաժան մասնիկը: Լուկայի յուրաքանչյուր բառը Նինայի ուղեղում ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Ամեն անգամ այդ վերլուծությունը բերում էր այն հարցին, թե ինչու է նա իր հետ շփվում, ընդհանրապես սեղմում իր անունին և նորից ու նորից գրում: Միակ բացատրությունը այն էր, որ ինքը Լուկայի պատկերացումներում չի համապատասխանում իրական Նինային և եթե երբևիցե նրանք հանդիպեն Լուկայի պահվածքը անշուշտ կփոխվի, թեև նրա համար այդ հանդիպումը շատ ցանկալի էր և տհաճ մեկտեղ: Լուկան տանջում էր Նինային իր ամեն կատարած գործողությամբ: Կարծես թե Նինան հասկանում էր, որ իրեն շրջապատող մարդկանց համար ինքը ընդամենը միջավայրի անորոշ մասնիկ է, ամենօրյա "ինչ կա չկայի" գերի:
    Թե Լուկայի պահվածքը, թե իր ընկերների պահվածքը ցավեցնում էին Նինային, նա ընդամենը ուզում էր նկատված լինել այն պահերին, երբ գեղեցիկ էր, երբ բարձր տրամադրություն ուներ և կարող էր շրջապատող մարդկանց պարգևել իր անհրապույր ժպիտները ու պահի տակ հայտնված երջանկության մի մասնիկը: Նինան իրեն համարում էր տգեղագույն աղջիկը իր շրջապատում, նրա համար իր ամեն ինչն էր թերություն, և իրեն ուղղված գեղեցիկ և հաճելի խոսքերը թվում էին շողոքորթության լավ միջոց կամ ուղղողի կողմից լավ քողարկված սուտ: Սակայն նրա կողքին ուրիշ էր... Նրա կողքին նա առաջինն էր, կատարյալը և հաղթողը... Իսկ մնացածի համար վերջինը, ավելորդը...
    Նրանք  տարբեր քաղաքներից էին: Մի քանի կիլոմետրեր էին բաժանում նրանց: Եվ այնպես ստացվեց, որ Նինան պետք է գնար մի քաղաք, որին հասնելու համար պետք էր անցնել  քաղաքով, որտեղ ապրում էր Լուկան:
   Ձմռանը, անտանելի ցրտի պայմաններում Նինան ճանապարհ ընկավ: Հանգստանալու համար մեքենան կանգնեց Լուկայենց քաղաքում, սակայն Նինան չգիտեր, թե ինչ քաղաքում է: Նինան քայլում էր անծանոթ քաղաքի սառցակալած փողոցներով: Մարդ չկար և դա զարմանալի չէր: Ձմեռային սառնաշունչ և մռթնած եղանակ էր, ու եղած մարդիկ էլ միմյանց չէին նկատում, քանի որ զբաղված էին տաքուկ տան ու թեյի մասին մտքերով: Դանդաղ քայլերը հեռացրեցին Նինային մեքենայից:
-Դու՞, - հանկարծ լսվեց անծանոթ տղայի զարմացած, շփոթված, գուցե հիասթափված ձայնը:
  Ձայնը անսպասելի էր, և դրան հետևում է Նինայի արձագանքը՝ հետևից ուղղաված ձայնին: 180 աստիճանով պտույտը  ապշեցրեց նրան: Նա կանգնած էր զարմանքից քարացած: Լռություն...
Նա առաջին իսկ վայրկյանից հասկացել էր՝ ով է իր դիմաց կանգնած, բայց իրեն հիմարի պես պահեց. ձևացրեց, թե չի ճանաչում այդ տղային, որը փորձում էր բացատրել.  թե ով է ինքը, պատմում էր նրանց զրույցները և դեպքեր, փոխարենը ստանալով "Կներեք, ես շտապում եմ", "Ես Ձեզ չեմ ճանաչում", "Խառնում եք մեկ ուրիշի հետ"  և այլ նմանատիպ արտահայտություններ ու մատնում իրեն ափոսոսանքով և ցավով լի, գետնի վրայով վազող, կիսաթաց աչքերով:
-Կներեք, երևի իրոք շփոթել եմ, բայց մեկ է շատ նման եք, շատ, ևս մեկ անգամ. կներեք, - ասաց շփոթված  գեղեցկադեմ տղան և արագ քայլերով հեռացավ դեռ նույն տեղում գլխիկոր կանգնած Նինայից:
Նրանք հանդիպեցին և ինչ...?
Լուկան շարունակեց իր սիրելիի  փնտրտուքները, իսկ Նինան մեղադրեց  իրեն ամեն ինչի համար. որ ճանաչեց Լուկային, որ համաձայնվեց գնալ այդ ճանապարհը, որ ընդհանրապես խաբեց իրեն և նրան: