среда, 18 апреля 2012 г.

Այս օրը

Վառ կանաչը համոզում է սթափվել, բացատրում է, որ բույսերի արթնանալու ժամանակն է: Ես իրավունք չունեմ առանձնանալ մնացած կանաչներից, պիտի կլանեմ վիրավորանքը, սուտը ու կեղծիքը՝ որպես արեգակնային էներգիա:
45 րոպե պատուհանի մոտ՝ ծառի ճյուղին թառած ճնճղուկ-սոխակի անսովոր ծլվլոցը  տեղափոխում է իրական կյանքից  ուրիշ հարթություն՝   ազատություն: Կապույտ երկինք եմ բարձրանում անտեսանելի թելով կապված, մոտենում եմ նրան, ցանկանում շոյել կապույտ բամբակը՝ ընդհատված սպիտակ հետքերով: Ձեռքս սահում է, ընկնում է՝ այդպես էլ չհասնելով այնտեղ:  Վերջ, իջնում եմ. մաթեմատիկական ճոճանակ. անվերջ երկար, չձգվող, անկշիռ թելից կախված նյութական կետ և երկրագունդ: դասը ավարտվեց: Գրքերը գնում են գրքատար պայուսակի մեջ: Քայլերը ուղղված են դեպի կիսաբաց դուռը, որին վերջինը ես եմ տեսնում այսօր: Նույն խոտերը՝   գլուխները հառած թափառական արևի կողմը. տրորում եմ, անցնում: Շենքեր՝ կարծես իրարից նեղացած ու երեսները միմյանցից թեքած: Չորացած ջրափոս՝ էլի դիմակավոր. արև է՝ նա ոչինչ է, անձրև է՝ վտանգավոր ու կեղտոտ: Տուն: Դուռ: Ու վերջացավ այս օրը.