понедельник, 23 апреля 2012 г.

Կիսատոն ձայնով

Տասնյակ զույգ աչքեր ուղղված են իմ կողմը: Նրանցից շատերը զզվանք են պարունակում, շատերը՝ ատելություն, ավելի քչերը՝ անտարբերություն, մեկ-երկուսը՝ հարազատ ջերմություն: Անսովոր վստահությամբ դուրս են թռչում անգիր արված բառերը, որոնք դարձել են այս երկու օրվա իմ անբաժան ընկերները: Դուրս են պրծնում, ազատվում իմ անհիմն կապանքներից: Նրանք ինձ չդավաճանեցին որոշիչ պահին, բայց և դժկամ ու նեղացած ձևացան, թողեցին, որ ամենը ինքս կարգավորեմ: Հասկացա, ընդունեցի.

"Բոլորը ինձ են նայում, իսկ ուր ես դու? Ա՜խ,  գործեր ունեիր, գիտեմ՝ ինչպես միշտ: Դե չունենայիր էլ՝  էլի չէիր գա, ինչի պիտի գայիր որ: Թե մեկը գտնվեր, որ քեզ իր ներկայությամբ ստիպեր քո ներկայությունն էլ ապահովել, բայց միևնույն է այդ մեկը ես չէի լինի: Դա էլ գիտեմ շատ լավ, ու ինչքան էլ հակառակը պնդող խոսքեր լսեմ՝ կձևացնեմ համոզված: Դե դե, վերջ չի կարելի խառնվել, շունչ քաշիր ու առաջ՝ առանց անիմաստ փնտրտուքների" Ահա այսպիսի մտքեր էին պտտվում գլխումս, երբ դուռը, որի մոտ կանգնած էին, թեթևակի բացվեց: Մի փոքր բացված տեղով իրեն նեղություն տալով, ճկվելով ներս մտավ այն զույգ աչքերի տերը, որոնց փնտրում էի, որոնց պատճառով մոռացել էի իմ այս օրերի ընկերներին՝ բառերին: Գոնե մի հայացք, գոնե մի անտարբեր հայացք բարեհաճեիր տալ խեղճիս: Դե գնա, արդեն տանջում ես: Գիտեմ, նոր ուրիշ բան էի ասում, բայց մի մերժի, թող ու գնա: Գնա, որ այլևս չմատնեմ ինձ, որ հիմարի դերիցս դուրս գամ: Երեկ գիշեր տեսած երազս հիշեցի գիտես, լրիվ հիմա կատարվողի հակապատկերն էր: Լրիվ ֆիլմերի նման՝ happy end: Ինչու են համարյա բոլոր ֆիլմերը այդպես ավարտվում? Բայց չէ-որ իրականում այդպես չէ, իրականում շատ ավելի ցավոտ ու անավարտ է ամեն ինչ: Իրականում հեքիաթներ չեն լինում, մոխրոտիկների համար ճանապարհը հեքիաթի նման չի:
Ես այդպես էլ գիտեի, դու չգնացիր: Մի գնա, շարունակիր այդ սառը հայացքով սպանել: Աչքերդ ուրիշ են, տեսնես ինչ է պատահե՞լ:  Ինչու՞ է դա ինձ հետաքրքրում: Դու ես մեղավոր իհարկե, ես ի՞նչ:
 


-Գնում ե՞ս, - կիսատոն ձայնով շշնջացի ես:
Չլսեց, դուռը բացվեց, ու գնաց՝ տանելով զույգ աչքերը, որոնք մասնագետ էին արդեն ինձ տանջելու գործում..