понедельник, 31 декабря 2012 г.

Նոր պատմություն նոր մեկի մասին..

Ամենօրյա վազվզոցներ՝ մի տեղից մի տեղ, համահունչ հագուստ՝ եվրոպական նուրբ ոճով, կարճ, թեթև  սև մազեր, միշտ մեկին որոնող հայացք, անփույթ քայլեր ու անկանոն դեմք.. Երևի այսքանով կարելի էր նկարագրել մի հասարակ, ոչ լրիվ, բայց քաղցր ընտանիքում ապրող աղջկան, որին մարդիկ անվանում էին Լիլի:
Լիլին անկայուն էր, հանկարծակի, հանգիստ ու հավերժ մտածող: Կողքից նայողները և ընկերները հաճախ էին նրան ասում, որ թվում է, թե նա նույնիսկ քնած ժամանակ է մտածում, ամեն պահի, ամեն տեղ, ամենքի մոտ: Իր ազատ պահվածքին զուգահեռ ուներ մի կախվածություն, որից տարիներ շարունակ փորձում էր ազատվել. հլը որ չէր ստացվում: Կախված էր ամուր, լավ սնուցվող մազի ծայրից, որի երկայնքով գրված էին ուրիշների կարծիքները, խոսքերը, արարքները: Այն շատ հանգիստ կարող էր կտրվել մկրատի մեկ կտրոցով, բայց դե կտրողը հենց ինքը պիտի լիներ, իսկ ինքն էլ ժամանակի հետ ավելի էր կապկպվում այդ կարծիքներով ու ավելի հեռանում  արմատից, որտեղից պիտի հարվածեր մկրատը: 
Թքած ուներ սիրո մասին ասվածքների վրա, թքած ուներ սիրուց տոչորվող աղջիկների վրա, որովհետև չէր հասկանում  այդ "սեր" ասվածի իմաստը, բնույթը ու ազդեցությունը: Բայց տարօրինակը այն էր, որ ինքն էլ շարժվում էր դրա բրդմամբ ու ուղղորդմամբ: Սիրում էր "մարդ" ասվածներին, չնայած, որ շրջապատում անընդհատ ենթարկվում էր վերջիններիս ծաղրանքին: Բնավորության համաձայն գլուխը կախում էր ու հեռանում այդ "սիրելի" միջավայրից: 
Լիլիի ներսում ապրում էին մի քանի "ես"-եր: Նրանք տարբեր էին, բայց ունեին մի ընդհանրություն, որը անփոփոխ էր բոլորի մոտ. բոլորի մոտ առկա էր բարություն ասված մի զգացմունքը, որը տածում էր նա բոլորի հանդեպ, չնայած այդ բոլորի վերաբերմունքին: Մի խոսքով դա մի անբացատրելի բարություն էր, որ Լիլիի կարծիքով պիտի հաղթեր բոլոր-բոլորի չարությանը ու տիրեր բարություն աշխարհ կոչված կլոր գնդում: 
-Խնդրում եմ, կողմնորոշվի ինչ ես ուզում: Աստված իմ, օգնիր կարգի բերել մտքերս, - այս խոսքերն էր գրեթե ամեն օր արտասանում Լիլին, երբ մենակ քայլում էր և կողքին մարդ չկար, ով կլսեր իր խնդրանքը ինքն իրեն, Աստծուն: Իսկ եթե մենակ լինել չէր ստացվում,  բարձացնում էր գլուխը, հառում աչքերը առաստաղին, իսկ եթե հաջողվում էր՝ երկնքին ու տեսնելով այնտեղ մի բարի կերպարի, երկու զույգ բարի աչքեր՝ մտքում արտասանում այդ բառերը: 
Այնպես էր ստացվում, որ նա զգում էր կատարվելիքը: Նրա վախերը արդարցված էին, ժպիտը ու անհասկանալի երջանկությունը՝ նույնպես: Բայց այդ անհասկանալի երջանկությունները տարօրինակ կարճ էին տևում ու թվում էր, թե չկա ուրախություն, չկա ժպիտ, չկա մաքրություն մարդկանց մեջ ու երևի միակ տեղը, որտեղ նա գտնվում էր այդ կեղտից հեռու, դա ականջակալներով պաշտպանված, երաժշտության աշխարհն էր, որի ներքո արվում էին պարային հասկանալի կամ մեկ-մեկ անհասկանալի հոգուց բխող շարժումները, որոնք Լիլիի մոտ այնքան էլ լավ չէին ստացվում՝ իր կարծիքով: Բայց այդ աշխարհը մեկ վայրկյանում անհետանում էր, երբ հիշում էր, որ երաժշտության աշխարհը ստեղծված է այդ նույն մարդ ասվածի կողմից: Ու այդ պահին էլ կրկին, նորից, ևս մեկ անգամ զգում էր այն անպատասխան մեծագույն սերը, որ պահում էր դեռ շա՜տ փոքր իր սրտում (եթե իհարկե այն սրտում է ապրում) .. 

среда, 26 декабря 2012 г.

Ժպտացող դատարկություն..

Ու բացեց աչքերը մի օր Նինան. ուրիշ էր այդ օրը, դատարկ էր այդ օրը: Բայց դա այն դատարկությունն էր, որը անմտության աստիճան ուրախացնում էր: Հիշում էր ամենը, վերապրել կարող էր, բայց այդ դատարկությունը ուղղակի այդ ապրումներին տեղ չէր տալիս: Այն ամենը, ինչ երեկ մի կյանք արժեր, այն ամենը, ինչի համար կթողներ ամեն ինչ, այսօր լոկ տողեր էին, շատ տողեր, որոնք էջեր, տետրեր ու նույնիսկ n թվով հատորյակներից մեկը կկազմեր, որ ուղղակի կոչվում է "Անցյալ" :
Մի ժպիտ կար դեռ, բայց միայն մնացորդային ժպիտ, որ ուղղում էին միմյանց: Լուկայի համար դա արդեն նշանակություն չուներ: Նինայի վախերը հիմա իրականություն էին դարձել: Ամեն ինչ շատ հանգիստ, թեթև ու անցավ էր թվում, բայց երբ կողքին մեկը չէր լինում, երբ ձեռքին շեղող մի զբաղմունք չէր լինում, ներկան խառնվում էր անցյալի հետ ու ժամանակավոր կարգ ու կանոնը ցրվում էր ու էլի վերածվում ինչու-ներից ու բայց-երից կազմված մի քաոս-կծիկի: Ամեն ինչ թեթև պիտի տանել և ժպիտով, լսում ես?
Մարդիկ շարունակում են ժպտալ հոգեկան մեծ ցավ սրտում ու դա ուղղակի պետք է արտապատկերել սեփական օրինակով: Թքած ամենքի ու ամեն ինչի վրա: Վատն այն է, որ մեկի համար դարձար խաբելու առարկա, դարձար մի մեծ սխալ, որ նա թույլ տվեց իր կյանքում: Չէր ուզում Նինան սխալի տեսքով մնալ մեկի հիշողություններում:
-Դու հիմա երևի չես հասկանում, որ քո հետ խոսում եմ, չես լսում: Դու տեղյակ էլ չես, որ նայելով քեզ աչքերս չեն ուզում փակվել, որ այդ երկու վայրկյանն էլ կարողանամ նայել քեզ, խորանալ աչքերիդ մեջ, գտնել այնտեղ բառեր ու.. Ու գտնել բառեր ու փախչել այդ բառերից, չհասկանալ այդ բառերը ինչի համար են, ինչի պատասխանն են: Գիտե՞ս` չէի ուզի այսպես լիներ, բայց ես դեռ փոքր եմ պայքարելու համար, դեռ փոքր եմ իմ կարողություններից ավել բան ուզելու կամ պահանջելու համար: Չեմ ուզում մեղադրել: Երևի այսպես պիտի լինի, երևի մարդ պիտի կոփվի, երևի  պիտի-ները շատ կլինեն ու երևի մի օր հանդիպենք: Երևի այդ օրը մենակ չենք լինի ու ինչպես դու էիր ասում, կնայենք իրար ու լուռ կանցնենք միմյանց կողքով` մեր "սիրելի" ձեռքը բռնած: Չեմ պատկերացնում այդ օրը գիտես: Երբ չեմ կարողանում տեսնել այդ պատկերը, դա իրականություն չի դառնում: Երևի.. Բայց  գիտե՞ս, ավելի եմ թաքցրել սիրտս, ավելի գաղտնի տեղ եմ պահել այն, որ քո նման հեշտ չվերցնեն, պահել եմ` դեռ վիրավոր: Գիտեմ, հիմա նա կա կամ չկա, համենայն դեպս արտաքինից այդպես ես ցույց տալիս: Անկեղծ չեմ հասկանում, բայց ուրախ եմ քո համար, կներես ձեր համար: Դու միայն ժպտա, թող տեսնեմ ժպիտդ: Էլ ուրիշ ի՞նչ կարող եմ անկնալել..Ժպտա, լցրու իմ դատարկությունը: Տե'ս, ժպտում է դատարկությունս..
Նինան սովորական իր առօրյայով էր ապրում, շարժվում: Զգում էր, որ աստիճանաբար փոխվում է: Մեկ-մեկ իր արարքներում ու ասվածքներում չէր ճանաչում իրեն: Օտար էր ինքն իր համար: Երբ մենակ էր մնում որոշում էր, որ էլ չի խոսելու ոչ-մեկի հետ, որոշում էր չարանալ, հետո հասկանում էր, որ անիմաստ է ու էլի ընկնում այդ հոգեկան անկշռելիության մեջ: Ոտքը դնում էր արդեն սառցակալած գետնին, ընկնում, հարվածում, զգում ցավը ու ժպտում, ժպտում մենակությունից: Ոտքի տակ գետին էր, ձյուն էր, սառույց էր, ցեխ էր կամ ուղղակի չոր հող. չէր զգում: Նրա համար տիեզերք էր, ծանրության ուժը հավասարվել էր 0-ի ու  չէր ձգում դեպի երկիր, գետին ու կայունություն: Միամտություն արդեն ծայրաստիճան էր դարձել, լսում էր ամենքին, ենթարկվում: Իսկ հիմա ընբոստանում էր, կարծես թե կորցնելու բան չուներ ինչ էլ աներ: Երևի չէր զգում ոչ-ոք, երևի չի զգա նա նույնպես, բայց Նինան փոխվել էր: Անփոփոխ էին նրա միաամտությունը մարդ կոչվածի հանդեպ, նրա մանկական լույսը, որ պահել էր անլույս մանկությունից ապագայի համար: Տեսնես, ե՞րբ կգա այդ օրը, պահը, որ լույսը ազատություն կստանա ու կլուսավորի նրան... 

пятница, 21 декабря 2012 г.

Սեփական սահմանններ ու գույներ ստեղծելու ժամանակը..


 Աչքերը հուշում էին: Դու լռեցիր, երևի հավետ: Բառերը արդեն  իրենք էին խոսում, իրենք բացատրում անհասկացողիս: Պետք է ինչ-որ բան անել` կողքինս ասաց: Ինչ տարբերակ ունեմ ուրիշ? Ոչ-մի, պիտի անեմ, միևնույն է չեմ զգում: Մի ժամանակ ներսումս փոթորկվում էի, որ փորձում էին կառավարել, փորձում էին ցույց տալ անելիքս, բայց հիմա միևնույն է արդեն, չէ-որ արդեն մտքերս էլ կառավարվում են: Դա ես չեմ, սա կեղծ է: Ես դեռ փոքր եմ հոգնելու համար: Պիտի թռվռամ, երգեմ, պարեմ, ծիծաղեմ` թեկուզ ամեն հիմար բանի վրա: Պետք է: Ոչինչ չեմ զգացել, չեմ զգում ու չեմ էլ զգա, այդպես ավելի ձեռնտու է: Երբ ոչ-մեկից կախված չես, երբ ոչ-մեկի ինչ-որ բան համոզել պետք չէ, երբ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, երբ քո "ես"-ը գլխավորն է, բայց ինքդ էլ զզվում ես դրանից:
Գիտես, որ չեմ խառնվի, գիտես, որ չեմ խցկվի, գիտես, որ կլռեմ: Մարդ չպիտի մնա միևնույն կետում` այն դեպքում, երբ կետը արդեն ուրիշ հարթությանն է պատկանում: Դու  մտածեցիր, դու որոշեցիր ու քննարկեցիր քո "ես"-ն ասաց, դու էլ արեցիր: Դե ինչ, ես ինչ, կամ մենք ինչ:
Ես չգիտեմ, այլևս ոչինչ չգիտեմ: Էլ չգիտեմ, չեմ զգում, չեմ մտածում, քնել է ամեն ինչ: Ձյան հետ լռել է ամեն ինչ: Մեկ-մեկ փափուկ ձյան տակից գաղտնագողի նայում է մեկը ու կարոտով իր անցյալի էջերը թերթում: Բայց մրսում է ներկայում ու էլի անցնում ձյան տակ` քնում, այնտեղ տաք է, այնտեղ չկա ոչինչ` միայնակ լռություն, հանգստություն ու ձյուն իր սպիտակ շողերով:  Երանի չհասկանայի, անգիտակցաբար փակեի աչքերս ու ջնջեի ուղեղիցս ամեն ինչ: Մարդ պիտի մի քիչ դեբիլ լինի, որ  չհասկանա որոշ բաներ: Չհասկանալը ձեռնտու է:
Ես փոխվում եմ, բայց չգիտեմ ինչի համար: Երևի, որ  ներկա պահին ձեռնտու չի "ես"-ս: Ես հիմա ուրիշ եմ: Մտածեք ինչ ուզում եք, հասկացեք ինչ ուզում եք, ընդունեք ինչպես ուզում եք: Ես եմ գծում իմ սահմանները ու որոշում այն գույները, որոնցով պիտի լցված լինի կյանքս, օրս ու ես: Իսկ լույսն ու ժպիտը միշտ չէ, որ կախված է արևից կամ լույսի լամպից կամ էլ դեմքի մկանների աշխատանքից: Ժպիտն ու լույսը կարող են ներսում լինել, աչքերում լինել, շարժումներում լինել...
Ասում են բլոգը էլեկտրոնային օրագրի նման մի բան է: Ահա, ուրեմն այսօր այսքան տողերն անցան օրագրի հասանելի մաս ;) Ժպիտը չի փրկի աշխարհը, մարդը կփրկի իր փչացրած աշխարհը

пятница, 14 декабря 2012 г.

Մի կաթիլ լույս..

Մի մե~ծ մութ սենյակում մի թաքուն, գողտրիկ անկյունում, մի փոքրիկ սև տուփի մի անկյունում թաքնվել է մի կաթիլ լույսս: Ամաչում է երևի մարդկանցից, վախենում է գուցե, կամ էլ` ինչ-որ մեկը ասել է նրան  դուրս չգա այդտեղից, մինչև մի կարևոր բան չլինի: Չգիտեմ ինչու է այդպես ասել այդ մեկը կամ ինչու է վախենում լույսս: Փորձեցի խոսել նրա հետ.. Ստորև ներկայացնում եմ իմ և լույսի կաթիլի միջև ընթացած զրույցը.

- Բարևիկ
- Ես չպիտի քեզ բարևեմ
-Բայց ինչու?
-Կլուսավորեմ պատահաբար, իսկ դա ինձ արգելված է..
-Ինչպես թե արգելված է: Գիտես, ճիշտ է, դու սովորական մի կաթիլ լույս ես, բայց դու շատ կարևոր ես ինձ համար: Դու պետք ես ինձ, առանց քեզ տխուր է: Արև է, կապույտ է երկինքը, բոլորը ժպտում են, բայց իմ ժպիտի ու արևի համար դու ես պետք: Ինչ է, պիտի համոզեմ, որ գաս?
- Հա? Իսկ ինձ ասում էին, որ ես եղած չեղած մեկ եմ քո համար ու բացակայությունս էլ չես նկատի: Բայց ես գիտեմ, որ սրտումդ լինելով ես ամբողջ հոգիդ ու մարմինդ եմ լուսավորում: Ես իմ գործը լավ եմ անում (հպարտանալով և փոքր ինչ ուղղվելով արտասանում է լույսի կաթիլը): Բայց ես շատ փոքր եմ, որ որոշեմ քո մոտ վերադառնալ ու առաջվա պես լուսավորել:
-Այստեղ լավ չէ. դու կմրսես, մենակ ես` կտխրես: Մենակությունը վատ բան է, ժամանակի հետ սովորում ես դրան ու հետո արդեն, երբ մեկը փորձում է մտնել քո աշխարհ, դռները փակում ես նրա դիմաց` դեմքի վրա ջարդված քթի կամ էլ սպիի տեսքով հետք թողնելով:
-Ես էլ չեմ սիրում մենակությունը, բայց ուրիշ ելք չունեմ: Եթե դու ինձ խոստանաս, որ եթե գամ, ինչ չես անտեսի, չես տխրի, երբ քեզ լուսավորեմ, կժպտաս ու կգնահատես արևը, որ շողում ու լուսավորում է գլխավերևդ, ապա ես մի ելք կգտնեմ ու կգամ իմ տաքուկ անկյունը քո մոտ: Թեկուզ, որ դա կլինի, վտանգների ու փորձությունների միջով: Գիտես չէ, գալիս եմ, որովհետև հավատում ես քեզ, որովհետև զգում եմ ինչ է կատարվում ներսդ: Իսկ հիմա, փակիր տուփը, փակիր այս մութ սենյակի դուռը հետևիցդ ու հանգիստ քայլերով գնա դեպի լույսը` մե~ծ ու տաք լույսը: Ես գալիս եմ հետևիցդ, կհասնեմ շուտով քեզ
- Սպասում եմ, բայց առանց քեզ չեմ գնա: Սպասում եմ..

Մի կաթիլ լույսը մի կերպ դուրս եկավ մթության այդ աշխարհից, որի մեջ չարն էր իրեն գցել ու արագ գնաց Ես-ի հետևից: Հասավ նրան ու ժպտաց, ժպտաց ու լուսավորեց:
Միշտ մի կաթիլ լույս պահեք ձեր հոգում, մի կորցրեք նրան: Կայնքի ամեն հարվածին նա չի ալարի ու կաշխատի արտաժամ, կլուսավորի մթությամբ լցված հոգին..
Մի կաթիլ լույս տուր..