понедельник, 31 декабря 2012 г.

Նոր պատմություն նոր մեկի մասին..

Ամենօրյա վազվզոցներ՝ մի տեղից մի տեղ, համահունչ հագուստ՝ եվրոպական նուրբ ոճով, կարճ, թեթև  սև մազեր, միշտ մեկին որոնող հայացք, անփույթ քայլեր ու անկանոն դեմք.. Երևի այսքանով կարելի էր նկարագրել մի հասարակ, ոչ լրիվ, բայց քաղցր ընտանիքում ապրող աղջկան, որին մարդիկ անվանում էին Լիլի:
Լիլին անկայուն էր, հանկարծակի, հանգիստ ու հավերժ մտածող: Կողքից նայողները և ընկերները հաճախ էին նրան ասում, որ թվում է, թե նա նույնիսկ քնած ժամանակ է մտածում, ամեն պահի, ամեն տեղ, ամենքի մոտ: Իր ազատ պահվածքին զուգահեռ ուներ մի կախվածություն, որից տարիներ շարունակ փորձում էր ազատվել. հլը որ չէր ստացվում: Կախված էր ամուր, լավ սնուցվող մազի ծայրից, որի երկայնքով գրված էին ուրիշների կարծիքները, խոսքերը, արարքները: Այն շատ հանգիստ կարող էր կտրվել մկրատի մեկ կտրոցով, բայց դե կտրողը հենց ինքը պիտի լիներ, իսկ ինքն էլ ժամանակի հետ ավելի էր կապկպվում այդ կարծիքներով ու ավելի հեռանում  արմատից, որտեղից պիտի հարվածեր մկրատը: 
Թքած ուներ սիրո մասին ասվածքների վրա, թքած ուներ սիրուց տոչորվող աղջիկների վրա, որովհետև չէր հասկանում  այդ "սեր" ասվածի իմաստը, բնույթը ու ազդեցությունը: Բայց տարօրինակը այն էր, որ ինքն էլ շարժվում էր դրա բրդմամբ ու ուղղորդմամբ: Սիրում էր "մարդ" ասվածներին, չնայած, որ շրջապատում անընդհատ ենթարկվում էր վերջիններիս ծաղրանքին: Բնավորության համաձայն գլուխը կախում էր ու հեռանում այդ "սիրելի" միջավայրից: 
Լիլիի ներսում ապրում էին մի քանի "ես"-եր: Նրանք տարբեր էին, բայց ունեին մի ընդհանրություն, որը անփոփոխ էր բոլորի մոտ. բոլորի մոտ առկա էր բարություն ասված մի զգացմունքը, որը տածում էր նա բոլորի հանդեպ, չնայած այդ բոլորի վերաբերմունքին: Մի խոսքով դա մի անբացատրելի բարություն էր, որ Լիլիի կարծիքով պիտի հաղթեր բոլոր-բոլորի չարությանը ու տիրեր բարություն աշխարհ կոչված կլոր գնդում: 
-Խնդրում եմ, կողմնորոշվի ինչ ես ուզում: Աստված իմ, օգնիր կարգի բերել մտքերս, - այս խոսքերն էր գրեթե ամեն օր արտասանում Լիլին, երբ մենակ քայլում էր և կողքին մարդ չկար, ով կլսեր իր խնդրանքը ինքն իրեն, Աստծուն: Իսկ եթե մենակ լինել չէր ստացվում,  բարձացնում էր գլուխը, հառում աչքերը առաստաղին, իսկ եթե հաջողվում էր՝ երկնքին ու տեսնելով այնտեղ մի բարի կերպարի, երկու զույգ բարի աչքեր՝ մտքում արտասանում այդ բառերը: 
Այնպես էր ստացվում, որ նա զգում էր կատարվելիքը: Նրա վախերը արդարցված էին, ժպիտը ու անհասկանալի երջանկությունը՝ նույնպես: Բայց այդ անհասկանալի երջանկությունները տարօրինակ կարճ էին տևում ու թվում էր, թե չկա ուրախություն, չկա ժպիտ, չկա մաքրություն մարդկանց մեջ ու երևի միակ տեղը, որտեղ նա գտնվում էր այդ կեղտից հեռու, դա ականջակալներով պաշտպանված, երաժշտության աշխարհն էր, որի ներքո արվում էին պարային հասկանալի կամ մեկ-մեկ անհասկանալի հոգուց բխող շարժումները, որոնք Լիլիի մոտ այնքան էլ լավ չէին ստացվում՝ իր կարծիքով: Բայց այդ աշխարհը մեկ վայրկյանում անհետանում էր, երբ հիշում էր, որ երաժշտության աշխարհը ստեղծված է այդ նույն մարդ ասվածի կողմից: Ու այդ պահին էլ կրկին, նորից, ևս մեկ անգամ զգում էր այն անպատասխան մեծագույն սերը, որ պահում էր դեռ շա՜տ փոքր իր սրտում (եթե իհարկե այն սրտում է ապրում) ..