воскресенье, 27 ноября 2011 г.

Ֆորում թատրոն “Էջեր հարբեցողի շան հիշատակարանից”

Նոյեմբերի 27-ին Վանաձորում տեղի ունեցավ ֆորում թատրոն` "Էջեր հարբեցող շան հիշատակարանից", որը անց կացվեց գենդերայի բռնության դեմ տասնվեցօրյակի շրջանակներում: Ֆորում թատրոնը ընթացավ երկու փուլով. առաջինում տեղի ունեցավ քննարկում հիմնականում հանդիսատեսների միջև, որի ընթացքում կազմակերպիչների կողմից տրված հարցերին 6 կամավորները բաժանվեցին երկու խմբի` կողմ և դեմ, երկրորդ մասում տեղի ունեցավ հիմնական բեմադրությունը: Դրանից հետո հանդիսատեսը առաջարկեց պատմության իր պատկերացմամբ ավարտը և իրենք էլ ներկայացան դերասանների դերում:
Ես առաջին անգամ էի գտնվում նմանատիպ ֆորում թատրոնի: Հետաքրքիր և ողջունելի էր դահլիճի ակտիվությունը:
Ճիշտ է` բեմադրությունը ամենօրյա սերիալներում ցուցադրվող պատկերն էր, սակայն ինչ-որ հետաքրքրություն կար դրանում:
Դեպքերը պատմում էր տիրոջը հավատարիմ շունը, որը պատմում էր իր տիրոջ սիրո պատմությունը և նրա սխալ պահվածքը կյանքում հաճախ հանդիպող իրավիճակում:
Չեմ պատմի սյուժեն, քանի որ ամեն օր ականատես ենք լինում լաց-սերիալներում, թե ինչպես է լինում, երբ աղջիկը սիրահարվում է և որոշ ժամանակ անց իր սիրո ապացուցման դիմաց տղան պահանջում է այլ բաներ:
Ստորև ներկայացնում եմ ֆորում թատրոնի մի քանի հատվածներ: Կներեք վիդեոների կարճ, կտրատված և այլ թերություններով լի լինելու համար.
                  
              


                                               

среда, 23 ноября 2011 г.

Շահ ամեն ինչում

Շահ ունենք մենք ամեն տեղ: Այսինքն եթե մենք ինչ-որ բարի գործ ենք անում, անպայման արդյունքը մեզ համար հաճելի է, օգտակար:
Այսօր դասարանցիներիս օգնելիս ինչ որ հաճելի բան զգացի. ինձ դուր էր գալիս օգնելը, ես դրանից հաճույք էի ստանում, ուղղակի, չէի մտածում, որ կարող եմ անել և ինչ որ բան ստանալ դրա դիմաց: Լավությունն արեցի և, ինչպես ասվում է ասացվածքում, ջուրը գցեցի, սակայն ինչպես հասկացա չգցեցի, որովհետև ես դրանում ունեի իմ շահը` ես դրա դիմաց ստացա բավականություն, տրամադրությունս բացվեց: Ճիշտ է ոչ այնքան դրանից, սակայն դա էլ իր ազդեցությունն ունեցավ:
Մինչև հիմա ես մտածում էի, որ բարեգործները ուղղակի բարեհոգի, լավ մարդիկ են, սակայն իմ սիրելի ուսուցիչներից մեկը բացահայտեց այդ "բարեգործությունների" իրական նպատակները: Ես բացահայտեցի իմ համար, որ նրանք բարեգործություն անելով`  ազատվում են որոշակի հարկերից, որոշակի պարտականություններից: Ճիշտ է` նրանց հրեշտակային կերպարները իմ պատկերացումներում դեռ լիովին չվերածվեցին բացասական կերպարների,  ովքեր, օգնելով ուրիշներին, մտածում են իրենց գրպանի մասին: Նրանք կարող էին նաև այլ ճանապարհ ընտրել իրենց նպատակներն իրականացնելու համար, կարող էին օրենք խախտել: Սակայն նրանք այդպես չարեցին, նրանք ստացան իրեն շահը և միաժամանակ բարի գործ կատարեցին` օգնեցին կարիքավորներին, օգնեցին հիվանդներին, որոնք կարիք ունեն հատուկ հսկողության և սարքավորումների, օգնեցին անտուններին և այլն:  Բայց չէ որ ես էլ այդպես վարվեցի, երբ օգնում էի, իմ  շահն էլ այդտեղ օգնելուց ստացած հաճույքն է:
Դե, ցույց տվեք ինձ այնպիսի բարի գործ, որը անշահախնդիր կերպով է արված: Թեկուզ ներքուստ ստացած բավականություն, լավ մարդ զգալու հաճույքը արդեն իսկ առկա է:

понедельник, 21 ноября 2011 г.

Մեր ուսերի բնակիչները

Ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա` սատանա: Նրանք շարունակ կռվում են իրար հետ. հրեշտակը մարդուն դեպի բարին է մղում, սատանան` դեպի չարը, ուստի քնելիս պետք է միշտ ձախ ուսի վրա պառկել, որ սատանան տակը մնա, ջարդվի: (Նար-Դոս, "Ինչպես բժշկեցին")
Բոլորս էլ ծանոթ ենք այս պատկերին. մեկս ֆիլմերից, մեկս գրքերից, մեկս էլ սեփական փորձից: Բայց երբեք չենք մտածել մեր աջ ուսին նստած հրեշտակի մասին, որը միշտ բարի, ճիշտ ուղին է ցույց տալիս` պայքարելով ձախ ուսին նստած պոզավոր սատանայի դեմ: Հոգնած պառկում ենք քնելու ու չենք մտածում մեր ուսերի բնակիչների մասին: Աշխատենք չնեղել հրեշտակին, այլ միշտ լսել նրան` փոխարենը սատանային  ճնշել և նրան:

четверг, 10 ноября 2011 г.

Ձյուն, սպիտակ ձյուն...

Վերջապես եկավ այդքան սպասված ձյունը: Թեթև, հանգիստ, հանդարտ` ինչպես թիթեռնիկներ, իջան ձյան փաթիլները թաց գետնի վրա: Բերեցին սպիտակ հանգստություն, որը պետք է թաքցնի աշնանային թախիծը, տխրությունը և մռայլությունը: Առավոտյան անհասկանալի տխրությունն ու անտարբերությունը վերածվեց մանկական հրճվանքի և հանգստության, վերադարձ իրականություն և ձյու~ն...
Ջերմ զրույցը ընդհատվում է մի բացականչությամբ. "Վա~յ, ձյու~ն է գալիս": Եվ բոլորի ուշադրությունը ուղղվում է դեպի պատուհանը, որից այն կողմ բացվում էր ուղղակի հանգստացնող մի տեսարան:
Դրանից առաջ ինչ-որ բան հասկանալի չէր, անիմաստ ու անպատճառ էր: Չէի գտնում հարցի պատասխանը, որին նույնիսկ ծանոթ չէի: Բայց այդ փաթիլները, այդ մաքրությունը, թարմությունը բացատրեցին ամեն ինչ, մաքրեցին ու ծածկեցին ամեն ինչ:
Դուրս եկա, դեռ գալիս էր ձյունը` համարձակ և ուժգին: Հաճելի էր քայլել առաջին ձյան տակ և հանգստություն ստանալ: Կարծես այդ սպիտակ փաթիլները լիցքեր ունենային, հետո այդ լիցքերը փոխանցեին իրենց նայողներին: Արդեն հասել էի տան մոտ, բայց չէի ուզում մտնել` չնայած նրան, որ շա~տ ցուրտ էր ու ես ահավոր մրսում էի:
Եկա և գրեցի առաջին ձյան պատմությունը, բայց դրանից առաջ որոշել էի ընդհանրապես ուրիշ թեմայով գրել: Չէր ստացվում, փաստորեն ճիշտ էր սա գրելը:
Վերցրեցի գրիչը և թղթին հանձնեցի մտքերս մոմի լույսի տակ( լույսերը կտրել էին ) և ձյան փաթիլների վկայությամբ: Ամբողջ ընթացքում ցածրաձայն երգում էի ձյան մասին իմ լսած ամենագեղեցիկ երգը.
                                       
                    

вторник, 1 ноября 2011 г.

Թագավոր Սուտը

Ինչպես հասկանւմ եմ սուտը ընդունված մեթոդ է հարցերը լուծելու համար: Ամեն օր ես առնչվում եմ այդ մեթոդի մշտական օգտագործմանը: Իմ համար հասկանալի է, երբ մարդ ստում է մեկ կամ երկու անգամ, դա էլ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ-թե ամեն օր: Դա երևի արդեն պարտականություն էլ է դարձել. ամեն օր գոնե մեկ հատ սուտ հանձնել շրջապատող մարդկանց: Հաստատ ոչ ոքի վրա պարտականություն դրված չէ ամեն օր ստել, բայց նրանք դա իրենց կամքով անում են և ավելի պարտաճանաչ, քան իրենց դասերը, իրենց կարգապահությունը և այլ պարտավորություններ, որոնք իրենց վնաս չեն: 
Ես ամեն օր լսում եմ տարբեր չափերի, նշանակության և տարբեր նպատակներ հետապնդող ստեր: Եվ ամեն օր տեսնում եմ այդ պահերին ստի հեղինակների անմեղ դեմքերը, դիմացինին խաբկանքի մեջ գցող աչքերը և այդ գործում արդեն փորձառուների պահվածքը: Դա նրանց համար ամենօրյա զբաղմունք է, օրվա մի հատված, երբ իշխում է Թագավոր Սուտը: 
Հաջողված դիմակներ գրառման մեջ խոսեցի անմեղ գառնուկի դիմակ կրողների մասին: Հենց դրանք էլ հիմնականում հանդիսանում են ստերի փորձառու հեղինակները, որոնց համար ստելը արդեն մեղք չէ, այլ արդարացված միջոց: Ախր եթե ինչ-որ հիմնավոր նպատակի համար ստեին կհասկանայինք, անիմաստ, անտեղի ու անպետք պահերի նրանք ստում են` չմտածելով, որ ամեն անգամ մեծացնում են իրենց մեղքակույտը: Ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչպես են անում, որ աչքերում չի երևում այդ մատնիչ հայացքը, աչքերի խաղը, որը բերում է անմեղ դիմակի պատռմանը: Կողքս ստում են` ես եմ իրենց փոխարեն ամաչում, նեղվում: Չգիտեմ ինչպես, բայց իմ աչքերը մատնիչ են, չեն պահպանում իմ սուտը, դրա համար էլ չեմ օգտագործում այդ մեթոդը կամ քիչ եմ օգտագործում, որովհետև փոքր սուտն է սուտ: Թող սխալ լինի, թող ճիշտ չլինի, նույնիսկ վնասի, բայց սուտ չլինի, մեկ է ուշ, թե շուտ պարզվելու է ձեր սուտը և գիտակցելու եք, որ ավելի լավ կլիներ ազնիվ վարվելը, քան հետո այդ ստի արդյունքները կրելը: Բերեք ընտրենք միշտ ազնիվ ճանապարհը և հանգիստ սրտով նայենք դիմացինի աչքերին` առանց վախենալու աչքերում թաքնված մատնիչներից: Գիտակցենք, որ միգուցե մեր հարազատները հասկանում են մեր սուտը և ցավ են զգում, ու ամեն օր չցավեցնենք նրանց, չէ որ մենք շատ են սիրում նրանց:
Մի ստեք, իզուր տեղը մեղքեր մի հավաքեք ձեր ուսերին!!!!!