четверг, 4 сентября 2014 г.

Կապույտ ընկերություն

-Մի անգամ էլ փորձիր, դե~
-Չի ստացվի, չի ստացվում
- Դու ես մեղավոր, քո մտքերն են  փչացնում ամենը: Մտքերդ եկել են  ու  դանդաղ, ներքին կարգով սպանում են  բանականությանդ: Մտքերդ չեն թողնում  փորձես, հասկանաս: Մտքերդ քեզ մեխանիկական շարժում իրականացնող մի մեխանիզմի են վերածել:  Մեխանիզմ, մեխ- դու շարժվում ես, կանոնակարգված գործողություններ ես կատարում, բայց մեխի նման տեղումդ գամված ես: 
-Կարողանում ես ճիշտը  երեսիս`  քամուց քշված փողոցային ցելոֆանների նման   հարվածել:

Թողնում է  կապույտ  կոթով   խատուտիկին ու գնում, հենց թողնում ու գնում: Ինչու? Որովհետև խատուտիկը  իրեն պատմեց այն ամենը, ինչից փախչում էր, ինչը լսելուց փակում էր ականջները ամուր-ամուր ու սեղմում ատամները այն աստիճան, որ  ցավ զգա, ցավից չլսի ու չտեսնի:

 "Կապույտ Խատուտիկը", ինչպես Նենեն էր անվանում նրան, նրան լավ էր ճանաչում, միայն նրա հետ էր խոսում:  Պարտեզում ամառ ձմեռ  հաստատուն դիրքով կանգնած էր: 
 Մշտակայուն ծաղիկի հետ խոսելիս Նենեն ամուր գրկում էր նրան, որ ձայնը լսի: Խատուտիկը ցածր էր խոսում, որ տան մնացած անդամները չլսեն իր ձայնը, խոսելու ունակությունը չբացահայտեն: Նենեն  գտնում էր  շատ հարցերի պատասխաններ, գտնում էր իր մեջ թաքնված ուժեր, թաքնված կարողություններ, երբ տեսնում էր, թե ինչպես է այդ հողին գամված մեկ ոտքանի էակը խոսում  ազատության, բարձր թռիչքների, արագության և շարժման մասին, կամ ընդհանրապես, թե ինչպես է էությամբ բույսը խոսում: 

Նենեն սիրում էր մուգ կապույտ գույնը:  Բուֆետի գումարից  քիչ-քիչ հավաքում էր ու  եղունգների  համար մուգ կապույտ ներկ էր գնում: Սիրում էր իր ձեռքերի և խատուտիկի կապույտ կոթի համադրությունը:  
Հանգստյան օրերին Նենեն  սիրում էր ուրախացնել Կապույտ Խատուտիկին:  Օճառաջուր էր պատրաստում և խատուտիկին պարուրում օճառաջրե պղպջակներով: Պարտեզը լցվում էր  թափանցիկ, տեղ-տեղ գունավոր և  փայլուն գնդիկներով:  Խատուտիկը նայում էր շուրջը, թվում էր, թե  թռչում է օճառաջրե թեթև գնդիկների հետ, թվում էր` գամված չէ տեղում, թվում էր` ազատ է ու թռչում է... Նա բույս է, ծաղիկ է` ասում են, բայց  թռչում է,  դեմքին չի զգում անձրևի հարվածները, քամու քաշքշուքները, ձյան սառնությունը, արևի ճառագայթների այրոցները: Թռչում է, գնում է այնտեղ, որտեղ անձրևը թարմացնում է, քամին շոյում, ձյունը  փայլում է և խրթխրթում, արևը ջերմացնում:   

Նենեն պարուրում էր պարտեզում ապրող իր գաղտնի ընկերոջը այն ամենով, ինչի կարիքն ինքն էր զգում:  Նենեն ներկում էր եղունգները մուգ կապույտ, ամուր գրկում էր Կապույտ Խատուտիկի կապույտ կոթը և լսում, թե ինչպես է խատուտիկը շշուկով պատմում այն հաճելի զգացողությունների մասին,  որ զգում էր հանգստյան օրերին: