воскресенье, 31 июля 2011 г.

Վարդավառ ու ջրոցի

 Այսօր հուլիսի 31-ն է` վարդավառ է:
Մտածելով, որ օրվա ակտիվիստները դեռ արթնացած չեն լինի ես դուրս եկա տնից: Բայց փաստորեն իմ կարծիքը մեր ակտիվիստների մասին սխալ էր: Արդեն ուրախացած, որ չեմ ջրվել` ես վերադառնում էի տուն, երբ իմ ուրախ ժպիտը փոխվեց սառը ջրից այլակերպված դեմքի: Իհարկե, գլխավոր և առաջին զոհը ես էի այդ խմբի համար: Ես  ճանապարհը փոխեցի, բայց արդեն դժբախտաբար նկատվել էի նրանց կողմից: Դանդաղ և զգույշ քայլերով ես առաջ շարժվեցի, և դույլերով, շշերով զինված մեր ակտիվիստները ինձ դիմավորեցին օրվան վայել կերպով: Աաա մի դույլ վրաս դատարկվեց դիմացից, մի շիշ հետևից, կողքերից էլ մի երկու կաթիլ գցեցին, որ հետ չմնան իրենց ընկերներից: Վերջապես զոհ էին գտել չէ: Այդ ընթացքում իմ խեղճ մայրիկը աղաչում պաղատում էր, որ իր հիվանդ աղջկան չջրեն` մեղկա: Ես իհարկե հիվանդ չէի` ուղղակի դա միջոց էր, որ չջրեն:  Բայց աղաչանք- պաղատանքները ոչ-մի օգուտ չտվեցին և ակտիվիստները ուրախ ժպիտով հանձնեցին ինձ մյուս խմբին: Բայց այստեղ ինչպես ասում են Աստված բացեց մի դուռ և մենք խույս տվեցինք հաջորդ խմբից, որը ավելի զինված էր քան առաջինը:
Իսկ այն հարցին, թե իրենց դուր կգար, որ իրենց ծնողը և քույրը թրջված մտնեին տուն, նրանք պատասխանեցին. " Մենք ասել ենք, որ տնից դուրս չգան" :D :
Հետաքրքիրը այն էր, որ խմբում ներառված ակտիվիստները միմյանց չէին ջրում: Իսկ շրջապատող մարդիկ կամ ծիծաղում էին, կամ էլ դեմքի ցավակցական արտահայտությամբ գլուխներն էին շարժում: Հա բա կծիծաղեն բա ինչ կանեն: Իրենց չեն չէ հրապարակի մեջտեղը դույլերով դիմավորել:
Բայց լավ եղավ, սառը ջուրը էս շոգին լաաավ հովացրեց... Մեկ էլ հիշողություն է էլի, թող լինի..

суббота, 23 июля 2011 г.

Սև ակնոցների հետևից

Այս գրառման մեջ ես կկիսվեմ իմ երկրորդ դիտարկումով: Առաջին դիտարկում-գրառման մեջ ես խոսեցի մարդու ինքնազգացողության և պահվածքի մասին, երբ գտնվում է գետնից որոշակի բարձրության վրա:

Ուրեմն, բոլորս էլ ինչ-որ ժամանակ ակնոց կրել ենք և զգացել ենք այն ներքին զգացողությունը, որը մենք ունենում այդ պահին: Մանավանդ սև ակնոցների հետևից մեզ մյուս կողմի աշխարհը թվում է մի ուրիշ, տարօրինակ, որին մենք կարող ենք տեսնել, ուսումնասիրել, բայց այն մեզ ոչ, քանի որ մենք կրում ենք կարծես պաշտպանական զրահներ: 
Ինչ հետաքրքիր է: Համարյա նույն պահելաձևն է նկատվում ինչպես նախորդ դեպքում: Օրինակ կանայք ակնոցների հետևից էլի զննում են բոլորին, քննադատում նրանց հագուկապը: Շատերը նայում են տղաների հագուկապին, խոսելաձևին և հատկապես նայում են նրանց աչքերին` չէ որ նրանք չեն տեսնում: 
Նույն պահելաձևն է նկատվում նաև տղամարսկանց մոտ: Նրանք նայում են զննող աչքերով` հատկապես աղջիկներին:
Մարդիկ այդ ժամանակ ունենում են այնպիսի զգացողություն, կարծես, նրանք պաշտպանված են ուրիշների հայածքներից, որոնք շատ անգամ իրենց դուր չեն եկել: Նաև պատկերացնում են իրենց գերժամանակակից տեխնիկայով լեցուն ֆիլմերի հերոսներ, որոնք ունեն այնպիսի ակնոցներ, որոնք դարձնում են իրենց շրջապատող աշխարհի կողմից աննկատ, անտեսանելի:

пятница, 15 июля 2011 г.

Ուշ է արդեն, բայց ես գրում եմ...

    Արդեն ուշ է: Ես նստած եմ մեր մեծ ու լայն պատժգամբում ու իհարկե այս միջավայրում ես չէի կարող այլ բան անել, քան լացակումած ու թաղծոտ բաներ մտածելը և դրանք թղթին հանձնելը: Իմ դիմաց թեք դրված է փայտե մի աթոռ, կարծես մեկը դեռ պիտի վերադառնա և պետք է շարունակի զմյալվել այս գեղեցկությամբ: 
   Շուրջկողմը մութ է, միայն մի ապակե լույս է կախված երկնքից: Ձմեռը մեզ տաքացնող փայտի կտորները, իրար վրա անկանոն դասավորված, ամառն էլ հիանալի կատարում են հաճելի միջավայրաստեղծ աշխատանքը: Փայտի տեղ-տեղ սպիտակ, տեղ-տեղ շագանակագույն գույնը յուրովի շարունակում է կախված տերևների վառ կանաչը, որը գրավիչ վայր է միջատների համար: 
    Ու իմ  համար մեկ է, թե իմ առանց այդ էլ կծոտված մարմինը ինչքան կծող միջատի խայթոց կզգա, ինչքան մոծակ-մուծուկ կհամտեսեն իմ քաղցր արյունը, ինչքան սարդանման էակներ կճանապարհորդեն իմ վրայով, բայց ես կգրեմ այս հատնելուն հինգ պակաս գրիչով այս տեղ չլինելուն հինգ պակաս գրքույկում, որ հետո կիսվեմ այս պահի գեղեցկությամբ համակարգչի միջոցով: 
  Ախր շատ գեղեցիկ է, շատ դյութիչ է: Այս մաքուր օդը, այս տերևները` գլխավերևում, այս լռությունը և բնության երաժշտությունը, այս թեթև զեփյուռը, որ շոյում է դեմքս: Այս ամենի ազդեցությամբ մի հանգստություն, թմրություն է իջել վրաս և ես լուռ նայում եմ շուրջ կողմս, մտածում ու գրում: Բայց արդեն շատ ուշ է: Վերջ ես գնացի ... 

понедельник, 11 июля 2011 г.

Մի քանի սանտիմետր բարձր, բայց ուրիշ զգացողություն


    Շատ եմ նկատել և իմ փորձով զգացել, թե ինչպես է ազդում մարդու ինքնազգացողության վրա մեքենայում նստած լինելը: Այսօր ևս մեկ անգամ համոզվելով` որոշեցի կիսվել տպավորություններիս մասին: 
  Այսպիսով, եթե նկատել կամ զգացել եք, երբ մեքենայում նստած ենք լինում մեզ մեկ մակարդակ բարձր ենք զգում քայլող մարդկանցից( հետիոտններից): Ձգվում ենք, սկսում ենք մեզ ազնվականի կամ ժամանակակից մարդու նման պահել: Մեր առջև այդ քայլող մարդիկ շատ փոքր, չնչին են երևում, բայց և զգում ենք, որ մենք էլ ենք նրանց նման քայլել  և նեղվում ենք այն մտքից, որ մեր նման մեքենայում նստածների համար մենք ել ենք եղել փոքր էակներ:
Կանայք և տղամարդիկ այդ իրավիճակում տարբեր են իրենց դրսևորում: 
  Կանանց մոտ փոխվում է դեմքի արտահայտությունը, նստելաձևը, պահելաձևը և մտածելակերպը: Կանայք այդ պահերին լրիվ մտնում են իրենց տարերքի մեջ. քննադատում են աղջիկների հագ ու կապը, պահելաձևը և մտածում են իրենց կյանքի մասին: Կանանց դեպքում մի հատուկ ուշադրություն են վայելում վարորդ կանայք, որոնք ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել( բջջային հեռախոսներով խոսալու, ծխախոտ ծխելու և  այլնի միջոցով): Սակայն այդ պահվածքը հաճախ բերում է ոչ ցանկալի պատահարների:
    Տղամարդիկ, ինչպես միշտ, կանացից ավելի պասիվ են ձևականության տեսանկյունից: Բայց փոխարենը ակտիվ են դանդաղաշարժ հետիոտններին և վարորդներին ոչ գեղեցիկ ձևերով վիրավորելու, ոմանքները գեղեցիկ աղջիկների հետևից նայելու և ռեպլիկներ թողնելու տեսանկյունից: Սակայն զբաղված տղամարդիկ` ամբողջովին կլանված գործերի մեջ, չեն զբաղվում կողմնակի զբաղմունքներով:
   Ցավոք, չեմ կարող ասել, թե ինչպես են պահում և  կենդանիները մեքենայում:
  Այսքանն էին իմ դիտարկումների արդյունքները: Եթե ունեք ավելացումներ կամ նկատողություններ արտահայտվեք:

пятница, 8 июля 2011 г.

Մարդը կախված է միջավայրից

   Մարդը հասարակության մեջ ապրող էակ է: Դա նպաստում է, որ մարդու մոտ զարգանա կախվածություն շրջապատող միջավայրից, մարդկանցից, իրերից: Այստեղ շատ կարևոր է, որ մարդ ունենա իր սեփական կարծիքը, իր եսը, որին պետք է հետևել միշտ: Եթե մարդ պատկանում է մարդկանց այն դասին, որոնք չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա նա կարող է վտանգավոր լինել իրեն շրջապատող մարդկանց համար: Նա կլսի և կենթարկվի նրան, ով իր կարծիքը կունենա և այն կպարտադրի բոլորին: Սակայն նա չի զգա ինչ կարող է լինել իր անմտածված գործողությունների հետևանքով և միայն վերջում` երբ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինի, նա կհասկանա, թե ինչ է արել: 
  Եթե շփվում ենք այդպիսի մարդկանց հետ, պետք է ի նկատի ունենանք, թե ինչ արտոնություններ ենք տալիս նրա ներաշխարհին, որը ուզում է արտահայտվել, ուզում է թեթևանալ, նրա պատկերացումներին, որոնք վերջապես կիրականանան: Նա կդառնա իր երազած կերպարը, որին ձգտում էր հասնել ամբողջ կյանքում, եթե չի հասել:

суббота, 2 июля 2011 г.

Նայեցի, համոզվեցի և գրեցի


  Երեկ նայեցի մի ֆիլմ: Շատ տպավորված եմ, ազդված, չգիտեմ: Կին կալանավորուհիների մասին էր: Չգիտեմ իրականությանը մոտ էր, թե չէ, բայց եթե ուզել էին դաժան տեսարաններով, զայրացնող, ըմբոստություն առաջացնող ֆիլմ նկարահանել, ապա կարող եմ ասել, որ իմ կարծիքով ստացվել էր ու շատ ավելին էր ստացվել: Ովքեր հասկացան, որ ֆիլմի մասին է խոսք գնում և նայել են այն խիստ չդատեք, որովհետև ես իմ ընկալած և իմ հասկացած  ձևով եմ ներկայացնելու:
   Ֆիլմում կալանավորուհիները ըմբոստանում եմ բանտապետի դեմ, ով կալանավորուհիներին ենթարկում էր տարատեսակ բռնությունների: Նրանք պետք է բողոք ներկայացնեին ստուգողներին, որոնք մոտ օրերը պիտի այցելեին այնտեղ: Նրանց շարժումը սկսվեց մի քանի կալանավորուհիների նախաձեռնությամբ( Նիկին, Ֆրենսիսը և այլն): Նրանք ծրագրերը քննարկում էին հանգստի ժամին և հենց այդ ժամանակ էին պտտվում կալանավորուհիների ձեռքերին նամակները` ինչպես իրենք էին ասում քսիֆները: Հետո կալանավորուհիները հերթով մոտենում էին նրանցից մեկին և ստորագրում իրենց անվան առջև: Այդ թուղթը բողոքող այն կալանավորուհիների ստորագրություններն էր պարունակում, որոնք համաձայն էին բանտում պայմանների բարելավմանը, մեղմացմանը, ամենօրյա բռնության վերացմանը: Նրանց համար ամեն րոպե աղոթում էր Փոքրիկ Մայրիկը: Այդպես էին նրան անվանում այնտեղ: Նա հավաքում, մաքրում էր բանտապետի սենյակը և անտեղից տեղեկություններ էր բերում ընկերուհիներին: Բոլորի ստորագրությունները հավաքված էին:
  Եկավ ստուգողների գալու օրը: Կալանավորուհիներից Ֆրենսիսը ոտքի է կանգնում և կարդում բողոքագրի կետերը: Բանտապետը կատաղում է, զայրույթից տեղը չի գտնում և վերջապես չդիմանալով` ձեռնափայտով ծեծի է ենթարկում Ֆրենսիսին և Նիկիին: Բանտապահները նրա արարքը ընդունում են որպես ահազանգ և իրենք էլ իրենց հերթին դաժան հարվածներ հասցնում` ընդամենը արդարություն ուզող կալանավորուհիների դրան սովոր, բայց միևնույն տեղ նուրբ մարմիններին: Սա ավարտվում է Նիկիի և Ֆրենսիսի մեկուսարան գցվելով, որի հատակին լցված էր սառույց: Այդ ընթացքում բանտապետը ամեն կերպով փորձում է նվաստացնել ըմբոստներին: Մի քանի օր հետո բանտապետի ձեռքով մահանում են Փոքր Մայրիկը և նրա դեռ չծնված երեխան: Ընկերուհու մահվանը չդիմանալով` երեք կալանավորուհիները սպանում են բանտի բժշկին, վիրավորում բանտապետին և գերի վերցնում նրան: Բանտապետը փորձում է սպանել նրանցից մեկին, սակայն ընկերուհիները ամեն մեկը իր կողմից ատրճանակի մի-քանի գնդակ են ուղարկում բանտապետի կողմը: Նա մեռած էր:
  Այս ամենը աննկատ չմնաց: Նրանք շրջապատված էին: Իսկ մի-քանի րոպե հետո սպանված էին և երեք ընմբոստները, որոնք իրենց զոհեցին արդարության վերականգնման համար: Նրանք չկային, բայց ազատության մեջ հայտվեցին քսանհինգ կալանավորուհիներ և  իրենց արժանի պատիժը ստացան բանտապետի նմանները:
  Այս պատմությունը ևս մի ապացույց էր, որ հնարավոր է արդարությունը վերականգնել և պատժել մեղավորներին` թեկուզև կյանքի գնով: