пятница, 25 мая 2012 г.

Սյունե Սևադա. Տաղանդ + խելք + ազատություն

Մի քիչ անսպասելի, հանկարծակի  ստացվեց  զրույցս Սյունե Սևադայի հետ: Եթե ճիշտն ասեմ, ապա հարցազրույցից մի քանի ժամ առաջ նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ կծանոթանամ  նրա հետ, և առավել ևս կզրուցենք շատ ազատ ու հանգիստ: Ես մի քիչ վախենալու, խիստ պաշտոնական էի պատկերացնում  այդ պահը, մտածում էի, որ շատ փոքր եմ թե' տարիքով, թե' որպես բլոգեր: Եվ? Պահի տակ ստացված այդ հարցազրույցը առաջինն է իմ պատմության մեջ :D Այսպիսով.  Սյունե Սևադա, մեծ, չաղ, սիրուն, համով - հոտով շնորհակալություն ^_^ 
  
  • Ինչքան ժամանակում հայտնի դարձավ "Ամեն ինչ ոչնչի մասին" բլոգը և հետևաբար Սյունե Սևադան, որպես բլոգի հեղինակ?                            
     Բլոգը սկսեց ակտիվ ընթերցվել անցած տարվա մարտից : Բլոգը հայտնի դարձնելու գործում ինձ շատ օգնեց "Ֆեյսբուք" սոցիալական ցանցը : Նախնական շրջանում ընթերցողը ինձ "դեմքով" չէր ճանաչում , իմ մասին ոչինչ հայտնի չէր : Հետո, երբ բլոգս բավականին սիրվեց ու հայտնի դարձավ, "բացահայտվեցի"  նաև ես ու այդպիսով ես ու բլոգս միասին դարձանք քչից-շատից հայտնի
  •  Ավելի շատ որ թեմաներով է քեզ հաճելի                                                                     գրել?                                            
          Կոնկրետ նախընտրած թեմա չունեմ : Սիրում եմ խոսել այն ամենի մասին, ինչի մեջ     
ասելիք կա ու ուզում եմ մեկնաբանել : "Ամեն ինչ ոչնչի մասին" վերնագիրն էլ իր                 հերթին արդեն խոսում է բլոգիս մասին. ես գրում եմ այն ամենի մասին, ինչին մարդիկ               շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում                    
  • Նկատել եմ, որ քննադատական տողեր շատ կան գրառումներում: Արդյոք եղել են դեպքեր, երբ մարդիկ քո այդ կերպ արտահայտվելը հակադրել են տարիքիդ? 
        Տարիքիս հետ կապված խնդիրներ միշտ եմ ունեցել: Սկզբնական շրջանում տարիքս  
հաշվի առնելով` շատ բլոգ ունեցողներ ինձ լուրջ չէին վերաբերվում: Համարում էին, որ            նոր խաղալիք եմ գտել, խաղում եմ: Երբ հարցեր էի ուղղում ՝ չէին պատասխանում :              Երբեմն շատ կոպիտ մերժումներ էլ եմ ստացել, որոնց մեջ հստակ տարիքիս մասին             վատ էր խոսվում : Այդ մի փուլը հաղթահարեցինք : Հետո եկավ մեկ այլ փուլ,  երբ չէին   հավատում, որ բլոգումս ես եմ գրում : Երկու կարծիք կար. կամ ես տարիքով         ավելի մեծ     եմ, կամ էլ իմ փոխարեն մեկ այլ մարդ է գրում : Մինչև հիմա այդպիսի կարծիքներ դեռ լսում եմ : Ես ինքս չեմ համարում, որ տարիքը կարող է ինչ-որ բանի համար արգելք լինել : Եթե ես դեռ այդքան էլ մեծ չեմ, դա չի նշանակում, որ ոչնչի հասնել չեմ կարող : Տարիքային սահմանափակում դնելը սխալ է, դա շատ է խանգարում : Փորձում եմ տարիքիս հետ կապված վատ մեկնաբանություններին ուշադրություն չդարձնել : Իսկ երբ ինձ ասում են, որ տարիքիս համեմատ բավականին լավ եմ գրում ՝ ինձ անկեղծ լավ եմ զգում :           

  • Մի քիչ շեղվենք հա: Այ հիմա Հայաստանում երիտասարդությունը ավելի ազատ է, քան օրինակ 10-20 տարի առաջ, դա նորմալ է, բայց հիմա  վերջին դեպքերի օրինակով`  աղջիկներ են կռվում, դպրոցականները չափից դուրս ազատ են պահում, մեծերի նկատմամբ հարգանքի մասին պատկերացումները աղավաղված են: Ինչ կասես քո սերնդի մասին? 
Ես միշտ երազել եմ 60-80-ականներում ծնված լինել: Ինձ հոգով այդ տարիների մարդ եմ համարում: Մի քիչ դժվար եմ ապրում 21րդ դարում, կարծես սխալ դարում ծնված լինեմ, շատ բաների հետ չեմ հարմարվում ու համակերպվում : Իմ սերունդը բավականին տարբեր է: Կան և քո նշած անբարոյականությունը, տգիտությունը, և նաև կա հակառակ կողմը: Ես ինքս հրաշալի ընկերներ ունեմ, ովքեր շատ գրագետ ու կարդացած են, կյանքի ռիթմով առաջ են շարժվում: Միայն մի խնդիր ունենք. ազատության մոլուցք կա: Դրա համար էլ վերացել է հարգանքը, դրա համար էլ աղջիկներն իրար են ծեծում ու հայհոյում: Մինչդեռ իրականում դա անբարոյականություն է: Եկեք մեզ սրբի տեղ չդնենք. բոլորս էլ հայհոյանքներ գիտենք : Սա մեզ, սակայն, արտոնություն չի տալիս աղբաման բերան ունենալու համար: Մեր սերունդը չի հասկանում, որ "սեքս" ու "պոռնո" բառերը օգտագործելը դեռ ազատամիտ լինելու նշան չէ: Ազատությունը մարդու ներսում է: Պետք չէ նրան ցուցադրական ինչ-որ քող սարքել: Ազատությունը "սեքս" բառը բարձր ասելը չէ, ազատությունը հայհոյելը չէ : Ազատությունը պետք չէ ինչ-որ բան անել կամ ցույց տալ: Ազատությունն ուղղակի զգալ է պետք: Կուզեմ սերունդս սա հասկանա: Հենց հասկացավ՝ մակարդակներս կբարձրանա, անբարոյականությունը կքչանա, սրբի կեղծ դիմակները կհանենք ու մեր սերունդով կհեղափոխենք ամենը դեպի լավը: 
  • Ինչպես ես պատկերացնում սիրելիիդ և քո առաջին հանդիպումը ? 
Կարևոր չէ, թե դա որտեղ է պատահում: Նման դեպքում, իմ կարծիքով, մեծ տեղ են զբաղեցնում աչքերը: Մի հայացք ես գցում անծանոթի վրա, աչքերդ հանդիպում են աչքերին ու դու զգում ես, որ դիմացինիդ աչքերը անհատակ են դառնում: Հետո աչքերի միջով կարծես ինչ-որ հոսանքի պես մի բան անցնի: Ուժեղ ձգողականություն: Հենց դա զգամ ու հենց զգամ, որ դիմացինիս աչքերոի հատակը չեմ կարողանում գտնել՝ կհասկանամ, որ կյանքումս ինչ-որ բան սկսում է փոխվել. սիրահարվում եմ: 
  • Կքննադատես այն աղջկան, ով առաջին իսկ  "կայծից", զգացումից այսպես ասած ոտքերը թուլանում են ու ինքը դառնում է միանգամից ընկերուհի` ոմն տղայի ? 
Պետք չէ ամեն մեկին սիրել: Պետք չէ սիրահարվել անարժաններին: Ասում են ."սիրտ է, չես հրամայի" , բայց իրականում պետք է բանականությունը սթափ պահել: Սերը չպիտի լինի հիվանդագին, սերը չպիտի վնասի ու դեմ գնա մարդուն: Իսկական սեր եմ համարում այն սերը, երբ սիրտն ու բանականությունը "համերաշխ" են, ոչ մի խանգարող բան չկա : Սրան հասնելու համար ժամանակ է հարկավոր: Ու կապ չունի տարիքային սահմանը: Ցանկացած տարիքում էլ դիմացինին ճանաչել է պետք: Ոտքերը թուլանալը կարող է առանց այն "կայծի" լինել, որը ես նշեցի: Այդ զգացմունքը ամեն մի բարետես երիտասարդի նկատմամբ չես զգում: Բայց այ ամեն բարետես արտաքին ունեցող երիտասարդի կողքով անցնելիս միգուցե ոտքերդ թուլանան: Սա կառավարել է պետք ու նաև պետք է հստակ տարբերել:
 

понедельник, 21 мая 2012 г.

Բողոք!

 Եկեք դուք ինձ բացատրեք, թե ինչի են մարդիկ նույն բաները սիրում, նույն խոսքերը ասում, նույն մարդու համար սարեր շրջում?  Էլի մի բան. ինչի են մարդիկ փոքրերին սահմանափակում? Փոքր եմ, է հետո? Գիտեմ չի կարելի ուրիշների հետ համեմատվել, բայց շատ դեպքերում դուք ինքներդ եք սկսում մարդկանց որակել, արժանիքներ վերագրել` նույն համեմատության սկզբունքով:
Դեռահասներ, դժվար տարիք, վատ շրջապատ.. և այդպես շարունակ. դրանք իմ մասին չեն: Ես ոչ մի բարդություններ չունեմ, չեմ ունեցել, հուսով եմ չեմ ունենա, բայց մարդիկ չգիտես ինչու մտածում են, որ եթե իմ տարիքի իմ նման մի աղջիկ գնաց կամրջից իրեն նետեց սիրո տոչորանքների կամ չգիտեմ ինչ -որ դժվարությունների պատճառով, ապա ես էլ իրա օրինակին պիտի հետևեմ, դրոշակը վերցնեմ ու առաջ դեպի կամուրջ: Շատ կուզենայի բոլոր մեծերին, ովքեր մտածում են, թե ես էլ եմ այդպիսի կամ այդպիսին պիտի դառնամ, հասկացնել, պատասխանել իրենց լեզվով, որ բոլոր մարդիկ, բոլոր աղջնյակները նույնը չեն, ուզեն էլ նույնը չեն կարող լինել: Ես իմ նման եմ մտածում, -ուհին` իրա նման ու պետք չի բոլորին խառնել, մի հատ ամբողջություն դարձնել: Նույնն էլ տղաներին է վերաբերվում: Մեկ-մեկ սկսում են չէ աղջիկներին առարկաների նման վերաբերվել, հատկապես վերաբերվում է իրենց մասին մեծ կարծիք ունեցող տղաներին: Գիտեմ իրանք շատ ձեր համար ոչ ընդունելի, անիմաստ քայլեր են անում, շատ են մեկ-մեկ զզվեցնում, բայց դուք էլի պակասը չեք: Մինչ այդ դուք այնքան եք տանջել իրանց, որ փորձում են փոխհատուցել դրանց դիմաց: Թե ասա ինչ եք տանջվում: Մեկի համար կսկսեն իրար ուտել: Նորմալ մարդիկ էլ են այդ պահերին քյարթական մոտիվներով խոսում, դրսևորում իրենց այդ միջավայրում, հետո էլ տանջվում, տոչորվում, թե ինչի չի Նա-ն իրա կողքին չէ:  Հերիք չի նույ զրույցները, նույն ձևերը ու ձևերը կրկնեք? Հերիք չի մարդկանց թերությունները երեսներով տալ, որ հասկանան, թե ինչ փոքր ու չնչին են ձեր ընտրած կատարյալների առաջ? Դրա համար էլ ուզում եմ սև քող ունենալ, որ հետևից նայեմ ու չնկատվեմ, որ չարախինդ ծիծաղով չծաղրեք, որ չտեսնեմ, թե ինչպես են մարդիկ իրար ոչնչացնում,  իջնում մինչև դիմացինի ոտքերը, հետո փորձում բարձրանալ, բայց ամեն անգամ գլխին հարվածում են, որ առաջխաղացում չունենա ու ինքը հավերժ էդտեղ մնումա, մինչև իրա "տերը" թուլանումա ու արդեն ուժ չի ունենում պարբերաբար խփելու համար: Էդպես կամաց-կամաց ինքը բարձրանումա, իսկ տերը իջնումա դեպի ոտքեր, ներքև ինչքան հնարավորա:
Մի քիչ էլ խոսամ անկապ ու քնեմ, վաղը էն  իրար նման օրերից մեկնա, որ երեխեքը հաշվիչներով զինվում են, գնում դասատուի դիմաց նստում ու սկսում աջակցել կիսամյակ հաշվելու գործում, մեկ-մեկ էլ եղնիկի աչքերը օգտագործում, որ 0.5 բալը ի օգուտ իրանց գնա:
Մարդիկ, մի օր դուք էլ կհասկանաք, որ ինչքան էլ ասել եք, որ տեսքը կարևոր չի ու հոգում եղածն է ձեր համար առաջնայինը, միշտ առաջնորդվել եք տեսքի թելադրանքով: Գեղեցիկ մռութիկ? վերջ դու անցնում ես կյանքի հաջորդ փուլ, դա էլ հեշտ կլինի, դու ունես բոլոր տվյալները: Խելք? դե հա խելքը մի քիչ կարևոր է, բայց երկրորդական է, այնպես որ սկսիր աշխատել հումորիդ ու էլի տեսքիդ վրա:
Վաղը դասի ենք, գնանք պարապենք, գլուխ ջան, թե չէ առաջնայինները ջախջապում են մեզ:

воскресенье, 13 мая 2012 г.

Երազ՝ իրականությունից դուրս

Առավոտ, 7:00
Վեր եմ թռչում քնած տեղից: Հագնում եմ տնային, հասարակ, անշուք հագուստներ , լվացվում եմ, վերցնում եմ պայուսակը ու դուրս գալիս թափթփված տնից: Գնում եմ սովորական` դպրոց գնալու ճանապարհով: Ահա դպրոցի դարպասները:
-Չմտնե՛ս, առաջ շարժվի՛ր: Գնում եմ առաջ: Խաչմերուկ. Չորս ուղղություն` ներքև, վերև, ուղիղ, դեպի փակուղի: Իջնում եմ ներքև` դեպի կանգառը, որտեղ պիտի սպասեմ Թուլուզ գնացող երթուղայինին: Կանգառում մի կնոջից հարցնում եմ, թե ինչքան ժամանակ է մնացել նրա գալուն: 10 րոպե ականջակալները փրկում են միայնության գիրկը ընկնելուց: Գալիս է երթուղայինը` կարմիր, դեղին, կապույտ, սև ու տեղ-տեղ սպիտակ: Մարդկանց ծանրությունից հազիվ շարժվող և գետնին քսմստվող երթուղայինի դուռը բացվում է:
_Արագացրու՛, մտի՛, - լսվում է ծխող վարորդի փնթփնթոցը: Մաքուր, օզոնաշատ օդը փոխարինվում է մարդկանց ու վարորդի ծխախոտի հոտով լցված զզվելի օդով:
Գնում եմ գրքի հետևից: Եղբորս ընկերոջից գիրք պետք է վերցնեմ: Քիչ մնաց, արդեն երևում են Թուլուզի դարպասները: Երթուղայինը կանգնում է և 100 դրամները լցվում են խիստ ընդգծված վարորդային հատկանիշներով տղամարդու ձեռքի մեջ: Վերջինը ես եմ:
Գրպանից հանում եմ երկու 100 դրամանոցներից մեկը և զգուշորեն դնում դրամների կույտի վրա: Ահա և Թուլուզը: Մտնում եմ դարպասներով, աջ կողմում եղբորս ընկերոջ եղբոր տունն է: Հանգիստ թակում եմ դուռը, մտնում ներս: Այնտեղ եղած մարդկանց պատմում եմ, թե ինչն է ստիպել գալ այստեղ: Տանտերը լսում է և զանգում եղբորը: Խոսակցությունը կարճ տևեց` կոնկրետ և սառը:
-Գնա եկեղեցու կողքը գտնվող տարօրինակ տունը: Եթե հիշի, ապա քեզ դիմավորող կլինի:
Քայլում եմ Թուլուզի հնաոճ փողոցներով, որոնցում սակայն երևում են բավականին թարմ շնչով խանութներ և տարբեր ակումբներ, տներ: Նրանց մեջ դժվար չէր գտնել հին, միջնադարյան ոճով կառուցված եկեղեցին: Մի փոքր հայացքս շեղելով` տեսնում եմ այդ տարօրինակ տունը: Ուզում եմ դուռը թակել, բայց առաջին իսկ հարվածից այն բացվում է` իմ առջև բացելով իրոք որ տարօրինակ միջավայր: Պատերը կարծես հարթություններ լինեին, որոնց վրա ծեփռտել էին տարբեր ձևաչափերի աղջիկների: Հատակը ամբողջությամբ պատված էր նկարներով, որոնց վր կա՛մ տղամարդու հագուստով կանայք էին, կա՛մ կենդանիների դեմքերով մարդիկ: Քայլերը տանում են տան մեծ սենյակը, որի կենտրոնում` գետնին փռված անկողնում մեջ քնած է գրքի ենթադրյալ տերը: Քայլերի աղմուկը արթնացնում է նրան:
_Ո՞վ ես աղջիկ
_Գրքի հետևից եմ եկել
_Ի՞նչ գիրք: Ախ, լավ հիշեցի: Եղբա՞յրդ է ուղարկել:
_Ո՛չ: Ինքս: Տվեք գիրքը և ես կգնամ:
_Ինչու՞ ես շտապում: Ուզու՞մ ես քեզ նկարեմ: Քո ոտքով եկար մոտս, իսկ այս տնից առանց վրձնիս կողմից արտածվելու ոչ ոք չի գնում:
_Ո՛չ: Ես այստեղ ուրիշ նպատակով եմ եկել. Գիրքը:
Լռություն: Նա գնում է, հագնվում է և դուռը բացում, գնում: Հանկարծակիի գալով` հետևից գնում եմ, բայց մինչ դուռը կբացեի և կփնտրեի անծանոթին, նա չքացավ:
Չորս օր չկար: Ես արդեն խելագարվում էի. Ուրշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ տուն, անծանոթ միջավայր ու մարդիկ: Չորրորդ օրը գիշերը հայտնվեց: Արդեն սովորել էի նրա տան միջավայրին: Այդ չորս օրը անդադար փնտրում էի գիրքը: Չկար, լավ էր թաքցրել: Հայտնվեց նա ու սկսեցի տանջել կես գիտակցությամբ երիտասարդ նկարչին, որը մեկ-մեկ կրկնում էր. “Մի քիչ սպասիր, կտամ, կգնաս”: Հոգնեց խեղճը հուզված ձայնիցս, բարձրացավ մի աթոռի վրա և պատի մեջից բացվող դարակից հանեց գիրքը: Անհամբեր խլեցի գիրքը նրա ձեռքից, պինդ սեղմեցի ու դրեցի պայուսակիս մեջ: Վերջ! Արդեն իմ մոտ էր գիրքը:
Ի՞նչ գիրք էր: Այնտեղ բանաձևեր էին, մաքուր մաթեմատիկական բանաձևեր, որոնք գրվել էին եղբորս և նրա ընկերոջ կողմից, որոնք նրանք գրել էին ծածկագրերով` իրենց լավ կյանքի ծածկագրերով: Գիրքը միակ միջոցն էրեղբորս` կործանված երիտասարդների շարքերից հեռացնելու համար:
Դուրս եկա Թուլուզի դարպասներից և սկսեցի սպասել գունազարդ երթուղայինին:

суббота, 5 мая 2012 г.

Անձրևից հետո..

    Անհաջող օր էր.. Աշխատավայրում, համալսարանում, խանութում, փողոցում, ամենուր անհաջողությունը հետևում էր Նինային: Երեք օր է ինչ չէր խոսել նրա հետ:  Դուռը բացեց, կոշիկները անփույթ շարժումով անհայտ ուղղությամբ նետեց, ճնշող հագուստը արագ հեռացրեց վրայից ու ընկավ  առավոտից չհավաքած անկողնու վրա: Հոգնած չէր.  համալսարանում դասերին միայն ֆիզիկապես էր ներկայացել. մտքերը հեռու էին, աշխատավայրում կուտակված գործերի ուղղությամբ միայն  մի հայացք էր ձգել և ուրիշ ոչինչ:  Հոգնել կարող էր միայն քայլելուց, սակայն գլխում տիրող խառնաշփոթը  ստիպում էր քայլել դանդաղ, որ ավելի չխճճվի: Աչքերը պինդ փակեց, աստիճանաբար կորավ գունավոր անկողնու մեջ, փակվեց, որ չերևա, չնկատվի թեկուզ, որ տանը մարդ չկար: Մտածում էր, որ միայն քնելը կարող է մոռացնել իրականությունը, երազները կարող են  կարգավորել մտքի խառնաշփոթը, որ գոնե այնտեղ կստացվի, կլինի այն, ինչ այլևս անհնար էր իրական կյանքում: Կիսաբաց պատուհանից այն կողմ իր սև գործն էր անում աղմկոտ անձրևը՝ խփելով գետնին, ապակուն՝ կարծես ինչ-որ բան էր պահանջում Նինայից: Ի՞նչ էր ուզում..Որ խոսի՞..Դու՞րս թափի տիրող  քաոսը, թե ուղղակի հավաքի իրեն ու  մտքերը ցրի այլ զբաղմունք գտնելով: Բայց ախր ինչպե՞ս, եթե տիրող քաոսը հենց ինքն էր ստեղծել, հեղինակը հենց ինքն էր ու ցանկություն չուներ  կիսվել մեկի հետ իր ամպամած երկնքով:  Չէ-որ արդեն ծիծաղում էին վրան մշտական տխուր քողը կրելու և մռայլ թեմաներից խոսալու պատճառով: Հասկանալի էր, նրանք էլ էին հոգնել անհետաքրքիր զրուցակցից և ընկերուհուց, որը ժպտում էր առիթից առիթ, իսկ այդ առիթը հաճախ չէր լինում:
    Բայց արդյո՞ք ինքն էր հեղինակը այդ խառնաշփոթի: Միթե՞  Նինան մեղավոր էր, որ հանդիպեցին, որ ինքը արժանի չէ ուղղակի Լուկային, որ խոսքերը, որոնք արտասանեց այդ պահին ուղղակի անհրաժեշտություն էին: Ո՛չ..:  Ա՜խ երանի թե  365 օրից այդ մեկը ջնջվեր պատմության միջից: Կարոտում էր Նինան, կարոտում էր իրեն ժպիտ պարգևող մարդուն, կարոտում էր այդ մարդուն մոռացնող պահերին, կարոտում էր արևը, որին միայն նայելուց  անկախ իրենից ժպտում էր, դեմքի վրա նշմարվում էր ժպիտանման մի արտահայտություն:
Իհարկե անձրևը չպարգևեց մոռացությանը այցելելու մեծագույն հաճույքը:  Ե՞րբ պիտի դիրքերը զիջի արևի պայծառ շողերին, որ նրանք թափանցեն սենյակ ու  այրեն Նինայի դրսում մնացած այտերը:
   Հ՞ն, նա գնում է: Հանձնվե՞ց: Դու՞ռը: Ի՞նչ. թակում են
-Բարև ձեզ, խնդրում եմ այստեղ ստորագրեք
-Սա ի՞նչ է, կներեք, բայց երևի հասցեն շփոթել եք: Ո՞վ պիտի ինձ  դատարկ  թուղթ և գրիչ ուղարկեր, վրան էլ այս սպիտակ, թե դեղին  անհասկանալի ծաղիկը:
-Կներեք, հասկանում եմ ձեզ, զարմացած եք, բայց պատվիրատուն պահանջել է, որ մնա անհայտ: Իսկ ինչ վերաբերվում է թուղթ ու գրիչին և ծաղիկին, ապա ինձ թվում է, որ ձեզ արտահայտվել է պետք նրանց միջոցով, ծաղիկն էլ ինձ էլ էր անծանոթ, նա ասաց, որ սա հասմիկ է: Հաջողություն: Մի մտածեք՝ ով է նա, ուղղակի արեք, այն, ինչ նա ցանկացել է հասկացնել ձեզ:
  Դուռը փակվեց: Մնացին մենակ Նինան, թուղթ և գրիչ անբաժան զույգը և  անծանոթ հասմիկը, որը չգիտես ինչ էր ուզում իր գույնով հասկացնել: Դե ինչ, Նինան կատարեց անծանոթի ցանկությունը, հասմիկը ընկերակցեց նրան երկար ժամանակ և շատ անգամ դարձավ Նինայի լուռ զրուցակիցը:

вторник, 1 мая 2012 г.

Արձագանք

Եղանակները բացվել են: Մարդիկ երեկոյան դուրս են գալիս զբոսանքի՝ վայելելու գարնանային հաճելի եղանակը:
Մեկ անգամ կենտրոնական փողոցով քայլելը ինձ մի բան հասկացրեց, որը մինչ այդ ես երևի ուղղակի չէի նկատել: Չգիտեմ ինչպես անվանել, երևի տարօրինակ այդ երևույթը: Ես չգիտեի, որ իմ և մի քիչ մեծ տարիքի երիտասարդները այսքան անշնորհք են: Շատ եմ քայլել մինչ հիմա շատ սիրելի մեր քաղաքում, բայց այսպիսի երևույթի դեռ ականատես չէի եղել: Զարմանք, զայրույթ, զզվանք. ինչ ասեմ, բոլորը խառնվեց իրար: Եթե մինչ այս մեր սերնդի մասին մասին բացասաբար արտահայտվելուց կարող էի հակառակը համոզել, դեմ կանգնել այդ ընդհանրացմանը, փորձել այդ թյուր կարծիքը փոխել, ապա հիմա այդ պահերին կհամաձայնվեմ այդպիսի կարծիքներ արտահայտողի հետ: Եթե ճիշտն ասեմ՝ մինչև հիմա չէի նկատել այդպիսի երևույթներ, բայց վերջի երեք ամսում եղանակի տաքանալու հետ ի հայտ ենեկել արտահայտվելու և ինքնացուցադրման կարիք ունեցող երիտասարդներ ու ավելի շատ դեռահասներ, որոնք էլ իրենց հետ բերեցին նմանատիպ երևույթները: Փաստորեն այս տխուր վիճակը մեծ մասշտաբներ է կրում մեր քաղաքում: Երևի այսքան ժամանակ բացառություններ հանդիսացող մարդկանցով եմ շրջապատված եղել, և ինչպես ասում է ընկերներիցս մեկը. "Բացառությունները հաստատում են փաստը", իսկ փաստն այն է, որ երիտասարդությունը չի կարողանում իրեն զսպել ու դրանով դիմացինին ստիպում է, որ դաստիարակության կարիք ունի: Բայց եթե համարձակվես իրենց երեսին դա ասել, ապա ինքդ անշնորհք ու անտակտ կհամարվես: Կսկսեն իրենց ծնողներին ու մեծերին հարգելուց, այնինչ հենց իրենք պետք է սկզբում նորմալ դսրևորեն իրենց դրսում և հասարակական վայրերում՝ դրանով ցույց տալով հարգանք ծնողների և դիմացինի նկատմամբ:
Այնպես կուզեի մի անգամ զրուցել այդ խեղճերի հետ, դե մի երկու հարց տալ ու վայելել նրանց անկրկնելի պատասխանները: Գուցե ընթերցողների մեջ գտնվեն նրանցից  ոմանք ու կարդան այս տողերը՝ ինքներն իրենց այս հհարցերը տալով և պատասխանելու փորձ անելով:
Ի՞նչ տարօրիանկ կամ բացասական հանգամանք կա կիթառով քայլող մարդու մեջ, որի պատճառով ձեզ լավ չեք զգում, կենդանական բնազդներ են առաջանում:  Երբվանի՞ց եք անհանգստանում  դիմացինի մազերի համար. ինչ միջոցներով են դրանք բերվել որոշակի տեսքի, ինչքա՞ն ժամանակ է դրա համար ծախսվել: Համատարած բոլորի մոտ նույն հայացքներն են, երբ տեսնում են կիթառով մարդու: Ինչի՞ է հարց առաջանում, թե ինչ է այդ պայուսակի մեջ: Շա՞տ եք ֆիլմեր նայել, որտեղ ջութակի կամ կիթառի պայուսակների մեջ դիպուկահար զենքեր են եղել: Կամ եթե այդպես էլ լիներ կարող է իսկությունը հայտնեն, բացատրեն զենքի օգտագործման դեպքում եղած հետևանքները, որ ավելի ազդեցիկ լինի:
Ազատությունը դրանով չի արտահայտվում: Եթե դուք ամեն անցնողից հետո մեկնաբանություններ չանեք, կենդանական ձայներ չարձակեք, մենք չենք մտածի, որ ձեր ազատությունը ու արտահայտվելու իրավունքը ինչ-որ մեկը  սահմանափակել է: Ինչևէ իմացեք, որ դուք սև պատյանով պաշտպանված չեք, ու հաջորդ անգամ ձեր նկատմամբ այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն ձեր նմանները: Այ այդ ժամանակ կզգաք տհաճությունը և զարմանքը, զզվանքը դեպի ձեր նմանները:
Հետո էլ կասեն, թե Հայաստնը եվրոպական երկրներին է նմաննվում, թե մարդիկ մտածելակերպով եվրոպացիներին են նմաննվում: Հնարավոր է՝ մայրաքաղաքում, բայց ուրիշ քաղաքներում, գյուղերում երկար ժամանակ կպահանջվի..