суббота, 5 мая 2012 г.

Անձրևից հետո..

    Անհաջող օր էր.. Աշխատավայրում, համալսարանում, խանութում, փողոցում, ամենուր անհաջողությունը հետևում էր Նինային: Երեք օր է ինչ չէր խոսել նրա հետ:  Դուռը բացեց, կոշիկները անփույթ շարժումով անհայտ ուղղությամբ նետեց, ճնշող հագուստը արագ հեռացրեց վրայից ու ընկավ  առավոտից չհավաքած անկողնու վրա: Հոգնած չէր.  համալսարանում դասերին միայն ֆիզիկապես էր ներկայացել. մտքերը հեռու էին, աշխատավայրում կուտակված գործերի ուղղությամբ միայն  մի հայացք էր ձգել և ուրիշ ոչինչ:  Հոգնել կարող էր միայն քայլելուց, սակայն գլխում տիրող խառնաշփոթը  ստիպում էր քայլել դանդաղ, որ ավելի չխճճվի: Աչքերը պինդ փակեց, աստիճանաբար կորավ գունավոր անկողնու մեջ, փակվեց, որ չերևա, չնկատվի թեկուզ, որ տանը մարդ չկար: Մտածում էր, որ միայն քնելը կարող է մոռացնել իրականությունը, երազները կարող են  կարգավորել մտքի խառնաշփոթը, որ գոնե այնտեղ կստացվի, կլինի այն, ինչ այլևս անհնար էր իրական կյանքում: Կիսաբաց պատուհանից այն կողմ իր սև գործն էր անում աղմկոտ անձրևը՝ խփելով գետնին, ապակուն՝ կարծես ինչ-որ բան էր պահանջում Նինայից: Ի՞նչ էր ուզում..Որ խոսի՞..Դու՞րս թափի տիրող  քաոսը, թե ուղղակի հավաքի իրեն ու  մտքերը ցրի այլ զբաղմունք գտնելով: Բայց ախր ինչպե՞ս, եթե տիրող քաոսը հենց ինքն էր ստեղծել, հեղինակը հենց ինքն էր ու ցանկություն չուներ  կիսվել մեկի հետ իր ամպամած երկնքով:  Չէ-որ արդեն ծիծաղում էին վրան մշտական տխուր քողը կրելու և մռայլ թեմաներից խոսալու պատճառով: Հասկանալի էր, նրանք էլ էին հոգնել անհետաքրքիր զրուցակցից և ընկերուհուց, որը ժպտում էր առիթից առիթ, իսկ այդ առիթը հաճախ չէր լինում:
    Բայց արդյո՞ք ինքն էր հեղինակը այդ խառնաշփոթի: Միթե՞  Նինան մեղավոր էր, որ հանդիպեցին, որ ինքը արժանի չէ ուղղակի Լուկային, որ խոսքերը, որոնք արտասանեց այդ պահին ուղղակի անհրաժեշտություն էին: Ո՛չ..:  Ա՜խ երանի թե  365 օրից այդ մեկը ջնջվեր պատմության միջից: Կարոտում էր Նինան, կարոտում էր իրեն ժպիտ պարգևող մարդուն, կարոտում էր այդ մարդուն մոռացնող պահերին, կարոտում էր արևը, որին միայն նայելուց  անկախ իրենից ժպտում էր, դեմքի վրա նշմարվում էր ժպիտանման մի արտահայտություն:
Իհարկե անձրևը չպարգևեց մոռացությանը այցելելու մեծագույն հաճույքը:  Ե՞րբ պիտի դիրքերը զիջի արևի պայծառ շողերին, որ նրանք թափանցեն սենյակ ու  այրեն Նինայի դրսում մնացած այտերը:
   Հ՞ն, նա գնում է: Հանձնվե՞ց: Դու՞ռը: Ի՞նչ. թակում են
-Բարև ձեզ, խնդրում եմ այստեղ ստորագրեք
-Սա ի՞նչ է, կներեք, բայց երևի հասցեն շփոթել եք: Ո՞վ պիտի ինձ  դատարկ  թուղթ և գրիչ ուղարկեր, վրան էլ այս սպիտակ, թե դեղին  անհասկանալի ծաղիկը:
-Կներեք, հասկանում եմ ձեզ, զարմացած եք, բայց պատվիրատուն պահանջել է, որ մնա անհայտ: Իսկ ինչ վերաբերվում է թուղթ ու գրիչին և ծաղիկին, ապա ինձ թվում է, որ ձեզ արտահայտվել է պետք նրանց միջոցով, ծաղիկն էլ ինձ էլ էր անծանոթ, նա ասաց, որ սա հասմիկ է: Հաջողություն: Մի մտածեք՝ ով է նա, ուղղակի արեք, այն, ինչ նա ցանկացել է հասկացնել ձեզ:
  Դուռը փակվեց: Մնացին մենակ Նինան, թուղթ և գրիչ անբաժան զույգը և  անծանոթ հասմիկը, որը չգիտես ինչ էր ուզում իր գույնով հասկացնել: Դե ինչ, Նինան կատարեց անծանոթի ցանկությունը, հասմիկը ընկերակցեց նրան երկար ժամանակ և շատ անգամ դարձավ Նինայի լուռ զրուցակիցը: