воскресенье, 13 мая 2012 г.

Երազ՝ իրականությունից դուրս

Առավոտ, 7:00
Վեր եմ թռչում քնած տեղից: Հագնում եմ տնային, հասարակ, անշուք հագուստներ , լվացվում եմ, վերցնում եմ պայուսակը ու դուրս գալիս թափթփված տնից: Գնում եմ սովորական` դպրոց գնալու ճանապարհով: Ահա դպրոցի դարպասները:
-Չմտնե՛ս, առաջ շարժվի՛ր: Գնում եմ առաջ: Խաչմերուկ. Չորս ուղղություն` ներքև, վերև, ուղիղ, դեպի փակուղի: Իջնում եմ ներքև` դեպի կանգառը, որտեղ պիտի սպասեմ Թուլուզ գնացող երթուղայինին: Կանգառում մի կնոջից հարցնում եմ, թե ինչքան ժամանակ է մնացել նրա գալուն: 10 րոպե ականջակալները փրկում են միայնության գիրկը ընկնելուց: Գալիս է երթուղայինը` կարմիր, դեղին, կապույտ, սև ու տեղ-տեղ սպիտակ: Մարդկանց ծանրությունից հազիվ շարժվող և գետնին քսմստվող երթուղայինի դուռը բացվում է:
_Արագացրու՛, մտի՛, - լսվում է ծխող վարորդի փնթփնթոցը: Մաքուր, օզոնաշատ օդը փոխարինվում է մարդկանց ու վարորդի ծխախոտի հոտով լցված զզվելի օդով:
Գնում եմ գրքի հետևից: Եղբորս ընկերոջից գիրք պետք է վերցնեմ: Քիչ մնաց, արդեն երևում են Թուլուզի դարպասները: Երթուղայինը կանգնում է և 100 դրամները լցվում են խիստ ընդգծված վարորդային հատկանիշներով տղամարդու ձեռքի մեջ: Վերջինը ես եմ:
Գրպանից հանում եմ երկու 100 դրամանոցներից մեկը և զգուշորեն դնում դրամների կույտի վրա: Ահա և Թուլուզը: Մտնում եմ դարպասներով, աջ կողմում եղբորս ընկերոջ եղբոր տունն է: Հանգիստ թակում եմ դուռը, մտնում ներս: Այնտեղ եղած մարդկանց պատմում եմ, թե ինչն է ստիպել գալ այստեղ: Տանտերը լսում է և զանգում եղբորը: Խոսակցությունը կարճ տևեց` կոնկրետ և սառը:
-Գնա եկեղեցու կողքը գտնվող տարօրինակ տունը: Եթե հիշի, ապա քեզ դիմավորող կլինի:
Քայլում եմ Թուլուզի հնաոճ փողոցներով, որոնցում սակայն երևում են բավականին թարմ շնչով խանութներ և տարբեր ակումբներ, տներ: Նրանց մեջ դժվար չէր գտնել հին, միջնադարյան ոճով կառուցված եկեղեցին: Մի փոքր հայացքս շեղելով` տեսնում եմ այդ տարօրինակ տունը: Ուզում եմ դուռը թակել, բայց առաջին իսկ հարվածից այն բացվում է` իմ առջև բացելով իրոք որ տարօրինակ միջավայր: Պատերը կարծես հարթություններ լինեին, որոնց վրա ծեփռտել էին տարբեր ձևաչափերի աղջիկների: Հատակը ամբողջությամբ պատված էր նկարներով, որոնց վր կա՛մ տղամարդու հագուստով կանայք էին, կա՛մ կենդանիների դեմքերով մարդիկ: Քայլերը տանում են տան մեծ սենյակը, որի կենտրոնում` գետնին փռված անկողնում մեջ քնած է գրքի ենթադրյալ տերը: Քայլերի աղմուկը արթնացնում է նրան:
_Ո՞վ ես աղջիկ
_Գրքի հետևից եմ եկել
_Ի՞նչ գիրք: Ախ, լավ հիշեցի: Եղբա՞յրդ է ուղարկել:
_Ո՛չ: Ինքս: Տվեք գիրքը և ես կգնամ:
_Ինչու՞ ես շտապում: Ուզու՞մ ես քեզ նկարեմ: Քո ոտքով եկար մոտս, իսկ այս տնից առանց վրձնիս կողմից արտածվելու ոչ ոք չի գնում:
_Ո՛չ: Ես այստեղ ուրիշ նպատակով եմ եկել. Գիրքը:
Լռություն: Նա գնում է, հագնվում է և դուռը բացում, գնում: Հանկարծակիի գալով` հետևից գնում եմ, բայց մինչ դուռը կբացեի և կփնտրեի անծանոթին, նա չքացավ:
Չորս օր չկար: Ես արդեն խելագարվում էի. Ուրշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ տուն, անծանոթ միջավայր ու մարդիկ: Չորրորդ օրը գիշերը հայտնվեց: Արդեն սովորել էի նրա տան միջավայրին: Այդ չորս օրը անդադար փնտրում էի գիրքը: Չկար, լավ էր թաքցրել: Հայտնվեց նա ու սկսեցի տանջել կես գիտակցությամբ երիտասարդ նկարչին, որը մեկ-մեկ կրկնում էր. “Մի քիչ սպասիր, կտամ, կգնաս”: Հոգնեց խեղճը հուզված ձայնիցս, բարձրացավ մի աթոռի վրա և պատի մեջից բացվող դարակից հանեց գիրքը: Անհամբեր խլեցի գիրքը նրա ձեռքից, պինդ սեղմեցի ու դրեցի պայուսակիս մեջ: Վերջ! Արդեն իմ մոտ էր գիրքը:
Ի՞նչ գիրք էր: Այնտեղ բանաձևեր էին, մաքուր մաթեմատիկական բանաձևեր, որոնք գրվել էին եղբորս և նրա ընկերոջ կողմից, որոնք նրանք գրել էին ծածկագրերով` իրենց լավ կյանքի ծածկագրերով: Գիրքը միակ միջոցն էրեղբորս` կործանված երիտասարդների շարքերից հեռացնելու համար:
Դուրս եկա Թուլուզի դարպասներից և սկսեցի սպասել գունազարդ երթուղայինին: