четверг, 18 апреля 2013 г.

No comment!

Տարիներ, ամիսներ, շաբաթներ, հետո օրեր, ժամեր, րոպեներ ու միլիոնավոր վայրկյաններ..
Անցել էր մոտավորապես այսքան ժամանակ:
Անգույն դասերից հետո, հակառակի պես գունավոր գրքերը արդեն "թոշակ" պահանջող պայուսակը խցկեց, լսարանի սեղանների վրայի փորագրությունները ուսումնասիրեց ու ոչ մի հետաքրքիր բան չգտնելով` վրան գցեց գարնանային կամ աշնանային վերարկուն ու լսարանի 4 պատերին` կիվիճից գունափոխված գրատախտակի, դաժան գրիչների, մեխերի կամ մկրատ-դանակներին զոհ գնացած սեղանների ու էլի մի լիքը դասային իրերի հետ մենակ թողեց:
Քայլելը անհարմար էր, մի բան աղմուկ էր առաջացնում: Մի քանի քայլ անելուց հետո անհարմարության մեղավորը ինքնաբացահայտվեց: Դա մի գունափոխված թղթի կտոր էր, որ ընկավ վերարկուի գրպանից, որովհետև դնողը երևում է չէր ցանկացել, որ դա այնտեղ երկար մնա: Հետաքրքիր էր..
Քայլերը դանդաղեցին, նստեց գարնանային փոփոխական արևից տաքացած քարի վրա ու աչքերը դանդաղ քայլք սկսեցին անկկանոն ձեռագրով գրված տողերի վրա.

§... Վերջապես համարձակվել եմ գրել: Չգիտեմ երբ կհասնի սա քեզ, չգիտեմ ինչ կանես դու նրա հետ, չգիտեմ կկարդաս, թե առանց կարդալու կգցես աղբը կամ միգուցե չկարդաս, պահես  գրքերիդ մեջ, չգիտեմ.. Այն ժամանակ, ես.. այն ժամանակ, ես, ես, ես չէի հասկանում ինչ էի անում: Դու հիմա ժպտում ես? Մի շտապիր..Այս աշխարհում ոչ մեկ չի ժպտա, երբ իմանա, որ մեկի նախադասություններում, մտքերում եղել է լոկ միջոցի անուղղակի խնդիր, այլ ոչ թե նպատակի պարագա, ինչպես որ կարծում էր: Ուր է այն ժպիտը? Չկա...
Հեշտ միջոց էի իմ համար ընտրել. անտարբերություն, առանց մեկնաբանության թողնել բոլոր հարցերդ, բոլոր բառերդ, տողերդ: Մի խոսքով No comment: Տեսնում էի, որ ամեն անգամ բառերիցդ հետո լոկ լռություն լսելուց, գլուխդ անօգնական կախում էիր, մի անգամ լավ չէիր թաքցրել արցունքիկը, որ ես ուզում էի տեսնել: Ուզում էի տեսնել, որ ինքս իմ մեջ ոչ ոքի լինեի, որ մեկն էլ իմ պատճառով ցավեց, որ մեկն էլ իմ պատճառով բաց թողեց այդ արցունքիկներին, որ մեկն էլ իմ պատճառով.. Վրեժ էի լուծում իմ հավատին: Հա, համարձակվել եմ գրել, որ թեկուզ տարիներ հետո իմանաս, որ իզուր ես տանջվել, իզուր ես մտածել, իզուր ես զգացել, իզուր ես ամեն ինչ արել իմ համար: Մի հիմարի, որ իրեն դրել էր ազգի հերոսի տեղ ու ուզում էր մարդկանց միջոցով մարդկանց մոռանալ: Հասկանում եմ, հիմա մտքովդ ինչ ասես որ չի անցնում, բայց.. Բայց կներես: Ես գիտեմ, որ ազնիվ չէր:
                                                                                                   
                                                                                                    Քո մեղավոր Լուկա¦
                                                                                                             

воскресенье, 14 апреля 2013 г.

Նրանք մեկ երկուս էին..

Քայլում էին երկուսը: Մեկը ժպիտն էր, մյուսը՝ արցունքը: Նրանք միշտ միասին էին: Սիրում էին քայլել իրար հետ ու քննարկել միայն և միայն սրտային հարցեր կամ էլ իրանց ոչ այնքան հասանելի քաղաքականություն կոչվող ռազմադաշտը, թեման, կյանքը: Երկար ճանապարհներ գնալու համար նրանց մոտ միշտ էլ կգտնվեին անվերջանալի թվով թեմաներ լռությունը խախտելու համար: Ժպիտը միշտ խրատում էր Արցունքին՝ ասելով, որ նա դոմինանտ է դարձել իրենց զույգում, իրեն ձայնի ու աշխատելու իրավունքից զրկել է:
Համաչափ քայլեր, իրար հերթ չտվող խոսքեր, Արցունքի մի քանի  սանտիմետրանոց առավելությունը Ժպիտի համեմատ ու գժական երաժշտության մշտական ներկայությունը... Ահա, թե ինչերով էին համեմված այդ երկուսի կամ կարելի է նաև ասել մեկում երկուսի զբոսանքները: 
Ժպիտը աշխատում էր "Ուրախությունների և զգացմունքների" նախարարությունում, իսկ արցունքը նրա օգնականն էր՝ մի քիչ բարձրահասակ ու նիհար: Ժպիտը պակաս աշխատասեր չէր արցունքից, ուղղակի շատ դեպքերում նրան էր թողնում ավարտին հասցնել աշխատանքները, իսկ երբեմն էլ տեղ-տեղ փոքրիկ թղթաբանությունն էր հանձնում իր բարձրահասակ օգնականին:
Նախարարության շենքը սովորական քառակուսի շենքերից չէր: Դա բաց գույնի քարից, կարճ վարսերով ու չընդգծված դիմագծերով աղջնակի դեմքի տեսք ուներ: Տարօրինակը այն էր, որ արցունքը և ժպիտը աշխատում էին տարբեր բարձրությունների վրա. Ժպիտի աշխատասենյակը ներքևի հարկերում էր, այտաշրթունքախառը տիրույթներում, իսկ Արցունքը միշտ վերևներում՝ չնայած, որ օգնականի պիտակն էր կրում, նա նայում էր բոլորին մեծ պատուհաններից, որտեղից բացվում էր աշխարհի մի հիանալի տեսարան:

Նրանք մեկ երկուս էին, երկու մեկ: Նրանք սիրելիներ չէին, քույր ու եղբայր չէին, նրանք բարեկամներ չէին, նրանք նեկ երկուս էին՝ իրարից անկախ, իրարից անբաժան:

Երբեմն Ժպիտը և Արցունքը միաժամանակ էին աշխատում: Դա լինում էր այն արտակարգ դեպքերում, երբ վերևներից երկուսի աշխատանքը միաժամանակ էին պահանջում, երբ քարե կառույցը պետք էր կենդանացնել, պետք էր, որ ինչ-որ անծանոթ "Ներաշխարհ" կոչվող աշխարհը տակնուվրա լիներ որոշակի պահերի: Ամեն անգամ Ժպիտն ու Արցունքը իրենց զբոսանքների ժամանակ սկսում էին բանավիճել, թե որտեղ է "Ներաշխարհը", իրենց աշխարհից վերև, ներքև, աջ, թե՝ ձախ:

Նրանք մեկ երկուս էին, մեկը Ժպիտը, մյուսը՝ Արցունքը, իրարից անկախ, իրարից անբաժան, իրարով պայմանավորված ու  փոփոխական...

пятница, 12 апреля 2013 г.

Անկերպարանք..

Թեթև անձրև, 5 րոպեյից արդեն ջրհեղեղի վտանգ
Պատուհանագոգը դեռ դիմադրում է նրա միջին ծանրությանը: Բարի անձրևի կտկտոցները
հերթով անջատում են բոլոր զգայարանները ու պատուհանի ճեղքվածքից թափանցող սառը օդը գրկում է նրա այրվող մարմինը: Առաջին անգամ սառնությունը, քամին, անձրևը տեղ հասան ճիշտ և ճիշտ ժամանակին:
"Չէ՜, քո հետ հաստատ մի բան էն չի", "Ոնց որ քշված լինես", "Լսի, կարողա ձախ ոտքի վրա ես վեր կացել?", "Էստեղ ես, բայց ոնց որ Մոզամբիկում լինես", "Քիչ մնար անունդ էլ կմոռանայիր"................. Ու ամեն օր նման բառեր, տարբեր մարդկանց մուննաթ ձայնային ալիքները հասնում էին նրան: 
"Լուսե մի աղջիկ, լուսե մի մեռել.." կամ էլ՝ "Լուսամփոփի պես աղջիկ.." կամ էլ՝ "Մի անկերպարանք ուրու..." կամ էլ չգիտեմ ինչ կարելի էր վերագրել նրան: 
Հիմա էլ անձրևն է մեղավոր, հիմա էլ նա իր տկտկոցով ստիպեց հիշել, ստիպեց այրվել, ստիպեց հասկանալ սառնությանը: Վերջ.. Ավելին գրելու համար պետք է ներքին պատնեշը հաղթահարել.. 
Գլուխը հենեց տկտացող պատուհանին ու սառնության հաճելի շոյոցով անհայտացավ իրականությունից... 
Դարձավ անկերպարանք, աներազանք, անպատրանք ոչինչ..