воскресенье, 14 апреля 2013 г.

Նրանք մեկ երկուս էին..

Քայլում էին երկուսը: Մեկը ժպիտն էր, մյուսը՝ արցունքը: Նրանք միշտ միասին էին: Սիրում էին քայլել իրար հետ ու քննարկել միայն և միայն սրտային հարցեր կամ էլ իրանց ոչ այնքան հասանելի քաղաքականություն կոչվող ռազմադաշտը, թեման, կյանքը: Երկար ճանապարհներ գնալու համար նրանց մոտ միշտ էլ կգտնվեին անվերջանալի թվով թեմաներ լռությունը խախտելու համար: Ժպիտը միշտ խրատում էր Արցունքին՝ ասելով, որ նա դոմինանտ է դարձել իրենց զույգում, իրեն ձայնի ու աշխատելու իրավունքից զրկել է:
Համաչափ քայլեր, իրար հերթ չտվող խոսքեր, Արցունքի մի քանի  սանտիմետրանոց առավելությունը Ժպիտի համեմատ ու գժական երաժշտության մշտական ներկայությունը... Ահա, թե ինչերով էին համեմված այդ երկուսի կամ կարելի է նաև ասել մեկում երկուսի զբոսանքները: 
Ժպիտը աշխատում էր "Ուրախությունների և զգացմունքների" նախարարությունում, իսկ արցունքը նրա օգնականն էր՝ մի քիչ բարձրահասակ ու նիհար: Ժպիտը պակաս աշխատասեր չէր արցունքից, ուղղակի շատ դեպքերում նրան էր թողնում ավարտին հասցնել աշխատանքները, իսկ երբեմն էլ տեղ-տեղ փոքրիկ թղթաբանությունն էր հանձնում իր բարձրահասակ օգնականին:
Նախարարության շենքը սովորական քառակուսի շենքերից չէր: Դա բաց գույնի քարից, կարճ վարսերով ու չընդգծված դիմագծերով աղջնակի դեմքի տեսք ուներ: Տարօրինակը այն էր, որ արցունքը և ժպիտը աշխատում էին տարբեր բարձրությունների վրա. Ժպիտի աշխատասենյակը ներքևի հարկերում էր, այտաշրթունքախառը տիրույթներում, իսկ Արցունքը միշտ վերևներում՝ չնայած, որ օգնականի պիտակն էր կրում, նա նայում էր բոլորին մեծ պատուհաններից, որտեղից բացվում էր աշխարհի մի հիանալի տեսարան:

Նրանք մեկ երկուս էին, երկու մեկ: Նրանք սիրելիներ չէին, քույր ու եղբայր չէին, նրանք բարեկամներ չէին, նրանք նեկ երկուս էին՝ իրարից անկախ, իրարից անբաժան:

Երբեմն Ժպիտը և Արցունքը միաժամանակ էին աշխատում: Դա լինում էր այն արտակարգ դեպքերում, երբ վերևներից երկուսի աշխատանքը միաժամանակ էին պահանջում, երբ քարե կառույցը պետք էր կենդանացնել, պետք էր, որ ինչ-որ անծանոթ "Ներաշխարհ" կոչվող աշխարհը տակնուվրա լիներ որոշակի պահերի: Ամեն անգամ Ժպիտն ու Արցունքը իրենց զբոսանքների ժամանակ սկսում էին բանավիճել, թե որտեղ է "Ներաշխարհը", իրենց աշխարհից վերև, ներքև, աջ, թե՝ ձախ:

Նրանք մեկ երկուս էին, մեկը Ժպիտը, մյուսը՝ Արցունքը, իրարից անկախ, իրարից անբաժան, իրարով պայմանավորված ու  փոփոխական...