среда, 23 ноября 2011 г.

Շահ ամեն ինչում

Շահ ունենք մենք ամեն տեղ: Այսինքն եթե մենք ինչ-որ բարի գործ ենք անում, անպայման արդյունքը մեզ համար հաճելի է, օգտակար:
Այսօր դասարանցիներիս օգնելիս ինչ որ հաճելի բան զգացի. ինձ դուր էր գալիս օգնելը, ես դրանից հաճույք էի ստանում, ուղղակի, չէի մտածում, որ կարող եմ անել և ինչ որ բան ստանալ դրա դիմաց: Լավությունն արեցի և, ինչպես ասվում է ասացվածքում, ջուրը գցեցի, սակայն ինչպես հասկացա չգցեցի, որովհետև ես դրանում ունեի իմ շահը` ես դրա դիմաց ստացա բավականություն, տրամադրությունս բացվեց: Ճիշտ է ոչ այնքան դրանից, սակայն դա էլ իր ազդեցությունն ունեցավ:
Մինչև հիմա ես մտածում էի, որ բարեգործները ուղղակի բարեհոգի, լավ մարդիկ են, սակայն իմ սիրելի ուսուցիչներից մեկը բացահայտեց այդ "բարեգործությունների" իրական նպատակները: Ես բացահայտեցի իմ համար, որ նրանք բարեգործություն անելով`  ազատվում են որոշակի հարկերից, որոշակի պարտականություններից: Ճիշտ է` նրանց հրեշտակային կերպարները իմ պատկերացումներում դեռ լիովին չվերածվեցին բացասական կերպարների,  ովքեր, օգնելով ուրիշներին, մտածում են իրենց գրպանի մասին: Նրանք կարող էին նաև այլ ճանապարհ ընտրել իրենց նպատակներն իրականացնելու համար, կարող էին օրենք խախտել: Սակայն նրանք այդպես չարեցին, նրանք ստացան իրեն շահը և միաժամանակ բարի գործ կատարեցին` օգնեցին կարիքավորներին, օգնեցին հիվանդներին, որոնք կարիք ունեն հատուկ հսկողության և սարքավորումների, օգնեցին անտուններին և այլն:  Բայց չէ որ ես էլ այդպես վարվեցի, երբ օգնում էի, իմ  շահն էլ այդտեղ օգնելուց ստացած հաճույքն է:
Դե, ցույց տվեք ինձ այնպիսի բարի գործ, որը անշահախնդիր կերպով է արված: Թեկուզ ներքուստ ստացած բավականություն, լավ մարդ զգալու հաճույքը արդեն իսկ առկա է: