вторник, 1 ноября 2011 г.

Թագավոր Սուտը

Ինչպես հասկանւմ եմ սուտը ընդունված մեթոդ է հարցերը լուծելու համար: Ամեն օր ես առնչվում եմ այդ մեթոդի մշտական օգտագործմանը: Իմ համար հասկանալի է, երբ մարդ ստում է մեկ կամ երկու անգամ, դա էլ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ-թե ամեն օր: Դա երևի արդեն պարտականություն էլ է դարձել. ամեն օր գոնե մեկ հատ սուտ հանձնել շրջապատող մարդկանց: Հաստատ ոչ ոքի վրա պարտականություն դրված չէ ամեն օր ստել, բայց նրանք դա իրենց կամքով անում են և ավելի պարտաճանաչ, քան իրենց դասերը, իրենց կարգապահությունը և այլ պարտավորություններ, որոնք իրենց վնաս չեն: 
Ես ամեն օր լսում եմ տարբեր չափերի, նշանակության և տարբեր նպատակներ հետապնդող ստեր: Եվ ամեն օր տեսնում եմ այդ պահերին ստի հեղինակների անմեղ դեմքերը, դիմացինին խաբկանքի մեջ գցող աչքերը և այդ գործում արդեն փորձառուների պահվածքը: Դա նրանց համար ամենօրյա զբաղմունք է, օրվա մի հատված, երբ իշխում է Թագավոր Սուտը: 
Հաջողված դիմակներ գրառման մեջ խոսեցի անմեղ գառնուկի դիմակ կրողների մասին: Հենց դրանք էլ հիմնականում հանդիսանում են ստերի փորձառու հեղինակները, որոնց համար ստելը արդեն մեղք չէ, այլ արդարացված միջոց: Ախր եթե ինչ-որ հիմնավոր նպատակի համար ստեին կհասկանայինք, անիմաստ, անտեղի ու անպետք պահերի նրանք ստում են` չմտածելով, որ ամեն անգամ մեծացնում են իրենց մեղքակույտը: Ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչպես են անում, որ աչքերում չի երևում այդ մատնիչ հայացքը, աչքերի խաղը, որը բերում է անմեղ դիմակի պատռմանը: Կողքս ստում են` ես եմ իրենց փոխարեն ամաչում, նեղվում: Չգիտեմ ինչպես, բայց իմ աչքերը մատնիչ են, չեն պահպանում իմ սուտը, դրա համար էլ չեմ օգտագործում այդ մեթոդը կամ քիչ եմ օգտագործում, որովհետև փոքր սուտն է սուտ: Թող սխալ լինի, թող ճիշտ չլինի, նույնիսկ վնասի, բայց սուտ չլինի, մեկ է ուշ, թե շուտ պարզվելու է ձեր սուտը և գիտակցելու եք, որ ավելի լավ կլիներ ազնիվ վարվելը, քան հետո այդ ստի արդյունքները կրելը: Բերեք ընտրենք միշտ ազնիվ ճանապարհը և հանգիստ սրտով նայենք դիմացինի աչքերին` առանց վախենալու աչքերում թաքնված մատնիչներից: Գիտակցենք, որ միգուցե մեր հարազատները հասկանում են մեր սուտը և ցավ են զգում, ու ամեն օր չցավեցնենք նրանց, չէ որ մենք շատ են սիրում նրանց:
Մի ստեք, իզուր տեղը մեղքեր մի հավաքեք ձեր ուսերին!!!!!