четверг, 14 ноября 2013 г.

Թարթող լուսամփոփներ

Ու էլի  բարձրանում եմ սպիտակ երթուղայինը, նստում վերջում մի ազատ տեղ ու քարանում: Մտածել, թե հնարավոր է մի  ձեռք վերցնում ու  աղմուկը հատուկ մոտեցնում է ինձ, մի քիչ  անտրամաբանական է, թեթևամիտ, իսկ ուրիշ տարբերա՞կ: Մի կանգառով մոտենում եմ տաք թեյին, հաջորդ կանգառում երթուղային է բարձրանում բռնցքամարտի պարապմունքից նոր դուրս եկած  մի պատանի. աչքերը հազիվ են բաց մնում,  ոտքերը նույնիսկ իվիճակի չեն  պահել այդքան թեթև քաշը, բայց պետք է տուն հասնել, քիչ մնաց: Պատանին ձեռքում պահել է  ծռմռված հարյուրանոցը ու  հենվել երթուղայինի ներսում առկա միակ սյանը, որը շատերի գոնե կանգնած գնալու հույսն է: Հարյուրանոցը հարմար է՝ մետաղադրամների ոսկե միջինն է. պուճուր -մուճուր, նրանով կարելի է տուն հասնել, անուշահաց գնել կամ էլ  մի լիքը արևածաղիկի հատիկներ, կամ էլ ուղղակի գրիչ կամ տետր գնել ու  գրե՜լ՝ անվերջ, առանց շեղվելու: 
Արդեն մութ է ու  քունս էլ տանում է այնքան, որ կողքիս նստած թմբլիկ, չէ շատ թմբլիկ կնոջ ուսը անասելի գրավիչ է թվում, իսկ փափուկ վերնահագուստը կրկնապատկում է գրավչությունը, բայց չէ, ավելորդ մուննաթներից խուսափելու համար, ավելի լավ է  դիմանալ ևս մի քանի կանգառ:  Ուզում եմ հասկանալ այս մարդիկ ինչից են վախենում հիմա: Բոլորը մռթնած են, բոլորը գնուխները կախել են ու  լռում են: Այս մթնոլորտը չափից դուրս ճնշող է, առավել ճնշող քան թե քննության քիչ մնացած ժամանակը: 
Մի օր առաջ ես հոսանքի մի մասնիկ էի, հոսանքը աղմկում էր, հոսանքը ճանապարհ էր ուզում, հոսանքը  հենց այնպես չէր առաջացել՝ ուժ էր ազդել վրան: Իսկ հոսանքը վրդովվել էր, հոսանքի ուժը ազդեց ու լռեց ձայնը...
Այսօր քայլում եմ ու առաջին անգամ զգում եմ այն  փոքրիկ, կարմիր կոթով մուրճի  հարվածը, որ փոքր ժամանակ պապիկս նվիրեց ինձ: Նա փոքրիկ է, առաջին հայացքից դուրեկան, սակայն պարբերական հարվածները ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան մեծ, հաստավիզ կացինը: 

Ճնշող է այս միջավայրը, նման է այն  լուսամփոփին, որ դեռ թարթում է  մարդկանց գլխավերևում: Ամեն թարթոցի հետ լույսը ավելի է խամրում: Ինչ-որ մի պահի այն լրիվ կմարի...