воскресенье, 29 ноября 2015 г.

Սեփական երազանքները․․

Նոյեմբերն է․․․ մեկ֊երկու օր մնաց։  Այս տարի անսովոր, բայց նաև հաճելի տաք է։
Քայլում էի այսօր փոքր քաղաքի հարազատ փողոցով, որ ժամանակին գաղտնի մի տեղ տանող ճանապարհներից մեկն էր։ Դանդաղ էի քայլում, թեկուզ շատ գործեր, դասեր էին տանը սպասում։ Հանգիստ նայում էի մարդկանց  մտազբաղ դեմքերին, հանգի՞ստ, հա․ որովհետև նրանք այնքան խառնված էին ու  մտքերով լծված, որ չէին էլ նկատում իրենց նայող  մի աղջկա, ով փորձում էր հասկանալ ինչն է այդ մարդկանց կիտված հոնքերի,  կծկված ուսերի ու  սառած հայացքների հետևում թաքնված։ Կասեք ինչիդ էլ պետք է, չէ՞

Իհարկե, ամեն մարդ հոնքերը կիտելու իր պատճառներն ունի, բայց․․․ Բայց եթե այդ մարդիկ մտածեն փոքր երեխաների նման, ովքեր կոնֆետը չստանալու դեպքում  օրերով չեն տառապում, այլ սկսում են բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հասնել կոնֆետների դարակին ու բացել այն, թեպետ մայրիկը ջանք չէր խնայել այն ամուր փակելու համար։

Ճանապարհին պատահեց մի արտաքինից գրավիչ խանութ, այսպես կոչված  "սուպերմարկետ"։ Առաջին հանիպած բաժինը օծանելիքի, զարդերի և այլնի բաժինն էր, որը սահուն կերպով բաց թողնվեց։ Հաջորդը մանկական բաժինն էր։ Առաջին անգամ  որոշեցի մտնել այնտեղ, միշտ անցել էի կողքով՝ կարծելով, որ անելիք չունեմ այնտեղ, բայց, ինչպես երևում է,  մեծապես սխալվել էի։

Կային առօրյայում օգտագործվող գրեթե բոլոր առարկաների խաղալիք տարբերակները, որոնք ավելի վառ էին, քան իրականում։ Զարմացել էի։ Այդ վերջին զարմանքով ուսումնասիրում էի խաղալիքները, որոշները փորձում։ Ախր պատմելու չի՝ դա պետք է զգալ ։

Վաճառողուհին կարծելով, թե երեխայի համար նվեր եմ փնտրում՝ ինձ մի առարկա առաջարկեց։ Անվանումը չեմ հիշում, բայց "Dream"  բառը կար։ Դե, կարևորն էլ դա էր։ Արագ֊արագ սկսեցի ուսումնասիրել։ Նկարագրությունում ասվում էր, որ այն նախատեսված է երազանք նկարելու համար։ Մտածեցի, որ մի յուրահատուկ բան պետք է լինի, որ թուղթ, գրիչ, մատիտները թողած հատուկերազանքը նկարելու համար խաղալիք են ստեղծել։ Չդիմացա ու բացեցի և ինչ զարմա՜նք․ Միկի Մաուսը և նրա ընկերուհին։ Մ՜  էլ ի՞նչ նկարեմ, եթե արդեն նկարած է, հետն էլ որպես երազանք Միկին է։ Դե այդքան էլ վատ չէ, բայց երազանքը ախր սեփական է, անձնական է, կերտելիք ու մտածվելիք մի երևույթ է, քաղցր մի բան է, շատ դեպքերում մշուշոտ կյանք ու ապրելիք։ Չէի կարծում, որ երազանքն էլ կարող է թելադրվել ինչ֊որ մեկի կամ մեկերի կողմից։ Չեմ բացառում, որ ինչ֊որ մեկի համար էլ Միկին է երազանք, բայց․․․

Ու հիշեցի այն մռայլ մարդկանց, երևի իրենց տեղն էլ են երբևէ երազանքը նկարել ու  ձեռքները տվել, որ մնա ներկելը ու վրան նայելը ու սեփական երազանքի համը այդպես էլ չզգալը։

Գնեցի այդ անհասկանալի առարկայի կողքի մի առարկա, որը գուցե ինչ֊որ մեկին օգնի իր սեփական երազանքը գտնելու համար։ Վաճառողուհին տարօրինակ հայացքով նայեց երեխայի համար ընտրածս նվերին, այն դեպքում երբ երազանք նկարելու խաղալիքին այդքան երկար ուսումնասիրել էի, իսկ ընտրյալին երկու րոպե էլ չտրամադրեցի։ Դեռ չգիտեմ ում կնվիրեմ, բայց մինչև Ամանոր կորոշեմ։

Վերջում․ կիտված հոնքերի ու կծկված ուսերի արանքից  մի կերպ փորձեք դուրս թողնել ձեր սեփական երազանքները, գուցե նրանք օգնեն մինչ իրենց հանդիպած դժվարություններն արագ հաղթահարել։