понедельник, 13 января 2014 г.

Արագացում

Մեքենաները կանգնել են: Շարժը կանգնել է: Երաժշտությունը հոսում է: Մոտեցա անցումին՝
ազատ է: Քայլում էր  նա՝  փաթաթորված մինչև աչքերը փակող շարֆով ու  իր կրկնակի չափի վերնագուստով, ձեռքից բռնել էր տատիկը՝ նա ժպտում էր: Ձեռքը բաց թողնելը երևի ամենավատ բանը կարող էր լինել աշխարհում այդ պահին: Նա  քայլում էր՝ փոքր-ինչ երերալով, դեռ վստահ չէր իր վրա, դեռ վստահ չէր, որ կարող է այն մեծերի նման վստահ, գետնին ագահորեն խփելով քայլել: Բայց ոչի՜նչ, ինքն էլ է դառնալու այդ ագահներից մեկը: Մի օր, օրերից մի օր...

Ջերմաստիճանը բարձրանում է:
Տաք գոլորշին փակում է տեսադաշտը: Հեռվում վառվող լամպը խամրել է. ջերմաստիճանը բարձրացել է: Մի քիչ էլ  ու արդեն  դիմացս կլինի միայն սպիտակ գոլորշու ամպը: Երկնքում լողացող ամպերից մի կտոր ընկել էր սենյակս: Արդեն հասկացաք՝  տեսադաշտս էլ փակել ու հաճելի սպիտակի մի հավերժություն է դիմացս: Վերցնում եմ արդեն ծայրը մաշված մատիտը ու սկսում տեսնել մուգ շերտով "Համընկնությունների անվերջ աճող պրոգրեսիան": Կարծես  թե, դա ես չեմ նկարել ...

Արագ-արագ քայլերը  խաբում են ու վստահեցնում, որ ավելի արագ ու զգույշ քայլելու դեպքում չեն նկատի ներկայությունս: Մթնշաղում մինչև վերջին կետը միացրած երաժշտությունը ավելի  է արագացնում մեքենաների վազքը, դիմացովս քայլող համարձակ երիտասարդների թեժ զրույցը ու  մարդկանցով լցոնված երթուղայինի ծանր շարժումը:

Այն փոքրիկի նման` ես էլ վերարկուի, շարֆ-գլխարկ անբաժան զույգով փաթաթորված անցնում եմ այն կամուրջի վրայով, որը առաջին անգամ անցա, երբ պետք է պաղպաղակ գնեի այն ժամանակ այդ արգելված, չափից դուրս մեծ ու վտանգավոր կամուրջն անց գտնվող խանութից: Դա առաջին անգամն էր, երբ խախտեցի "չի կարելի"-ն, բայց ունեցա սպասված պաղպաղակը: Նրանք տեսնում էին ինչպես էին պսպղում աչքերը, երբ փոքրիկը վայելում էր վանիլային պաղպաղակը՝ սկզբում ազատում սպիտակին վաֆլու  պատնեշներից, հետո աստիճանաբար մաքրում նրան իրականությունից:

Ոտքս դնում եմ սառույցի արդեն մաշված, ասֆալտի տպավորություն թողնող կտորի վրա ու մտածում, որ հանկարծ թե ընկնեմ երևի աչքերս կբացեմ ու կժպտամ, թեկուզ որ՝ կցավա: Կժպտամ, ուղղակի մի մտքից, որ  այն օրը աչքերս փակեցի ու, քաղցր ալկոհոլը խմելով՝ ցածր, միայն մեկի համար լսելի ձայնով ասացի այդ եռյակը: Թեկուզ, որ նրանցից երկուսը՝մյուսի հետ  անհաշտ են: