четверг, 15 ноября 2012 г.

Ժպիտը ու մենք..

"Ժպտա ամեն դեպքում, ինչ էլ լինի", "ժպտա, երբ մութ է, ժպտա, երբ ցուրտ է, ժպտա, երբ մենակ ես, ժպտա, երբ անգույն ես" ու ամենակարևորը ժպտա՜ ..
Շատ եք չէ՞ ասում: Ասում եք, երբ ուզում եք ձեր կարեկցանքը, հոգատարությունը նույնիսկ սերը ցույց տալ այն մարդուն, որին ուղղում եք այդ գուցե հրաման - խորհուրդները:

Դե հա, վեց ժամ պարապմունքից հետո, կարևոր էր շեղվել թեմայից ու մի քիչ խոհափիլիսոփայական չոր դատողությունների մեջ խրվել: Մի քանի օրվա մեջ երևի ամեն րոպե ինձ էի այդ հրամանները ուղղում, ինձ էի խրատում ու խորհուրդ տալիս: Հետո երկրորդական համարեցի ու անցա ուրիշներին: Ասում եմ. "Ժպտա՛" ու հասկանում, թե իմ այդ խորհուրդ-հրամանով նա պիտի մոռանա ամեն ինչ, պիտի լսի արևին, լսի բնությանը, լսի լռությունը, լսի հանգիստը ու աղմուկը: "Ժպտա՞մ, ինչի՞ համար: Որ այս պահը ուզում եմ սևով ընդգծել ու հրաժարակա՞ն տալ նրանից: Որ քո խոսքերը հիմա ավելի շատ են նյարդերիս վրա ազդում, քան սովորական օրերին տհաճ մարդկանց ներկայությունը կամ խոսելը: Որ քո այդ "Ժպտա, ժպտա, ժպտա"-ներով ոչնչի չես հասնի, ոչինչ չի փոխվելու: Ես ավելի շատ կկենտրոնանամ կոկորդիս ներքը մի տեղ նեղող այդ ցավի վրա:". կասի նա  մտքում, բայց այդ պահին մի թեթև ժպիտ կանցկացնի դեմքի վրայով ու ստվերի նման կչքանա այդ մեկ վայրկյանանոց պատկերը:  Դու կհանգստանաս ու քեզ կթվա, թե օգնեցիր նրան, թե այդ ժպիտը հզոր ռետինի նման ջնջեց դժվար ջնջվող գրիչ-ցավի հետքերը, որոնք միևնույն է թեթև բաց հետք են թողնում:

Եկավ մյուս պարապմունքի ժամը ու պետք էր ավարտել այս ժպիտախառը մտքերը: "Ժպի՞տ", մեկ-մեկ այդ բառը հավասարվում է "կներես"-ին: Երկուսն էլ ոչինչ չեն փոխի, ինչպես ասում են կներեսով արարքները հետ չեն վերադարձվում, մեղքերը չեն արդարացվում, վերքերը չեն սպիանում: Ժպիտ կեղծ է, հա հա կեղծ է: Երևի հիմա բոլոր լավատեսիկները կքննադատեն, կբացատրեն ինձ, որ դա՜, դա մի հզոր ուժ է, որ կարող է գույն տալ ամեն ինչին, ամենքին, կարող է սիրտը շրջել,որ սխալ բաներ չզգա ու մենակ հիմարի նման ժպտա:
Կեղծ է, ժպիտը կեղծ է: Այդ պահին կեղծ է: Ուրախ մարդուն ասեք "Ժպտա՛": Նա կժպտա ու դու էլ կզգաս դրա անկեղծությունը ու մի փոքր կամ մեծ մաս այդ անկեղծության ուրախության կփոխանցվի քեզ (դա կախված է ուրախ մարդու կամքից):
Իսկ քե՞զ, քեզ ժպիտը փոխե՞լ է, օգնե՞լ