четверг, 1 ноября 2012 г.

Ժամեր, րոպեներ.. չափման նոր միավորներ

Էլի քայլում է, էլի մենակ է: Ու դա երևի լավ է: Նինան ժպտում է, հետո կախում է գլուխը ու թաքցնում արցունքները անծանոթ անցորդներից: Արցունքները հեռանում են, թողնում են միայն դեմքի վրա թաց հետքեր, որոնք արագ քայլերի հետ գոլորշանում են ու դառնում անհետ կորածներ: Ժպիտ..արցունք, էլի ժպիտ... էլի արցունք. այս հաջորդականությունը պատճառ չունի, չունի մեղավորներ ու անմեղներ: Անպատճառ, անիմաստ ու առանց ծագումնաբանության առաջանում են ինչ-որ զգացմունքներ, զգացումներ ու դրանցից ելնելով արվում արարքներ, որոնք էլի չունեն բացատրություններ: Դեռ անգիտակցորեն արված այդ քայլերը նա ապրեցնում է իր պատկերացումներին ու երազանքներին, մտքերին ու պատկերածներին համապատասխան:
Այս անգամ էլ հոգնած ուղեղով դուրս է գալիս 2 ժամ  երևի հետաքրքիր պարապմունքից  ու որոշում ոտքով գնալ տուն: Ինչպես միշտ դանդաղ, ինչպես միշտ լու՜ռ ու երաժշտության կարիք զգալով, որովհետև էլի սովորությանը համաձայն փչացրել էր ականջակալները, որոնք թույլ էին տալիս գոնե մի քանի վայրկյան գտնվել այն աշխարհում, որը ինքդ ես նկարել, գտնվում ես այնտեղ, բայց միայն դու դա գիտես, իսկ անցորդները մտածում են՝ դու էլ իրենց նման հոգնած աշխատանքից կամ դասից տուն ես գնում ու վայրկյաններն ես հաշվում, որ ընկնես փափուկ անկողնու վրա ու մեկ վայրկյան անց արդեն գտնվես երազների գրկում ու այնտեղ տեսնես երանելի հանգստյան օրերը: Այդպես լուռ քայլերը ուղղվեցին դեպի նպատակակետը: Ճանապարհը ծանոթ էր, ամեն մի քարը ուզում էր խոսել, բայց զրուցակից չկար: Ուզում էին բացատրել Նինային, որ չի շարժվում գլխուղեղում տեղակայված ասում են ամենակարևոր օրգաններից մեկի թելադրանքով: Լավ, ինչևէ, նրանք էլ չխոսեցին: Բայց մեկ-մեկ, երբ շուրջը չէր նկատում մարդկային ոչ մի կերպարանք, ինքն էլ էր սկսում պատասխանել կարծես օդից ծնվող հարցերին, որոնք տանջում էին ու մտածելու տեղ չէին թողնում այլ գործերի համար: Մտքերից իրական աշխարհ վերադարձրեց հեռախոսի անսպասելի զանգը:
-Այո? Ահա? Չէ, չեմ կարող: Լավ
Ահա այսքանը: Երևի ամենակարճ խոսակցությունը, որ Նինան կարող էր գծագրել: Անջատում է, փակում ու էլի նույնն մտքերը, բայց այս անգամ չգիտես ինչի արդեն ինչ-որ կոնկրետություն մտցված:
-Գուցե՞ ես սխալ եմ: Գուցե՞ դասերը ու գիտելիքները կարող են մարդուն երջանկացնել: Հահ.. Իհարկե: Ինչ հիմարությու՜ն..
Մտածում էր: Հետո կանգնում, նայում տերևներին, նայում մթնշաղ երկնքին ու նրա համադրությանը դեղնավուն լույսերի, կարմրադեղնավուն տերևների ու արդեն սև լեռների հետ:  Մոտիկ է երևի, բայց օտարություն է փչում, մոտիկ է երևի, բայց չի հասկանում որտեղ է: Թե մի քանի բառ բարձրաձայն ասեր, կլսեին բոլորը, կլսեր աշխարհը ու բոլորը կդառնային թշնամի իրեն: Բոլորը ատելությամբ լի աչքերով կնայեին նրան ու արդեն հրեշտակային վիճակներն էլ չէին փրկի, քանի որ բոլորը լսել էին այդ բառերը: Ինչ կարող է դրանից վատ բան լինել: Լավ, բայց ախր տերևները հատիկ-հատիկ համոզում են ժպտալ ու ախր նրանց համոզելը անարդյունք չի մնում: Ժպիտը կա ու դա լավ է: Երևի ժպիտը ավելի հարմար է ապագայի համար: Չէ-որ Նինայի ներկա բոլոր զգացածները, լացածները ու ուրախացածները ապագային են վերաբերվում: Նա զգում է ապագայի համար, զգացմունքները պատասխանատու են ապագայի համար: Ժամանակից շուտ են արձգանքում ու տեղիք տալիս: Վե՞րջ, կարծես թե նպատակակետը մոտիկ է: Նինան մեղավոր չէ ստացված ու չստացված ժպիտների համար, ստացված ու չստացված արցունքների ու սրտի անհանգիստ շարժումների համար: Նա քայլում է, քանի դեռ ապրում է, ժպտում է, քանի դեռ ապրում է..
Եթե....., ապա....՝ այսինքն....: Ահա և վերջ: Տեղադրեք ինքներդ ձեր ուզած մտքերը ու հասկացեք մի երկու գեղեցիկ բաներ՝ բայց ներկայի համար: