пятница, 26 октября 2012 г.

SOS..

Աչքերը մի կերպ բացում է: Հեռախոսը մի քիչ ուժ գործադրելուց բացվում է: (...) Ինչ? 8:30? Փաստորեն պիտի ամբողջ օրը լաց լինի, որ այդ գիշեր լավ քնի:
-Չէ, գոնե պարապմունքից չուշանամ: Մի հատ էլ այդ առիթով կսկսվի մեղադրանքների տեղատարափը գլխիս թափվել: Ավելի լավ է  արագ հագնվեմ, դուրս գամ:
Ձեռքի տակ ընկած հագուստը հագնում է, վերցնում նախօրոք դասավորած պայուսակը ու խառնված դուրս գալիս: Ճանապարհին նոր նկատում է, որ ոչինչ չի հասցրել անել: Շնչակտուր, հազիվ քայլերը գցելով, կիսաքնած գնում էր Նինան՝ մազերը՝ խառնված, քամուն էին ենթարկվում ու հարվածում դեմքին: Սովորաբար  հագուստի գույները համահունչ են լինում: Այս անգամ բազմազանություն էր նրանց մոտ, հասկանալի էր՝ չէ-որ չի էլ հասկացել՝ ինչ է հագնում: Մի խոսքով կարևոր չէ, թե ինչ էր հագած կիսաքնած Նինան: Աչքերը հազիվ էր բացում. ճանապարհը տեսնել էր պետք: Մի սխալ քայլ և հնարավոր է դեռ թաց քարից ընկներ ու.. Ու՜,  ինչ լավ կլինե՜ր: Եթե անգամ հոգեկան ցավին միանար նաև մարմնականը, միևնույն է, նա իրեն պատժված կզգար: Հենց դա էլ ուզում էր:
Արժանի ապտակ.. Վերջ: Նինան արթուն է: Ուղեղը կամաց-կամաց սթափվում է, վերքը կամաց-կամաց բացվում, ցավը կամաց-կամաց սաստկանում: Գլխիկոր քայլում էր, ականջակալները դրած էին միայն ձևական, սիրելի երաժշտությունը չէր միացրել: Ինչու? Մի պարզ պատճառով. պիտի լսեր նրա ձայնը: Եթե միացներ երաժշտությունը, կարող էր թողնել ձայնային ալիքներին, որ անցնեին կողքովը ու նա չնկատեր նրանց, թողնեի ու գնային, թողնելով էլի մենակ Նինային: Բարձրացրեց գլուխը ու քարացավ: Դիմացը մշուշ էր: Չէր տեսնում ոչինչ: Միայն քարեր ու առաջիկա մի քանի մետրը: Իսկ նա ժպտաց, ժպտաց ուղղակի: Ժպտաց.. Գտավ այդ մշուշը, որ ուղեղում էլ էր, հոգի կոչված անհասկանալի տիրույթում էլ: Սպիտա՜կ մշուշ, որտեղ ոչինչ չի երևում: Չէ-որ ինքն էլ հիմա ոչինչ չէր տեսնում իր առջև, չէր տեսնում մարդկանց, չէր տեսնում իր ապագան, չէր տեսնում իրեն հայելում: Փոխարեն մշուշ էր, մեկ-մեկ ձնախառը մառախուղ, որը նաև սարսուռ է առաջացնում: Ժպտաց... Բայց միթե՞ ժպիտ պիտի առաջանար նորմալ մարդու մոտ, երբ իր առջև փակուղի, անտեսանելի ճանապարհ է գտնում: Դա կեղծ էր, դա շփոթմունքից առաջացած ժպիտ էր, որովհետև շուրջը ամեն ինչ ստիպում էր հիշել այն, ինչ ուղղակի պետք էր մոռանալ, կորցնել այդ նույն մշուշի մեջ: Մշու՜շ, լավ մշուշ, բայց ինչու այնտեղ...
Այնտեղ է ուզում գտնել մի բան, որ կօգնի դուրս գալ այս կծիկից, որի մեջ ընկել է անգիտակցորեն: Ճիշտ Նինան հիմա չգիտի ով է ինքը.. Որքա՜ն ամոթ է: Իջել է նա, ձեռքերը, մտքերը կապկպվել են: Այո կապկպվել, որովհետև չկա մեկը, ով կարող էր այս ամենի հեղինակը լինել: Ինքն է, հենց ինքն է ամեն ինչ արել: Կարծես անջատել է բոլոր զգայարանները, շարժվել ինչ-որ անծանոթ, անհասկանալի ուժի թելադրանքով: Բայց ախր ի՞նչ ուժ է դա, որ ոչ-ոք չգիտի դրա մասին, ոչ-ոք չի կարողանում Նինային օգնել: Մշուշը կշարունակվի.. Սևագրի թղթերի վրա գիշերները կգրի SOS ու քարացած կնայի այդ երեք տառին.. Այդպես էլ կմնան դրանք, որովհետև ինքը չգիտի ով է, ինչ է ուզում, այսինքն չի կարող կծիկը քանդել ու վերադարձնել մի գծով թելի տեսքին: Թվում է օրերը գնում են, շուրջը բոլորը մեծանում են, իսկ ինքը փոքրանում, դառնում մի փոքրիկ աղջնակ, ով դժվարանում է մտածել իր մասին, որովհետև իր մասին քիչ բան գիտի ու ուշադիր լսում է մեծերի ասածներին, որ դրանց մեջ գտնի իրեն:
-Աստված իմ, որտե՞ղ եմ ես: Հոգնել եմ ինքս իմ հետ խոսելուց ու ավելի խճճվելուց: Գոնե դու մի բան ասա, գոնե մի ուղի ցույց տուր: Գիտեմ ամեն անգամ քեզ եմ խնդրում, որ ձեռքիցս բռնես ու տանես դեպի լույս: Երևի հոգնել ես արդեն այդ ճանապարհից, ուզում ես մի քիչ էլ մթության ճանապարհը ցույց տալ: Չեմ ուզում.. Պետք չի: Արդեն գնացել եմ այդ ճանապարհով: Պատմությանս էջերը թերթիր ու էլի ձեռքս բռնիր ու էլի տար դեպի լույս..