среда, 17 октября 2012 г.

Երբ ոչինչ չկար..

Ու երբ ոչինչ չկար, լույսեր չկային, գույներ կային, բայց մռայլ էին, սառը:  Երբ աչքերը փակելիս բանաձևեր ու օրվա դեպքեր-դեմքերն էին պատկերվում: Երբ քաղցր խոսքերը ասվում էին պահի դրդմամբ ու դրանք հաջորդ պահին կարող էին վերածվել հեգնական տառակույտի: Ու երբ միայնակ քայլելը, դադաղ քայլեր դնելով, կարող էր տևել ժամեր` երաժշտության որակից ու տեմպից կախված: Երբ ամենօրյա անելիքները արդեն իմաստազրկվել էին, գույները կորցրել: Երբ թվում էր, դիտորդությունը հավերժական դեր է: Երբ խոսել ուրիշների սխալների մասին այնքան հեշտ էր, քննադատելը դրանք` ավելի քան: Երբ հասարակության կարծիքի վրա ուղղակի թքած ունեիր ու ինքդ էլ այդ կարծիքը ձևավորող էիր: Երբ թաց աչքերով կետերը ծիծաղելի էին թվում ու դառնում ծաղրելու առարկաներ: Երբ աչքերդ թաց էին` բայց միայն տանջող հարբուխից: Երբ մարդիկ հրեշտակի "աբադոկներով" էին շրջում ամենուր ու նայում իրար ինչպես պոտենցիալ թշնամի:
Ու երբ ոչինչ չկար, չկային հոմոլոգ թեմաները, չկային կեղծ հավատարիմները, չկային թեթևակի ընկերները ու լուռ ժպիտները:  Դանդա~ղ, շա~տ դանդաղ քայլում եմ, չեմ ուզում ոչ մեկի խանգարել, ուզում եմ միայն քայլել` դանդա~ղ, շա~տ դանդաղ, աչքերս փակել ու զգալ անձրևի սառնությունը, պատկերացնել դրան հետևող հարբուխային հետևանքները: Քայլել, դանդաղ քայլել, շա~տ դանդաղ
Ու թե որոշես դու էլ քայլել, դանդաղ քայլել,  շա~տ դանդաղ քայլել, միացրու խնդրում եմ երաժշտությունը, դաղդաղ, շա~տ դանդաղ երաժշտությունը..
Չմոռանաս լռել, կամ էլ խոսել լուռ, առանց ցավեցնելու, առանց աղմուկի
Երբ ոչինչ չկար,  կար ամեն ինչ, բացի..