вторник, 8 января 2013 г.

Իրականություն..

Գիշերը մտածել էի արդեն, թե ինչ պիտի անեմ: Նույնիսկ, թե երբ պիտի ժպտամ, երբ պիտի աչքերս փակեմ ու կորչեմ իրականության քաղցր գույների մեջ: Երաժշտությունը, որը պիտի կանգ առներ այդ պահին, քայլերս, որոնք պիտի դադարեին առաջ գնալ: Ամեն ինչ, ամեն ամեն ինչ.. Բայց լույսը բացվեց, արևը հեգնական ժպտաց, ամպերը քամի խոստացան:
Դատարկություն, միայն դրանով էի լցված: Միևնույն է, չհանձնվեցի
Գնացի, քայլերս ուղղեցի դեպի վերև, դեպի լույս, դեպի քամի: Ժպտում էի հիմարի նման, ժպտում էի կողքս նստած ագռավին, որը հետևում էր օդերում թռվռող իր ընկերուհուն: Երաժշտության ամեն մի հնչյունը ավելի էր քաղցրացնում ժպիտս: Դատարկություն էի գովերքում, փառաբանում:
-Ինչու՞ ես նորից այստեղ եկել: Մի ամիս առաջ այստեղ եկար արցունքն աչքերիդ: Ցուրտ էր այն ժամանակ, էլի քամի, բայց արցունքներիդ մեջ հույս կար: Իսկ հիմա՞
-Ինչու՞ եմ եկել.. Գիշերը որոշեցի, որ այստեղի կարիքն ունեմ: Հասկացա, որ այդ օդը պետք է ապրելու համար: Հասկացա, որ այս պատկերը կյանքիս բոլոր պահերին պիտի տեսնեմ: Այն օրը, հա այն օրը մենք միասին էինք նայում այնտեղ, հիմա ես մենակ եմ իմ զույգ աչքերի հետ:
-Բայց այս ամենը քեզ ցավ է պատճառում: Սխալ է այստեղ գալը:
-Սխալ չէ: Ես այստեղ ինձ պաշտպանված եմ զգում: Երբ այս շենքերը, շարժվող մեքենաները, խաչվող փողոցները կամ գլխիկոր քայլող մարդկանց տեսնում եմ իրար հետ: Հասկանում եմ, որ շատ փողոցներ դեռ պիտի խաչվեն իմ կյանքում: Ու ժպտում եմ, երևի հիմար եմ, չգիտեմ: Դու ինչու՞ ես այստեղ:
-Տե'ս, օդում թռվռում է, աչքերը փայլում են, որովհետև իմ կողքին է: Իմ լիարժեք կեսն է, ծանոթացիր: Ճիշտ է մեզ ագռավ են ասում, բայց մենք էլ ենք կարողանում զգալ, ժպտալ կամ թեկուզ սիրել:
-Գիտեմ: Ինձ թվում է անշունչ առարկաներն էլ են սիրում: Օրինակ իմ կապույտ գրիչը ոնց որ թե անտարբեր չէ կարմիրի նկատմամբ: Առանձին կիսատ են:
-Հա, ինչ է, դու չգիտեի՞ր: Դա շնչելու կամ էլլ ուտելու նման է: Լինում են չէ պահեր, երբ չես ցանկանում ուտել կամ մոռանում ես ուղղակի: Սիրելն էլ է այդպես, դատարկության պահերը հենց այդ ժամանակն է, երբ ուղղակի մոռանում ես կամ էլ ցանկանում ես մոռանալ: Գալիս է մի պահ, երբ քաղցը տանջում է արդեն ու հիշում ես ուտելու մասին: Հասկացիր, կգա մի պահ, երբ կհիշես ներսումդ ապրող սիրո մասին
-Չեմ ուզում հիշել, երբեք: Կամ էլ, թող նոր ու քաղցր իրականությունը հիշեցնի մոռացվածի մասին: Արդեն ուշ է ու ոնց որ մրսում եմ: Դու էլ գնա, նա քեզ սպասում է, փորձիր չնեղացնել նրան երբեք, նա արժանի չէ: Երգերս  ինձ են սպասում: Հաջողություն, չգիտեմ մյուս անգամ, երբ կգամ...
-Գնա ու միշտ ժպտա..

суббота, 5 января 2013 г.

Երեսով դեպի պատը..

Գլուխդ բարձին ես դնում ու սկսում է զրույցը պատից քեզ նայող մորուքավոր, բարի աչքերով ծերունու հետ, որին դու Աստված ես ասում:
-Այսօրն էլ անցավ Աստված ջան: Ի՞նչ ես ուզում, որ պատմեմ: Թե ինչպե՞ս անցավ օրս, թե ի՞նչ լավ մարդկանց հանդիպեցի ու թե ինչքա՞ն բարի էին նրանք կամ թե ինչքա՞ն ժպիտ պարգևեց ինձ այս օրը: Չէ, կներես, բայց ասելու բան չունեմ: Քեզ պետք է լսել, չէ՞ : Լսեցի, լսեցի ինչ էիր ասում, հետո՞:  Կարծես թե հավատս կորցնում եմ, գիտես: Այն ժամանակ այնքան էի քեզ հավատում, որ աչքերս բացում էի, երկնքին էի նայում, որը դեռ կապույտ էր ու արև էր իր մեջ պարունակում, բարի լույս առաջինը քեզ էի մաղթում, լավ օր էի ցանկանում երկուսիս էլ, հետո նոր տեղիցս վեր կենում:
Էսպես մի երկու բան ես ասում Աստծուն, որին պատկերացնում ես պատից քեզ նայող: Հետո սկսում ես գնալ անցյալ, վերադառնում ես ներկա, հասկանում ներկայի քաղցրությունը, որը ունի դառը երանգներ:
Զգում ես, որ մեջքի վրա անհարմար է ու ինչ էլ ասես Ատծուն մեկ է, նա իր որոշումները հետ չի վերցնելու ու ապագադ ավելի վատն է լինելու: Ու շրջվում ես կողքի վրա, ցանկալի է ձախ, որովհետև դեռ չես մոռացել աջ ուսիդ նստած հրեշտակի մասին, որին չէիր ուզի ճզմել,  չնայած, որ նրան լսելու պատճառով էլ է, որ հիմա էս օրի ես: Շրջվում ես, կծկվում ու դեռ երկու ժամ էլ արթուն ես` երեսով դեպի պատը...

четверг, 3 января 2013 г.

Տաք քամու հետ..

- Մի գոռա վրաս, ես  ընդամենը օգնել եմ նրան, իսկ էդտեղ վատ բան չկա
- Օգնել ես? Ա~խ, Լիլի, դու ոնց որ երեխա լինես: Դու օգնել ես նրան, ով քեզ ցավ է պատճառել, ում պատճառով դու օրերով չէիր խոսում, չէիր ուտում ու միայն քնելով էիր կարողանում հանգստանալ ու հիմա եկել ասում ես, որ օգնել ես այդ ահավոր մարդուն?
-Ախր, Գո~ռ, հասկացիր, ես այլ ելք չունեի: Ես մարդ եմ ու նա էլ իմ նման մարդ է: Այդ պահին նա իմ օգնության կարիքն ուներ ու ես չէի կարող անտարբեր անցնեի կարիքավոր մարդու կողքով` հասկանալով, որ ինձնից կարող է կախված լինել մեկի ժպիտը, մեկի առողջությունը կամ ուրախությունը
-Բոլորս վախեցել էինք, երբ իմացանք նրա հետ ես
-Գիտեմ, կներեք ինձ, դու իմ լավ ընկերն ես ու գիտես, որ չեմ ուզում քեզ այսպես նյարդային տեսնել: Դե~, ժպտա~, ընդհանրապես ջղայնանալու առիթ չկա, լավ? հավատա ինձ
-Լավ, բայց խոստացիր, որ էլ էդպիսի բան չես անի: Հասկացիր, ամեն ինչ վերջացած է ու դու ոչինչ չես կարող անել, ինչ եղել է, պետք է մոռանաս ու շարունակես ժպտալ, ծիծաղել ու ծաղրել: Մի խոսքով դու պարտավորես կյանքը վայելել, այլ ոչ թե այն հազիվհազ կրել ուսերիդ ու սրտիդ վրա:
Լիլիի ամենամոտ մարդը մայրիկից հետո Գոռն էր` նրա  ամենամոտ ընկերը: Գոռը սովորում էր քոլեջում, որը գտնվում էր Լիլիի դպրոցից ոչ հեռու: Երբ հարմար էր լինում նրանք միասին էին գնում տուն, իսկ այդ երբը համարյա ամեն օր էր լինում: Լիլիենց տունը ավելի հեռու էր ու դեռ երկար ճանապարհ էր մնում նրան անցնելու միայնակ: Դե պարզ է նա միայնակ իրեն չէր թողնի: Երաժշտությունը նրա մենության ու դատարկ ճանապարհի լավագույն ընկերն էր: Հեռախոսի մեջ "լցոնած" երգերն էլ անիմաստ չէին, ամեն մեկը մի պամտություն, ամեն մեկը մի էջ էր, ամեն մեկը մի բառակույտ էր ու երկու զույգ աչքեր էին: Գոռին նա վստահում էր ամեն ինչ, նույնիսկ իր վատ արարքները, չնայած որ դրանք շատ քիչ էին: Իմաստ չէր գտնում ինչ-որ մեկին վատություն անելու մեջ, դրանից մենակ վատ լիցքեր էր ստանում: Անկախ իրենից ժպտում էր ու հիմարի նման ժպտում: Միասին գժություններ էին անում: Լիլին եղբայր, քույր չուներ և Գոռը նրա համար ամեն ինչ էր. եղբայր, քույր, հորեղբայր, հորաքույր և այլն: Գոռը գիտեր Լիլիի կյանքի բոլոր մանրամասները ու երբեք նրան չէր արգելում ոչինչ, թողնում էր, որ զգա ցավը, փորձի դիմացինին, զգա խաբվելու համը: Ու զգաց, համտեսեց ու ցավեց:
Այս անգամ էլ, Լիլին ու Գոռը թեթև գժտվելուց հետո բարձրացան իրենց սիրելի վայրը ու սկսեցին երգել: Երգում էին աչքերը փակ ու ինքնամոռաց, մի շիշ գինին ձեռքներին.. Դե գնա, դե գնա, կհիշես էլ քո ժպիտը քո, հայացքը իմ: Կար ժամանակ, երբ իմ երազն էիր կարծես: Դառնում էիր հուր ու բոցկլտում կյանքով: Դե գնա..
Այս տողերը եղան վերջինը  և երկու գժերը էլ  փակեցին աչքերը գարնանային տաք քամու հետ..


понедельник, 31 декабря 2012 г.

Նոր պատմություն նոր մեկի մասին..

Ամենօրյա վազվզոցներ՝ մի տեղից մի տեղ, համահունչ հագուստ՝ եվրոպական նուրբ ոճով, կարճ, թեթև  սև մազեր, միշտ մեկին որոնող հայացք, անփույթ քայլեր ու անկանոն դեմք.. Երևի այսքանով կարելի էր նկարագրել մի հասարակ, ոչ լրիվ, բայց քաղցր ընտանիքում ապրող աղջկան, որին մարդիկ անվանում էին Լիլի:
Լիլին անկայուն էր, հանկարծակի, հանգիստ ու հավերժ մտածող: Կողքից նայողները և ընկերները հաճախ էին նրան ասում, որ թվում է, թե նա նույնիսկ քնած ժամանակ է մտածում, ամեն պահի, ամեն տեղ, ամենքի մոտ: Իր ազատ պահվածքին զուգահեռ ուներ մի կախվածություն, որից տարիներ շարունակ փորձում էր ազատվել. հլը որ չէր ստացվում: Կախված էր ամուր, լավ սնուցվող մազի ծայրից, որի երկայնքով գրված էին ուրիշների կարծիքները, խոսքերը, արարքները: Այն շատ հանգիստ կարող էր կտրվել մկրատի մեկ կտրոցով, բայց դե կտրողը հենց ինքը պիտի լիներ, իսկ ինքն էլ ժամանակի հետ ավելի էր կապկպվում այդ կարծիքներով ու ավելի հեռանում  արմատից, որտեղից պիտի հարվածեր մկրատը: 
Թքած ուներ սիրո մասին ասվածքների վրա, թքած ուներ սիրուց տոչորվող աղջիկների վրա, որովհետև չէր հասկանում  այդ "սեր" ասվածի իմաստը, բնույթը ու ազդեցությունը: Բայց տարօրինակը այն էր, որ ինքն էլ շարժվում էր դրա բրդմամբ ու ուղղորդմամբ: Սիրում էր "մարդ" ասվածներին, չնայած, որ շրջապատում անընդհատ ենթարկվում էր վերջիններիս ծաղրանքին: Բնավորության համաձայն գլուխը կախում էր ու հեռանում այդ "սիրելի" միջավայրից: 
Լիլիի ներսում ապրում էին մի քանի "ես"-եր: Նրանք տարբեր էին, բայց ունեին մի ընդհանրություն, որը անփոփոխ էր բոլորի մոտ. բոլորի մոտ առկա էր բարություն ասված մի զգացմունքը, որը տածում էր նա բոլորի հանդեպ, չնայած այդ բոլորի վերաբերմունքին: Մի խոսքով դա մի անբացատրելի բարություն էր, որ Լիլիի կարծիքով պիտի հաղթեր բոլոր-բոլորի չարությանը ու տիրեր բարություն աշխարհ կոչված կլոր գնդում: 
-Խնդրում եմ, կողմնորոշվի ինչ ես ուզում: Աստված իմ, օգնիր կարգի բերել մտքերս, - այս խոսքերն էր գրեթե ամեն օր արտասանում Լիլին, երբ մենակ քայլում էր և կողքին մարդ չկար, ով կլսեր իր խնդրանքը ինքն իրեն, Աստծուն: Իսկ եթե մենակ լինել չէր ստացվում,  բարձացնում էր գլուխը, հառում աչքերը առաստաղին, իսկ եթե հաջողվում էր՝ երկնքին ու տեսնելով այնտեղ մի բարի կերպարի, երկու զույգ բարի աչքեր՝ մտքում արտասանում այդ բառերը: 
Այնպես էր ստացվում, որ նա զգում էր կատարվելիքը: Նրա վախերը արդարցված էին, ժպիտը ու անհասկանալի երջանկությունը՝ նույնպես: Բայց այդ անհասկանալի երջանկությունները տարօրինակ կարճ էին տևում ու թվում էր, թե չկա ուրախություն, չկա ժպիտ, չկա մաքրություն մարդկանց մեջ ու երևի միակ տեղը, որտեղ նա գտնվում էր այդ կեղտից հեռու, դա ականջակալներով պաշտպանված, երաժշտության աշխարհն էր, որի ներքո արվում էին պարային հասկանալի կամ մեկ-մեկ անհասկանալի հոգուց բխող շարժումները, որոնք Լիլիի մոտ այնքան էլ լավ չէին ստացվում՝ իր կարծիքով: Բայց այդ աշխարհը մեկ վայրկյանում անհետանում էր, երբ հիշում էր, որ երաժշտության աշխարհը ստեղծված է այդ նույն մարդ ասվածի կողմից: Ու այդ պահին էլ կրկին, նորից, ևս մեկ անգամ զգում էր այն անպատասխան մեծագույն սերը, որ պահում էր դեռ շա՜տ փոքր իր սրտում (եթե իհարկե այն սրտում է ապրում) .. 

среда, 26 декабря 2012 г.

Ժպտացող դատարկություն..

Ու բացեց աչքերը մի օր Նինան. ուրիշ էր այդ օրը, դատարկ էր այդ օրը: Բայց դա այն դատարկությունն էր, որը անմտության աստիճան ուրախացնում էր: Հիշում էր ամենը, վերապրել կարող էր, բայց այդ դատարկությունը ուղղակի այդ ապրումներին տեղ չէր տալիս: Այն ամենը, ինչ երեկ մի կյանք արժեր, այն ամենը, ինչի համար կթողներ ամեն ինչ, այսօր լոկ տողեր էին, շատ տողեր, որոնք էջեր, տետրեր ու նույնիսկ n թվով հատորյակներից մեկը կկազմեր, որ ուղղակի կոչվում է "Անցյալ" :
Մի ժպիտ կար դեռ, բայց միայն մնացորդային ժպիտ, որ ուղղում էին միմյանց: Լուկայի համար դա արդեն նշանակություն չուներ: Նինայի վախերը հիմա իրականություն էին դարձել: Ամեն ինչ շատ հանգիստ, թեթև ու անցավ էր թվում, բայց երբ կողքին մեկը չէր լինում, երբ ձեռքին շեղող մի զբաղմունք չէր լինում, ներկան խառնվում էր անցյալի հետ ու ժամանակավոր կարգ ու կանոնը ցրվում էր ու էլի վերածվում ինչու-ներից ու բայց-երից կազմված մի քաոս-կծիկի: Ամեն ինչ թեթև պիտի տանել և ժպիտով, լսում ես?
Մարդիկ շարունակում են ժպտալ հոգեկան մեծ ցավ սրտում ու դա ուղղակի պետք է արտապատկերել սեփական օրինակով: Թքած ամենքի ու ամեն ինչի վրա: Վատն այն է, որ մեկի համար դարձար խաբելու առարկա, դարձար մի մեծ սխալ, որ նա թույլ տվեց իր կյանքում: Չէր ուզում Նինան սխալի տեսքով մնալ մեկի հիշողություններում:
-Դու հիմա երևի չես հասկանում, որ քո հետ խոսում եմ, չես լսում: Դու տեղյակ էլ չես, որ նայելով քեզ աչքերս չեն ուզում փակվել, որ այդ երկու վայրկյանն էլ կարողանամ նայել քեզ, խորանալ աչքերիդ մեջ, գտնել այնտեղ բառեր ու.. Ու գտնել բառեր ու փախչել այդ բառերից, չհասկանալ այդ բառերը ինչի համար են, ինչի պատասխանն են: Գիտե՞ս` չէի ուզի այսպես լիներ, բայց ես դեռ փոքր եմ պայքարելու համար, դեռ փոքր եմ իմ կարողություններից ավել բան ուզելու կամ պահանջելու համար: Չեմ ուզում մեղադրել: Երևի այսպես պիտի լինի, երևի մարդ պիտի կոփվի, երևի  պիտի-ները շատ կլինեն ու երևի մի օր հանդիպենք: Երևի այդ օրը մենակ չենք լինի ու ինչպես դու էիր ասում, կնայենք իրար ու լուռ կանցնենք միմյանց կողքով` մեր "սիրելի" ձեռքը բռնած: Չեմ պատկերացնում այդ օրը գիտես: Երբ չեմ կարողանում տեսնել այդ պատկերը, դա իրականություն չի դառնում: Երևի.. Բայց  գիտե՞ս, ավելի եմ թաքցրել սիրտս, ավելի գաղտնի տեղ եմ պահել այն, որ քո նման հեշտ չվերցնեն, պահել եմ` դեռ վիրավոր: Գիտեմ, հիմա նա կա կամ չկա, համենայն դեպս արտաքինից այդպես ես ցույց տալիս: Անկեղծ չեմ հասկանում, բայց ուրախ եմ քո համար, կներես ձեր համար: Դու միայն ժպտա, թող տեսնեմ ժպիտդ: Էլ ուրիշ ի՞նչ կարող եմ անկնալել..Ժպտա, լցրու իմ դատարկությունը: Տե'ս, ժպտում է դատարկությունս..
Նինան սովորական իր առօրյայով էր ապրում, շարժվում: Զգում էր, որ աստիճանաբար փոխվում է: Մեկ-մեկ իր արարքներում ու ասվածքներում չէր ճանաչում իրեն: Օտար էր ինքն իր համար: Երբ մենակ էր մնում որոշում էր, որ էլ չի խոսելու ոչ-մեկի հետ, որոշում էր չարանալ, հետո հասկանում էր, որ անիմաստ է ու էլի ընկնում այդ հոգեկան անկշռելիության մեջ: Ոտքը դնում էր արդեն սառցակալած գետնին, ընկնում, հարվածում, զգում ցավը ու ժպտում, ժպտում մենակությունից: Ոտքի տակ գետին էր, ձյուն էր, սառույց էր, ցեխ էր կամ ուղղակի չոր հող. չէր զգում: Նրա համար տիեզերք էր, ծանրության ուժը հավասարվել էր 0-ի ու  չէր ձգում դեպի երկիր, գետին ու կայունություն: Միամտություն արդեն ծայրաստիճան էր դարձել, լսում էր ամենքին, ենթարկվում: Իսկ հիմա ընբոստանում էր, կարծես թե կորցնելու բան չուներ ինչ էլ աներ: Երևի չէր զգում ոչ-ոք, երևի չի զգա նա նույնպես, բայց Նինան փոխվել էր: Անփոփոխ էին նրա միաամտությունը մարդ կոչվածի հանդեպ, նրա մանկական լույսը, որ պահել էր անլույս մանկությունից ապագայի համար: Տեսնես, ե՞րբ կգա այդ օրը, պահը, որ լույսը ազատություն կստանա ու կլուսավորի նրան... 

пятница, 21 декабря 2012 г.

Սեփական սահմանններ ու գույներ ստեղծելու ժամանակը..


 Աչքերը հուշում էին: Դու լռեցիր, երևի հավետ: Բառերը արդեն  իրենք էին խոսում, իրենք բացատրում անհասկացողիս: Պետք է ինչ-որ բան անել` կողքինս ասաց: Ինչ տարբերակ ունեմ ուրիշ? Ոչ-մի, պիտի անեմ, միևնույն է չեմ զգում: Մի ժամանակ ներսումս փոթորկվում էի, որ փորձում էին կառավարել, փորձում էին ցույց տալ անելիքս, բայց հիմա միևնույն է արդեն, չէ-որ արդեն մտքերս էլ կառավարվում են: Դա ես չեմ, սա կեղծ է: Ես դեռ փոքր եմ հոգնելու համար: Պիտի թռվռամ, երգեմ, պարեմ, ծիծաղեմ` թեկուզ ամեն հիմար բանի վրա: Պետք է: Ոչինչ չեմ զգացել, չեմ զգում ու չեմ էլ զգա, այդպես ավելի ձեռնտու է: Երբ ոչ-մեկից կախված չես, երբ ոչ-մեկի ինչ-որ բան համոզել պետք չէ, երբ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, երբ քո "ես"-ը գլխավորն է, բայց ինքդ էլ զզվում ես դրանից:
Գիտես, որ չեմ խառնվի, գիտես, որ չեմ խցկվի, գիտես, որ կլռեմ: Մարդ չպիտի մնա միևնույն կետում` այն դեպքում, երբ կետը արդեն ուրիշ հարթությանն է պատկանում: Դու  մտածեցիր, դու որոշեցիր ու քննարկեցիր քո "ես"-ն ասաց, դու էլ արեցիր: Դե ինչ, ես ինչ, կամ մենք ինչ:
Ես չգիտեմ, այլևս ոչինչ չգիտեմ: Էլ չգիտեմ, չեմ զգում, չեմ մտածում, քնել է ամեն ինչ: Ձյան հետ լռել է ամեն ինչ: Մեկ-մեկ փափուկ ձյան տակից գաղտնագողի նայում է մեկը ու կարոտով իր անցյալի էջերը թերթում: Բայց մրսում է ներկայում ու էլի անցնում ձյան տակ` քնում, այնտեղ տաք է, այնտեղ չկա ոչինչ` միայնակ լռություն, հանգստություն ու ձյուն իր սպիտակ շողերով:  Երանի չհասկանայի, անգիտակցաբար փակեի աչքերս ու ջնջեի ուղեղիցս ամեն ինչ: Մարդ պիտի մի քիչ դեբիլ լինի, որ  չհասկանա որոշ բաներ: Չհասկանալը ձեռնտու է:
Ես փոխվում եմ, բայց չգիտեմ ինչի համար: Երևի, որ  ներկա պահին ձեռնտու չի "ես"-ս: Ես հիմա ուրիշ եմ: Մտածեք ինչ ուզում եք, հասկացեք ինչ ուզում եք, ընդունեք ինչպես ուզում եք: Ես եմ գծում իմ սահմանները ու որոշում այն գույները, որոնցով պիտի լցված լինի կյանքս, օրս ու ես: Իսկ լույսն ու ժպիտը միշտ չէ, որ կախված է արևից կամ լույսի լամպից կամ էլ դեմքի մկանների աշխատանքից: Ժպիտն ու լույսը կարող են ներսում լինել, աչքերում լինել, շարժումներում լինել...
Ասում են բլոգը էլեկտրոնային օրագրի նման մի բան է: Ահա, ուրեմն այսօր այսքան տողերն անցան օրագրի հասանելի մաս ;) Ժպիտը չի փրկի աշխարհը, մարդը կփրկի իր փչացրած աշխարհը