суббота, 5 января 2013 г.

Երեսով դեպի պատը..

Գլուխդ բարձին ես դնում ու սկսում է զրույցը պատից քեզ նայող մորուքավոր, բարի աչքերով ծերունու հետ, որին դու Աստված ես ասում:
-Այսօրն էլ անցավ Աստված ջան: Ի՞նչ ես ուզում, որ պատմեմ: Թե ինչպե՞ս անցավ օրս, թե ի՞նչ լավ մարդկանց հանդիպեցի ու թե ինչքա՞ն բարի էին նրանք կամ թե ինչքա՞ն ժպիտ պարգևեց ինձ այս օրը: Չէ, կներես, բայց ասելու բան չունեմ: Քեզ պետք է լսել, չէ՞ : Լսեցի, լսեցի ինչ էիր ասում, հետո՞:  Կարծես թե հավատս կորցնում եմ, գիտես: Այն ժամանակ այնքան էի քեզ հավատում, որ աչքերս բացում էի, երկնքին էի նայում, որը դեռ կապույտ էր ու արև էր իր մեջ պարունակում, բարի լույս առաջինը քեզ էի մաղթում, լավ օր էի ցանկանում երկուսիս էլ, հետո նոր տեղիցս վեր կենում:
Էսպես մի երկու բան ես ասում Աստծուն, որին պատկերացնում ես պատից քեզ նայող: Հետո սկսում ես գնալ անցյալ, վերադառնում ես ներկա, հասկանում ներկայի քաղցրությունը, որը ունի դառը երանգներ:
Զգում ես, որ մեջքի վրա անհարմար է ու ինչ էլ ասես Ատծուն մեկ է, նա իր որոշումները հետ չի վերցնելու ու ապագադ ավելի վատն է լինելու: Ու շրջվում ես կողքի վրա, ցանկալի է ձախ, որովհետև դեռ չես մոռացել աջ ուսիդ նստած հրեշտակի մասին, որին չէիր ուզի ճզմել,  չնայած, որ նրան լսելու պատճառով էլ է, որ հիմա էս օրի ես: Շրջվում ես, կծկվում ու դեռ երկու ժամ էլ արթուն ես` երեսով դեպի պատը...