вторник, 8 января 2013 г.

Իրականություն..

Գիշերը մտածել էի արդեն, թե ինչ պիտի անեմ: Նույնիսկ, թե երբ պիտի ժպտամ, երբ պիտի աչքերս փակեմ ու կորչեմ իրականության քաղցր գույների մեջ: Երաժշտությունը, որը պիտի կանգ առներ այդ պահին, քայլերս, որոնք պիտի դադարեին առաջ գնալ: Ամեն ինչ, ամեն ամեն ինչ.. Բայց լույսը բացվեց, արևը հեգնական ժպտաց, ամպերը քամի խոստացան:
Դատարկություն, միայն դրանով էի լցված: Միևնույն է, չհանձնվեցի
Գնացի, քայլերս ուղղեցի դեպի վերև, դեպի լույս, դեպի քամի: Ժպտում էի հիմարի նման, ժպտում էի կողքս նստած ագռավին, որը հետևում էր օդերում թռվռող իր ընկերուհուն: Երաժշտության ամեն մի հնչյունը ավելի էր քաղցրացնում ժպիտս: Դատարկություն էի գովերքում, փառաբանում:
-Ինչու՞ ես նորից այստեղ եկել: Մի ամիս առաջ այստեղ եկար արցունքն աչքերիդ: Ցուրտ էր այն ժամանակ, էլի քամի, բայց արցունքներիդ մեջ հույս կար: Իսկ հիմա՞
-Ինչու՞ եմ եկել.. Գիշերը որոշեցի, որ այստեղի կարիքն ունեմ: Հասկացա, որ այդ օդը պետք է ապրելու համար: Հասկացա, որ այս պատկերը կյանքիս բոլոր պահերին պիտի տեսնեմ: Այն օրը, հա այն օրը մենք միասին էինք նայում այնտեղ, հիմա ես մենակ եմ իմ զույգ աչքերի հետ:
-Բայց այս ամենը քեզ ցավ է պատճառում: Սխալ է այստեղ գալը:
-Սխալ չէ: Ես այստեղ ինձ պաշտպանված եմ զգում: Երբ այս շենքերը, շարժվող մեքենաները, խաչվող փողոցները կամ գլխիկոր քայլող մարդկանց տեսնում եմ իրար հետ: Հասկանում եմ, որ շատ փողոցներ դեռ պիտի խաչվեն իմ կյանքում: Ու ժպտում եմ, երևի հիմար եմ, չգիտեմ: Դու ինչու՞ ես այստեղ:
-Տե'ս, օդում թռվռում է, աչքերը փայլում են, որովհետև իմ կողքին է: Իմ լիարժեք կեսն է, ծանոթացիր: Ճիշտ է մեզ ագռավ են ասում, բայց մենք էլ ենք կարողանում զգալ, ժպտալ կամ թեկուզ սիրել:
-Գիտեմ: Ինձ թվում է անշունչ առարկաներն էլ են սիրում: Օրինակ իմ կապույտ գրիչը ոնց որ թե անտարբեր չէ կարմիրի նկատմամբ: Առանձին կիսատ են:
-Հա, ինչ է, դու չգիտեի՞ր: Դա շնչելու կամ էլլ ուտելու նման է: Լինում են չէ պահեր, երբ չես ցանկանում ուտել կամ մոռանում ես ուղղակի: Սիրելն էլ է այդպես, դատարկության պահերը հենց այդ ժամանակն է, երբ ուղղակի մոռանում ես կամ էլ ցանկանում ես մոռանալ: Գալիս է մի պահ, երբ քաղցը տանջում է արդեն ու հիշում ես ուտելու մասին: Հասկացիր, կգա մի պահ, երբ կհիշես ներսումդ ապրող սիրո մասին
-Չեմ ուզում հիշել, երբեք: Կամ էլ, թող նոր ու քաղցր իրականությունը հիշեցնի մոռացվածի մասին: Արդեն ուշ է ու ոնց որ մրսում եմ: Դու էլ գնա, նա քեզ սպասում է, փորձիր չնեղացնել նրան երբեք, նա արժանի չէ: Երգերս  ինձ են սպասում: Հաջողություն, չգիտեմ մյուս անգամ, երբ կգամ...
-Գնա ու միշտ ժպտա..