четверг, 16 мая 2013 г.

Սոված շների օրերից..

"Առաջիկա մի քանի օրերին սպասվում են տեղումներ` անձրևների և կարկուտների տեսքով..", - հաղորդեց  եղանակի տեսություն  վարող ժպադեմ աղջիկը:

Կենտրոնական փողոցի վրա իրար կողք շարված մթերային խանութներից մեկում անգործ
նստած էր խանութի արևածաղիկից անխնա օգտվող վաճառողուհին: Առանց աչքերը հեռուստացույցի էկրանից շեղելու  հաստատուն պարբերությամբ  "չռթում" էր արևածաղիկի հատիկները, մտնող-գնացողին տալիս էր մի տուփ ծխախոտը կամ էլ մի հատ թթվասեր, մի հատ հաց զույգը ու էլի անցնում իր հիմնական գործին` արևածաղիկի սպառմանը և սերիալախառը լուրերին հետևելը: Դատարկությունը բացատրվում էր մեկ բանով. դուրսը անձրև էր գալիս` իր խշշոցով ու տկտկոցով: Անձրևից ծեծվող փողոցներով մեկ վազում էր, մեկ դանդաղ քայլում ցրտից ու անձրևից սրսռթացնող մի շուն: Թրջվել էր մինչև ոսկորները, ինչ-որ բան անելու անկարողությունից իր կողմից չսիրված կատվի մլավոցներ էր արձակում: Չգիտեր ինչ աներ..
Անձրևի սառը կաթիլները  հարվածում էին անընդհատ, խանութի կամ ինչ-որ շենքի ծածկի տակ էր մտնում, բայց էդտեղ էլ մարդիկ էին պատսպարվում: Ոնց կլիներ իրենց հետ մի կենդանի էակ էլ պաշտպանվեր անձրևից: Լույս է տեսնում ու կամաց արագացող քայլերով մոտենում դրան: Խանութներն էին, որոնցից շատերը արդեն փակ էին: Մոտեցավ, առջևի ոտքերը դրեց աստիճանների վրա ու թաց աչքերով երկար ժամանակ նայում էր այդ լուսավոր, տաք, ուտելիքներով ու մսի կտորներով լի աշխարհը, որտեղ չկար այդ չար անձրևը, չկար սառը քամին: Մի քայլ էլ առաջ ու հնարավոր է նա մտնի այդ աշխարհ: Մեկ աստիճան էլ բարձր ու..
- Յա յա յա, եկել, մտել էս խանութս, որ ի՞նչ անես: Գնացիր էստեղից, կեղտոտ շուն, - բարկացած ձայնով ու կտրուկ շարժումներով քշեց շանը արևածաղիկ "չռթող"  մեծածավալ կինը:
Նա էլի դրսում էր, էլի անձրևի տակ, որը պիտի շարունակվեր դեռ մի քանի օր էլ ու Աստված գիտի ինչքան գիտի կենդանի կմնա մինչև արևի գալը, թե կսատկի մի էսպիսի օր` ցրտից, սառը անձրևից ու սովից...

четверг, 18 апреля 2013 г.

No comment!

Տարիներ, ամիսներ, շաբաթներ, հետո օրեր, ժամեր, րոպեներ ու միլիոնավոր վայրկյաններ..
Անցել էր մոտավորապես այսքան ժամանակ:
Անգույն դասերից հետո, հակառակի պես գունավոր գրքերը արդեն "թոշակ" պահանջող պայուսակը խցկեց, լսարանի սեղանների վրայի փորագրությունները ուսումնասիրեց ու ոչ մի հետաքրքիր բան չգտնելով` վրան գցեց գարնանային կամ աշնանային վերարկուն ու լսարանի 4 պատերին` կիվիճից գունափոխված գրատախտակի, դաժան գրիչների, մեխերի կամ մկրատ-դանակներին զոհ գնացած սեղանների ու էլի մի լիքը դասային իրերի հետ մենակ թողեց:
Քայլելը անհարմար էր, մի բան աղմուկ էր առաջացնում: Մի քանի քայլ անելուց հետո անհարմարության մեղավորը ինքնաբացահայտվեց: Դա մի գունափոխված թղթի կտոր էր, որ ընկավ վերարկուի գրպանից, որովհետև դնողը երևում է չէր ցանկացել, որ դա այնտեղ երկար մնա: Հետաքրքիր էր..
Քայլերը դանդաղեցին, նստեց գարնանային փոփոխական արևից տաքացած քարի վրա ու աչքերը դանդաղ քայլք սկսեցին անկկանոն ձեռագրով գրված տողերի վրա.

§... Վերջապես համարձակվել եմ գրել: Չգիտեմ երբ կհասնի սա քեզ, չգիտեմ ինչ կանես դու նրա հետ, չգիտեմ կկարդաս, թե առանց կարդալու կգցես աղբը կամ միգուցե չկարդաս, պահես  գրքերիդ մեջ, չգիտեմ.. Այն ժամանակ, ես.. այն ժամանակ, ես, ես, ես չէի հասկանում ինչ էի անում: Դու հիմա ժպտում ես? Մի շտապիր..Այս աշխարհում ոչ մեկ չի ժպտա, երբ իմանա, որ մեկի նախադասություններում, մտքերում եղել է լոկ միջոցի անուղղակի խնդիր, այլ ոչ թե նպատակի պարագա, ինչպես որ կարծում էր: Ուր է այն ժպիտը? Չկա...
Հեշտ միջոց էի իմ համար ընտրել. անտարբերություն, առանց մեկնաբանության թողնել բոլոր հարցերդ, բոլոր բառերդ, տողերդ: Մի խոսքով No comment: Տեսնում էի, որ ամեն անգամ բառերիցդ հետո լոկ լռություն լսելուց, գլուխդ անօգնական կախում էիր, մի անգամ լավ չէիր թաքցրել արցունքիկը, որ ես ուզում էի տեսնել: Ուզում էի տեսնել, որ ինքս իմ մեջ ոչ ոքի լինեի, որ մեկն էլ իմ պատճառով ցավեց, որ մեկն էլ իմ պատճառով բաց թողեց այդ արցունքիկներին, որ մեկն էլ իմ պատճառով.. Վրեժ էի լուծում իմ հավատին: Հա, համարձակվել եմ գրել, որ թեկուզ տարիներ հետո իմանաս, որ իզուր ես տանջվել, իզուր ես մտածել, իզուր ես զգացել, իզուր ես ամեն ինչ արել իմ համար: Մի հիմարի, որ իրեն դրել էր ազգի հերոսի տեղ ու ուզում էր մարդկանց միջոցով մարդկանց մոռանալ: Հասկանում եմ, հիմա մտքովդ ինչ ասես որ չի անցնում, բայց.. Բայց կներես: Ես գիտեմ, որ ազնիվ չէր:
                                                                                                   
                                                                                                    Քո մեղավոր Լուկա¦
                                                                                                             

воскресенье, 14 апреля 2013 г.

Նրանք մեկ երկուս էին..

Քայլում էին երկուսը: Մեկը ժպիտն էր, մյուսը՝ արցունքը: Նրանք միշտ միասին էին: Սիրում էին քայլել իրար հետ ու քննարկել միայն և միայն սրտային հարցեր կամ էլ իրանց ոչ այնքան հասանելի քաղաքականություն կոչվող ռազմադաշտը, թեման, կյանքը: Երկար ճանապարհներ գնալու համար նրանց մոտ միշտ էլ կգտնվեին անվերջանալի թվով թեմաներ լռությունը խախտելու համար: Ժպիտը միշտ խրատում էր Արցունքին՝ ասելով, որ նա դոմինանտ է դարձել իրենց զույգում, իրեն ձայնի ու աշխատելու իրավունքից զրկել է:
Համաչափ քայլեր, իրար հերթ չտվող խոսքեր, Արցունքի մի քանի  սանտիմետրանոց առավելությունը Ժպիտի համեմատ ու գժական երաժշտության մշտական ներկայությունը... Ահա, թե ինչերով էին համեմված այդ երկուսի կամ կարելի է նաև ասել մեկում երկուսի զբոսանքները: 
Ժպիտը աշխատում էր "Ուրախությունների և զգացմունքների" նախարարությունում, իսկ արցունքը նրա օգնականն էր՝ մի քիչ բարձրահասակ ու նիհար: Ժպիտը պակաս աշխատասեր չէր արցունքից, ուղղակի շատ դեպքերում նրան էր թողնում ավարտին հասցնել աշխատանքները, իսկ երբեմն էլ տեղ-տեղ փոքրիկ թղթաբանությունն էր հանձնում իր բարձրահասակ օգնականին:
Նախարարության շենքը սովորական քառակուսի շենքերից չէր: Դա բաց գույնի քարից, կարճ վարսերով ու չընդգծված դիմագծերով աղջնակի դեմքի տեսք ուներ: Տարօրինակը այն էր, որ արցունքը և ժպիտը աշխատում էին տարբեր բարձրությունների վրա. Ժպիտի աշխատասենյակը ներքևի հարկերում էր, այտաշրթունքախառը տիրույթներում, իսկ Արցունքը միշտ վերևներում՝ չնայած, որ օգնականի պիտակն էր կրում, նա նայում էր բոլորին մեծ պատուհաններից, որտեղից բացվում էր աշխարհի մի հիանալի տեսարան:

Նրանք մեկ երկուս էին, երկու մեկ: Նրանք սիրելիներ չէին, քույր ու եղբայր չէին, նրանք բարեկամներ չէին, նրանք նեկ երկուս էին՝ իրարից անկախ, իրարից անբաժան:

Երբեմն Ժպիտը և Արցունքը միաժամանակ էին աշխատում: Դա լինում էր այն արտակարգ դեպքերում, երբ վերևներից երկուսի աշխատանքը միաժամանակ էին պահանջում, երբ քարե կառույցը պետք էր կենդանացնել, պետք էր, որ ինչ-որ անծանոթ "Ներաշխարհ" կոչվող աշխարհը տակնուվրա լիներ որոշակի պահերի: Ամեն անգամ Ժպիտն ու Արցունքը իրենց զբոսանքների ժամանակ սկսում էին բանավիճել, թե որտեղ է "Ներաշխարհը", իրենց աշխարհից վերև, ներքև, աջ, թե՝ ձախ:

Նրանք մեկ երկուս էին, մեկը Ժպիտը, մյուսը՝ Արցունքը, իրարից անկախ, իրարից անբաժան, իրարով պայմանավորված ու  փոփոխական...

пятница, 12 апреля 2013 г.

Անկերպարանք..

Թեթև անձրև, 5 րոպեյից արդեն ջրհեղեղի վտանգ
Պատուհանագոգը դեռ դիմադրում է նրա միջին ծանրությանը: Բարի անձրևի կտկտոցները
հերթով անջատում են բոլոր զգայարանները ու պատուհանի ճեղքվածքից թափանցող սառը օդը գրկում է նրա այրվող մարմինը: Առաջին անգամ սառնությունը, քամին, անձրևը տեղ հասան ճիշտ և ճիշտ ժամանակին:
"Չէ՜, քո հետ հաստատ մի բան էն չի", "Ոնց որ քշված լինես", "Լսի, կարողա ձախ ոտքի վրա ես վեր կացել?", "Էստեղ ես, բայց ոնց որ Մոզամբիկում լինես", "Քիչ մնար անունդ էլ կմոռանայիր"................. Ու ամեն օր նման բառեր, տարբեր մարդկանց մուննաթ ձայնային ալիքները հասնում էին նրան: 
"Լուսե մի աղջիկ, լուսե մի մեռել.." կամ էլ՝ "Լուսամփոփի պես աղջիկ.." կամ էլ՝ "Մի անկերպարանք ուրու..." կամ էլ չգիտեմ ինչ կարելի էր վերագրել նրան: 
Հիմա էլ անձրևն է մեղավոր, հիմա էլ նա իր տկտկոցով ստիպեց հիշել, ստիպեց այրվել, ստիպեց հասկանալ սառնությանը: Վերջ.. Ավելին գրելու համար պետք է ներքին պատնեշը հաղթահարել.. 
Գլուխը հենեց տկտացող պատուհանին ու սառնության հաճելի շոյոցով անհայտացավ իրականությունից... 
Դարձավ անկերպարանք, աներազանք, անպատրանք ոչինչ.. 


четверг, 28 марта 2013 г.

Քամու մեղավորությունը..

Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Տաք քամին ուղեկցում էր.. Քայլերը տեղ-տեղ արագանում էին, հետո նվազում, մի պահ էլ լրիվ դադարում։ Քամին էր մեղավոր..

Նինան լսում էր ականջակալներից հոսող երաժշտության հետևում սուլող քամու ձայնը։ Կարծես թե ուզում էր ներս թափանցել ու գոռալ, բացատրել Նինային ինչ-որ բան։ Բայց, բայց Նինան չէր ուզում, չէր ուզում լսել քամու բառերը.  դրանց խաբվելու ու հավատալու վտանգը մեծ էր.
- Այ հիմա, եթե օրինակ այս կամակոր քամին համոզի ու օդ բարձրացնի ինձ։ Տեսնես ու՞ր կտանի անիրավը։ Իսկ եթե ձևացնե՞մ, թե համոզվել եմ ու կամային անցնեմ գետնից բարձր տիրույթնե՞ր։ Դե մանկության խաղերից մեկի նման, կստացվի քամու հետ գետնից բարձր եմ խաղում։ Այդ ընթացքում էլ կհասցնեմ տեսնել Նրան։ Հետաքրքիր կլինի ինչ է անում օրվա այս ժամին, տխու՞ր է, թե՝ գործերի գիրկն ընկած չի էլ հասցնում տխուր կամ ուրախ լինել։ Ինչ խոսք, հետաքրքիր ճանապարհորդություն կլինի։ Իսկ, միգուցե, այդ քամին հասկանա՞ իմ խորամանկությունը։ Չէ, նա հիմար է պարզ, համառ հիմար։ Չի հասկանա..

Այսպիսի անարդար ծրագրեր կազմելով քայլերն էր փոխում Նինան ուղիղ, լայն ճանապարհին։ Ինչպե՞ս էր քայլում։ Հահ, մեքենաները չէին ուզի հայտնվել այդ ճանապարհին Նինայի հետ միասին։ Մի պրազ գծագիր և դուք կստանայիք նրա շարժման հետագիծը. մեկ հայտնվում էր լայն ճանապարհի մի կողմում, մյուս րոպեին էլ՝ մյուս կողմում։ Քամին էր մեղավոր...

Տրվել էր երաժշտության հնչյուններին, աչքերը փակել էր ու գնում էր անմարդ ու անմեքենա ուղիղ ճանապարհով։ Ու՞ր էր գնում զիգզակաձև հետագծով...
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Աչքերը բացվում են տարօրինակ կանգառից։ Անծանոթ միջավայր, գինու դատարկ բաժակներ, որոնք, կարծես թե, նոր էին դատարկվել կարմիր հեղուկից։ Սեղանի վրա հեղուկից մնացած հետքերն էին ընկած՝ արբած ինչ-որ մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ թեթևակի շարժվում էին քնած տեղը։
-Որտեղ ե՞մ։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Չէ, երևի արդեն տուն եմ հասել ու հոգնածությունից ընկել, քնել։ Սա էլ տարօրինակ մի երազիկ է, որը մեկ-երկու վայրկյանից կգնա այն հազարավոր երազների հետքերով, որոնք տեսնում եմ, բայց միևնույն է չեմ հիշում։
Երազիկից դուրս գալու համար Նինան մի ոտքով հարվածեց մյուս ոտքին (հիմար տեսարան), բայց փաստորեն հարվածի պատճառով զգացվող ցավը բավականին ուժեղ էր անիրական լինելու համար։  Հայտնվելով այս հետաքրքիր իրավիճակում՝ Նինան սկսեց ուսումնասիրել շրջակայքը, մարդկանց, որոնց նա հանդիպեց տարօրինակ վայրում, նույնիսկ շշի մի քիչ մնացած գինուց համտեսեց։  Սեղանի ծայրին, ձեռքերի վրա ընկած երիտասարդը գրավեց Նինայի ուշադրությունը իր ձեռքերով, որոնք հսկայի ձեռքեր էին հիշեցնում։ Անցյալի մի տեսարան անցավ Նինայի աչքերի առջևով, բայց շփոթմունքն ու պահի ազդեցությունը չթողեցին հասկանալ դրա բովանդակությունը։ Մոտեցավ երիտասարդին՝ ավելի ուշադիր ուսումնասիրելու համար (միևնույն է նա քնած էր շատ խորը ու հանգիստ քնով)։
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Կիսադեմը չափազանց ծանոթ էր անծանոթ լինելու համար։ Այս անգամ անցյալը կրկին այցելեց, բայց հստակ ու բովանդակալից մի տեսարանների փունջ բերելով։
Քամին հիմար չէր... Քամին չի սիրում, երբ նույնիսկ մտքում փորձում են խաբել։ Քամին գոռում էր, որ Նինան քայլերի ուղղությունը փոխի. չլսեց..


Հսկայի ձեռքերով երիտասարդը Նա էր։ Նա տխուր չէր, գործերով չափազանց զբաղված լինելու համար էլ գինին հարմար գործիք չէր։ Ժամանակի ընթացքում  Նա վերածվել էր
ընկերների հետ ամբողջ օրը աննպատակ թափառող, գինետների բոլոր խմիչքներին շատ լավ ծանոթ մի ամբարտավանի, ում կարելի էր հանդիպել գրեթե միայն այս վիճակով. սեղանին արբած ընկած։
 Ծիծաղելի ու անհավանական մտքերը դարձան իրականություն...
Զիգզակաձև հետագիծը ավարտվեց գետնից բարձր տիրույթում...
Նինան  դեռ նայում էր այդ հսկա ձեռքերին..Քամին հեգնական սուլում էր էլի։ Արդեն հաղթանակել էր, գոռալու կարիք չկար... Նինան կանգնած էր Նրա առջև..
Քամին էր մեղավոր...

воскресенье, 17 марта 2013 г.

Կարծես թե, լույս է բացվել․․


Թաց անձրևը հասնում է մարմնիս: Լռում է․․Չէ որ իր գործը լուռ է անում: Տհաճ սարսուռ է պատում ու էլի այս օրը:  Այս կամ այն, նույնն է: Այն օր էլ էլի կանգած էի  կանգառում ու էլի նայում էի լուսամփոփի ներքևի գետնի թաց տիրույթին, հետո զայրացած երկնքին, հետո այնտեղ աչքերդ էի գտնում, հետո կորցնում դրանք, էլի գտնում, հետո գտած՝ ջնջում:

-Այ հիմա, այս պահին թուղթ ու գրիչն է պակասում: Թեկուզ, որ այն կթրջվեր ու տառերը կլղզորվեին  թղթի ամբողջ մակերեսով ու բացի ինձնից ու վերևից նայող բարի աչքերով պապիկից, ոչ-մեկ չէր իմանա լղզորված թանաքը ինչ տեսք ուներ մի քանի րոպե առաջ: Սիրուն բան կստացվեր բայց, գիտե՞ս: Մյուս կողմից էլ,  ընկերներս արգելել են տխուր թեմաներից նորից ու նորից գրել: Չէ՜, թղթի ու գրչի բացակայությունը տեղին է:  Կներեք ինձ, իմ ժպտացող ընկերներ, պետք է գրեմ․․

Կյանքումս առաջն անգամ էր: Հա չեք հավատա, բայց առաջին անգամն էր, որ անձրևի  սառը կաթիլների հետ հաշտվեցի: Միշտ չէի հասկանում մարդկանց, երբ խոսում էին այդ հրաշք զգացողության մասին:  Իմ համար դա հրաշք չէր, դա անհրաժեշտություն էր, պահանջ: Սառն էր, ցավոտ էին ասեղի նման հարվածները, բայց հաճելի էր զգալ, որ բնությունն ինքն է խոսում իմ լեզվով: Պատուհանագոգին նստած գուցե լսում էի ձայնը, գուցե սկսում էի խոսել նրա աղմուկի, շխկ-դխկոցների հետ, երբ հարվածում էր գետնին, տանիքին, պատուհանին ու ․․ ու

Անձրևից հետո թրջված մաքրություն, բարև՜
Կարծես թե,  լույս է բացվել: Կարծես թե, արևը կրկին հասկացավ ինձ: Կարծես թե, ահա, գարուն է: Կարծես թե իմ գարունն է․․ գիժ, խենթ, վախկոտ ու անխոս:  Էլ չեմ ուզում դանդաղ քայլել: Կքայլեմ արագ, շա՜տ արագ, որ չհասցնեք հարվածել: Մի ակնթարթում կկորչեմ: Չեմ լինի: Գարունը  կփրկի իր անձրևով․․