четверг, 28 марта 2013 г.

Քամու մեղավորությունը..

Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Տաք քամին ուղեկցում էր.. Քայլերը տեղ-տեղ արագանում էին, հետո նվազում, մի պահ էլ լրիվ դադարում։ Քամին էր մեղավոր..

Նինան լսում էր ականջակալներից հոսող երաժշտության հետևում սուլող քամու ձայնը։ Կարծես թե ուզում էր ներս թափանցել ու գոռալ, բացատրել Նինային ինչ-որ բան։ Բայց, բայց Նինան չէր ուզում, չէր ուզում լսել քամու բառերը.  դրանց խաբվելու ու հավատալու վտանգը մեծ էր.
- Այ հիմա, եթե օրինակ այս կամակոր քամին համոզի ու օդ բարձրացնի ինձ։ Տեսնես ու՞ր կտանի անիրավը։ Իսկ եթե ձևացնե՞մ, թե համոզվել եմ ու կամային անցնեմ գետնից բարձր տիրույթնե՞ր։ Դե մանկության խաղերից մեկի նման, կստացվի քամու հետ գետնից բարձր եմ խաղում։ Այդ ընթացքում էլ կհասցնեմ տեսնել Նրան։ Հետաքրքիր կլինի ինչ է անում օրվա այս ժամին, տխու՞ր է, թե՝ գործերի գիրկն ընկած չի էլ հասցնում տխուր կամ ուրախ լինել։ Ինչ խոսք, հետաքրքիր ճանապարհորդություն կլինի։ Իսկ, միգուցե, այդ քամին հասկանա՞ իմ խորամանկությունը։ Չէ, նա հիմար է պարզ, համառ հիմար։ Չի հասկանա..

Այսպիսի անարդար ծրագրեր կազմելով քայլերն էր փոխում Նինան ուղիղ, լայն ճանապարհին։ Ինչպե՞ս էր քայլում։ Հահ, մեքենաները չէին ուզի հայտնվել այդ ճանապարհին Նինայի հետ միասին։ Մի պրազ գծագիր և դուք կստանայիք նրա շարժման հետագիծը. մեկ հայտնվում էր լայն ճանապարհի մի կողմում, մյուս րոպեին էլ՝ մյուս կողմում։ Քամին էր մեղավոր...

Տրվել էր երաժշտության հնչյուններին, աչքերը փակել էր ու գնում էր անմարդ ու անմեքենա ուղիղ ճանապարհով։ Ու՞ր էր գնում զիգզակաձև հետագծով...
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Աչքերը բացվում են տարօրինակ կանգառից։ Անծանոթ միջավայր, գինու դատարկ բաժակներ, որոնք, կարծես թե, նոր էին դատարկվել կարմիր հեղուկից։ Սեղանի վրա հեղուկից մնացած հետքերն էին ընկած՝ արբած ինչ-որ մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ թեթևակի շարժվում էին քնած տեղը։
-Որտեղ ե՞մ։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Չէ, երևի արդեն տուն եմ հասել ու հոգնածությունից ընկել, քնել։ Սա էլ տարօրինակ մի երազիկ է, որը մեկ-երկու վայրկյանից կգնա այն հազարավոր երազների հետքերով, որոնք տեսնում եմ, բայց միևնույն է չեմ հիշում։
Երազիկից դուրս գալու համար Նինան մի ոտքով հարվածեց մյուս ոտքին (հիմար տեսարան), բայց փաստորեն հարվածի պատճառով զգացվող ցավը բավականին ուժեղ էր անիրական լինելու համար։  Հայտնվելով այս հետաքրքիր իրավիճակում՝ Նինան սկսեց ուսումնասիրել շրջակայքը, մարդկանց, որոնց նա հանդիպեց տարօրինակ վայրում, նույնիսկ շշի մի քիչ մնացած գինուց համտեսեց։  Սեղանի ծայրին, ձեռքերի վրա ընկած երիտասարդը գրավեց Նինայի ուշադրությունը իր ձեռքերով, որոնք հսկայի ձեռքեր էին հիշեցնում։ Անցյալի մի տեսարան անցավ Նինայի աչքերի առջևով, բայց շփոթմունքն ու պահի ազդեցությունը չթողեցին հասկանալ դրա բովանդակությունը։ Մոտեցավ երիտասարդին՝ ավելի ուշադիր ուսումնասիրելու համար (միևնույն է նա քնած էր շատ խորը ու հանգիստ քնով)։
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Կիսադեմը չափազանց ծանոթ էր անծանոթ լինելու համար։ Այս անգամ անցյալը կրկին այցելեց, բայց հստակ ու բովանդակալից մի տեսարանների փունջ բերելով։
Քամին հիմար չէր... Քամին չի սիրում, երբ նույնիսկ մտքում փորձում են խաբել։ Քամին գոռում էր, որ Նինան քայլերի ուղղությունը փոխի. չլսեց..


Հսկայի ձեռքերով երիտասարդը Նա էր։ Նա տխուր չէր, գործերով չափազանց զբաղված լինելու համար էլ գինին հարմար գործիք չէր։ Ժամանակի ընթացքում  Նա վերածվել էր
ընկերների հետ ամբողջ օրը աննպատակ թափառող, գինետների բոլոր խմիչքներին շատ լավ ծանոթ մի ամբարտավանի, ում կարելի էր հանդիպել գրեթե միայն այս վիճակով. սեղանին արբած ընկած։
 Ծիծաղելի ու անհավանական մտքերը դարձան իրականություն...
Զիգզակաձև հետագիծը ավարտվեց գետնից բարձր տիրույթում...
Նինան  դեռ նայում էր այդ հսկա ձեռքերին..Քամին հեգնական սուլում էր էլի։ Արդեն հաղթանակել էր, գոռալու կարիք չկար... Նինան կանգնած էր Նրա առջև..
Քամին էր մեղավոր...