суббота, 9 марта 2013 г.

Քեզ նվեր` սպիտակ թուղթ...

Ես, դու, նա, մենք բոլորս մենք չենք ճանաչում ոչ մեկի: Ես չեմ ճանաչում քեզ, դու չես ճանաչում ինձ, նա չի ճանաչում մեզ: Ես քեզ եմ ստեղծում, դու` ինձ, նա` մեզ: Ինչքան էլ դու ինձ համոզես, որ դու այնպես ես, ես պիտի հավատամ իմ ստեղծած "քեզ"-ին: Դու իմ համար դու չես: Երևի դու չգիտես էլ, որ քո հետ եմ խոսում:

- Գիտես ինչ, ես պարբերաբար քեզ նվերներ եմ մատուցում: Հա հա, նվերներ, իմ նման գիժ նվերներ: Գիտեմ, դրանք արժեք չունեն քո համար, բայց իմ համար երևի ամենակարևոր բաներն են աշխարհում:
-Նվե՞ր: Երևի չգիտես, բայց ես նվերները ատում եմ: Դրանք պարտավորեցնում են, թեկուզ մի "շնորհակալության", թեկուզ մի ժպիտի, որ պիտի նկարեմ դեմքիս: Դու մտածում ես, որ ժպիտ կարող ես պարգևել, բայց չես հասկանում, որ մարդ երբեմն պիտի խորտակվի իր ներսում, պիտի կորցնի իրեն ամբոխի մեջ: Պիտի պայքարի իր դեմ ու մի օր աչքերը բացի ու հասկանա, որ գտավ իրեն` թեկուզ երազում: Ու այդ երազից կսկսի կերտել իրեն: Հետո կ.

 -Ստոպ!! Ես պիտի խոսքդ կտրեմ` ոչ շաքարով. քաղցր չեմ սիրում: Դու ինձ պարտավոր չես ոչ մի նկարած ժպիտ ու կեղծ "շնորհակալություն": Ես ոչինչ չեմ կորցնում քեզ նվեր մատուցելով: Իմ նվերները, ախ իմ նվերները, դրանք ընդամենը մտքեր են: Պարզ, մաքուր ու օդից կախված մտքեր: Ես նվիրում եմ քեզ իմ մտքերի 65%-ը:

 - Ես քեզ նկարել էի արդեն: Ռետինը գցիր: Մի մաքրի այդ պատկերը: Դա իմն է, թող մնա այդպես, որովհետև դու գնալու ես շուտով, իսկ ես քեզ երազումս տեսնելով` արդեն ավարտել եմ քո պատկերը իմ համար: Չփչացնես այն` սովորությանդ համաձայն: 

Ռետինը ընկավ: Դու գցեցիր: Ես ատում եմ նվերները, ես ատում եմ քո ժպիտը: Ես ատում եմ քեզ նկարած ինձ, որովհետև այնտեղ դու կատարյալ ես, որովհետև ես հավատում էի քեզ, իսկ դու... որովհետև ամեն ինչի համար պատասխան էի տալու, իսկ դու ինչպես միշտ ջրից չոր էիր դուրս գալու: Հա, գիտեմ, որ էդպիսի հատկություն ունեմ անծանոթ մեղքերն էլ վրաս վերցնել: Ա~խ, հա հիշեցի, ես քեզ չէի ճանաչում: Անիրավ, խուճուճ աչքերդ էլ հեռացրու: Դրանցից բարություն է թափում ու ես չեմ կարողանում տեղավորել այդքանը իմ սրտում: Այնպես որ ահա: Վերցրու քեզ նվեր` սպիտակ թուղթ: Այնտեղ կնկարես, կլցնես, թե` կներարկես բարությունդ` քո գործն է: Միայն թե չթողնես այն կորի, գնա ջուրը ընկնի ու հոսանքի ազդեցության տակ ընկած դառնա մարդկային ևս մեկ մեղք, սուտ: Դե~, մի ամաչիր: Ես քեզ չեմ պարտավորեցնում, սպիտակում տես ոչինչ չկա, այսինքն ես քեզ ոչինչ չեմ նվիրում, բայց դու ստանում ես մի թանկ բան, որին միայն դու կհասկանաս: Դա կլինի քո սպիտակ թուղթը, որտեղ կսկսես նոր մաքուր նկար, քո գույներով` թեկուզ դրանք շատ խուճուճ են, դե մեջը խճճվում եմ, ինչ մեղքս թաքցնեմ.. Ես քեզ արդեն նկարել եմ իմ սպիտակ թղթի վրա, բայց չես երևում գիտես: Դե չէի կարողանում բացի սպիտակից ուրիշ գույն վերցնել, դու երազիս "դու"-ն չէիր լինում: Կարդում ես չէ՞ Ահա, քո հետ եմ խոսում: Հա, հա հենց քո: Որ հիմի աչքերդ վազեցնում ես, որ շուտ պրծնեն այս ձանձրալի տողերը: Չմտածես, որ սա ուղղված է այն մեկին կամ միակին, չգիտեմ էլ որն է ճիշտ: Նույնիսկ կհամարձակվեմ խնդրել, որ մի բան հիշես.

 ...Դու ես ինձ, նրան նկարում: Քո ձեռքին են մատիտն ու ռետինը: Կարող ես նկարել ամբողջ էջով մեկ, կարող ես նկարել փոքրի~կ` մի անկյունում, կարող ես նկարել իմ համար քո նախատեսած գույներով, կարող ես թողնել այն դատարկ: Բայց մի շտապիր ռետինը վերցնել, ջնջել: Գցիր ռետինը ձեռքիցդ ...