четверг, 28 марта 2013 г.

Քամու մեղավորությունը..

Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Տաք քամին ուղեկցում էր.. Քայլերը տեղ-տեղ արագանում էին, հետո նվազում, մի պահ էլ լրիվ դադարում։ Քամին էր մեղավոր..

Նինան լսում էր ականջակալներից հոսող երաժշտության հետևում սուլող քամու ձայնը։ Կարծես թե ուզում էր ներս թափանցել ու գոռալ, բացատրել Նինային ինչ-որ բան։ Բայց, բայց Նինան չէր ուզում, չէր ուզում լսել քամու բառերը.  դրանց խաբվելու ու հավատալու վտանգը մեծ էր.
- Այ հիմա, եթե օրինակ այս կամակոր քամին համոզի ու օդ բարձրացնի ինձ։ Տեսնես ու՞ր կտանի անիրավը։ Իսկ եթե ձևացնե՞մ, թե համոզվել եմ ու կամային անցնեմ գետնից բարձր տիրույթնե՞ր։ Դե մանկության խաղերից մեկի նման, կստացվի քամու հետ գետնից բարձր եմ խաղում։ Այդ ընթացքում էլ կհասցնեմ տեսնել Նրան։ Հետաքրքիր կլինի ինչ է անում օրվա այս ժամին, տխու՞ր է, թե՝ գործերի գիրկն ընկած չի էլ հասցնում տխուր կամ ուրախ լինել։ Ինչ խոսք, հետաքրքիր ճանապարհորդություն կլինի։ Իսկ, միգուցե, այդ քամին հասկանա՞ իմ խորամանկությունը։ Չէ, նա հիմար է պարզ, համառ հիմար։ Չի հասկանա..

Այսպիսի անարդար ծրագրեր կազմելով քայլերն էր փոխում Նինան ուղիղ, լայն ճանապարհին։ Ինչպե՞ս էր քայլում։ Հահ, մեքենաները չէին ուզի հայտնվել այդ ճանապարհին Նինայի հետ միասին։ Մի պրազ գծագիր և դուք կստանայիք նրա շարժման հետագիծը. մեկ հայտնվում էր լայն ճանապարհի մի կողմում, մյուս րոպեին էլ՝ մյուս կողմում։ Քամին էր մեղավոր...

Տրվել էր երաժշտության հնչյուններին, աչքերը փակել էր ու գնում էր անմարդ ու անմեքենա ուղիղ ճանապարհով։ Ու՞ր էր գնում զիգզակաձև հետագծով...
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Աչքերը բացվում են տարօրինակ կանգառից։ Անծանոթ միջավայր, գինու դատարկ բաժակներ, որոնք, կարծես թե, նոր էին դատարկվել կարմիր հեղուկից։ Սեղանի վրա հեղուկից մնացած հետքերն էին ընկած՝ արբած ինչ-որ մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ թեթևակի շարժվում էին քնած տեղը։
-Որտեղ ե՞մ։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Չէ, երևի արդեն տուն եմ հասել ու հոգնածությունից ընկել, քնել։ Սա էլ տարօրինակ մի երազիկ է, որը մեկ-երկու վայրկյանից կգնա այն հազարավոր երազների հետքերով, որոնք տեսնում եմ, բայց միևնույն է չեմ հիշում։
Երազիկից դուրս գալու համար Նինան մի ոտքով հարվածեց մյուս ոտքին (հիմար տեսարան), բայց փաստորեն հարվածի պատճառով զգացվող ցավը բավականին ուժեղ էր անիրական լինելու համար։  Հայտնվելով այս հետաքրքիր իրավիճակում՝ Նինան սկսեց ուսումնասիրել շրջակայքը, մարդկանց, որոնց նա հանդիպեց տարօրինակ վայրում, նույնիսկ շշի մի քիչ մնացած գինուց համտեսեց։  Սեղանի ծայրին, ձեռքերի վրա ընկած երիտասարդը գրավեց Նինայի ուշադրությունը իր ձեռքերով, որոնք հսկայի ձեռքեր էին հիշեցնում։ Անցյալի մի տեսարան անցավ Նինայի աչքերի առջևով, բայց շփոթմունքն ու պահի ազդեցությունը չթողեցին հասկանալ դրա բովանդակությունը։ Մոտեցավ երիտասարդին՝ ավելի ուշադիր ուսումնասիրելու համար (միևնույն է նա քնած էր շատ խորը ու հանգիստ քնով)։
Շունչ. քայլ. արտաշունչ..Շունչ . քայլ. արտաշունչ...Կա՛նգ առ.
Կիսադեմը չափազանց ծանոթ էր անծանոթ լինելու համար։ Այս անգամ անցյալը կրկին այցելեց, բայց հստակ ու բովանդակալից մի տեսարանների փունջ բերելով։
Քամին հիմար չէր... Քամին չի սիրում, երբ նույնիսկ մտքում փորձում են խաբել։ Քամին գոռում էր, որ Նինան քայլերի ուղղությունը փոխի. չլսեց..


Հսկայի ձեռքերով երիտասարդը Նա էր։ Նա տխուր չէր, գործերով չափազանց զբաղված լինելու համար էլ գինին հարմար գործիք չէր։ Ժամանակի ընթացքում  Նա վերածվել էր
ընկերների հետ ամբողջ օրը աննպատակ թափառող, գինետների բոլոր խմիչքներին շատ լավ ծանոթ մի ամբարտավանի, ում կարելի էր հանդիպել գրեթե միայն այս վիճակով. սեղանին արբած ընկած։
 Ծիծաղելի ու անհավանական մտքերը դարձան իրականություն...
Զիգզակաձև հետագիծը ավարտվեց գետնից բարձր տիրույթում...
Նինան  դեռ նայում էր այդ հսկա ձեռքերին..Քամին հեգնական սուլում էր էլի։ Արդեն հաղթանակել էր, գոռալու կարիք չկար... Նինան կանգնած էր Նրա առջև..
Քամին էր մեղավոր...

воскресенье, 17 марта 2013 г.

Կարծես թե, լույս է բացվել․․


Թաց անձրևը հասնում է մարմնիս: Լռում է․․Չէ որ իր գործը լուռ է անում: Տհաճ սարսուռ է պատում ու էլի այս օրը:  Այս կամ այն, նույնն է: Այն օր էլ էլի կանգած էի  կանգառում ու էլի նայում էի լուսամփոփի ներքևի գետնի թաց տիրույթին, հետո զայրացած երկնքին, հետո այնտեղ աչքերդ էի գտնում, հետո կորցնում դրանք, էլի գտնում, հետո գտած՝ ջնջում:

-Այ հիմա, այս պահին թուղթ ու գրիչն է պակասում: Թեկուզ, որ այն կթրջվեր ու տառերը կլղզորվեին  թղթի ամբողջ մակերեսով ու բացի ինձնից ու վերևից նայող բարի աչքերով պապիկից, ոչ-մեկ չէր իմանա լղզորված թանաքը ինչ տեսք ուներ մի քանի րոպե առաջ: Սիրուն բան կստացվեր բայց, գիտե՞ս: Մյուս կողմից էլ,  ընկերներս արգելել են տխուր թեմաներից նորից ու նորից գրել: Չէ՜, թղթի ու գրչի բացակայությունը տեղին է:  Կներեք ինձ, իմ ժպտացող ընկերներ, պետք է գրեմ․․

Կյանքումս առաջն անգամ էր: Հա չեք հավատա, բայց առաջին անգամն էր, որ անձրևի  սառը կաթիլների հետ հաշտվեցի: Միշտ չէի հասկանում մարդկանց, երբ խոսում էին այդ հրաշք զգացողության մասին:  Իմ համար դա հրաշք չէր, դա անհրաժեշտություն էր, պահանջ: Սառն էր, ցավոտ էին ասեղի նման հարվածները, բայց հաճելի էր զգալ, որ բնությունն ինքն է խոսում իմ լեզվով: Պատուհանագոգին նստած գուցե լսում էի ձայնը, գուցե սկսում էի խոսել նրա աղմուկի, շխկ-դխկոցների հետ, երբ հարվածում էր գետնին, տանիքին, պատուհանին ու ․․ ու

Անձրևից հետո թրջված մաքրություն, բարև՜
Կարծես թե,  լույս է բացվել: Կարծես թե, արևը կրկին հասկացավ ինձ: Կարծես թե, ահա, գարուն է: Կարծես թե իմ գարունն է․․ գիժ, խենթ, վախկոտ ու անխոս:  Էլ չեմ ուզում դանդաղ քայլել: Կքայլեմ արագ, շա՜տ արագ, որ չհասցնեք հարվածել: Մի ակնթարթում կկորչեմ: Չեմ լինի: Գարունը  կփրկի իր անձրևով․․

суббота, 9 марта 2013 г.

Քեզ նվեր` սպիտակ թուղթ...

Ես, դու, նա, մենք բոլորս մենք չենք ճանաչում ոչ մեկի: Ես չեմ ճանաչում քեզ, դու չես ճանաչում ինձ, նա չի ճանաչում մեզ: Ես քեզ եմ ստեղծում, դու` ինձ, նա` մեզ: Ինչքան էլ դու ինձ համոզես, որ դու այնպես ես, ես պիտի հավատամ իմ ստեղծած "քեզ"-ին: Դու իմ համար դու չես: Երևի դու չգիտես էլ, որ քո հետ եմ խոսում:

- Գիտես ինչ, ես պարբերաբար քեզ նվերներ եմ մատուցում: Հա հա, նվերներ, իմ նման գիժ նվերներ: Գիտեմ, դրանք արժեք չունեն քո համար, բայց իմ համար երևի ամենակարևոր բաներն են աշխարհում:
-Նվե՞ր: Երևի չգիտես, բայց ես նվերները ատում եմ: Դրանք պարտավորեցնում են, թեկուզ մի "շնորհակալության", թեկուզ մի ժպիտի, որ պիտի նկարեմ դեմքիս: Դու մտածում ես, որ ժպիտ կարող ես պարգևել, բայց չես հասկանում, որ մարդ երբեմն պիտի խորտակվի իր ներսում, պիտի կորցնի իրեն ամբոխի մեջ: Պիտի պայքարի իր դեմ ու մի օր աչքերը բացի ու հասկանա, որ գտավ իրեն` թեկուզ երազում: Ու այդ երազից կսկսի կերտել իրեն: Հետո կ.

 -Ստոպ!! Ես պիտի խոսքդ կտրեմ` ոչ շաքարով. քաղցր չեմ սիրում: Դու ինձ պարտավոր չես ոչ մի նկարած ժպիտ ու կեղծ "շնորհակալություն": Ես ոչինչ չեմ կորցնում քեզ նվեր մատուցելով: Իմ նվերները, ախ իմ նվերները, դրանք ընդամենը մտքեր են: Պարզ, մաքուր ու օդից կախված մտքեր: Ես նվիրում եմ քեզ իմ մտքերի 65%-ը:

 - Ես քեզ նկարել էի արդեն: Ռետինը գցիր: Մի մաքրի այդ պատկերը: Դա իմն է, թող մնա այդպես, որովհետև դու գնալու ես շուտով, իսկ ես քեզ երազումս տեսնելով` արդեն ավարտել եմ քո պատկերը իմ համար: Չփչացնես այն` սովորությանդ համաձայն: 

Ռետինը ընկավ: Դու գցեցիր: Ես ատում եմ նվերները, ես ատում եմ քո ժպիտը: Ես ատում եմ քեզ նկարած ինձ, որովհետև այնտեղ դու կատարյալ ես, որովհետև ես հավատում էի քեզ, իսկ դու... որովհետև ամեն ինչի համար պատասխան էի տալու, իսկ դու ինչպես միշտ ջրից չոր էիր դուրս գալու: Հա, գիտեմ, որ էդպիսի հատկություն ունեմ անծանոթ մեղքերն էլ վրաս վերցնել: Ա~խ, հա հիշեցի, ես քեզ չէի ճանաչում: Անիրավ, խուճուճ աչքերդ էլ հեռացրու: Դրանցից բարություն է թափում ու ես չեմ կարողանում տեղավորել այդքանը իմ սրտում: Այնպես որ ահա: Վերցրու քեզ նվեր` սպիտակ թուղթ: Այնտեղ կնկարես, կլցնես, թե` կներարկես բարությունդ` քո գործն է: Միայն թե չթողնես այն կորի, գնա ջուրը ընկնի ու հոսանքի ազդեցության տակ ընկած դառնա մարդկային ևս մեկ մեղք, սուտ: Դե~, մի ամաչիր: Ես քեզ չեմ պարտավորեցնում, սպիտակում տես ոչինչ չկա, այսինքն ես քեզ ոչինչ չեմ նվիրում, բայց դու ստանում ես մի թանկ բան, որին միայն դու կհասկանաս: Դա կլինի քո սպիտակ թուղթը, որտեղ կսկսես նոր մաքուր նկար, քո գույներով` թեկուզ դրանք շատ խուճուճ են, դե մեջը խճճվում եմ, ինչ մեղքս թաքցնեմ.. Ես քեզ արդեն նկարել եմ իմ սպիտակ թղթի վրա, բայց չես երևում գիտես: Դե չէի կարողանում բացի սպիտակից ուրիշ գույն վերցնել, դու երազիս "դու"-ն չէիր լինում: Կարդում ես չէ՞ Ահա, քո հետ եմ խոսում: Հա, հա հենց քո: Որ հիմի աչքերդ վազեցնում ես, որ շուտ պրծնեն այս ձանձրալի տողերը: Չմտածես, որ սա ուղղված է այն մեկին կամ միակին, չգիտեմ էլ որն է ճիշտ: Նույնիսկ կհամարձակվեմ խնդրել, որ մի բան հիշես.

 ...Դու ես ինձ, նրան նկարում: Քո ձեռքին են մատիտն ու ռետինը: Կարող ես նկարել ամբողջ էջով մեկ, կարող ես նկարել փոքրի~կ` մի անկյունում, կարող ես նկարել իմ համար քո նախատեսած գույներով, կարող ես թողնել այն դատարկ: Բայց մի շտապիր ռետինը վերցնել, ջնջել: Գցիր ռետինը ձեռքիցդ ...

среда, 27 февраля 2013 г.

Առանց «ինչու»-ների ու «որովհետև»-ների..


- Արի´: Նստի´ր Կողքս: Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է 
- Գիտե ՞ ս, ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ եմ հավատում` ուրիշ  ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ: Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ եմ այդ 
կապանքներից  միայն այդ դեպքերում: 
- Էլի «բայց» ու էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի  դուրս գա մեր բերանից  ինչու՞  հարցը տալուց ու որովհետև  բացատրությունը ստանալուց հետո: 
- Դեռ մարդ չես դարձել, Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով: 
- Մարդիկ սովոր են արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը: Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ  ամենակարևորը ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլ կվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ  այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց: 

Մի քանի րոպե լռություն է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն , իսկ «որովհետև՞»-ը...

Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս  այդ հավատով լի սենյակից, որտեղ սովորաբար հանդիպում  էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ: 

среда, 13 февраля 2013 г.

Թողեք զգամ.. Մի սպանեք!!!

Թող լինի սա մի օր, երբ Լիլին գժվեց, երբ որովայնում, ուղեղում ոչ թե թիթեռնիկներ կամ ծաղիկների թերթիկներ էին թռվռում, այլ մարդկանց դեմքերը, խոսքերը, պատկերները: Մարդկանց դեմքերը` չարությամբ լցված, պատրաստ հոշոտել իրար: Երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է կարգավորել կյանքը, երբ փորձում է  կարծես թե հարազատներին հասկացնել, որ ծիծաղելով, ծաղրելով երբեք չեն կարող օգնել դիմացինին, իսկ եթե չեն էլ ուզում օգնել` պետք չէ խանգարել, որ ինքն իրեն տեսնի ինչ կերպ է կարգավորում: Լիլին արթնանում էր ժպիտով ու գլուխը բարձին դնում արցունքներն աչքերին: Ամեն գիշեր նույն պատմությունն էր: Ժամերով պտտվում էր անկողնում` այդպես էլ հարմար, պաշտպանված տեղ չգտնելով այդ մի փոքր տարածությունում:
Այդ օրն էլ արթնացավ ժպիտով, օրվա կեսը անցավ ժպիտով: Բախ! Մի հարված... Ու վերջ:
Գլուխը կախեց ու վարդագույն ակնոցները մի հարվածով կորցրեցին իրենց վարդագույն ապակիները` թողնելով մետաղե ծայրերով այդ առարկային տկլոր, հետն էլ անգույն: Լիլին մենակ էր` փաստորեն: Կծկվում էր տաք ադեալի մեջ ու էլ չկարողանալով պահել կուտակված արցունքները` սկսում էր լացել: Անձայն, որ ոչ մեկը չլսի, թաքուն, որ ոչ մեկ չտեսնի, անհետք, որ ոչ մեկ չհասկանա: Ծիծաղում էր` հիմար կատակների վրա: Երբեմն արդեն դժվար էր այդ ամենի վրա ձևացնել դեմքին ծիծաղը և ժպիտը: Առայժմ ստացվում էր դերը պատվով տանելը, կարծես թե դեռ ոչ ոք չի հասկացել: Համոզում էր, որ կողքին ընկերներ ունի: Մոռանում էր, որ ամեն մարդ իր դարդին ա: Ու ժպտում էր, ծիծաղում էր:
Մի բաժին մրոտված երեսով ու հոգով վերադառնում է տուն: Կիսաանձրև ձյունը թրջում էր մազերը: Դեմքին հարվածքում էր մռայլ ներկան: Նայում էր առաջ:
"Էլի՞ մշուշ.. Հերիք չի՞
Ուզում եմ տեսնել: Զգում եմ մի բան: Հասկանում եք: Զգում եմ: Թողեք զգամ!! Մի սպանեք!! Ախր անհասկանալի է, անարդար: Բոլորին վերադառնում է այն, ինչ տալիս են դուրս, դիմացինին, շրջապատ: Սա չէր իմ տվածը: Սա չէր.. "
Ու էլի սառը անկողինը, պիտակների արդեն տեսականին, լողացող, վազող օրերը օրացույցից սպառնում են իրենց մինուսներով: Ու Լիլին ուզում է ուղղակի բռնել սլաքները` ժամանակի: Դրա համար նա ուժ կգտնի իր թույլ մարմնում.. Մշուշի մեջ չէր տեսնում, չէր լսում: Մշուշի մեջ զգում էր լուսավոր կետը` միակ բանը, որ ներկայում պահում էր նրան: Ու անրևախառը ձնի տակ, վիրավորանքների հերթական մասնաբաժինը կուլ տալու ժամանակ, ադեալի մեջ կծկված, գրքերի, խնդիրների կույտի մեջ նստած, թե անկողնում շուռումու գալուց կրկնում էր Լիլին. "Թողեք զգամ..Մի սպանեք!!"

пятница, 1 февраля 2013 г.

Անվերնագիր N2

"Հասկանալի հույզերի մի շարան է հետապնդում ինձ: Ես հասկանում եմ մարդկանց, բայց միևնույն ժամանակ մեղադրում մաքուր սխալներ գործելու մեջ: Ես հասկանում եմ, բայց լռում եմ: Անհասկացողի ու միամիտի կերպարը այս պահին ձեռնտու է: Պիտի լռեմ, պիտի թաքցնեմ: Մարդիկ արժանի չեն  իրենց հավասարին: Մարդիկ ձգտում են իրենցից ավելիին կամ էլ իրենցից մի քանի քայլ հետ մնացածին: Դու հիմա հեգնում ես, մեղադրում, լռում, անպատվում: Դու լուռ ես.. Դու մեղավոր ես: Երբեմն ինքս ինձ ստիպում եմ երջանիկ զգալ այն մտքից, որ ես անմեղ եմ, որ  մտքերիս կծիիկի մեջ չի եղել չարի մասնաբաժինը: Մտածել եմ, վախեցել, բայց .. Բայց ուղղակի անմեղ մնացել:"
Երկար ժամանակ գրելու պատճառով մատի վրա փոսիկ առաջացրած գրիչը ձեռքին  անշարժացել էր Նինան` հայացքը հեռու~,  մքերը կարծես թե մոտիկ, բայց կրկին հեռու.. Երեկոյան երկինք էր դա, երբ սպիտակ կամ տեղ-տեղ կապույտ այդ զանգավծները, որոնց ամպեր ենք ասում, հոսում էին դեպի գիշերակաց: Իրենց հերթափոխն էին ստանձնում խիստ, մռայլ հագուստներով, փոքրիկ աստղիկ-զարդերով գունավորած գիշերային ամպերը: Նինան չէր էլ հասկացել, թե ինչպես է վաղվա անվերջ թվացող նախադասությունների հարյուրյակները թողել և ընկել լողացող ամպերի ու աստղերի ալիքների մեջ: Ինչպես է սկսել յուրաքանչյուր հետ մնացած ամպիկի իր կողմը քաշել ու սկսել հարցուփորձ անել: Ի ՞նչ էր հարցնում: Նրա մասին.. Խեղճ ամպիկներին այնքան էր տանջում, մինչև նրանք չդիմանալով ուժերը հավաքում էին ու վազում մեծերի հետևից: Նա լուր չուներ արդեն ինչքան ժամանակ կլիներ: Չնայած, որ վաղուց արդեն հրաժարվել էր այն մտքից, որ երբևէ խոստովանել է ինքն իրեն, թե կարող է սիրել երկրային, մարմնական կերպարանք առած որևէ էակի: Նրա համար մարդ ասվածը շատ հարաբերական էր: Լռության ու երազների մեջ էր նա միայն գտնում իրեն: Այնտեղ թվացյալ իրականությունը ավելի մոտիկ էր իրեն, ավելի քաղցր, ավելի գրավիչ, ավելի ու ավելիների մի անվերջ բառարան.. Դե ինչ, սա է իրականությունը, այն պիտի ընդունել անխոս ու առանց առարկությունների: Թերևս առարկելը անիմաստ է, անօգուտ. միևնույն է ոչինչ չի փոխվելու, ոչ-մեկն էլ չի փոխվելու.. Նինան կմնա ինչպիսին որ է, առանց  կեղծ դիմակ, կամ էլ ձևական պահվածք իրեն շնորհելու: Միևնույն է Նինայի համար կյանքը միայն նրանում չէր: Օր-օրի շուրջը պտտվող կամ դադարի մեջ գտնվող առարկաները, մարդիկ սկսում էին անսովոր մի հետաքրքրություն իրենց մեջ արթնացնել ու օր-օրի նա ավելի էր սկսում  հասկանալ, որ կյանքը մտքերում չէ, դա ուղղակի պատրանք է, որ մենք ստեղծում ենք իրականության պատահականությունների  հետ համադրելով: