воскресенье, 27 ноября 2011 г.

Ֆորում թատրոն “Էջեր հարբեցողի շան հիշատակարանից”

Նոյեմբերի 27-ին Վանաձորում տեղի ունեցավ ֆորում թատրոն` "Էջեր հարբեցող շան հիշատակարանից", որը անց կացվեց գենդերայի բռնության դեմ տասնվեցօրյակի շրջանակներում: Ֆորում թատրոնը ընթացավ երկու փուլով. առաջինում տեղի ունեցավ քննարկում հիմնականում հանդիսատեսների միջև, որի ընթացքում կազմակերպիչների կողմից տրված հարցերին 6 կամավորները բաժանվեցին երկու խմբի` կողմ և դեմ, երկրորդ մասում տեղի ունեցավ հիմնական բեմադրությունը: Դրանից հետո հանդիսատեսը առաջարկեց պատմության իր պատկերացմամբ ավարտը և իրենք էլ ներկայացան դերասանների դերում:
Ես առաջին անգամ էի գտնվում նմանատիպ ֆորում թատրոնի: Հետաքրքիր և ողջունելի էր դահլիճի ակտիվությունը:
Ճիշտ է` բեմադրությունը ամենօրյա սերիալներում ցուցադրվող պատկերն էր, սակայն ինչ-որ հետաքրքրություն կար դրանում:
Դեպքերը պատմում էր տիրոջը հավատարիմ շունը, որը պատմում էր իր տիրոջ սիրո պատմությունը և նրա սխալ պահվածքը կյանքում հաճախ հանդիպող իրավիճակում:
Չեմ պատմի սյուժեն, քանի որ ամեն օր ականատես ենք լինում լաց-սերիալներում, թե ինչպես է լինում, երբ աղջիկը սիրահարվում է և որոշ ժամանակ անց իր սիրո ապացուցման դիմաց տղան պահանջում է այլ բաներ:
Ստորև ներկայացնում եմ ֆորում թատրոնի մի քանի հատվածներ: Կներեք վիդեոների կարճ, կտրատված և այլ թերություններով լի լինելու համար.
                  
              


                                               

среда, 23 ноября 2011 г.

Շահ ամեն ինչում

Շահ ունենք մենք ամեն տեղ: Այսինքն եթե մենք ինչ-որ բարի գործ ենք անում, անպայման արդյունքը մեզ համար հաճելի է, օգտակար:
Այսօր դասարանցիներիս օգնելիս ինչ որ հաճելի բան զգացի. ինձ դուր էր գալիս օգնելը, ես դրանից հաճույք էի ստանում, ուղղակի, չէի մտածում, որ կարող եմ անել և ինչ որ բան ստանալ դրա դիմաց: Լավությունն արեցի և, ինչպես ասվում է ասացվածքում, ջուրը գցեցի, սակայն ինչպես հասկացա չգցեցի, որովհետև ես դրանում ունեի իմ շահը` ես դրա դիմաց ստացա բավականություն, տրամադրությունս բացվեց: Ճիշտ է ոչ այնքան դրանից, սակայն դա էլ իր ազդեցությունն ունեցավ:
Մինչև հիմա ես մտածում էի, որ բարեգործները ուղղակի բարեհոգի, լավ մարդիկ են, սակայն իմ սիրելի ուսուցիչներից մեկը բացահայտեց այդ "բարեգործությունների" իրական նպատակները: Ես բացահայտեցի իմ համար, որ նրանք բարեգործություն անելով`  ազատվում են որոշակի հարկերից, որոշակի պարտականություններից: Ճիշտ է` նրանց հրեշտակային կերպարները իմ պատկերացումներում դեռ լիովին չվերածվեցին բացասական կերպարների,  ովքեր, օգնելով ուրիշներին, մտածում են իրենց գրպանի մասին: Նրանք կարող էին նաև այլ ճանապարհ ընտրել իրենց նպատակներն իրականացնելու համար, կարող էին օրենք խախտել: Սակայն նրանք այդպես չարեցին, նրանք ստացան իրեն շահը և միաժամանակ բարի գործ կատարեցին` օգնեցին կարիքավորներին, օգնեցին հիվանդներին, որոնք կարիք ունեն հատուկ հսկողության և սարքավորումների, օգնեցին անտուններին և այլն:  Բայց չէ որ ես էլ այդպես վարվեցի, երբ օգնում էի, իմ  շահն էլ այդտեղ օգնելուց ստացած հաճույքն է:
Դե, ցույց տվեք ինձ այնպիսի բարի գործ, որը անշահախնդիր կերպով է արված: Թեկուզ ներքուստ ստացած բավականություն, լավ մարդ զգալու հաճույքը արդեն իսկ առկա է:

понедельник, 21 ноября 2011 г.

Մեր ուսերի բնակիչները

Ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա` սատանա: Նրանք շարունակ կռվում են իրար հետ. հրեշտակը մարդուն դեպի բարին է մղում, սատանան` դեպի չարը, ուստի քնելիս պետք է միշտ ձախ ուսի վրա պառկել, որ սատանան տակը մնա, ջարդվի: (Նար-Դոս, "Ինչպես բժշկեցին")
Բոլորս էլ ծանոթ ենք այս պատկերին. մեկս ֆիլմերից, մեկս գրքերից, մեկս էլ սեփական փորձից: Բայց երբեք չենք մտածել մեր աջ ուսին նստած հրեշտակի մասին, որը միշտ բարի, ճիշտ ուղին է ցույց տալիս` պայքարելով ձախ ուսին նստած պոզավոր սատանայի դեմ: Հոգնած պառկում ենք քնելու ու չենք մտածում մեր ուսերի բնակիչների մասին: Աշխատենք չնեղել հրեշտակին, այլ միշտ լսել նրան` փոխարենը սատանային  ճնշել և նրան:

четверг, 10 ноября 2011 г.

Ձյուն, սպիտակ ձյուն...

Վերջապես եկավ այդքան սպասված ձյունը: Թեթև, հանգիստ, հանդարտ` ինչպես թիթեռնիկներ, իջան ձյան փաթիլները թաց գետնի վրա: Բերեցին սպիտակ հանգստություն, որը պետք է թաքցնի աշնանային թախիծը, տխրությունը և մռայլությունը: Առավոտյան անհասկանալի տխրությունն ու անտարբերությունը վերածվեց մանկական հրճվանքի և հանգստության, վերադարձ իրականություն և ձյու~ն...
Ջերմ զրույցը ընդհատվում է մի բացականչությամբ. "Վա~յ, ձյու~ն է գալիս": Եվ բոլորի ուշադրությունը ուղղվում է դեպի պատուհանը, որից այն կողմ բացվում էր ուղղակի հանգստացնող մի տեսարան:
Դրանից առաջ ինչ-որ բան հասկանալի չէր, անիմաստ ու անպատճառ էր: Չէի գտնում հարցի պատասխանը, որին նույնիսկ ծանոթ չէի: Բայց այդ փաթիլները, այդ մաքրությունը, թարմությունը բացատրեցին ամեն ինչ, մաքրեցին ու ծածկեցին ամեն ինչ:
Դուրս եկա, դեռ գալիս էր ձյունը` համարձակ և ուժգին: Հաճելի էր քայլել առաջին ձյան տակ և հանգստություն ստանալ: Կարծես այդ սպիտակ փաթիլները լիցքեր ունենային, հետո այդ լիցքերը փոխանցեին իրենց նայողներին: Արդեն հասել էի տան մոտ, բայց չէի ուզում մտնել` չնայած նրան, որ շա~տ ցուրտ էր ու ես ահավոր մրսում էի:
Եկա և գրեցի առաջին ձյան պատմությունը, բայց դրանից առաջ որոշել էի ընդհանրապես ուրիշ թեմայով գրել: Չէր ստացվում, փաստորեն ճիշտ էր սա գրելը:
Վերցրեցի գրիչը և թղթին հանձնեցի մտքերս մոմի լույսի տակ( լույսերը կտրել էին ) և ձյան փաթիլների վկայությամբ: Ամբողջ ընթացքում ցածրաձայն երգում էի ձյան մասին իմ լսած ամենագեղեցիկ երգը.
                                       
                    

вторник, 1 ноября 2011 г.

Թագավոր Սուտը

Ինչպես հասկանւմ եմ սուտը ընդունված մեթոդ է հարցերը լուծելու համար: Ամեն օր ես առնչվում եմ այդ մեթոդի մշտական օգտագործմանը: Իմ համար հասկանալի է, երբ մարդ ստում է մեկ կամ երկու անգամ, դա էլ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ-թե ամեն օր: Դա երևի արդեն պարտականություն էլ է դարձել. ամեն օր գոնե մեկ հատ սուտ հանձնել շրջապատող մարդկանց: Հաստատ ոչ ոքի վրա պարտականություն դրված չէ ամեն օր ստել, բայց նրանք դա իրենց կամքով անում են և ավելի պարտաճանաչ, քան իրենց դասերը, իրենց կարգապահությունը և այլ պարտավորություններ, որոնք իրենց վնաս չեն: 
Ես ամեն օր լսում եմ տարբեր չափերի, նշանակության և տարբեր նպատակներ հետապնդող ստեր: Եվ ամեն օր տեսնում եմ այդ պահերին ստի հեղինակների անմեղ դեմքերը, դիմացինին խաբկանքի մեջ գցող աչքերը և այդ գործում արդեն փորձառուների պահվածքը: Դա նրանց համար ամենօրյա զբաղմունք է, օրվա մի հատված, երբ իշխում է Թագավոր Սուտը: 
Հաջողված դիմակներ գրառման մեջ խոսեցի անմեղ գառնուկի դիմակ կրողների մասին: Հենց դրանք էլ հիմնականում հանդիսանում են ստերի փորձառու հեղինակները, որոնց համար ստելը արդեն մեղք չէ, այլ արդարացված միջոց: Ախր եթե ինչ-որ հիմնավոր նպատակի համար ստեին կհասկանայինք, անիմաստ, անտեղի ու անպետք պահերի նրանք ստում են` չմտածելով, որ ամեն անգամ մեծացնում են իրենց մեղքակույտը: Ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչպես են անում, որ աչքերում չի երևում այդ մատնիչ հայացքը, աչքերի խաղը, որը բերում է անմեղ դիմակի պատռմանը: Կողքս ստում են` ես եմ իրենց փոխարեն ամաչում, նեղվում: Չգիտեմ ինչպես, բայց իմ աչքերը մատնիչ են, չեն պահպանում իմ սուտը, դրա համար էլ չեմ օգտագործում այդ մեթոդը կամ քիչ եմ օգտագործում, որովհետև փոքր սուտն է սուտ: Թող սխալ լինի, թող ճիշտ չլինի, նույնիսկ վնասի, բայց սուտ չլինի, մեկ է ուշ, թե շուտ պարզվելու է ձեր սուտը և գիտակցելու եք, որ ավելի լավ կլիներ ազնիվ վարվելը, քան հետո այդ ստի արդյունքները կրելը: Բերեք ընտրենք միշտ ազնիվ ճանապարհը և հանգիստ սրտով նայենք դիմացինի աչքերին` առանց վախենալու աչքերում թաքնված մատնիչներից: Գիտակցենք, որ միգուցե մեր հարազատները հասկանում են մեր սուտը և ցավ են զգում, ու ամեն օր չցավեցնենք նրանց, չէ որ մենք շատ են սիրում նրանց:
Մի ստեք, իզուր տեղը մեղքեր մի հավաքեք ձեր ուսերին!!!!!


среда, 26 октября 2011 г.

Արձակուրդներ...

Աշնանային արձակուրդներ են: Ուզում եմ պատմել, թե ինչպես են վերաբերվում իմ նման շատ աշակերտներ արձակուրդներին: 
Յուրաքանչյուր աշակերտի համար արձակուրդները դրանք երանելի օրեր են, սակայն դա միայն դասերի ժամանակ: Անընդհատ մտածում ես, թե երբ պիտի անցնեն այդ տանջալի մի քանի օրերը, որ հանգիստ վայելես դասերի բացակայությունը: Դասերի ժամանակ ամեն ինչ թողնում ես արձակուրդներին` մտածելով, որ այդ ժամանակ հանգիստ կնստես ու բոլոր դասերը մեկ օրում կվերջացնես:
Հետո սպասվածից էլ արագ գալիս են  այդ օրերը: Վերջապես առավոտը մի լա~վ կքնեմ, կզբաղվեմ համակարգչով, անավարտ մնացած գիրքը կվերջացնեմ և այսպես շատ անելիքներ, որոնք պիտի արվեն արձակուրդներին
Արձակուրդի առաջին օրը իսկապես հաճելի է լինում անգործությունը: Հետո անելիքներդ ես հիշում, սակայն հանգիստ ես վերաբերվում, որովհետև գիտես, որ առջևումդ դեռ շատ օրեր կան: Սական այդ օրերը, որոնք թվում էին շատ, անցնում են արագ և առանց պարունակության: Արդեն սկսում են ի հայտ գալ ձանձրույթի առաջին ախտանիշները: Ոչինչ չես ուզում անել, չնայած նրան, որ լիքը կուտակված գործեր ունես դեռ այն ժամանակից, աննպատակ քայլում ես տանը ու կարոտում դասերը: "Չէէէէէ փաստորեն սխալվում էի, երբ ասում էի, որ արձակուրդների ժամանակ հանգստացած կլինեմ ու կհասցնեմ ամեն ինչ անել" Ժամանակը ավելի է իր գինը թանկացնում, չես հասականում ինչպես են անցնում րոպեները, հետո ժամերը, հետո օրերը: Անցնում են այդ թանկարժեք պահերը և մենք ոչինչ չենք հասցնում անել, միայն մաթեմատիկայի երկու վարժությունները, որոնք դեռ արվել էին առաջին ուրախ օրը: Ովքեր սիրում են իրենց դասընկերներներին, նրանք այս մի քանի օրվա ընթացքում արդեն մի լավ կարոտով լցված են լինում, իսկ որոնց համար դասընկերների ներկայությունը այդքան էլ հաճելի չէ, նրանք ուղղակի կարոտում են զբաղված օրերը և օրվա խիտ գրաֆիկը: