воскресенье, 13 мая 2012 г.

Երազ՝ իրականությունից դուրս

Առավոտ, 7:00
Վեր եմ թռչում քնած տեղից: Հագնում եմ տնային, հասարակ, անշուք հագուստներ , լվացվում եմ, վերցնում եմ պայուսակը ու դուրս գալիս թափթփված տնից: Գնում եմ սովորական` դպրոց գնալու ճանապարհով: Ահա դպրոցի դարպասները:
-Չմտնե՛ս, առաջ շարժվի՛ր: Գնում եմ առաջ: Խաչմերուկ. Չորս ուղղություն` ներքև, վերև, ուղիղ, դեպի փակուղի: Իջնում եմ ներքև` դեպի կանգառը, որտեղ պիտի սպասեմ Թուլուզ գնացող երթուղայինին: Կանգառում մի կնոջից հարցնում եմ, թե ինչքան ժամանակ է մնացել նրա գալուն: 10 րոպե ականջակալները փրկում են միայնության գիրկը ընկնելուց: Գալիս է երթուղայինը` կարմիր, դեղին, կապույտ, սև ու տեղ-տեղ սպիտակ: Մարդկանց ծանրությունից հազիվ շարժվող և գետնին քսմստվող երթուղայինի դուռը բացվում է:
_Արագացրու՛, մտի՛, - լսվում է ծխող վարորդի փնթփնթոցը: Մաքուր, օզոնաշատ օդը փոխարինվում է մարդկանց ու վարորդի ծխախոտի հոտով լցված զզվելի օդով:
Գնում եմ գրքի հետևից: Եղբորս ընկերոջից գիրք պետք է վերցնեմ: Քիչ մնաց, արդեն երևում են Թուլուզի դարպասները: Երթուղայինը կանգնում է և 100 դրամները լցվում են խիստ ընդգծված վարորդային հատկանիշներով տղամարդու ձեռքի մեջ: Վերջինը ես եմ:
Գրպանից հանում եմ երկու 100 դրամանոցներից մեկը և զգուշորեն դնում դրամների կույտի վրա: Ահա և Թուլուզը: Մտնում եմ դարպասներով, աջ կողմում եղբորս ընկերոջ եղբոր տունն է: Հանգիստ թակում եմ դուռը, մտնում ներս: Այնտեղ եղած մարդկանց պատմում եմ, թե ինչն է ստիպել գալ այստեղ: Տանտերը լսում է և զանգում եղբորը: Խոսակցությունը կարճ տևեց` կոնկրետ և սառը:
-Գնա եկեղեցու կողքը գտնվող տարօրինակ տունը: Եթե հիշի, ապա քեզ դիմավորող կլինի:
Քայլում եմ Թուլուզի հնաոճ փողոցներով, որոնցում սակայն երևում են բավականին թարմ շնչով խանութներ և տարբեր ակումբներ, տներ: Նրանց մեջ դժվար չէր գտնել հին, միջնադարյան ոճով կառուցված եկեղեցին: Մի փոքր հայացքս շեղելով` տեսնում եմ այդ տարօրինակ տունը: Ուզում եմ դուռը թակել, բայց առաջին իսկ հարվածից այն բացվում է` իմ առջև բացելով իրոք որ տարօրինակ միջավայր: Պատերը կարծես հարթություններ լինեին, որոնց վրա ծեփռտել էին տարբեր ձևաչափերի աղջիկների: Հատակը ամբողջությամբ պատված էր նկարներով, որոնց վր կա՛մ տղամարդու հագուստով կանայք էին, կա՛մ կենդանիների դեմքերով մարդիկ: Քայլերը տանում են տան մեծ սենյակը, որի կենտրոնում` գետնին փռված անկողնում մեջ քնած է գրքի ենթադրյալ տերը: Քայլերի աղմուկը արթնացնում է նրան:
_Ո՞վ ես աղջիկ
_Գրքի հետևից եմ եկել
_Ի՞նչ գիրք: Ախ, լավ հիշեցի: Եղբա՞յրդ է ուղարկել:
_Ո՛չ: Ինքս: Տվեք գիրքը և ես կգնամ:
_Ինչու՞ ես շտապում: Ուզու՞մ ես քեզ նկարեմ: Քո ոտքով եկար մոտս, իսկ այս տնից առանց վրձնիս կողմից արտածվելու ոչ ոք չի գնում:
_Ո՛չ: Ես այստեղ ուրիշ նպատակով եմ եկել. Գիրքը:
Լռություն: Նա գնում է, հագնվում է և դուռը բացում, գնում: Հանկարծակիի գալով` հետևից գնում եմ, բայց մինչ դուռը կբացեի և կփնտրեի անծանոթին, նա չքացավ:
Չորս օր չկար: Ես արդեն խելագարվում էի. Ուրշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ տուն, անծանոթ միջավայր ու մարդիկ: Չորրորդ օրը գիշերը հայտնվեց: Արդեն սովորել էի նրա տան միջավայրին: Այդ չորս օրը անդադար փնտրում էի գիրքը: Չկար, լավ էր թաքցրել: Հայտնվեց նա ու սկսեցի տանջել կես գիտակցությամբ երիտասարդ նկարչին, որը մեկ-մեկ կրկնում էր. “Մի քիչ սպասիր, կտամ, կգնաս”: Հոգնեց խեղճը հուզված ձայնիցս, բարձրացավ մի աթոռի վրա և պատի մեջից բացվող դարակից հանեց գիրքը: Անհամբեր խլեցի գիրքը նրա ձեռքից, պինդ սեղմեցի ու դրեցի պայուսակիս մեջ: Վերջ! Արդեն իմ մոտ էր գիրքը:
Ի՞նչ գիրք էր: Այնտեղ բանաձևեր էին, մաքուր մաթեմատիկական բանաձևեր, որոնք գրվել էին եղբորս և նրա ընկերոջ կողմից, որոնք նրանք գրել էին ծածկագրերով` իրենց լավ կյանքի ծածկագրերով: Գիրքը միակ միջոցն էրեղբորս` կործանված երիտասարդների շարքերից հեռացնելու համար:
Դուրս եկա Թուլուզի դարպասներից և սկսեցի սպասել գունազարդ երթուղայինին:

суббота, 5 мая 2012 г.

Անձրևից հետո..

    Անհաջող օր էր.. Աշխատավայրում, համալսարանում, խանութում, փողոցում, ամենուր անհաջողությունը հետևում էր Նինային: Երեք օր է ինչ չէր խոսել նրա հետ:  Դուռը բացեց, կոշիկները անփույթ շարժումով անհայտ ուղղությամբ նետեց, ճնշող հագուստը արագ հեռացրեց վրայից ու ընկավ  առավոտից չհավաքած անկողնու վրա: Հոգնած չէր.  համալսարանում դասերին միայն ֆիզիկապես էր ներկայացել. մտքերը հեռու էին, աշխատավայրում կուտակված գործերի ուղղությամբ միայն  մի հայացք էր ձգել և ուրիշ ոչինչ:  Հոգնել կարող էր միայն քայլելուց, սակայն գլխում տիրող խառնաշփոթը  ստիպում էր քայլել դանդաղ, որ ավելի չխճճվի: Աչքերը պինդ փակեց, աստիճանաբար կորավ գունավոր անկողնու մեջ, փակվեց, որ չերևա, չնկատվի թեկուզ, որ տանը մարդ չկար: Մտածում էր, որ միայն քնելը կարող է մոռացնել իրականությունը, երազները կարող են  կարգավորել մտքի խառնաշփոթը, որ գոնե այնտեղ կստացվի, կլինի այն, ինչ այլևս անհնար էր իրական կյանքում: Կիսաբաց պատուհանից այն կողմ իր սև գործն էր անում աղմկոտ անձրևը՝ խփելով գետնին, ապակուն՝ կարծես ինչ-որ բան էր պահանջում Նինայից: Ի՞նչ էր ուզում..Որ խոսի՞..Դու՞րս թափի տիրող  քաոսը, թե ուղղակի հավաքի իրեն ու  մտքերը ցրի այլ զբաղմունք գտնելով: Բայց ախր ինչպե՞ս, եթե տիրող քաոսը հենց ինքն էր ստեղծել, հեղինակը հենց ինքն էր ու ցանկություն չուներ  կիսվել մեկի հետ իր ամպամած երկնքով:  Չէ-որ արդեն ծիծաղում էին վրան մշտական տխուր քողը կրելու և մռայլ թեմաներից խոսալու պատճառով: Հասկանալի էր, նրանք էլ էին հոգնել անհետաքրքիր զրուցակցից և ընկերուհուց, որը ժպտում էր առիթից առիթ, իսկ այդ առիթը հաճախ չէր լինում:
    Բայց արդյո՞ք ինքն էր հեղինակը այդ խառնաշփոթի: Միթե՞  Նինան մեղավոր էր, որ հանդիպեցին, որ ինքը արժանի չէ ուղղակի Լուկային, որ խոսքերը, որոնք արտասանեց այդ պահին ուղղակի անհրաժեշտություն էին: Ո՛չ..:  Ա՜խ երանի թե  365 օրից այդ մեկը ջնջվեր պատմության միջից: Կարոտում էր Նինան, կարոտում էր իրեն ժպիտ պարգևող մարդուն, կարոտում էր այդ մարդուն մոռացնող պահերին, կարոտում էր արևը, որին միայն նայելուց  անկախ իրենից ժպտում էր, դեմքի վրա նշմարվում էր ժպիտանման մի արտահայտություն:
Իհարկե անձրևը չպարգևեց մոռացությանը այցելելու մեծագույն հաճույքը:  Ե՞րբ պիտի դիրքերը զիջի արևի պայծառ շողերին, որ նրանք թափանցեն սենյակ ու  այրեն Նինայի դրսում մնացած այտերը:
   Հ՞ն, նա գնում է: Հանձնվե՞ց: Դու՞ռը: Ի՞նչ. թակում են
-Բարև ձեզ, խնդրում եմ այստեղ ստորագրեք
-Սա ի՞նչ է, կներեք, բայց երևի հասցեն շփոթել եք: Ո՞վ պիտի ինձ  դատարկ  թուղթ և գրիչ ուղարկեր, վրան էլ այս սպիտակ, թե դեղին  անհասկանալի ծաղիկը:
-Կներեք, հասկանում եմ ձեզ, զարմացած եք, բայց պատվիրատուն պահանջել է, որ մնա անհայտ: Իսկ ինչ վերաբերվում է թուղթ ու գրիչին և ծաղիկին, ապա ինձ թվում է, որ ձեզ արտահայտվել է պետք նրանց միջոցով, ծաղիկն էլ ինձ էլ էր անծանոթ, նա ասաց, որ սա հասմիկ է: Հաջողություն: Մի մտածեք՝ ով է նա, ուղղակի արեք, այն, ինչ նա ցանկացել է հասկացնել ձեզ:
  Դուռը փակվեց: Մնացին մենակ Նինան, թուղթ և գրիչ անբաժան զույգը և  անծանոթ հասմիկը, որը չգիտես ինչ էր ուզում իր գույնով հասկացնել: Դե ինչ, Նինան կատարեց անծանոթի ցանկությունը, հասմիկը ընկերակցեց նրան երկար ժամանակ և շատ անգամ դարձավ Նինայի լուռ զրուցակիցը:

вторник, 1 мая 2012 г.

Արձագանք

Եղանակները բացվել են: Մարդիկ երեկոյան դուրս են գալիս զբոսանքի՝ վայելելու գարնանային հաճելի եղանակը:
Մեկ անգամ կենտրոնական փողոցով քայլելը ինձ մի բան հասկացրեց, որը մինչ այդ ես երևի ուղղակի չէի նկատել: Չգիտեմ ինչպես անվանել, երևի տարօրինակ այդ երևույթը: Ես չգիտեի, որ իմ և մի քիչ մեծ տարիքի երիտասարդները այսքան անշնորհք են: Շատ եմ քայլել մինչ հիմա շատ սիրելի մեր քաղաքում, բայց այսպիսի երևույթի դեռ ականատես չէի եղել: Զարմանք, զայրույթ, զզվանք. ինչ ասեմ, բոլորը խառնվեց իրար: Եթե մինչ այս մեր սերնդի մասին մասին բացասաբար արտահայտվելուց կարող էի հակառակը համոզել, դեմ կանգնել այդ ընդհանրացմանը, փորձել այդ թյուր կարծիքը փոխել, ապա հիմա այդ պահերին կհամաձայնվեմ այդպիսի կարծիքներ արտահայտողի հետ: Եթե ճիշտն ասեմ՝ մինչև հիմա չէի նկատել այդպիսի երևույթներ, բայց վերջի երեք ամսում եղանակի տաքանալու հետ ի հայտ ենեկել արտահայտվելու և ինքնացուցադրման կարիք ունեցող երիտասարդներ ու ավելի շատ դեռահասներ, որոնք էլ իրենց հետ բերեցին նմանատիպ երևույթները: Փաստորեն այս տխուր վիճակը մեծ մասշտաբներ է կրում մեր քաղաքում: Երևի այսքան ժամանակ բացառություններ հանդիսացող մարդկանցով եմ շրջապատված եղել, և ինչպես ասում է ընկերներիցս մեկը. "Բացառությունները հաստատում են փաստը", իսկ փաստն այն է, որ երիտասարդությունը չի կարողանում իրեն զսպել ու դրանով դիմացինին ստիպում է, որ դաստիարակության կարիք ունի: Բայց եթե համարձակվես իրենց երեսին դա ասել, ապա ինքդ անշնորհք ու անտակտ կհամարվես: Կսկսեն իրենց ծնողներին ու մեծերին հարգելուց, այնինչ հենց իրենք պետք է սկզբում նորմալ դսրևորեն իրենց դրսում և հասարակական վայրերում՝ դրանով ցույց տալով հարգանք ծնողների և դիմացինի նկատմամբ:
Այնպես կուզեի մի անգամ զրուցել այդ խեղճերի հետ, դե մի երկու հարց տալ ու վայելել նրանց անկրկնելի պատասխանները: Գուցե ընթերցողների մեջ գտնվեն նրանցից  ոմանք ու կարդան այս տողերը՝ ինքներն իրենց այս հհարցերը տալով և պատասխանելու փորձ անելով:
Ի՞նչ տարօրիանկ կամ բացասական հանգամանք կա կիթառով քայլող մարդու մեջ, որի պատճառով ձեզ լավ չեք զգում, կենդանական բնազդներ են առաջանում:  Երբվանի՞ց եք անհանգստանում  դիմացինի մազերի համար. ինչ միջոցներով են դրանք բերվել որոշակի տեսքի, ինչքա՞ն ժամանակ է դրա համար ծախսվել: Համատարած բոլորի մոտ նույն հայացքներն են, երբ տեսնում են կիթառով մարդու: Ինչի՞ է հարց առաջանում, թե ինչ է այդ պայուսակի մեջ: Շա՞տ եք ֆիլմեր նայել, որտեղ ջութակի կամ կիթառի պայուսակների մեջ դիպուկահար զենքեր են եղել: Կամ եթե այդպես էլ լիներ կարող է իսկությունը հայտնեն, բացատրեն զենքի օգտագործման դեպքում եղած հետևանքները, որ ավելի ազդեցիկ լինի:
Ազատությունը դրանով չի արտահայտվում: Եթե դուք ամեն անցնողից հետո մեկնաբանություններ չանեք, կենդանական ձայներ չարձակեք, մենք չենք մտածի, որ ձեր ազատությունը ու արտահայտվելու իրավունքը ինչ-որ մեկը  սահմանափակել է: Ինչևէ իմացեք, որ դուք սև պատյանով պաշտպանված չեք, ու հաջորդ անգամ ձեր նկատմամբ այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն ձեր նմանները: Այ այդ ժամանակ կզգաք տհաճությունը և զարմանքը, զզվանքը դեպի ձեր նմանները:
Հետո էլ կասեն, թե Հայաստնը եվրոպական երկրներին է նմաննվում, թե մարդիկ մտածելակերպով եվրոպացիներին են նմաննվում: Հնարավոր է՝ մայրաքաղաքում, բայց ուրիշ քաղաքներում, գյուղերում երկար ժամանակ կպահանջվի..

понедельник, 23 апреля 2012 г.

Կիսատոն ձայնով

Տասնյակ զույգ աչքեր ուղղված են իմ կողմը: Նրանցից շատերը զզվանք են պարունակում, շատերը՝ ատելություն, ավելի քչերը՝ անտարբերություն, մեկ-երկուսը՝ հարազատ ջերմություն: Անսովոր վստահությամբ դուրս են թռչում անգիր արված բառերը, որոնք դարձել են այս երկու օրվա իմ անբաժան ընկերները: Դուրս են պրծնում, ազատվում իմ անհիմն կապանքներից: Նրանք ինձ չդավաճանեցին որոշիչ պահին, բայց և դժկամ ու նեղացած ձևացան, թողեցին, որ ամենը ինքս կարգավորեմ: Հասկացա, ընդունեցի.

среда, 18 апреля 2012 г.

Այս օրը

Վառ կանաչը համոզում է սթափվել, բացատրում է, որ բույսերի արթնանալու ժամանակն է: Ես իրավունք չունեմ առանձնանալ մնացած կանաչներից, պիտի կլանեմ վիրավորանքը, սուտը ու կեղծիքը՝ որպես արեգակնային էներգիա:
45 րոպե պատուհանի մոտ՝ ծառի ճյուղին թառած ճնճղուկ-սոխակի անսովոր ծլվլոցը  տեղափոխում է իրական կյանքից  ուրիշ հարթություն՝   ազատություն: Կապույտ երկինք եմ բարձրանում անտեսանելի թելով կապված, մոտենում եմ նրան, ցանկանում շոյել կապույտ բամբակը՝ ընդհատված սպիտակ հետքերով: Ձեռքս սահում է, ընկնում է՝ այդպես էլ չհասնելով այնտեղ:  Վերջ, իջնում եմ. մաթեմատիկական ճոճանակ. անվերջ երկար, չձգվող, անկշիռ թելից կախված նյութական կետ և երկրագունդ: դասը ավարտվեց: Գրքերը գնում են գրքատար պայուսակի մեջ: Քայլերը ուղղված են դեպի կիսաբաց դուռը, որին վերջինը ես եմ տեսնում այսօր: Նույն խոտերը՝   գլուխները հառած թափառական արևի կողմը. տրորում եմ, անցնում: Շենքեր՝ կարծես իրարից նեղացած ու երեսները միմյանցից թեքած: Չորացած ջրափոս՝ էլի դիմակավոր. արև է՝ նա ոչինչ է, անձրև է՝ վտանգավոր ու կեղտոտ: Տուն: Դուռ: Ու վերջացավ այս օրը.

пятница, 6 апреля 2012 г.

Պատահական հանդիպում

Նրանք ամեն օր զրուցում էին, կարելի է ասել՝ ամբողջ օրը միասին էին լինում, սակայն միասին վիրտուալ կյանքում: Հիմնականում վիճում էին, հետո հերթով արդարանում,  զիջում միմյանց: Նինայի համար Լուկան կարևոր էր, նա դարձել էր նրա առօրյայի անբաժան մասնիկը: Լուկայի յուրաքանչյուր բառը Նինայի ուղեղում ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Ամեն անգամ այդ վերլուծությունը բերում էր այն հարցին, թե ինչու է նա իր հետ շփվում, ընդհանրապես սեղմում իր անունին և նորից ու նորից գրում: Միակ բացատրությունը այն էր, որ ինքը Լուկայի պատկերացումներում չի համապատասխանում իրական Նինային և եթե երբևիցե նրանք հանդիպեն Լուկայի պահվածքը անշուշտ կփոխվի, թեև նրա համար այդ հանդիպումը շատ ցանկալի էր և տհաճ մեկտեղ: Լուկան տանջում էր Նինային իր ամեն կատարած գործողությամբ: Կարծես թե Նինան հասկանում էր, որ իրեն շրջապատող մարդկանց համար ինքը ընդամենը միջավայրի անորոշ մասնիկ է, ամենօրյա "ինչ կա չկայի" գերի:
    Թե Լուկայի պահվածքը, թե իր ընկերների պահվածքը ցավեցնում էին Նինային, նա ընդամենը ուզում էր նկատված լինել այն պահերին, երբ գեղեցիկ էր, երբ բարձր տրամադրություն ուներ և կարող էր շրջապատող մարդկանց պարգևել իր անհրապույր ժպիտները ու պահի տակ հայտնված երջանկության մի մասնիկը: Նինան իրեն համարում էր տգեղագույն աղջիկը իր շրջապատում, նրա համար իր ամեն ինչն էր թերություն, և իրեն ուղղված գեղեցիկ և հաճելի խոսքերը թվում էին շողոքորթության լավ միջոց կամ ուղղողի կողմից լավ քողարկված սուտ: Սակայն նրա կողքին ուրիշ էր... Նրա կողքին նա առաջինն էր, կատարյալը և հաղթողը... Իսկ մնացածի համար վերջինը, ավելորդը...
    Նրանք  տարբեր քաղաքներից էին: Մի քանի կիլոմետրեր էին բաժանում նրանց: Եվ այնպես ստացվեց, որ Նինան պետք է գնար մի քաղաք, որին հասնելու համար պետք էր անցնել  քաղաքով, որտեղ ապրում էր Լուկան:
   Ձմռանը, անտանելի ցրտի պայմաններում Նինան ճանապարհ ընկավ: Հանգստանալու համար մեքենան կանգնեց Լուկայենց քաղաքում, սակայն Նինան չգիտեր, թե ինչ քաղաքում է: Նինան քայլում էր անծանոթ քաղաքի սառցակալած փողոցներով: Մարդ չկար և դա զարմանալի չէր: Ձմեռային սառնաշունչ և մռթնած եղանակ էր, ու եղած մարդիկ էլ միմյանց չէին նկատում, քանի որ զբաղված էին տաքուկ տան ու թեյի մասին մտքերով: Դանդաղ քայլերը հեռացրեցին Նինային մեքենայից:
-Դու՞, - հանկարծ լսվեց անծանոթ տղայի զարմացած, շփոթված, գուցե հիասթափված ձայնը:
  Ձայնը անսպասելի էր, և դրան հետևում է Նինայի արձագանքը՝ հետևից ուղղաված ձայնին: 180 աստիճանով պտույտը  ապշեցրեց նրան: Նա կանգնած էր զարմանքից քարացած: Լռություն...
Նա առաջին իսկ վայրկյանից հասկացել էր՝ ով է իր դիմաց կանգնած, բայց իրեն հիմարի պես պահեց. ձևացրեց, թե չի ճանաչում այդ տղային, որը փորձում էր բացատրել.  թե ով է ինքը, պատմում էր նրանց զրույցները և դեպքեր, փոխարենը ստանալով "Կներեք, ես շտապում եմ", "Ես Ձեզ չեմ ճանաչում", "Խառնում եք մեկ ուրիշի հետ"  և այլ նմանատիպ արտահայտություններ ու մատնում իրեն ափոսոսանքով և ցավով լի, գետնի վրայով վազող, կիսաթաց աչքերով:
-Կներեք, երևի իրոք շփոթել եմ, բայց մեկ է շատ նման եք, շատ, ևս մեկ անգամ. կներեք, - ասաց շփոթված  գեղեցկադեմ տղան և արագ քայլերով հեռացավ դեռ նույն տեղում գլխիկոր կանգնած Նինայից:
Նրանք հանդիպեցին և ինչ...?
Լուկան շարունակեց իր սիրելիի  փնտրտուքները, իսկ Նինան մեղադրեց  իրեն ամեն ինչի համար. որ ճանաչեց Լուկային, որ համաձայնվեց գնալ այդ ճանապարհը, որ ընդհանրապես խաբեց իրեն և նրան: