воскресенье, 4 сентября 2011 г.

Մենակ...


Խուլ ոտնաձայները, խորհրդավոր սև վերարկուով մարդու կերպարը, տան լռությունը կամ խշշացող ձայները վախ էին ներշնչում իմ մեջ: Ես վազելով էի տեղաշարժվում տան մեջ, որպեսզի նա ինձ չհասնի: Ես միշտ փախչում էի և երբ արդեն ապահով տեղ էի լինում, մի անասելի հրճվանք էի ապրում: Ես հաղթել էի նրան..
Իսկ այն անհասկանալի մարմիններով կենդանիները, որոնց ես պատկերացնում էի, երբ սենյակում մութ էր լինում: Արագ բարձրանում էի և լույսը միացնում: Դրանք ընդամենը շորեր էին, որոնք անհասկանալի կերպով դարձել էին հարձակման պատրաստ առյուծ, կույր աչքերով ինձ նայող  ահռելի օձեր և այլ կենդանիների կերպարներ: Բայց դրանք երազում չէին, ես վառ երևակայություն չունեի: Դրանք իմ վախկոտության արտացոլումներն էին: 
Բայց նրանք էլ էին ապրում, նրանց աչքերում էլ էի ես տեսնում ցավ, ուրախություն, տառապանք և հրճվանք: Նրանք ապրում էին իմ հետ: Բայց ամեն օր տարբեր էին, հետաքրքիր էին: Երբեմն ես խոսում էի իմ մթության ընկերների հետ: Պատմում էի այդ օրվա իրադարձությունները, բայց նրանք չէին պատասխանում իմ հարցերին, չէին ուրախանում իմ հաջողություններով, չէին տխրում, երբ ես տխուր էի: Նրանք ուղղակի հասկանում էին: Իսկ եթե անգամ չէին հասկանում, ես հավատում էի, որ նրանք ուղղակի չեն կարողանում խոսել, չեն կարողանում զարմանալ և ուրախանալ: Ես խոսում էի, իսկ նրանք լսում: Յուրաքանչյուրի համար ես ստեղծում էի իր կյանքի պատմությունը և հետո նրանց աչքերում կարդում իմ իսկ գրած պատմությունը: Դրանք տարբեր էին:
Հեշտ էր մտածել մթության մեջ, երբ ամեն ինչ կարծես աչքիդ առաջ լինի: Երբ կրկին զգում ես ցավը, ուրախությունը: Սկսում ես բացատրություններ, պատճառներ փնտրել: Սկսում ես դեպքերը վերադասավորել: Դիտարկում ես, թե ինչ կլիներ եթե այս չանեի կամ այս դեպքը ընդհանրապես չլիներ: Բայց վերջում գալիս էս նույն կետին. "Միևնույն է եղածը այլևս չես փոխի": 
Մենակությունը այն ժամանակ էր հաճելի, երբ կային իմ մթության ընկերները, իսկ հիմա նրանք հեռացել են: Այլևս պահարանը չի դառնում մի  տարօրինակ կերպարի մարմին և հագուստներն էլ մնում են հագուստներ, առանց փոխակերպվելու որևէ կենդանու կամ մի այլակերպ արարածի: 
Հիմա մենակ եմ: Իմ ընկերները ինձ թողեցին իրական կերպարների հետ...