воскресенье, 7 августа 2011 г.

Ինչ է լինում, երբ զբաղված ենք ուրիշ մտքերով կամ ուղղակի թմրած ենք

 Հիմա երևի մտածեցիք, որ այս խորագրի տակ պիտի նկարագրեմ մարդու հոգեկան վիճակը, երբ տարված է ուրիշ մտքերով կամ թմրած է: Բայց` ոչ: 
Այս գրառման մեջ կխոսեմ մի երևույթի մասին, որի հետ երևի բոլորս էլ առնչվել ենք: 
Դա պատահել է, երբ գումարը վերցրել եք և խանութ գնալու փոխարեն ուղիղ գնացել խոհանոց կամ տան ուրիշ հատված, երբ մայրիկի հանձնարարած իրերը իրենց տեղը դնելու փոխարեն անգիտակցաբար գնացել եք զուգարան, բայց շուտ ուշքի գալով այդ պետքական իրերը չեք գցել այնտեղ որտեղից դժվար թե կարողանայիք այլևս դրանք վերադարձնել:
Բոլորիս հետ էլ պատահում է, բայց միշտ չի լինի, որ շուտ ուշքի կգանք և արդեն գուցե չհասցանենք
հետ բերել մեր անուշադրության և անջատվածության զոհերին:
Սիրելի ընթերցող աշխատիր լինել ուշադիր, քայլիր իրական աշխարհի հետ զուգընթաց, եղիր սթափ և այսպիսի անախորժ դեպքեր քիչ կլինեն քո կյանքում:
Չմոռանամ ասել` սիրելի ընթերցողներ ջան եթե դուր է գալիս որևէ գրառում այս բլոգում կամ ունեք նկատողություններ կամ լրացումներ, խնդրում եմ գրեք ձեր մեկնաբանությունները անմիջապես գրառումից հետո մեկնաբանությունների դաշտում: Իսկ եթե շատ հավանեցիք մի-քանի գրառումններ` կարող եք դառնալ մշտական ընթերցող: Դա դժվար չէ, եթե ունեք գուգլի անձնական էջ: Նախորոք շնորհակալություն..

воскресенье, 31 июля 2011 г.

Վարդավառ ու ջրոցի

 Այսօր հուլիսի 31-ն է` վարդավառ է:
Մտածելով, որ օրվա ակտիվիստները դեռ արթնացած չեն լինի ես դուրս եկա տնից: Բայց փաստորեն իմ կարծիքը մեր ակտիվիստների մասին սխալ էր: Արդեն ուրախացած, որ չեմ ջրվել` ես վերադառնում էի տուն, երբ իմ ուրախ ժպիտը փոխվեց սառը ջրից այլակերպված դեմքի: Իհարկե, գլխավոր և առաջին զոհը ես էի այդ խմբի համար: Ես  ճանապարհը փոխեցի, բայց արդեն դժբախտաբար նկատվել էի նրանց կողմից: Դանդաղ և զգույշ քայլերով ես առաջ շարժվեցի, և դույլերով, շշերով զինված մեր ակտիվիստները ինձ դիմավորեցին օրվան վայել կերպով: Աաա մի դույլ վրաս դատարկվեց դիմացից, մի շիշ հետևից, կողքերից էլ մի երկու կաթիլ գցեցին, որ հետ չմնան իրենց ընկերներից: Վերջապես զոհ էին գտել չէ: Այդ ընթացքում իմ խեղճ մայրիկը աղաչում պաղատում էր, որ իր հիվանդ աղջկան չջրեն` մեղկա: Ես իհարկե հիվանդ չէի` ուղղակի դա միջոց էր, որ չջրեն:  Բայց աղաչանք- պաղատանքները ոչ-մի օգուտ չտվեցին և ակտիվիստները ուրախ ժպիտով հանձնեցին ինձ մյուս խմբին: Բայց այստեղ ինչպես ասում են Աստված բացեց մի դուռ և մենք խույս տվեցինք հաջորդ խմբից, որը ավելի զինված էր քան առաջինը:
Իսկ այն հարցին, թե իրենց դուր կգար, որ իրենց ծնողը և քույրը թրջված մտնեին տուն, նրանք պատասխանեցին. " Մենք ասել ենք, որ տնից դուրս չգան" :D :
Հետաքրքիրը այն էր, որ խմբում ներառված ակտիվիստները միմյանց չէին ջրում: Իսկ շրջապատող մարդիկ կամ ծիծաղում էին, կամ էլ դեմքի ցավակցական արտահայտությամբ գլուխներն էին շարժում: Հա բա կծիծաղեն բա ինչ կանեն: Իրենց չեն չէ հրապարակի մեջտեղը դույլերով դիմավորել:
Բայց լավ եղավ, սառը ջուրը էս շոգին լաաավ հովացրեց... Մեկ էլ հիշողություն է էլի, թող լինի..

суббота, 23 июля 2011 г.

Սև ակնոցների հետևից

Այս գրառման մեջ ես կկիսվեմ իմ երկրորդ դիտարկումով: Առաջին դիտարկում-գրառման մեջ ես խոսեցի մարդու ինքնազգացողության և պահվածքի մասին, երբ գտնվում է գետնից որոշակի բարձրության վրա:

Ուրեմն, բոլորս էլ ինչ-որ ժամանակ ակնոց կրել ենք և զգացել ենք այն ներքին զգացողությունը, որը մենք ունենում այդ պահին: Մանավանդ սև ակնոցների հետևից մեզ մյուս կողմի աշխարհը թվում է մի ուրիշ, տարօրինակ, որին մենք կարող ենք տեսնել, ուսումնասիրել, բայց այն մեզ ոչ, քանի որ մենք կրում ենք կարծես պաշտպանական զրահներ: 
Ինչ հետաքրքիր է: Համարյա նույն պահելաձևն է նկատվում ինչպես նախորդ դեպքում: Օրինակ կանայք ակնոցների հետևից էլի զննում են բոլորին, քննադատում նրանց հագուկապը: Շատերը նայում են տղաների հագուկապին, խոսելաձևին և հատկապես նայում են նրանց աչքերին` չէ որ նրանք չեն տեսնում: 
Նույն պահելաձևն է նկատվում նաև տղամարսկանց մոտ: Նրանք նայում են զննող աչքերով` հատկապես աղջիկներին:
Մարդիկ այդ ժամանակ ունենում են այնպիսի զգացողություն, կարծես, նրանք պաշտպանված են ուրիշների հայածքներից, որոնք շատ անգամ իրենց դուր չեն եկել: Նաև պատկերացնում են իրենց գերժամանակակից տեխնիկայով լեցուն ֆիլմերի հերոսներ, որոնք ունեն այնպիսի ակնոցներ, որոնք դարձնում են իրենց շրջապատող աշխարհի կողմից աննկատ, անտեսանելի:

пятница, 15 июля 2011 г.

Ուշ է արդեն, բայց ես գրում եմ...

    Արդեն ուշ է: Ես նստած եմ մեր մեծ ու լայն պատժգամբում ու իհարկե այս միջավայրում ես չէի կարող այլ բան անել, քան լացակումած ու թաղծոտ բաներ մտածելը և դրանք թղթին հանձնելը: Իմ դիմաց թեք դրված է փայտե մի աթոռ, կարծես մեկը դեռ պիտի վերադառնա և պետք է շարունակի զմյալվել այս գեղեցկությամբ: 
   Շուրջկողմը մութ է, միայն մի ապակե լույս է կախված երկնքից: Ձմեռը մեզ տաքացնող փայտի կտորները, իրար վրա անկանոն դասավորված, ամառն էլ հիանալի կատարում են հաճելի միջավայրաստեղծ աշխատանքը: Փայտի տեղ-տեղ սպիտակ, տեղ-տեղ շագանակագույն գույնը յուրովի շարունակում է կախված տերևների վառ կանաչը, որը գրավիչ վայր է միջատների համար: 
    Ու իմ  համար մեկ է, թե իմ առանց այդ էլ կծոտված մարմինը ինչքան կծող միջատի խայթոց կզգա, ինչքան մոծակ-մուծուկ կհամտեսեն իմ քաղցր արյունը, ինչքան սարդանման էակներ կճանապարհորդեն իմ վրայով, բայց ես կգրեմ այս հատնելուն հինգ պակաս գրիչով այս տեղ չլինելուն հինգ պակաս գրքույկում, որ հետո կիսվեմ այս պահի գեղեցկությամբ համակարգչի միջոցով: 
  Ախր շատ գեղեցիկ է, շատ դյութիչ է: Այս մաքուր օդը, այս տերևները` գլխավերևում, այս լռությունը և բնության երաժշտությունը, այս թեթև զեփյուռը, որ շոյում է դեմքս: Այս ամենի ազդեցությամբ մի հանգստություն, թմրություն է իջել վրաս և ես լուռ նայում եմ շուրջ կողմս, մտածում ու գրում: Բայց արդեն շատ ուշ է: Վերջ ես գնացի ... 

понедельник, 11 июля 2011 г.

Մի քանի սանտիմետր բարձր, բայց ուրիշ զգացողություն


    Շատ եմ նկատել և իմ փորձով զգացել, թե ինչպես է ազդում մարդու ինքնազգացողության վրա մեքենայում նստած լինելը: Այսօր ևս մեկ անգամ համոզվելով` որոշեցի կիսվել տպավորություններիս մասին: 
  Այսպիսով, եթե նկատել կամ զգացել եք, երբ մեքենայում նստած ենք լինում մեզ մեկ մակարդակ բարձր ենք զգում քայլող մարդկանցից( հետիոտններից): Ձգվում ենք, սկսում ենք մեզ ազնվականի կամ ժամանակակից մարդու նման պահել: Մեր առջև այդ քայլող մարդիկ շատ փոքր, չնչին են երևում, բայց և զգում ենք, որ մենք էլ ենք նրանց նման քայլել  և նեղվում ենք այն մտքից, որ մեր նման մեքենայում նստածների համար մենք ել ենք եղել փոքր էակներ:
Կանայք և տղամարդիկ այդ իրավիճակում տարբեր են իրենց դրսևորում: 
  Կանանց մոտ փոխվում է դեմքի արտահայտությունը, նստելաձևը, պահելաձևը և մտածելակերպը: Կանայք այդ պահերին լրիվ մտնում են իրենց տարերքի մեջ. քննադատում են աղջիկների հագ ու կապը, պահելաձևը և մտածում են իրենց կյանքի մասին: Կանանց դեպքում մի հատուկ ուշադրություն են վայելում վարորդ կանայք, որոնք ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել( բջջային հեռախոսներով խոսալու, ծխախոտ ծխելու և  այլնի միջոցով): Սակայն այդ պահվածքը հաճախ բերում է ոչ ցանկալի պատահարների:
    Տղամարդիկ, ինչպես միշտ, կանացից ավելի պասիվ են ձևականության տեսանկյունից: Բայց փոխարենը ակտիվ են դանդաղաշարժ հետիոտններին և վարորդներին ոչ գեղեցիկ ձևերով վիրավորելու, ոմանքները գեղեցիկ աղջիկների հետևից նայելու և ռեպլիկներ թողնելու տեսանկյունից: Սակայն զբաղված տղամարդիկ` ամբողջովին կլանված գործերի մեջ, չեն զբաղվում կողմնակի զբաղմունքներով:
   Ցավոք, չեմ կարող ասել, թե ինչպես են պահում և  կենդանիները մեքենայում:
  Այսքանն էին իմ դիտարկումների արդյունքները: Եթե ունեք ավելացումներ կամ նկատողություններ արտահայտվեք:

пятница, 8 июля 2011 г.

Մարդը կախված է միջավայրից

   Մարդը հասարակության մեջ ապրող էակ է: Դա նպաստում է, որ մարդու մոտ զարգանա կախվածություն շրջապատող միջավայրից, մարդկանցից, իրերից: Այստեղ շատ կարևոր է, որ մարդ ունենա իր սեփական կարծիքը, իր եսը, որին պետք է հետևել միշտ: Եթե մարդ պատկանում է մարդկանց այն դասին, որոնք չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա նա կարող է վտանգավոր լինել իրեն շրջապատող մարդկանց համար: Նա կլսի և կենթարկվի նրան, ով իր կարծիքը կունենա և այն կպարտադրի բոլորին: Սակայն նա չի զգա ինչ կարող է լինել իր անմտածված գործողությունների հետևանքով և միայն վերջում` երբ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինի, նա կհասկանա, թե ինչ է արել: 
  Եթե շփվում ենք այդպիսի մարդկանց հետ, պետք է ի նկատի ունենանք, թե ինչ արտոնություններ ենք տալիս նրա ներաշխարհին, որը ուզում է արտահայտվել, ուզում է թեթևանալ, նրա պատկերացումներին, որոնք վերջապես կիրականանան: Նա կդառնա իր երազած կերպարը, որին ձգտում էր հասնել ամբողջ կյանքում, եթե չի հասել: