вторник, 7 августа 2012 г.

Սև կետ..

Քայլում էր Նինան  դեղին քաղաքի  նոր ասֆալտած տաք փողոցներով: Մի քանի օր է, ինչ զգուշացնում են 12:00-ից մինչև 15:00 արևի տակ շատ չլինել: Հիմա 14:45 է:
 Անելու բան չկա..
-Ու՞մ ես սպասում
-Ոչ մեկի
Գլուխը  անտարբեր շրջում է ծանոթից ու շարունակում անհետաքրքիր ճանապարհը:
"Ինչի ես դու այդպիսին? Ինչի չես հասկանում ինձ? Ինչի է քո այդ չհասկանալը վնասում ինձ? Ինչի է ամենացավոտը լինում քեզ վերաբերվող հարցը? Ինչի եմ ես քեզնից կախված? "
Հարցեր, հարցեր, հարցեր... պտտվում են, բախվում իրար, տրորում անցնում, բայց միայն այդ խառնաշփոթով չի պրծնում: Հարցերը ծնում են որոշումներ, տաք, նոր "թխված" որոշումներ:
Դանդաղ, կտրուկ քայլերը գրավում են քայլող մարդկանց՝ հատկապես "ֆռֆռալու" դուրս եկած ժելեյոտված տղաների ուշադրությունը: Այդ քայլերը տանում են սև կետի, որից հետո կա կյանք, կա լույս ու կա հույս դեպի սպիտակ կետ:
"2 ժամ դեռ կա: Ի՞նչ պիտի անեմ: Կքայլեմ! Երկար ժամանակ է իմ հետ չեմ խոսել: Կարոտել եմ անիմաստ բանավեճներիս, որոնք հանգում են արցունքի մեկ կաթիլի: Կարող է քայլելիս մի զանգ գա ու ամեն ինչ փոխվի: Բայց դե ով պիտի զանգի ինձ: Հազիվ VivaCell-ն ու Orange-ը իրանց նամակներով զզվեցնեն: Ավելի լավ է մարդկանց ուսումնասիրեմ, գոնե ինձ կմոռանամ: Իրանք հետաքրքիր են: Մանավանդ, որ ժպտում են, հետո ժպիտը կամաց վերածվում է հիասթափված դեմքի, որը չստացավ, ինչ սպասում էր:", - խոսում էր Նինան իր հետ: Չկար մեկը այդ պահին, որը հասկանար կատարվելիքը, իսկ  եթե կար՝ չէր ցանկանա Նինայի հերթական "գլուխը կախ" շրջանում խոսել նրա հետ:
"Ձեզ թվում է՝ ես գերագույն հաճույք եմ ստանում հիասթափվելուց կամ մարդկանց վատ կողմերը ճանաչելուց: Այդպես չէ, ես ուղղակի նկատում եմ, ուղղակի ես այդպիսին եմ ու եթե ինձ սահմանափակում են, ես սկսում եմ սահմանափակողի վատ կողմերը նկատել, փնտրել, գուցե չգտնել:" ,- շարունակում է իր լավատես կողմին խոսք չտալ:
Կաթ? վայ չէ աչքից բաժանվելուց մի քանի վայրկյան հետո նա արդեն գոլորշիացել էր: Ամառ է, շոգ է, արցունքի կյանքը կարճ է, մի լացի, սենց, թե նենց չեն տեսնի: Մի քիչ տեղ կազատվի լցված սրտում, բայց ոչինչ հաջորդ պահին կհիշի դարդերը ու էլի կլցվի:
1 ժամ շա՜տ դանդաղ քայլերով հասավ պարապմունքի տեղը: Հետո շա՜տ դանդաղ քայլերով  իջավ նկուղային հարկ տանող աստիճանները: Վերջին աստիճանի վրա կանգ առավ ու նստեց: Կողքի դահլիճից լսվող ռոքային ծանր ու ճնշող հնչյունները դատարկում էին սև կետի պարունակությունը: Մանկության լուսանկարները, որոնք պայուսակի մի անկյունում միշտ գցած են լինում, դարձան ազատ տարածք պարունակությունը թափելու համար: Կանաչ, բարակ ծայրով բարակ գրիչը դարձավ միջոց: Սև կետի մասնիկները դասավորվում են, դառնում են իմաստակիր տառաշարքեր ու պատմություն դառնում լուսանկարի մյուս կողմում: