понедельник, 27 августа 2012 г.

3 օր, 4 տառ. PLAY


Առաջին փուլ. Հայտը վերջին օրը ուղարկեցի: Ճիշտ է, առաջին օրվանից լրացրել էի, բայց,  ինչպես միշտ, վերջին օրն ես հիշում, որ 2 շաբաթ առաջ լրացրածդ հայտը դեռ չես ուղարկել, ու գցվում ես համակարգչի դիմաց, 2 վայրկյանում ուղարկում դեռ շա՜տ պաշտոնական թվացող փաստաթղթերը ու հանգիստ սրտով հեռանում համակարգչի դիմացից: 

Երկրորդ փուլ. Սպասում էի հաճելի, ուրախ ձայնով մեկի զանգին, որը կասի սպասված խոսքերը.«Շնորհավորում ենք, դուք անցել եք PLAY ծրագրի երկրորդ փուլ»: Աննան էր: Ճիշտ էլ հասկացել էի՝ ժպտերեսիկ, անմիջական ու հանգիստ: 

Հարցազրու՜յց. Արդեն այդ բառը լսելուց միայն ժպիտներ ու հավեսով մարդկանց եմ պատկերացնում: Ճիշտ է, միշտ չի այդպես լինում, բայց առաջին տպավորությունը դա է: Մտա դասասենյակ ու առաջինը, ում տեսա, անկեղծ ժպտացող Վիկան էր: Ես իրեն այդպես էլ հիշելու եմ միշտ. ճամբարային 3 օրերն էլ էլ ավելի ամրապնդեցին տպավորությունս: Հարցեր, որոնցից մի քանիսի վրայով թռանք, որովհետև ժամանակ չկար: Բայց այն հարցերը, որոնք տրվեցին, ճիշտ այն էր, ինչ ուզում էի: Նրանց ստեցծած մթնոլորտը ինձ ավելի էր ներշնչում, որ պիտի անկեղծ ու ազատ լինեմ, պիտի ասեմ այն, ինչ չեմ կարողանում ասել լարված ու ճնշված պահերին: Ու ասացի.. Հարցեր կային, որ այդ թեմաներով ես արդեն մտածել էի, մտքումս ծավալվել ու նաև գրել բլոգումս կամ ուղղակի թղթի վրա: Նույն անկեղծ ժպիտով էլ լքեցի ծանոթ դասասենյակը (առաջին դասարանում այդտեղ 1 օր դասի եմ եկել :D): Վստահ դուրս եկա, վստահ գնացի գյուղ, էլի վստահ սպասում էի զանգին՝ այս անգամ երրորդ, ճամբարային փուլի համար: Զանգ. Ուրախությամբ ասում են, որ, իհարկե, անցել ես: 

Երրորդ, ճամբարային փուլ. Ուրիշ էի... ուրիշ էր մթնոլորտը, ուրիշ էին մարդիկ: Ամեն մի ասված բառը ուղեղումս ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Բառեր, խորհուրդներ, կանոններ, "պիտի"-ներ. բոլորը խառնվել էր իրար: Մեկ-մեկ մտածում էի.«Ե՞ս: Առաջնո՞րդ: Հպարտությու՞ն: Ինչ-որ հեռու չե՞ն իրարից այս բառերը: Առաջնորդե՞մ մարդկանց: Ինչի՞ համար պետք էր լրացնել հայտը»: Սա առաջին օրն էր: 

Իմ նման էի, չկար ոչ մի պատնեշ, որ չթողներ 48 յուրահատուկ մարդու հետ ազատ շփվել: Չգիտեմ՝ ինչքանով դա ինձ հաջողվեց, բայց ճանաչելով ինքս ինձ՝ ասեմ, որ ես անկեղծ էի, ազատ ու չէի փորձում ձևերով առաջ գնալ: 

Ճաշարանի զրույցները, նոր ընկերները, որոնց ես անընդհատ ուսումնասիրում էի... Հետաքրքիր էր ուղղակի ամեն ինչ, ինչ կապված էր այդ մարդկանց հետ: Երկրորդ օրն էր, ինչքան հիշում եմ, առաջնորդ լինելու հիմնական կանոններից էինք խոսում, ու մի բան ինձ ավելի շատ մտածելու տեղ տվեց.«Առաջնորդը ինքնավստահ պիտի լինի, հպարտ»: Դա իմ համար խնդիր էր, որը սկսեցի լուծել արդեն հաջորդ դասի ժամանակ: Հռետորական արվեստ. ոչ ոք ինձ չէր ստիպել կամ ասել, որ գնամ խոսք ասեմ: Ես վերջինը, դանդաղ, անվստահ քայլերով գնացի, կանգնեցի ու սկսեցի խոսել: Ինչպես միշտ ցածր ձայնով, աչքերս գետնին էին նայում, հետո կամաց բարձրացան վերև ու երևի հաստատվեց eye contact-ը: 

Վերջացրի, նույն ձևով խելոք նստեցի տեղումս ու սկսեցի իմ սխալները իմ դիմաց դնել: Լավ պահ էր, երբ, սխալներդ հասկանալով, փորձում ես ուղղվել: Զարմացել էի իմ վրա, որ գրեցի անունս, հետո խոսեցի: Ու դրանից ավելի ոգևորվեցի, որ մեջս փոխվեց ինչ-որ բան: 

Խարույկը, պարերը, Տիգրանի կատակները, Վիկայի ժպիտը, Դավիթի (Պետրոսյան) բարի աչքերը, Լևոնի անեկդոտը, որ արդեն լսել էի, բայց էլի ծիծաղելի էր, Էդոյի անհասկանալի կատակները, ու այդպես շարունակ: Այնքան բան կա հիշելու, որ փորձում ես նշել, բառերի երկա՜ր շարք է ստացվում: 

Երգ, պար, խաղ, գույն, ժպիտ ... PLAY