вторник, 19 июня 2012 г.

Գիշերային կոկտեյլ

Օզոնաշատ անձրևային օդը մաքրում է` տան մեջ տարածված ծխախոտի ծխով լցված շնչուղիներս: Հայրիկի ամենօրյա ծխելու արարողությունից վերջապես ազատվեցի` ինձ տնից դուրս գցելով` չնայած, որ մութ է արդեն և աղջիկների համար ոչ հարմար ժամ: Առավոտյան ձեռքիս տակ ընկած առաջին շապիկը, հարազատ ջինսե տաբատը և անբաժան կեդերը հագիս դուրս եմ գալիս: Իրար հանդիպակաց եկող տղաների խմբերը ուշադրությունները շեղել են դեպի գլխիկոր քայլող միայնակ աղջկա կողմը` ես էի: Լուսնի շատ թույլ` համարյա մարած լույսի ներքո չեն երևում սևազգեստ, անելու բան չունեցող այդ տղաները և միայն իրար հրմշտող ոտնաձայներն են բացատրում ինձ, որ այստեղ մենակ չեմ, բայց այդ բացատրությունները ոչինչ չտվեցին և չհամոզեցին ինձ` մտքումս ուրիշ տիրակալ էր իշխում: Փորձեր էի անում երեկվա իրադարձությունները, դեպքերը կապել քո խոսքերի հետ` ապարդյուն: Ախր ինչու ես դու այսքան անբացատրելի ու խառը, ինչու չեմ կարողանում գոնե ձևի համար բացատրել քո խոսքերը, գործողությունները, ինչու չի ստացվում ստեղծել մի քաղցր միջավայր, որը կլինի մեր մեջ կամուրջ` հնարավորություն ստեղծող  իրար մոտենալու համար: Արժանի չեմ քեզ, թե դու ինձ?? Լավ ինչն է կամ ով է այդ մտքերի խառնաշփոթ տանգոի մեղավորը, որի միակ հանդիսատեսը դու ես: Ես քեզ չէի հրավիրել այդտեղ, ինքնակոչ, ոչ կամայական, քո համար էլ անհասկանալի ու անընդունելի կերպով եկար ու նստեցիր չգիտեմ ինչքան, բայց հաստատ երկար տևող, մեկ հանդիսատես պահանջող ներկայացմանս: Ամենևին տխուր չեմ, ուղղակի արդյունավետ մտածելու համար ինձ լռություն է պետք, ցանկալի են մթությունը և ջազը: Չեմ կարող քո հետ անկեղծ լինել` չնայած, որ շրջապատումս միայն քո հետ կցանկանայի խոսել, կիսվել, ժպտալ և ուրախանալ: Իսկ գիտես ինչու? Որովհետև վախենում եմ, որ դու էլ կնմանվես մնացածին ու կծաղրես ու կծիծաղես խոսքերիս վրա (եթե արդեն չես անում դա): Ինձ տարօրինակ, աննորմալ ես համարում, որովհետև դեռ նորմալ չենք խոսել, պարզ ու քո համար ընդունելի բառեր դեռ չես լսել ինձնից: Ինչն է պատճառը? Քո աչքերը, հա հա քո անմեղ, խորացող ու խորտակող աչքերը, իրենք են մեղավոր, որ ամեն րոպե մի քայլ անելուց առաջ մտածում եմ ինչ կարծիքի ես, կամ փողոց դուրս գալուց առաջ շատ եմ մտածում ինչ հագնելու ու ինչպիսին լինելու մասին, իսկ առաջ իմ համար լրիվ մեկ էր, մեկ էր, ով կողքովս կանցնի և ինչպես, իսկ հիմա այդ մեկի մեջ քեզ եմ փնտրում:
Արդեն խառնված ոտնաձայներն էլ չեն լսվում: Լռությու~ն ինչ լավ է եկար: 5 րոպե, 10, 15 ... 1 ժամ անցավ: Մրսում եմ, կամաց գնա, տուն: Վայ, էս ուր եմ հասել, որտեղ եմ?
- Լճի մոտ
- Հն? Ով ես?
- Դե եթե ասեմ խորհրդավոր անծանոթը` հաստատ կհավատաս էս վիճակով: Ինչի ես էս ժամին դուրս եկել? Ով է քեզ թողել? Կապտել ես, գոնե դա գիտես? Մի վայրկյան սպասիր, մի բան բերեմ վրադ գցիր ու գնանք:
Գնաց. 5 րոպե: Մտքեր, բայց դուք լավ չարեցիք, որ իմ խնդրանքներին արձագանքեցիք: Ես ասեցի ձեզ տարեք ինձ իրա մոտ, չասեցի իրոք ոտքերիս հրաման տվեք: Բայց ինչի եմ ժպտում? :)
- Եկա: Վերցրու' մամայի թիկնոցն է, հագի'ր
-Չէ: Չեմ մրսում ախր
- Լսի, հիմի դու մտածել չես կարող, կարողանաս էլ մենակ հիմարություններ արդյունքում կստացվեն, այնսպես որ խելոք հագիր ու առաջ ընկիր
- Բայց ախր.. Դու ինչի ես գալիս? Ես կգնամ (ասում է կամակոր երեխայի նման)
- Դե գիտես ինչ: Ես քեզ չէի համոզել կամ խնդրել, որ գայիր մեր թաղամաս, իսկ ես լրիվ իրավունք ունեմ օրվա ցանկացած ժամի զբոսնել մենակ և ոչ միայն: Իսկ դու ոչ!!
- Ես առաջին անգամ եմ  այս ժամին դուրս եկել, բայց էլ չէի կարող մնալ այդ միջավայրում: Թունդ ծխախոտի հոտը, սերիալի լացուկոծը ու փոքր տարածությունը ճնշում էին, նույնիսկ չէի կարողանում մաթեմատիկայի պարզ վարժությունները գրել: Դա վատ է չէ?
-Դե քո համար շա~տ :P Տխուր է վիճակդ, բայց մի բան կանենք, չմտածես
-Հա? Բայց դու մենակ կռվում ես, իսկ ինձ այդպես չես օգնի
-Դու չգիտես: Խելոք արի հա ?
Լռություն. 5 րոպե, 10, 15 ... 1 ժամ:
-Քունս տանում է
-Ինչ էիր անում էսքան ժամանակ մենակ, փողոցում?
-Քայլում էի
-Ու? Ինչի համար?
-Մտքերս կարգի բերելու
-Իրենց ինչ էր եղել?
-Խառնվել էին,  ներկայացում էին սարքել գլխումս
Ժպտում է.
-Իսկ քո գլխում, երբ ներկայացում չէ որ ?
-Երբ որ կողքդ չեմ
-Դա ինչ կապ ունի?
- Չես հասկանա, հեչ
-Արդեն հասնում ենք: Ինչ պիտի ասես ծնողներիդ?
-Եսս, բայց ես, ես ասելու բան չունեմ: Կօգնես ինձ? Խնդրում եմ
-Լավ..
Աչքերը հառեց գետնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Ես էլ կողքով խելոք գնում էի, կարծես մեր տուն չէինք գնում, այլ մի տեղ, որ միայն ինքը գիտի և ես միայն հետևում եմ իրեն:
-Գիտես չէ ինչքան վախեցա, որ քեզ մեր մոտ տեսա: Գունատ լինելդ կրկնապատկեց այդ վախը: Գիտես չէ, որ կորեիր` ես չէի դիմանա: Դու սխալ ես անում, որ լռում ես: Մի բան ասա: Դե? Ես գիտեմ, որ այդ ներկայացման մեղավորը ես էի ու դա ամենևին, քո ընկերուհիները չեն ասել, որոնց հետ դու խզեցիր կապերդ վերջերս: Բայց ես արժանի չեմ քեզ: Համ էլ ինչ եմ խոսում, ինչ հիմարություններ, չէ որ մենք քույր ու եղբայր ենք, չէ? Այդպես են չէ ասում ընկերներին:
-Դու հասկացել էիր: Հասկացել էիր դեռ շատ շուտ և ոչինչ չէիր անում: Դու թևաթափ արեցիր ինձ.. Հիմա արդեն խոսելն էլ է դժվար:
Դռան առջև կանգնած ենք` ես գլխիկոր, նա կանաչ ներկված պատին է նայում: Դուռը բացվեց
-Ուր էիր ասյքան ժամանակ?
-Մամ, ես գնացել էի, գնացել էի..
-Տիկին մենք գնացել էինք մեր ընդհանուր ընկերոջից գիրք վերցնելու վաղվա քննության համար, իսկ մեր տունը ճանապարհին էր, այնտեղ թողեցի և ես ձեր աղջկան ողջ և առողջ բերել եմ ձեր մոտ: Ամեն ինչ կարգին է: Խնդրում եմ չզայրանաք նրա վրա
-Լավ
Մեկ ժպիտ, որ երևաց դեմքիս վրա, երբ բարձրացրեցի գլուխս և նայեցի նրա մեղավոր աչքերին: Նրանք արդեն բաց էին իմ համար և պարզ.. Նրանք իրենց արդարացրին..