понедельник, 13 января 2014 г.

Արագացում

Մեքենաները կանգնել են: Շարժը կանգնել է: Երաժշտությունը հոսում է: Մոտեցա անցումին՝
ազատ է: Քայլում էր  նա՝  փաթաթորված մինչև աչքերը փակող շարֆով ու  իր կրկնակի չափի վերնագուստով, ձեռքից բռնել էր տատիկը՝ նա ժպտում էր: Ձեռքը բաց թողնելը երևի ամենավատ բանը կարող էր լինել աշխարհում այդ պահին: Նա  քայլում էր՝ փոքր-ինչ երերալով, դեռ վստահ չէր իր վրա, դեռ վստահ չէր, որ կարող է այն մեծերի նման վստահ, գետնին ագահորեն խփելով քայլել: Բայց ոչի՜նչ, ինքն էլ է դառնալու այդ ագահներից մեկը: Մի օր, օրերից մի օր...

Ջերմաստիճանը բարձրանում է:
Տաք գոլորշին փակում է տեսադաշտը: Հեռվում վառվող լամպը խամրել է. ջերմաստիճանը բարձրացել է: Մի քիչ էլ  ու արդեն  դիմացս կլինի միայն սպիտակ գոլորշու ամպը: Երկնքում լողացող ամպերից մի կտոր ընկել էր սենյակս: Արդեն հասկացաք՝  տեսադաշտս էլ փակել ու հաճելի սպիտակի մի հավերժություն է դիմացս: Վերցնում եմ արդեն ծայրը մաշված մատիտը ու սկսում տեսնել մուգ շերտով "Համընկնությունների անվերջ աճող պրոգրեսիան": Կարծես  թե, դա ես չեմ նկարել ...

Արագ-արագ քայլերը  խաբում են ու վստահեցնում, որ ավելի արագ ու զգույշ քայլելու դեպքում չեն նկատի ներկայությունս: Մթնշաղում մինչև վերջին կետը միացրած երաժշտությունը ավելի  է արագացնում մեքենաների վազքը, դիմացովս քայլող համարձակ երիտասարդների թեժ զրույցը ու  մարդկանցով լցոնված երթուղայինի ծանր շարժումը:

Այն փոքրիկի նման` ես էլ վերարկուի, շարֆ-գլխարկ անբաժան զույգով փաթաթորված անցնում եմ այն կամուրջի վրայով, որը առաջին անգամ անցա, երբ պետք է պաղպաղակ գնեի այն ժամանակ այդ արգելված, չափից դուրս մեծ ու վտանգավոր կամուրջն անց գտնվող խանութից: Դա առաջին անգամն էր, երբ խախտեցի "չի կարելի"-ն, բայց ունեցա սպասված պաղպաղակը: Նրանք տեսնում էին ինչպես էին պսպղում աչքերը, երբ փոքրիկը վայելում էր վանիլային պաղպաղակը՝ սկզբում ազատում սպիտակին վաֆլու  պատնեշներից, հետո աստիճանաբար մաքրում նրան իրականությունից:

Ոտքս դնում եմ սառույցի արդեն մաշված, ասֆալտի տպավորություն թողնող կտորի վրա ու մտածում, որ հանկարծ թե ընկնեմ երևի աչքերս կբացեմ ու կժպտամ, թեկուզ որ՝ կցավա: Կժպտամ, ուղղակի մի մտքից, որ  այն օրը աչքերս փակեցի ու, քաղցր ալկոհոլը խմելով՝ ցածր, միայն մեկի համար լսելի ձայնով ասացի այդ եռյակը: Թեկուզ, որ նրանցից երկուսը՝մյուսի հետ  անհաշտ են:




суббота, 4 января 2014 г.

Պատերի ճաքերը հաշվելիս

Թաց  մտքերի մեջ պլստալով՝ հազիվ հասնում եմ առավոտին:
Ատում եմ քեզ ժամացույց, ինչու՞ ես միշտ ճշմարտությունն ասում: 
Ժամերը գնացին, ես դեռ արթուն եմ: 

Քնել՝ դեռ չի նշանակում աչքերը փակել ու որոշ ժամանակ հետո բացել: Դողը՝ դեռ չի նշանակում վախ: 
Երբ մտածում էի, որ հնարավոր է մանկության բացթողումները լրացնել բառերի, կիսատ-պռատ մարդկանց միջոցով, ամեն ինչ միջոց էր, տարբերակ նպատակիս հասնելու համար: Ես ընդամենը ուզում էի ջնջել  այդ պատկերները հիշողությունիցս: 

Ընկել եմ, չեմ ուզում կանգնել: Այստեղ տաք է, բայց նեղում է: Թեթև ձեռքը կօգնի... Այն գտնելու ամեն հնարավորություն գրավիչ է թվում:


Ուզում էի գրել, թե ինչպես այսօր երթուղայինում ժպտաց փոքրիկ կարմրաթուշ աղջնակը, որին ամբողջ ընթացքում ջանասիրաբար փորձում էի ուրախացնել, սառը դեմքի վրա ուրախության նշույլ պատկերել: Եվ ահա, ստացվեց, նա ծիծիաղեց, երբ անհաջող կերպով փորձում էի  խաղալիքների խանութում տեսած զվարճալի կոկորդիլոսի ձևերն անել: Ես ձախողվեցի, բայց հաղթեցի, որովհետև նա ժպտաց...


Երանի դու էլ էդպես ժպտաս, մի օր, մի թաքուն օր: Այ հիմա մտքումս պտտվող երաժշտության ներքո դանդաղ պարելուց: Ժպտաս, կամ թեթև շարժես դեմքիդ սառը, բայց հալվող արտահայտությունները: Սա ընդամենը գիշերային մտքերից մի հատված էր, որ վերաբերվում է երևակայական կերպարին, որը մի օր իրական կդառնա, կամ էլ արդեն դարձել է..


Ամենօրյա մարդկանց հոսքից զզված,  բայց աշխատել շարունակող արդեն հյուծված երթուղայինի վարորդը մոտենում է վերջին կագնառին: Այստեղ պիտի իջնեմ: Անծանոթ քաղաք, տհաճ աղմուկ, մեկ-մեկ սիրելի մարդկային ամբոխեր: Մոտս միայն մինուճար 200-ոցն էր՝ դասի գնալ-գալու համար նախատեսված: Մոտեցա, որ հանձնեմ վարորդին այն, նա ձեռքը արդեն պարզել էր, որ փոքր հարյուր դրամանոցները լցվեն սևացած ափի մեջ: Առաջինը ես էի, բայց իմը հարյուրանոց չէր: Նրա աչքերը հազիվ էին փակվում, մարմնով դող էր անցնում ամեն անգամ, երբ զգում էր խշխշան կոպեկների զրնգոցը, զզվել էր արդեն: Արագ դրեցի դեղնավուն մետաղադրամը ու  ձեռքի մյուս անկյունից վերցրեցի փոքրի հարյուրանոցը՝ որպես մանր: Արագ նայեց դեղնավուն մեկին, ապա աչքերով հետևեց իմ ինքնագործունեության ընթացքին: Գլուխս բարձրացրեցի, նա ժպտաց՝ ես էլ պատասխանեցի: Աչքերում առույգություն երևաց, կարծես, թե ազատ էլ էի իրեն մի շատ ծանր գործից: Ես ուրախացա՞ այդ պահին: Շա՜տ: Կծիծաղես, բայց նրա այդ ազատության, մի քանի րոպեն հանգիստ վայելելու զգացումի կեսը ինձ փոխանցվեց այդ մեկ ժպիտով:


Հիմա նորից   առատ շոկոլադի, պոպոքի, խմորեղենի կամ մսի  առկայություն կա:  Նորից բոլորը հիշել են, որ ուտելու սեզոնն է ու պետք է ընտրել ամենագունավորը, սիրունը, համեղը, ընտրել թանկարժեքը ու  վայելեն դրա բոլոր հատկանիշները՝ ոչինչ, որ գիշերը  լավ չեն քնի՝ ներսում այդ բոլորի անհաշտ լինելու պատճառով:
Կուզեի, որ այդպես չմտածեիք
Կուզեի կտածեիք այն վարորդի նման, որ երևի այն մի ժպիտով ավելի ուրախացավ, քան կուրախանար  խոզի բդի համից:


Թեթև քայլերով մոտենում եմ այն վայրին, որ  ամենալավ մի երկու քառակուսի մետրն է մտածելու, թե ինչ-որ բան արժես էս հողակույտի վրա  ու զգաս բարձրութան համը: Դու-ն փոխվել է, հիմա քերծվածքները նորաձև են: Հիշել եմ հավատարիմ ընկերոջս՝  մոխրագույն ագռավին: Պատմել եմ ձեզ նրա մասին: Ինձ խորհուրդներ էր տալիս, իսկ ես՝ գնում էի տուն ու մոռանում դրանց մասին, որովհետև էլի ձուլվում էի զզվելի մսաղացի մսացուին ու միանում միահամուռ աղման պրոցեսին: Երեկ նա այցելեց, երբ գիշերը  մթության մեջ հաշվում էի պատի վրայի ճաքերը: Հա, վերջերս եմ հայտնաբերել մթության մեջ  տեսնելուս փաստը:


Դե, իսկ հիմա մտքում շնորհավորիր, որ վերջապես մի բան կարողացա գրել: Իսկ ես էլ թաքուն կընդունեմ շնորհավորանքդ:




пятница, 27 декабря 2013 г.

Հեռու..

Քաղաքապատկեր իմ խորանարդիկից
Կտ տկ
կտ տկ 
կտ տկ
Անծանոթ ձայն մոտիկից

Սեղմել կողքից, ներքևից, տակից, վերևից: Ոչ, երթուղայինում չեմ:
Սեղմել  մտքերդ, արարքներդ, երազանքներդ...
Երազանքներդ... 

Ներսից թափանցիկ, դրսից անթափանց խորանարդիկիս դուռը  արդեն կառավարելի է:
Ցանկության դեպքում  այն կբացի իր հյուրընկալ դռները: Իսկ այնտեղ տաք թեյն է՝ մի կտոր սիրալիր լիմոնով: Այնտեղ մի զույգ անշունչ, անգույն, անփայլ աչքերն են: Միևնույն է՝  նրանք հասկանում են: Այնտեղ բոլոր կորուստներս են, բոլոր  չասված բառերս, բոլոր փոքր, բայց գեղեցիկ քայլերը, ինչպես  ներդաշնակ պարի  առաջին քայլը՝ փոքր, տեղին: 

Թեթևության անսովոր զգացում
Խորանարդիկի դուռը բաց է, այն կառավարելի է:  Ժպիտ ՝է, տաքություն է, լույս է ներսում. խորանարդիկը բաց է՜, բաց է՜

Այն բաց է թողնում բոլոր կորուստներս: Թվում է՝ չեմ կորցրել, բայց միևնույն ժամանակ չունեմ դրանք ներկայումս: Զգում եմ, բայց փաստացի չկան: Իսկ ավելի ճիշտ, իմ համար փաստացին ստույգ չէ,  ես կհավատամ իմ խորանարդիկում ապրող զույգ աչքերի պատմած ճշմարտությանը: Քաղցր ճշմարտությանը, այն դառը չէ, ինչքան էլ համոզեք հակառակը: Կորուստը միանշանակ չէ, տխրությունը ու ցավը միանշանակ չեն, ձախողումը միանշանակ չէ: Գուցե խորանարդիկներից դւորս այդ ամենը չկա, կամ ուրիշ խորանարդիկում է, կամ  քո  գունավոր, երազանքներով լի գնդում՝ քո մոլորակում: 

Մինչ մյուս հանդիպում

Իմ մոլորակում, կամ՝ քո

Կորոշենք, երբ  կրկին սխալվենք՝ կարծելով, թե հավերժ ենք հրաժեշտ տալիս միմյանց: 

Չմոռանաս  քո խորանարդիկից նայել աշխարհին՝ այդպես հանգիստ է, խաղաղ, առանց  սևի, մռայլի, վատի..






пятница, 29 ноября 2013 г.

Ճանապարհների մտքերից

.. Աչքերը բացում է, փոշմանում երազում դանդաղ քայլող մեկին մենակ թողնելու համար ու
նորից փակում աչքերը՝ ետ ճանապարհի հույսով: Ախ, չստացվեց, ուրիշ երազ ընկնելը այդքան էլ հաճելի չէր: Այնտեղ  նրան էին սպասում  Մոխրակույտը ու Մռայլակը, որոնց հանդիպելը երևի վերջին ցանկությունը կլիներ նրա ցուցակում: Զարթուցիչը դեռ կես ժամ առաջ էր նոր օրվա բացվելու մասին հայտարարել, բայց անգամ այդ հաճելի երաժշտությունը չէր համոզել մահճակալից հեռանալ ու անցնել ստանդարտ օրերի գործողություններին: Ամենածանրը քնից արթնացող մարմնին մահճակալից անջատելն է:

Ահա այսպես էին սկսվում Նինայի վերջին մի քանի ամիսների գիտակից օրերը: Ինչու՞ գիտակից: Որովհետև երբեմն օրերը այնքան անկարևոր ընթացք էին ստանում, որ մեկ-մեկ անջատվում էր զուտ "հասկանալ" կոճակը: 
Կարոտել է իր վախերին, կարոտել է, որովհետև դրանք  լիքն էին գույներով՝ թեկուզ տեղ-տեղ ընդհատվող, բայց վառ ու հիշվող: 
Նինան է...Կանգնել է Ուրախ Ավտոբուսի դիմաց ու խոսում է (բարձրաձայն, բայց կտրատվող ձայնով).
...Կարմիրը արյունը չէ: Տեսնես ինչ կլիներ, եթե աշխարհում  հակուղղված կամ համուղղված իրար համար մարդիկ ամեն օր միևնույն գույնով  լցնեին իրենց արտաքինը: Դե պուճուր ժամանակ էլ էինք մտածում, որ եթե մեր սիրած էակիկը նույն գույնն է հագել այդ օրը, ինչ մենք, ուրեմն էստեղ մի բան կա: Լավ, թեկուզ դա չլիներ: Լիներ այնպես, որ նրանք զուգահեռ գործողություններ անեին: Օրինակ մեկը իր  երազանքների ամփոփումը այդ օրվա համար ավարտեր, իսկ մյուսը դեռ նոր սկսեր, բայց իրականում այդ երազանքները համընկնեին, կամ գուցե նման լինեին մեծ մասով: Զուգահեռներից մեկը որոշել է այդ օրը չենթարկվել անհասկանալիից ծնված կանոններին ու աշխատանքի կամ դասի գնալ մի ուրիշ ճանապարհով, որը գուցե այդպես էլ չտանի վերջնակետին: Մյուսը նույնպես փոխում է ճանապարհը, բայց հակառակ ուղղությամբ: Ուղղակի զուգահեռ ուղիղները չեն հատվում: Ու նրանք  կհատվեն, եթե մեկը իր սովորական հունով գնա, իսկ մյուսը՝ փորձի ազատվել անհասկանալիի կանոններից:
Մեկը այսօր կարմիրով է  լցված, մյուսը՝ կանաչով: Կարմիր-կանաչ? չէ՜, փոխեցինք նարնջագույն և բաց կանաչ կամ էլ չգիտեմ: Ուրախ, մի բան էլ դու ասա դե: Հա, իրոք, դու չես խոսում, մենակ ժպտում ես, դե ով էլ չի ժպտա, երբ անընդհատ երիտասարդներ են իր շուրջը պտտվում ու նույնիսկ իրենց տրամադրության  ու երազանքների մի քանի կտորը հանձնում նրա ենթակայությանը: Երաժշտությունը հոսում է, իսկ ես դեռ կանգնած եմ: Երևի հիմա նա էլ կանգնած է զուգահեռ փողոցում ու խոսում է  տաք բլիթներ վաճառող սպիտակահեր, թմբլիկ կնոջ հետ: Ուրա՜խ, խոսքով ընկար, ինձ էլ ուշացրիր պարապմունքից: Կբարևես նրան, մի քանի րոպե հետո այստեղով կանցնի...


четверг, 14 ноября 2013 г.

Թարթող լուսամփոփներ

Ու էլի  բարձրանում եմ սպիտակ երթուղայինը, նստում վերջում մի ազատ տեղ ու քարանում: Մտածել, թե հնարավոր է մի  ձեռք վերցնում ու  աղմուկը հատուկ մոտեցնում է ինձ, մի քիչ  անտրամաբանական է, թեթևամիտ, իսկ ուրիշ տարբերա՞կ: Մի կանգառով մոտենում եմ տաք թեյին, հաջորդ կանգառում երթուղային է բարձրանում բռնցքամարտի պարապմունքից նոր դուրս եկած  մի պատանի. աչքերը հազիվ են բաց մնում,  ոտքերը նույնիսկ իվիճակի չեն  պահել այդքան թեթև քաշը, բայց պետք է տուն հասնել, քիչ մնաց: Պատանին ձեռքում պահել է  ծռմռված հարյուրանոցը ու  հենվել երթուղայինի ներսում առկա միակ սյանը, որը շատերի գոնե կանգնած գնալու հույսն է: Հարյուրանոցը հարմար է՝ մետաղադրամների ոսկե միջինն է. պուճուր -մուճուր, նրանով կարելի է տուն հասնել, անուշահաց գնել կամ էլ  մի լիքը արևածաղիկի հատիկներ, կամ էլ ուղղակի գրիչ կամ տետր գնել ու  գրե՜լ՝ անվերջ, առանց շեղվելու: 
Արդեն մութ է ու  քունս էլ տանում է այնքան, որ կողքիս նստած թմբլիկ, չէ շատ թմբլիկ կնոջ ուսը անասելի գրավիչ է թվում, իսկ փափուկ վերնահագուստը կրկնապատկում է գրավչությունը, բայց չէ, ավելորդ մուննաթներից խուսափելու համար, ավելի լավ է  դիմանալ ևս մի քանի կանգառ:  Ուզում եմ հասկանալ այս մարդիկ ինչից են վախենում հիմա: Բոլորը մռթնած են, բոլորը գնուխները կախել են ու  լռում են: Այս մթնոլորտը չափից դուրս ճնշող է, առավել ճնշող քան թե քննության քիչ մնացած ժամանակը: 
Մի օր առաջ ես հոսանքի մի մասնիկ էի, հոսանքը աղմկում էր, հոսանքը ճանապարհ էր ուզում, հոսանքը  հենց այնպես չէր առաջացել՝ ուժ էր ազդել վրան: Իսկ հոսանքը վրդովվել էր, հոսանքի ուժը ազդեց ու լռեց ձայնը...
Այսօր քայլում եմ ու առաջին անգամ զգում եմ այն  փոքրիկ, կարմիր կոթով մուրճի  հարվածը, որ փոքր ժամանակ պապիկս նվիրեց ինձ: Նա փոքրիկ է, առաջին հայացքից դուրեկան, սակայն պարբերական հարվածները ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան մեծ, հաստավիզ կացինը: 

Ճնշող է այս միջավայրը, նման է այն  լուսամփոփին, որ դեռ թարթում է  մարդկանց գլխավերևում: Ամեն թարթոցի հետ լույսը ավելի է խամրում: Ինչ-որ մի պահի այն լրիվ կմարի...

воскресенье, 13 октября 2013 г.

Սառը արև

Երկար թարթիչներով արևի թարթոցները  դժվարանում են:  Աչքերը ավելի շատ փակ են, քան բաց` աշխարհի ու իր առջև:  Ես փորձում եմ օգնել արևին: Ձեռքերումս եղած ուժը շատ քիչ է, նրա ահռելի գրավիտացիոն ուժի  համեմատ: Կամաց-կամաց հասկանում եմ, որ անզոր եմ ու փոքր, բայց ոչ այնքան փոքր, ինչքան դուք հիմա մտածեցիք: Մեկ-մեկ ստացվում է տեսնել ինքս ինձ, չնայած, որ ավելի շատ կուզեի տեսնել կանաչ էկրան, որի վրա երազանքներս կտեղադրվեին` իրենց Աստված զգացող մարդկանց կողմից:

Դեմքիս վրա ոչ մի  արտահայտություն չնշմարելով` դանդաղ քայլում եմ  դեպի  տուն: Հանգիստ անցնելով տխուրների մոտով` շրջվում եմ դեպի  կասկածամիտները, հետո նրանց հրաժեշտ տալիս ու մոտենում բարիներին: Երկար զրուցելուց հետո հիշում եմ լրիվ "արդար" թեստերի մասին ու նրանց նույնպես լքում: 50մ անցնելուց հետո նկատում եմ կողքովս քայլող եսասերներին, որոնք կրկին իրենց գովքն էին անում: Փողոցը անցնում եմ` եսասերիներից հեռանալու համար: Այս անգամ հետապնդում են երազողները, ում համար դիտավորյալ դանդաղ եմ սկսում քայլել` մի երկու երազանք փոխանակելու համար: 
Երազողները առաջարկում են միանալ իրենց ու սկսել երազել փոքրիկների նման`  անմեղ, սովորական մի կոնֆետի մասին: Երազողները վարակիչ են, անկախ ինձնից ուզում եմ նմանվել նրանց: 

Երկաթե ճոճանակների սղոցող ձայնը հաճելի է թվում առաջին անգամ` քոնի համեմատ իմ ապրած այս քիչ տարիների ընթացքում: Արդեն երաժշտություն չեմ լսում շատ անգամներ այս տիրույթում հիշատակված ականջակալներով, որոնցով երաժշտություն էր հոսում ու խելքահան անում բոլոր բանական էակներին: 

Ներքին նորաձևության աշուն-ձմեռ հավաքածույի մեջ ընդգրկված են և արդեն լայն տարածում են ստացել փակ աչքերով քայլելը,  տարիքով մարդկանց կնճիռները հաշվելը ու կաշտանի ծառից վտարված տերևներով ու կլոր գնդիկներով ֆուտբոլ խաղալը՝  ծնված օրվանից էլ տուն չունեցող կենդանիների հետ: Ամեն օր նոր մականուն են մտածում մարդիկ ու ուրախանում իրենց հանճարեղության վրա, այնինչ ուղղակի իրականության համար ճիշտ բառեր են գտել վերջապես: Երևի վերջին մի քանի օրվա ընթացքում կարդացած հայերեն մի երկու ճիշտ նախադասության արդյունքն է: 

Սկսել են ավելի ու ավելի շատ այցելել հեքիաթային անկյուն ստեղծելու մասին մտքերը: Գալիս են  հմայում, համոզում, մնում որոշ ժամանակ, հետո գալիս են խանդոտ  վախերը ու տանում մտքերին դեպի փակուղի:  Աշնանային սառը արևը մի անտեսանելի ու ապտակող մտքերի հոսք է ուղղում ճառագայթների միջոցով: Թվացյալ զբաղվածության ու  խառնաշփոթության մեջ զգում եմ  զայրացնող թեթևություն: 

Սառը արևի շողերը աչքերիս մեջ են ընկնում: Մի քանի վայրկյան հետո անկման անկյունը փոխվում է ու տեսնում եմ դեպի առաջ եկող, ասել է, թե գեղարվեստական արժեք ներկայացնող մի երևույթ: Ճիշտ մարդն էր` իր բոլոր  ճիշտ հատկություններով ու բարոյական մեծ արժեք ներկայացնող պահվածքով: Ահա, նա միայն քայլում է, բայց տապալում է փողոցում քայլող բոլորին` կլինեն նրանք սխալ, կամ կիսասխալ կամ ընդհանրապես ոչինչ: 

Արևից տաքություն սպասել պետք չէ, հիմա նա ուղղակի սառն է: Արհամարհում է, երևի ուզում է իրեն ուշադրություն դարձնենք: Բայց քանի որ մենք հիմա տարված ենք մեր անկապ մտքերով, կամ սիրու~ն տերևների  մահվան արարողություններով, կամ էլ մեր անթիվ-անհամար գործերով, որոնք չգիտես որ հրաշքով վերանում են բոլոր  կարևոր պահերին, արևը նեղանում է ու ավելի սառում: Մի քիչ հետո ընդհանրապես միայն աչքերով կտեսնենք նրան, բայց կզգանք սառը~ ձյան  սկզբում մրսեցնող, հետո վառող  ազդեցությունը: