воскресенье, 15 сентября 2013 г.

Քառակուսի սահմանումներից ու պատասխանի հետ չհամընկնող թվերից հոգնած եկել եմ այստեղ:  Ավելի հստակ եմ ինքս իմ հետ, քան.. Ծիծաղս գալիս է մի տարի առաջ արածներիս ու ասածներիս վրա: Ինձ էսպես էլ ասում էին բոլորը, երևի բոլորը գուշակներ են, կամ էլ ես եմ կանխատեսելի, կամ էլ ուղղակի փրփուր դեռահաս աղջիկ:

Կեղտոտ լճի ջուրը այ հիմա ավելի քան մաքուր է, քան ...Հա հա, մաքուր է, որովհետև համեմատելու բան չունեմ: Այն ժամանակվանից ոչինչ չի պահպանվել, միայն սև կոշիկների անհանգիստ ետ ու առաջ քայլերը: Ոչինչ չեմ հիշում, ը՜: Հենց այս "ոչինչ"-ում էլ զգացվեց գիտակցված ստի համը: Ամենապայծառ հիշողությունս անհարմար կարմիր շապիկս է ու ժամացույցի սլաքների ահավոր մեծ արագությունը:

Հիմա միայն խշշոց է՝ մեկ ջրի, մեկ քամուց խառնված տերևների: Ձայնը մեկ-մեկ ընդհատվում է մեքենաների անվադողերի ու ասֆալտի մեջ առաջացած կոնֆլիկտի աղմուկով: Աղմուկը այնքան մեծ էր, որ ձայնային ալիքները կարողանում են այս հաստավիզ խողովակը շարժել: Հա ու որի վրա նստած՝ ինձ թվում է թեթևոտ երկրաշարժ է: Անկեղծ ասած, ուրախանում եմ այդ պահերին, հետո գիտակցում եմ, որ կեղծ տագնապ է ու շարունակում սպիտակը կապույտով լցնել:

Անկանոն իրար գլխի տնկած քարեր, մի քիչ վերւ չշտապող պչրուհի գետը ու..
Ու եթե հիմա մոտենայիր ու հարցնեիր՝ ինչ եմ անում, երևի կպատասխանեի, որ հանցագործը մեկ տարի անց վերադառնում էմ հանցանքի վայր: Այստեղ եմ: Ու ինչպես միշտ դու չէիր հասկանա իմ հիմար փոխաբերական արտահայտությունները ու մի կծու խոսքով հրաժեշտ կտայիր:
Կա մի ուրիշ տարբերակ էլ: Ես կվախենայի խոսել ու աչքերիդ մեծ ու գունավոր շրջանների յուրաքանչյուր կետը մտապահել փորձելով կգնայի: Ու մեկ տարի անց մի հանցանք էլ կգումարեի նախորդների շարքին: Ինձ առաջադրված մեղադրանքները կավելանան այսպիսի հարմար առիթի դեպքում, վերջում էլ կգան 3x4 չափի նկարս կպահանջեն ու վերջնահաշվարկ կանեն

воскресенье, 8 сентября 2013 г.

Փորձել չհասկանալ..

"Այսօրվա մուլտիկներիս կեսը մենակ նայեցի: Լավ օր չէր: Հետո էլ ուզում էի պաղպաղակ ուտել, մաման գործի էր գնալու, չհասցրեց գնի ու էդպես էլ  պաղպաղակ չկերա: Հետո էլ մանկապարտեզում ընկեր Լելենան չթողեց  էտ զզվելի տոլման չուտեմ: Վատ օր էր էլի
Քունս էլի չի տանում:  Շրջվեմ, տեսնեմ պատի  կողմում ինչ կա, արդեն էս կողմում ապահովա: Երկար սև մազերով, սպիտակ զգեստով աղջիկը էսօր չէր եկել, հանգիստ կարող եմ շրջվել մյուս կողմի վրա:"

Չորս տարեկան մի փոքրիկ էր, կարճ, սև մազերով՝ տղաների նման, փոքրիկ բերանով և մուգ շագանակագույն աչքերով: Այդքանը իր մասին գիտեր, քանի որ բարեկամները, հյուրերը, բոլորը միշտ իրեն գովելիս, նկարագրելիս,միշտ այդքանն էին ասում ամաչկոտի հետ միասին: Նրան միշտ թվում էր, թե իր դեմքը տարբերվում մնացած մարդկանց դեմքերից, քանի որ մնացած դեմքի մասերը միայն ինքն է տեսնում, զգում դրանց առկայությունը ու խոսում, իսկ ուրիշները չեն տեսնում, չեն զգում, քանի որ չեն խոսում դրանց մասին: 

"Կարմիր գլխարկը այսօր եկել է, Վիննին էլ, բայց ովքե՞ր են այս մարդիկ: Ո՞վ եք դուք: Ինչ տարօրինակ է, երբեք ձեզ չեմ տեսել այստեղ՝ իմ մթության մեջ: Ես հիշեցի, ձեզ տեսել եմ Աստվածաշնչում, մի շաբաթ առաջ  պապիկի գրադարանը քանդելիս էի գտել ու սկսեցի թերթել: Ձեզ տեսա այնտեղ: Սպաս, դու Մարիամն ես, չէ՞ : Ես չհասկացա քեզ, այդ ինչպե՞ս եղավ, որ դատարկությունից ծնվեց ամեն, որ ամեն ինչ  սկսեց չափվել ինչ-որ բաներով, որ մեր բարեկամները, հյուրերը ու նույնիսկ մաման չեն տեսնում ու ինձ չեն ասում: Արդար չի: Լավ, ինչի՞ չեք խոսում, քունս չի տանում, գոնե դուք խոսեք, մաման ու պապան քնած են, էլ հեքիաթ հաստատ չեն կարդա իմ համար, չնայած  մի ամիսա չեն էլ կարդում: Դրա համար էլ արդեն 3 տառ գիտեմ, պատկերացնում ե՞ք:  Լավն եմ չէ՞ ես, մեր հարևան Լյուդա տատիկնելա ասում, որ լավն եմ: Մի րոպե սպասեք, մամայի ձայննա, արթունա, հեքիաթ կկարդա, ուխ "

Երկար գիշերանոցը ոտքերի տակ էր ընկնում: Փոքրիկ քայլեր անելով, որ չընկնի, հասավ հյուրասենյակի դռան մոտ ու կանգ առավ:  Հայրը՝ մոտ 40 տարեկան, սևահեր, տիպիկ հայկական քթով տղամարդ  էր, ով սիրում էր լինել մոր, կնոջ և ընդհանրապես բոլորի ուշադրության կենտրոնում: Մայրը՝ մոտ 30 տարեկան, հոգնածությունից ու հոգեկան ապրումներից հիվանդոտ տեսք ստացած մի կին, ում համար աղջիկը, թերևս, ամենալուսավոր կետն էր աշխարհում: Ընտանիքում լարված և  գաղջ մթնոլորտը, իրար հաջորդող երկու աշխատանքները, որոնց նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում, քանի որ դրանց շնորհիվ էր, որ կարողանում էր իր միակ ուրախության համար  ամեն օր փոքրիկ Թզուկ պաղպաղակներից ու կանաչ խնձորներից գնել:

Ձայները կամաց -կամաց ավելի էին ուժեղանում: Մայրը արթուն էր, սակայն հեքիաթ կարդալու ակնկալիքները արդեն միանգամեց բացառվեցին: Հյուրասենյակի մեծ ջահի միայն երկու լամպերն էին վառվում, սենյակը կարծես խավարի մեջ լիներ: Այդ խավարից դուրս էին գալիս մեկ հոր, մեկ մոր  մյուսի վրա վիրավորանքներ թափող ձայները: Ձայները շարունակում էին սաստկանալ, վիրավորանքները դառնում էին  ավելի ու ավելի անհասկանալի ու անընդունելի փոքրիկի համար: Առաջին անգամ նա տեսավ հորը այդքան զայրացած: Աչքերը արագ-արագ բացվում-փակվում էին ու արցունքի կաթիլները հասցնում էին այդ շարժման ընթացքում դուրս գալ փոքրիկ աչքերից ու վազել բարակ գիշերանոցի վրայով:

- Դու իրավունք չունես աշխատել մինչև այս ժամը, դու  հայ կին ես: Պետք է տանը նստես, երեխուն պահես, լսի՞ր: Քիչ եմ փող բերու՞մ, հերիք չի հա՞ քեզ: Սրան նայ: Մարդա դառել, աշխատումա, մի երկու բան գիտի, հենց գիտի էտա ու վերջ:

- Քո ու քո երեխու համար եմ անում: Էսա էլի պատասխանդ: Գնում ես, տուն չես գալիս, էտա՞ քո ընտանիք պահելը:

- Լավ եմ անում: Կնիկ ես,  տեղումդ մնա, խոսելա սովորել

Այդ ձայներից ու գորգոռոցներից հետո անսպասելի վերջ դրվեց ամենաբարձր ձայնով: Հարված ու վերջ
Գլուխը ձեռքերից ազատեց ու  աչքերը բարձրացրեց դեպի սենյակի ներս: Կիսախավարի մեջ երևաց ընկած մոր և հոր դողացող ձեռքի ստվերները...

Աչքերը դեռ թաց էին,  մայրը արդեն հեքիաթ էր կարդում, սենյակը դեռ խավարում էր..


суббота, 24 августа 2013 г.

Ցնդած վախերի աշխարհից

Քեզ վանող միակ առարկան հայելին է..

Դու ներսից հեղափոխում ես բոլորին, նույնիսկ դիմացովդ քայլող սև կատուին, իսկ ինքը մեկա սևա ու դու էսա փորձանքի կհանդիպես, որովհետև ինքը սևա: ( I am Hasmik)
Դու "կլեչատվի" վերնաշապիկ ունես, դու դեմք ես, այնինչ քո ներսում ծորացող ձանձրույթա մենակ
Դու ռոք ես լսում,, դու ռոք ես լսու՞մ, դու դեմք ես, այնինչ  էտ շուխուրը մեկ-մեկ ստիպումա քեզ 100 դրամանոցը վարորդին շպրտես ու քեզնից գոհ դուրս գաս  երթուղայինից, իսկ ականջակալներիցդ հոսումա  հարվածներից դուրս եկող ձայնային ալիքը ու կորում: 
Դու խելոք երեխա ես, ոչ մեկին բան չես ասում, բայց ներսդ մի բան էն չի, չէ՞
Ընկնում ես էլի մուգ կապույտ դանդաղ ծորացող ներկի մեջ ու զգում ես որ ձեռքերդ կապված են ներկի պինդ թելերով:
Դու էնտեղ ամեն ինչ էիր կամ ոչինչ: 
Քո մտքերը էնտեղ ամեն ինչ են կամ ոչինչ: Բայց մենակ մտքերը...
Գործողություներդ  դանդաղ, մուգ կապույտ ծորացող ներկից էլ դանդաղ են: 
Դու մի օր ուզեցիր քեզ տեսնել փողոցում քայլող ու քեզ լավ ծանոթ միշտ կարմիր սովետական կոշիկներ հագնող կնոջ աչքերով...
Դու չէիր գտնում քեզ ժամեր շարունակ: Ձեռքերդ բռնող ներկի թելիկները գլուխդ ուղղեցին մի փակ տարածքի. աչքերը անիմաստ արտահայտություն էին ստացել, մեկ-մեկ փոխվում էին տանջված որբուկի աչքերի, հայացքը ուղղված էր իրականում գոյություն չունեցող ուղղությամբ, ոտքերը առաջ էին գնում անհավասար, թույլ, որ քիչ էր մնում կանգնած տեղում ավելի շատ շարժում կտեսնեիր այնտեղ, ձեռքերը խաչվում էին, ընկնում, բարձրանում անկանոն մազերը ավելի խառնշտորում... Դու չհավատացիր, չուզեցիր ընկալել բոլորի կողմից վերջին ատյանի ճշմարտություն դարձած քեզ: Դու չուզեցիր հավատալ, որ դու քո գագաթին ապրող հեղափոխական հոգով և գործողությամբ երիտասարդը չես, որ դու փակ ես կարմիր սովետական կոշիիկներով կնոջ համար, ինքը քեզ գուցե ատում է, որ ամեն անգամ չես բարևում՝ ուղիղ աչքերի փոքրիկ սև կլորիկներին նայելով: Դու քո ցնդած վախերի աշխարհից էիր..


пятница, 16 августа 2013 г.

Փախուստ եսիմ ուր, եսիմ որտեղից

Ըհն, էլի ես
Բարև~ , ինչպես կասեր Արմինե Հայրապետյանը (անպայման նրա երանգով), ընթերցողիկներ և ընթերցողներ

Այսօր  սևը կարմիրով լցնելու ժամանակ հասկացա, որ  ասելով "Ամառ~, ինչու ես դու այսքան արագ վազում, որ չեմ հասցնում մի երկու օր կողքովդ քայլել" իրականում վախենում եմ ասել, որ "Այ ամառ ջան, ես ուղղակի սիրուն ձևերով գիտակից կամ անգիտակից, արդեն  հավասարման նշան է հայտնվել, ձգտում եմ սպանել ժամանակս լիքը մարդոտ տեղերում: Դե էնտեղ ավելի հեշտ է  պլանավորել և իրականացնել ժամանակի սպանության մութ ծրագիրը: Շատ մարդիկ, շատ դեմքեր ու ինձ պուճուր զգալու տեղեր: 

Ինչ մի փիլիսոփայում եմ,, կներեք, մի պահ փորձեցի ինձ մեծի տեղ դնել, չստացվեց

Մի տեղից մյուսը, փնտրելով նույնը
Էլի նույն եղանակը
Էլի նույն էն երգը, որ չսիրվեց էդպես էլ
Էլի նույն  տողերով վերնաշապիկը, որ սպասում է մի սև գրիչով  այլանդակվի
Էլի նույն  սպասում 
Էլի նույն խաչմերուկը, որ էլի տարբեր կողմեր ձգվելու հետ միաժամանակ  փակումա բոլոր 4 ճանապարհները

Խաբել խաբել այնպես խաբել, որ դու էլ չհասկանաս ինչ ես անում 

Ու էլի էն խաչմերուկը ու էլի նայում եմ եսիմ ուր, եսիմ որտեղից 
Ու փախչում եմ եսիմ ուր, եսիմ որտեղից 


воскресенье, 4 августа 2013 г.

Անցումային

Հեյ, մարդիկ
Բոլորը, ով հասկանում է հայերեն բառակույտերը
Որոշեցի այսօր գրել իմ անունից կամ ուղղակի առանց  փոքր կամ մե՜ծ  դետալներ հորինելու, պատկերացումներս աշխատեցնելու, կերպարներ ու նոր ցնդած անուններ հորինելու..
Կուզեի էս փոստից հետո լիքը երկխոսություններ սկսվեին, ուղղակի: Կարծիքներ բախվեին, հետո  ժպտալով կարծիքները բաժանվեին ու գնային տներով ու մի բաժակ թեյն էլ առանց  համտեսվելու տխուր կմնար սեղանին դրված: Մյուս օրը իրան կթափեին, որ  նոր, "ջահել" թեյ լցնեն:
Շեմայից չթեղվենք ;)

Ինչ-որ խառնիխուռն վիճակներ են: Մի քանի ժամում մի քանի լրիվ տարբեր միջավայրերում հայտնվել, տարբեր թեմաներ, տարբեր ժպիտներ, տարբեր երգեր, տարբեր պահվածք ու էս ամենը  ինձ դուր է գալիս: Դիտորդի դերում շատ անգամ կարծես մեկը համոզի հենց այս պահին վերկենամ ու մի գժություն էլ ես անեմ, բայց դա չնայվի որպես հենց գժությունն, որովհետև տվյալ միջավայրում դա միանգամայն նորմալ երևույթ է:
Հետաքրքիր է հետևել մեկի հայացքին, երբ ժպտալուն, շարժուձևին, խառնվելու կամ շփոթվելու պահերին, հետո գտնել նրանից շատ տարբերվող մեկին, ում արարքներին նա հետաքրքրությամբ է նայում, ուրախանում: Տեսնես ինչ կլինի այդ մեկի հետ մի տարի հետո?  Երբ գրեթե ամեն օր տեսնի այդ միջավայրը: Կփոխվի չէ, կդառնա նրանց նման: Ոնց որ ես: Ու կասի ինչ լավ է, որ էստեղ ընկա, այլ ոչ թե մի ուրիշ տեղ, ոնց որ ես եմ ասում հիմա :))

Բարձրության, մթության ու էն ամենա-ամենա երգերի ու մարդկանց հետ հասկացա, որ  կամաց հավաքում եմ  մի պուճուր ազատ կյանքին բարև ասելու "Բարև"- ի "արևը": Մեծատառը վերջում կլինի :P

Էտ ամենի հետ, անսովոր մաքրության ու նոր բանի շունչ եմ զգում: Կամաց մոտենում է ու մնում, նստվածք թողնում, գունային հավես երանգներ թողնում ու զարմացնում բոլորին: Ու հարց է տալիս ինձ իմ  մոտիկ ընկերներից մեկը.
-Հաս, իրոք ամեն ինչ լավա կամ կարողա՞ էլի մակկոֆե ես խմել -Ամենևին ոչ, ուղղակի հիշել եմ, որ պուճուր ժամանկ թռչում էի շենքերի, դոմիկների ու ազատ տարածքների վրայով, այդ ամենն իմն էր, ես կարող էի թռչել: Հետո թևերս փակվեցին, էլ չէի կարողանում թռչել: Հիմա կամաց վերհիշում եմ ու սկսում բարձրանալ, սկսում զգալ թարմությունը, ազատությունը կամ ուղղակի էն սովորական կյանք ասվածը:

Էսքանը կարդալուց հետո, կասեք ինչի էր էս երեխեն ուզում քննարկում կամ երկխոսություն լինի, չէ?

Ուզում էի հիշեք ձեր  առաջին թռիչքը, կամ առհասարակ կարողանում եք թռչել, զգալ էն ամենը ինչից խոսեցի :Ճ հետաքրքիր է ուղղակի, մենակ իմ համար է էս ամենը հաճելի ու ախր չափից շատ հավես:

Հա, ու մի բան էլ
Ովքեր առաջին անգամ են այս տիրույթում գտնվում, ասեմ դուք ձեր մկնիկի հարվածով ընկել եք իմ  բլոգ, որտեղ ինչ զիբիլ ասես կգտնեք




суббота, 22 июня 2013 г.

Փողոցի երկու կողմերը..

Ամեն օր  երթուղայինում "շախմատի ձի" դառնալու փոխարեն  ինձ  նվիրում էի` հետաքրքիր պատկերներով, պետքական պարզաբանումներով ու  գիժ մտքերով 40 րոպե, որը առանց սիրելի երաժշտության թերի կլիներ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ  ճանապարհը  իմ ամենասիրելին է` իր անցյալի պատմություններով, խառնված մտքերով ու ուղղակի մեքենայացված քայլերով:
Ճանապարհի մի մասում բարձր, խիստ, մուգ գունավորված ծառերը  պաշտպանում են երկու կողմից` տալով մտքերին ավելի բարձր տիրույթներում սավառնելու հնարավորություն, թողնելով վերցնել պահանջված ազատությունը ու կորցնել քայլերի մինչ այդ պահած հաշիվը: Ավարտվում է խիստ ծառերով սահմանազատված ճանապարհահատվածը ու սկսվում իրականության սիրունիկ արտացոլումը քաղաքի մի փոքր հատվածում: 

Մի փողոց` կարծես թե վազելու ու դրա ժամանակ մի լավ գժվելու համար հատուկ նախատեսված: Եթե բախս բերի, մեքենա չի անցնի ու հնարավորություն կունենամ դիտարկումներս փողոցի հենց կենտրոնով քայլելիս անել: 

Ինչպես միշտ` ճանապարհիս հանդիպում է կանաչ գույնի այն մեքենան, որի մակնիշը ես այդպես էլ չսովորեցի ու իր զիգզակաձև շարժումով, ստիպում ինձ անցնել փողոցի մյուս կողմը: Իսկ փողոցի մյուս կողմում ինչ կա՞ 
Պատասխան` Ամեն ինչ, ինչ պակասում է մյուս կողմում:

Ավերակ մի տուն, որի տանիքը հազիվ է իր ծանրության ու բնության բոլոր "նվերների" հետ պայքարում, ներսում իրենց տանտիրոջ նման բողոքավոր ու միաժամանակ խեղճացած աչքերով կենդանիներ, անընդհատ  կետիկավոր ֆոն ստեղծող մանր-մունր միջատներ, մի երկու  կիսաքանդված մահճակալ ու  անմիջապես դրանց կողքը մի սեղան ամանեղենը վրան, որոնք զարմանալիորեն մաքուր են (չնայած ինչով պիտի կեղտոտվեին): Միջատներին ցրելով տեսնում եմ մահճակալի մեջ երկու փոքրիկների, որոնց  փոքրիկ դեմքերիի վրա պարզ երևում էին հյուծվածության նշանները: Ծանր օդից ազատվելու համար վերադառնում եմ սիրելի փողոցը: Կիսավեր տան կողքի փոքրիկ պարտեզում, որտեղ գլուխները կախ  կանգնած են մի երկու գունատ ծաղիկ, որոնք գոնե մի քիչ գունավորում են կիսավեր տների մռայլ պատկերը, վիճում էին  երկու փոքրիկներ: Ուշադիր նայելուց հետո, զգացի ինչ-որ վանող տարբերություն նրանց միջև. առաջինը հագած էր կոկիկ, մաքուր հագուստ, մաշկից և ընդհանուր տեսքից երևում էր, որ ուրիշ պայմաններում է մեծացել, քան մյուսը, որի շուրջը պտտվում էին այն կետիկավոր ֆոնն ապահովող միջատները: Նրա դեմքին դեռ մնացել էին երեկվա ցեխակռվից հետո մնացած հետքերը, ձեռքերը կրում էին ամենօրյա արդեն սովորական դարձած կեղտի շերտի մուգ գունավորումը: Ինձ տեսնելուց հետո նրա հայացքը կանգ առավ ձեռքիս տոպրակի մեջի խնձորների և հաց-թթվասեր զույգի վրա: Ավելորդ չմտածեցի էլ, մի քիչ հետո դրանք նրա  մոտ էին և նա արդեն վազում էր համեղ նվերը մայրիկին ցույց տալու համար: Իսկ մյուսը` գնացել էր արդեն անհետաքրքիր պատկերից ձանձրանալով: 
Գլուխս թեքեցի ու այ քեզ հրաշք~
Լուսավորություն, մաքրություն, քարե շենքեր: Մի քիչ հետաքրքրվելուց հետո, իմացա, որ այդ շենքերը կառուցված են հատուկ բանկային աշխատողների ընտանիքների համար: Արդեն պարզ էր, որ  մաքրությամբ տարբերվող այն երեխան, այդ շենքերից էր ու իր համար ուղղակի  խաղընկեր էր գտել փողոցի մյուս կողմում` ցեխի, իրական աշխարհի մի ուրիշ տարբերակում: 

Մի քանի քայլ ևս ու հասկացա, որ փողոցի երկու կողմում տիրողը ուղղակի 10-0 հաշվից էլ անարդար էր:  
Ինչի՞ եմ սիրում այս ճանապարհը: Որովհետև  զգում եմ կյանքը այստեղ` իր անհավասարության դառը  երանգով, իր իրական ու անիրական գույներով, կետիկավոր ֆոն ապահովող միջատներով ու  իրական, բայց կեղտոտ աշխարհում մաքուր մտքերով ընկեր փնտրող, բամբակների մեջ մեծացող  այն երեխաներով, ովքեր կողքից են ծանոթանում իրականությանը: