Ու էլի բարձրանում եմ սպիտակ երթուղայինը, նստում վերջում մի ազատ տեղ ու քարանում: Մտածել, թե հնարավոր է մի ձեռք վերցնում ու աղմուկը հատուկ մոտեցնում է ինձ, մի քիչ անտրամաբանական է, թեթևամիտ, իսկ ուրիշ տարբերա՞կ: Մի կանգառով մոտենում եմ տաք թեյին, հաջորդ կանգառում երթուղային է բարձրանում բռնցքամարտի պարապմունքից նոր դուրս եկած մի պատանի. աչքերը հազիվ են բաց մնում, ոտքերը նույնիսկ իվիճակի չեն պահել այդքան թեթև քաշը, բայց պետք է տուն հասնել, քիչ մնաց: Պատանին ձեռքում պահել է ծռմռված հարյուրանոցը ու հենվել երթուղայինի ներսում առկա միակ սյանը, որը շատերի գոնե կանգնած գնալու հույսն է: Հարյուրանոցը հարմար է՝ մետաղադրամների ոսկե միջինն է. պուճուր -մուճուր, նրանով կարելի է տուն հասնել, անուշահաց գնել կամ էլ մի լիքը արևածաղիկի հատիկներ, կամ էլ ուղղակի գրիչ կամ տետր գնել ու գրե՜լ՝ անվերջ, առանց շեղվելու:
Արդեն մութ է ու քունս էլ տանում է այնքան, որ կողքիս նստած թմբլիկ, չէ շատ թմբլիկ կնոջ ուսը անասելի գրավիչ է թվում, իսկ փափուկ վերնահագուստը կրկնապատկում է գրավչությունը, բայց չէ, ավելորդ մուննաթներից խուսափելու համար, ավելի լավ է դիմանալ ևս մի քանի կանգառ: Ուզում եմ հասկանալ այս մարդիկ ինչից են վախենում հիմա: Բոլորը մռթնած են, բոլորը գնուխները կախել են ու լռում են: Այս մթնոլորտը չափից դուրս ճնշող է, առավել ճնշող քան թե քննության քիչ մնացած ժամանակը:
Մի օր առաջ ես հոսանքի մի մասնիկ էի, հոսանքը աղմկում էր, հոսանքը ճանապարհ էր ուզում, հոսանքը հենց այնպես չէր առաջացել՝ ուժ էր ազդել վրան: Իսկ հոսանքը վրդովվել էր, հոսանքի ուժը ազդեց ու լռեց ձայնը...
Այսօր քայլում եմ ու առաջին անգամ զգում եմ այն փոքրիկ, կարմիր կոթով մուրճի հարվածը, որ փոքր ժամանակ պապիկս նվիրեց ինձ: Նա փոքրիկ է, առաջին հայացքից դուրեկան, սակայն պարբերական հարվածները ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան մեծ, հաստավիզ կացինը:
Ճնշող է այս միջավայրը, նման է այն լուսամփոփին, որ դեռ թարթում է մարդկանց գլխավերևում: Ամեն թարթոցի հետ լույսը ավելի է խամրում: Ինչ-որ մի պահի այն լրիվ կմարի...