Երկար թարթիչներով արևի թարթոցները դժվարանում են: Աչքերը ավելի շատ փակ են, քան բաց` աշխարհի ու իր առջև: Ես փորձում եմ օգնել արևին: Ձեռքերումս եղած ուժը շատ քիչ է, նրա ահռելի գրավիտացիոն ուժի համեմատ: Կամաց-կամաց հասկանում եմ, որ անզոր եմ ու փոքր, բայց ոչ այնքան փոքր, ինչքան դուք հիմա մտածեցիք: Մեկ-մեկ ստացվում է տեսնել ինքս ինձ, չնայած, որ ավելի շատ կուզեի տեսնել կանաչ էկրան, որի վրա երազանքներս կտեղադրվեին` իրենց Աստված զգացող մարդկանց կողմից:
Դեմքիս վրա ոչ մի արտահայտություն չնշմարելով` դանդաղ քայլում եմ դեպի տուն: Հանգիստ անցնելով տխուրների մոտով` շրջվում եմ դեպի կասկածամիտները, հետո նրանց հրաժեշտ տալիս ու մոտենում բարիներին: Երկար զրուցելուց հետո հիշում եմ լրիվ "արդար" թեստերի մասին ու նրանց նույնպես լքում: 50մ անցնելուց հետո նկատում եմ կողքովս քայլող եսասերներին, որոնք կրկին իրենց գովքն էին անում: Փողոցը անցնում եմ` եսասերիներից հեռանալու համար: Այս անգամ հետապնդում են երազողները, ում համար դիտավորյալ դանդաղ եմ սկսում քայլել` մի երկու երազանք փոխանակելու համար:
Երազողները առաջարկում են միանալ իրենց ու սկսել երազել փոքրիկների նման` անմեղ, սովորական մի կոնֆետի մասին: Երազողները վարակիչ են, անկախ ինձնից ուզում եմ նմանվել նրանց:
Երկաթե ճոճանակների սղոցող ձայնը հաճելի է թվում առաջին անգամ` քոնի համեմատ իմ ապրած այս քիչ տարիների ընթացքում: Արդեն երաժշտություն չեմ լսում շատ անգամներ այս տիրույթում հիշատակված ականջակալներով, որոնցով երաժշտություն էր հոսում ու խելքահան անում բոլոր բանական էակներին:
Ներքին նորաձևության աշուն-ձմեռ հավաքածույի մեջ ընդգրկված են և արդեն լայն տարածում են ստացել փակ աչքերով քայլելը, տարիքով մարդկանց կնճիռները հաշվելը ու կաշտանի ծառից վտարված տերևներով ու կլոր գնդիկներով ֆուտբոլ խաղալը՝ ծնված օրվանից էլ տուն չունեցող կենդանիների հետ: Ամեն օր նոր մականուն են մտածում մարդիկ ու ուրախանում իրենց հանճարեղության վրա, այնինչ ուղղակի իրականության համար ճիշտ բառեր են գտել վերջապես: Երևի վերջին մի քանի օրվա ընթացքում կարդացած հայերեն մի երկու ճիշտ նախադասության արդյունքն է:
Սկսել են ավելի ու ավելի շատ այցելել հեքիաթային անկյուն ստեղծելու մասին մտքերը: Գալիս են հմայում, համոզում, մնում որոշ ժամանակ, հետո գալիս են խանդոտ վախերը ու տանում մտքերին դեպի փակուղի: Աշնանային սառը արևը մի անտեսանելի ու ապտակող մտքերի հոսք է ուղղում ճառագայթների միջոցով: Թվացյալ զբաղվածության ու խառնաշփոթության մեջ զգում եմ զայրացնող թեթևություն:
Սառը արևի շողերը աչքերիս մեջ են ընկնում: Մի քանի վայրկյան հետո անկման անկյունը փոխվում է ու տեսնում եմ դեպի առաջ եկող, ասել է, թե գեղարվեստական արժեք ներկայացնող մի երևույթ: Ճիշտ մարդն էր` իր բոլոր ճիշտ հատկություններով ու բարոյական մեծ արժեք ներկայացնող պահվածքով: Ահա, նա միայն քայլում է, բայց տապալում է փողոցում քայլող բոլորին` կլինեն նրանք սխալ, կամ կիսասխալ կամ ընդհանրապես ոչինչ:
Արևից տաքություն սպասել պետք չէ, հիմա նա ուղղակի սառն է: Արհամարհում է, երևի ուզում է իրեն ուշադրություն դարձնենք: Բայց քանի որ մենք հիմա տարված ենք մեր անկապ մտքերով, կամ սիրու~ն տերևների մահվան արարողություններով, կամ էլ մեր անթիվ-անհամար գործերով, որոնք չգիտես որ հրաշքով վերանում են բոլոր կարևոր պահերին, արևը նեղանում է ու ավելի սառում: Մի քիչ հետո ընդհանրապես միայն աչքերով կտեսնենք նրան, բայց կզգանք սառը~ ձյան սկզբում մրսեցնող, հետո վառող ազդեցությունը: