Ամեն օր երթուղայինում "շախմատի ձի" դառնալու փոխարեն ինձ նվիրում էի` հետաքրքիր պատկերներով, պետքական պարզաբանումներով ու գիժ մտքերով 40 րոպե, որը առանց սիրելի երաժշտության թերի կլիներ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ ճանապարհը իմ ամենասիրելին է` իր անցյալի պատմություններով, խառնված մտքերով ու ուղղակի մեքենայացված քայլերով:
Ճանապարհի մի մասում բարձր, խիստ, մուգ գունավորված ծառերը պաշտպանում են երկու կողմից` տալով մտքերին ավելի բարձր տիրույթներում սավառնելու հնարավորություն, թողնելով վերցնել պահանջված ազատությունը ու կորցնել քայլերի մինչ այդ պահած հաշիվը: Ավարտվում է խիստ ծառերով սահմանազատված ճանապարհահատվածը ու սկսվում իրականության սիրունիկ արտացոլումը քաղաքի մի փոքր հատվածում:
Մի փողոց` կարծես թե վազելու ու դրա ժամանակ մի լավ գժվելու համար հատուկ նախատեսված: Եթե բախս բերի, մեքենա չի անցնի ու հնարավորություն կունենամ դիտարկումներս փողոցի հենց կենտրոնով քայլելիս անել:
Ինչպես միշտ` ճանապարհիս հանդիպում է կանաչ գույնի այն մեքենան, որի մակնիշը ես այդպես էլ չսովորեցի ու իր զիգզակաձև շարժումով, ստիպում ինձ անցնել փողոցի մյուս կողմը: Իսկ փողոցի մյուս կողմում ինչ կա՞
Պատասխան` Ամեն ինչ, ինչ պակասում է մյուս կողմում:
Ավերակ մի տուն, որի տանիքը հազիվ է իր ծանրության ու բնության բոլոր "նվերների" հետ պայքարում, ներսում իրենց տանտիրոջ նման բողոքավոր ու միաժամանակ խեղճացած աչքերով կենդանիներ, անընդհատ կետիկավոր ֆոն ստեղծող մանր-մունր միջատներ, մի երկու կիսաքանդված մահճակալ ու անմիջապես դրանց կողքը մի սեղան ամանեղենը վրան, որոնք զարմանալիորեն մաքուր են (չնայած ինչով պիտի կեղտոտվեին): Միջատներին ցրելով տեսնում եմ մահճակալի մեջ երկու փոքրիկների, որոնց փոքրիկ դեմքերիի վրա պարզ երևում էին հյուծվածության նշանները: Ծանր օդից ազատվելու համար վերադառնում եմ սիրելի փողոցը: Կիսավեր տան կողքի փոքրիկ պարտեզում, որտեղ գլուխները կախ կանգնած են մի երկու գունատ ծաղիկ, որոնք գոնե մի քիչ գունավորում են կիսավեր տների մռայլ պատկերը, վիճում էին երկու փոքրիկներ: Ուշադիր նայելուց հետո, զգացի ինչ-որ վանող տարբերություն նրանց միջև. առաջինը հագած էր կոկիկ, մաքուր հագուստ, մաշկից և ընդհանուր տեսքից երևում էր, որ ուրիշ պայմաններում է մեծացել, քան մյուսը, որի շուրջը պտտվում էին այն կետիկավոր ֆոնն ապահովող միջատները: Նրա դեմքին դեռ մնացել էին երեկվա ցեխակռվից հետո մնացած հետքերը, ձեռքերը կրում էին ամենօրյա արդեն սովորական դարձած կեղտի շերտի մուգ գունավորումը: Ինձ տեսնելուց հետո նրա հայացքը կանգ առավ ձեռքիս տոպրակի մեջի խնձորների և հաց-թթվասեր զույգի վրա: Ավելորդ չմտածեցի էլ, մի քիչ հետո դրանք նրա մոտ էին և նա արդեն վազում էր համեղ նվերը մայրիկին ցույց տալու համար: Իսկ մյուսը` գնացել էր արդեն անհետաքրքիր պատկերից ձանձրանալով:
Գլուխս թեքեցի ու այ քեզ հրաշք~
Լուսավորություն, մաքրություն, քարե շենքեր: Մի քիչ հետաքրքրվելուց հետո, իմացա, որ այդ շենքերը կառուցված են հատուկ բանկային աշխատողների ընտանիքների համար: Արդեն պարզ էր, որ մաքրությամբ տարբերվող այն երեխան, այդ շենքերից էր ու իր համար ուղղակի խաղընկեր էր գտել փողոցի մյուս կողմում` ցեխի, իրական աշխարհի մի ուրիշ տարբերակում:
Մի քանի քայլ ևս ու հասկացա, որ փողոցի երկու կողմում տիրողը ուղղակի 10-0 հաշվից էլ անարդար էր:
Ինչի՞ եմ սիրում այս ճանապարհը: Որովհետև զգում եմ կյանքը այստեղ` իր անհավասարության դառը երանգով, իր իրական ու անիրական գույներով, կետիկավոր ֆոն ապահովող միջատներով ու իրական, բայց կեղտոտ աշխարհում մաքուր մտքերով ընկեր փնտրող, բամբակների մեջ մեծացող այն երեխաներով, ովքեր կողքից են ծանոթանում իրականությանը: