четверг, 4 сентября 2014 г.

Կապույտ ընկերություն

-Մի անգամ էլ փորձիր, դե~
-Չի ստացվի, չի ստացվում
- Դու ես մեղավոր, քո մտքերն են  փչացնում ամենը: Մտքերդ եկել են  ու  դանդաղ, ներքին կարգով սպանում են  բանականությանդ: Մտքերդ չեն թողնում  փորձես, հասկանաս: Մտքերդ քեզ մեխանիկական շարժում իրականացնող մի մեխանիզմի են վերածել:  Մեխանիզմ, մեխ- դու շարժվում ես, կանոնակարգված գործողություններ ես կատարում, բայց մեխի նման տեղումդ գամված ես: 
-Կարողանում ես ճիշտը  երեսիս`  քամուց քշված փողոցային ցելոֆանների նման   հարվածել:

Թողնում է  կապույտ  կոթով   խատուտիկին ու գնում, հենց թողնում ու գնում: Ինչու? Որովհետև խատուտիկը  իրեն պատմեց այն ամենը, ինչից փախչում էր, ինչը լսելուց փակում էր ականջները ամուր-ամուր ու սեղմում ատամները այն աստիճան, որ  ցավ զգա, ցավից չլսի ու չտեսնի:

 "Կապույտ Խատուտիկը", ինչպես Նենեն էր անվանում նրան, նրան լավ էր ճանաչում, միայն նրա հետ էր խոսում:  Պարտեզում ամառ ձմեռ  հաստատուն դիրքով կանգնած էր: 
 Մշտակայուն ծաղիկի հետ խոսելիս Նենեն ամուր գրկում էր նրան, որ ձայնը լսի: Խատուտիկը ցածր էր խոսում, որ տան մնացած անդամները չլսեն իր ձայնը, խոսելու ունակությունը չբացահայտեն: Նենեն  գտնում էր  շատ հարցերի պատասխաններ, գտնում էր իր մեջ թաքնված ուժեր, թաքնված կարողություններ, երբ տեսնում էր, թե ինչպես է այդ հողին գամված մեկ ոտքանի էակը խոսում  ազատության, բարձր թռիչքների, արագության և շարժման մասին, կամ ընդհանրապես, թե ինչպես է էությամբ բույսը խոսում: 

Նենեն սիրում էր մուգ կապույտ գույնը:  Բուֆետի գումարից  քիչ-քիչ հավաքում էր ու  եղունգների  համար մուգ կապույտ ներկ էր գնում: Սիրում էր իր ձեռքերի և խատուտիկի կապույտ կոթի համադրությունը:  
Հանգստյան օրերին Նենեն  սիրում էր ուրախացնել Կապույտ Խատուտիկին:  Օճառաջուր էր պատրաստում և խատուտիկին պարուրում օճառաջրե պղպջակներով: Պարտեզը լցվում էր  թափանցիկ, տեղ-տեղ գունավոր և  փայլուն գնդիկներով:  Խատուտիկը նայում էր շուրջը, թվում էր, թե  թռչում է օճառաջրե թեթև գնդիկների հետ, թվում էր` գամված չէ տեղում, թվում էր` ազատ է ու թռչում է... Նա բույս է, ծաղիկ է` ասում են, բայց  թռչում է,  դեմքին չի զգում անձրևի հարվածները, քամու քաշքշուքները, ձյան սառնությունը, արևի ճառագայթների այրոցները: Թռչում է, գնում է այնտեղ, որտեղ անձրևը թարմացնում է, քամին շոյում, ձյունը  փայլում է և խրթխրթում, արևը ջերմացնում:   

Նենեն պարուրում էր պարտեզում ապրող իր գաղտնի ընկերոջը այն ամենով, ինչի կարիքն ինքն էր զգում:  Նենեն ներկում էր եղունգները մուգ կապույտ, ամուր գրկում էր Կապույտ Խատուտիկի կապույտ կոթը և լսում, թե ինչպես է խատուտիկը շշուկով պատմում այն հաճելի զգացողությունների մասին,  որ զգում էր հանգստյան օրերին: 

пятница, 1 августа 2014 г.

Քաղցր անձրևից հետոն

Քաղցր անձրևի համից զարմացած պետք է սթափվել: Միշտ չէ այն քաղցր, այն էլ վանիլային
համով: Տարբեր կողմերից  դեպի ինձ են գալիս հսկայական ցեխագնդեր, որոնք ամենևին էլ քաղցր չեն, ոչ էլ վանիլային համ ունեն:  

Աչքերս բացեցի ու  դիմացի A4 ֆորմատով թղթի վրա պատկերված գունավոր շենքերով, շա՜տ ճոճանակներով քաղաքը թվաց  երազանք կամ դեմքիս մկանները ձգող մի ուժ, որ պատկերվի "ժպիտ" ասվածը:  Արի ու տես, որ փոխվեց շատ բան: Մարդիկ, ընկերներ, դեպքեր, որ իրար հետևից "Զգա'ստ" հրամանով շարվեցին, իսկ "Շարքով մա՛րշ"-ի դեպքում՝ հերթով քայլեցին  Մենքի վրայով: 

Ասում են քաղցրը վնաս է: Քաղցր անձրևը առավել ևս վնաս է: Իսկ քաղցրը  ազատության փորձ է, դե մեկ-մեկ էլ՝ փորձանք

Էսքանից հետո, հարաբերականության տեսության մեկ այլ վարկած Նիցշեի կողմից.
"Ոչ մի բարոյական երևույթ էլ չկա. գոյություն ունի միայն երևույթների բարոյական մեկնաբանություն…"
 

 

воскресенье, 30 марта 2014 г.

Կտոր մը մոխրագույն..

Երբ մտածում էի  ծառի ճյուղին նստած երգող  թռչունը երբ է  փորձելու  դեպի ինձ շրջվել ու
 երգել սպասված, ներսիս երաժշտության հետ ներդաշնակ իր երգը, չէի պատկերացնում, որ նա լսում է մտքերս,  գրիչով սեղանին տկտկացրած բառերս, կարողանում է կարդալ փոշեհատիկի միջոցով նրան ուղարկված  նամակներս: Ձմեռը չէի սիրում, ձմեռը չեմ սիրում. անսովոր ցուրտ է մոլորակումս: Ձյունը սիրում էի, ձյունը սիրում եմ. չեղած տեղից բծեր է գտնում ու մաքրում դրանք: Այսպես ասած բնության երևույթներից ամենամաքրասերն է: Առաջին ձյան հետ երազանք պահեցի, հետո երբ բոլոր երազանք իրականացնողները ցրվեցին տներով, թաքուն ոչ մեկի համար շշնջացի  մի երկու կցկտուր բառ:

Այն ժամանակ տեսնում էի արևը, բայց չէի զգում: Հակառակը ջերմության փոխարեն սառնության ալիքներն էին դեմքիս հարվածում: Հիմա զգում եմ նրան, բայց չեմ տեսնում: Ծածուկ  մի կայան է գտել ու ակտիվ ջերմություն է ճառագայթում: Բարի՜

Որոշեցի գտնել արևուկի գաղտնարանը: Տարբերակներ շատ կային:  Մյուս կողմից էլ այդքան էլ շատ չէ, մեկից ավել՝ երկու: Տարբերա՜կ առաջին (մրցույթում հաղթողներին հայտարարողի ձայնով)՝ Վերևներ, տարբերա՜կ երկրորդ (նույն վերջինի ձայնով)՝ Ներքևներ: Վերևների ու Ներքևների համար այդքան էլ շատ տարբերակներ չունեի...
Ֆունկցիայի որոշման տիրույթին ու ածանցյալին տետրի տողերի ու գրիչի թանաքի միջոցով գտնելուց հետո, մեկ երկու շարժումով վերարկուն վրաս եմ գցում ու դուրս գալիս հետաքննության: Լրիվ կերպարի մեջ, ինձ գաղտնի գործակալ զգալով գնում եմ այդ թաքնված ջերմության աղբյուրին փնտրելու, բացահայտելու:

Մեկ, երկու, երեք (ինչպես միշտ երրորդին մի քար գտնում եմ ոտքս դրան հարվածելու ու կոշիկների վրա փոքր-մոքր քերծվածք ստեղծելու համար)... "Պատկերացրու ինչ-որ պահող բան կա, գլուխդ  բա՜րձր պահող:"... Հիշեցի խոսքերը, մեխանիկորեն գլուխս բարձրացավ ու դիմացս կանգնած է անցյալի մասնիկ կազմող տասներկուհարկանի ուղղանկյունանիստը: Ձգում է, հիշում եմ թաքնվածի մասին ու հասկանում, որ հնարավոր է նրան գտնել ուղղանկյունանիստի տարածքում:
Վերելակով բարձրանալու համար չափազանց կասկածելի տեսք ունեի, ոտքով բարձրանալու համար էլ մթության գերակայում կար: Այ քեզ խնդիր: Մի երկու քայլ գնալուց հետո, հասկացա, որ մթությունը այդքան էլ մթություն չէ: Հոգնած ե՞մ, հնարավոր է: Աչքերս փակվում են, իսկ ոտքերս հանգիստ առանց երկմտանքների բարձրանում են մթության մեջ լողացող աստիճաններով: Հասնում եմ հերթական յոթերրորդ աստիճանին ու ինձ թափ տալիս. "Է՜յ, գաղտնի գործակալները չեն քնում աշխատանքի ժամին, քեզ հավաքիր": Երեք ատիճան +: Քիչ մնաց, որ բացահայտեմ այդ  անհասկանալի աղբյուրին:

Տասներկու հարկ. մի տեղ ընտանեկան վեճի ձայներն են, մյուսում՝ ինչ-որ մեկը բարձրաձայն պատմության դասն է սովորում  կամ  անգիր անում, էն մյուսում՝ կեդանի՝ ավելի կոնկրետ՝ շունն է անհանգստացել. երևի էլի վախի ալիքներս սկսեցի տարածել, իսկ նա էլ զգաց դրանց առկայությունը: Մի խոսքով մի խառնաշփոթ, դասակարգված խառնաշփոթ, մթություն, ձայներ ու ոտնաձայներ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Գովազդային դադար!
 Եթե տխուր եք, հոգնել եք ամենից և մտքերը կարգի բերելու համար տեղ և ժամանակ է անհրաժեշտ, ապա գտեք մի բարձրահարկ շինություն ու առանց վերելակի էներգիան ծախսելու ձգտեք շինության ամենաբարձր կետը, իսկ այդ ընթացքում ինչքան  խելքին փչի մտածեք, մտածեք, մտածեք: Հատուկ առաջարկ՝ վատ վիճակում գտնվողները կարող են բարձրաձայն մտածել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հասնում եմ  այնտեղ, որտեղից  կտեսնեմ Արևուկի հայրենի տունը, որտեղ նա հաճախ է լինում: Մի կողպեք է բաժանում ինձ, այդ վայրից: Թռչելու,  բոլոր կորածներին ձայն տալու, կապույտ մոխրագույն, բայց ուրախ շերտերով լցնելու,  խորը շունչ քաշելու ու թթվածնի ավելցուկը վայելելու վայելելու վայրը: Յոթերրորդ աստիճանից հետո սթափվեցի, գլուխս բարձրացրեցւ ու տեսա փոքրիկ, երկաթյա ու ծերացած արգելքին՝ կողպեքին: Ժպտացի, Արևուկին չգտա: Բայց ժպտացի, չէ՞
Երևի նրան արդեն գտնելու կարիք էլ չկար...

Հակասություն. Ձմեռը չէի սիրում, ձմեռը սիրում եմ




пятница, 14 марта 2014 г.

Հնդրած մտքեր

Երբեմնի  նուրբ ձեռքերը դանդաղ հնդրում էին մանր, համարյա թե մաքուր ոսպը: Տարիներ առաջ այդ ձեռքերը գնահատականներ էին տալիս փոքրիկ անմեղներին, որ "ճ"-ի մասնիկը
սխալ էին գրել: Այսօրվա ճաշը արդեն եփվում է, իսկ նա արդեն անցել է վաղվա ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին: Սա էլ նրա ժամանակ գլորելու միջոցն է...

Ամեն անգամ ժամացույցին նայելիս գտնում եմ սլաքները նույնանման զույգերով. 11:11, 15:15, 23:23... Ինչքան մոտիկ են իրար, հարազատ...Թվերը՝  դեռ չխաբված, պղտորված փոքրիկից, գարնանային նորածաղկից ու  մեկ հայացքից հետո ամենամաքուր երևույթներն են: 

Դժվար է՞քայլել ինչ-որ մեկերի կողքով, բայց թռչել բամբակե ամպերի անձրևոտ խաչմերուկներում: Մի քիչ թրջվել, տերերի կողմից մոռացված ու անձրևի տակ ընկած լվացք զգալ: Մի քիչ  պահանջել, հետո համակերպվել, մի քիչ վերցնել անձը՝ մտքի տակ գցելով ճնշել այնքան, որ հանձնվի ու փորձի ոտքի կանգնել, սկսի շարժվել տեղից ու զգացնել տա իրեն: 

Շնչող նկարների վրա կետեր են ավելանում, բծավոր են դառնում ու սկսում վարակել իրենց բծերով կողքին շնչող նկարներին: Արդեն սկսեցի մտածել "Արտաքին բծերից պաշտպանական հագուստների" արտադրամաս բացելու մասին: Մնում է գտնել մի ցնդած գիտնական ու նրա հետ այդ բծերից պաշտպանվելու համար նյութ ստեղծել: 
Իսկ եթե ես էլ բծավոր դառնամ՝ արտադրամասը չի բացվի: Պարզից էլ պարզ է: 

Աղմկոտ պատկերներ,  ներդաշնակ քայլեր, կերպար,  կոշիկները երաժշտություն են ստեղծում՝ երևի իրենք էլ չեն հասկանում: Խառնաշփոթիս մեջ գտա մի տող՝ ապագայի ու անցյալի մեջ կորած մեկի քնելուց առաջ գրած խոսքերն էին."Ստվերի կերպարը գնաց": 
Բա՜ց, շա՜տ բաց կապույտ կամ դեղին հիշեցնող ժպիտ է հայտնվել: Բա՜ց, շա՜տ բաց մոխրագույնի ներքո ինչ-որ մեկը (երկուսը) կենդանի են, ապրում են: 
Ասում են՝ գույները չեն կորցնում իրենց գունային ազդեցությունը, ստեղծած ազդեցության դաշտը չի թուլանում, անհատ պաշար կա: Չեք հարցնում, չգիտեմ էլ որտեղից

понедельник, 13 января 2014 г.

Արագացում

Մեքենաները կանգնել են: Շարժը կանգնել է: Երաժշտությունը հոսում է: Մոտեցա անցումին՝
ազատ է: Քայլում էր  նա՝  փաթաթորված մինչև աչքերը փակող շարֆով ու  իր կրկնակի չափի վերնագուստով, ձեռքից բռնել էր տատիկը՝ նա ժպտում էր: Ձեռքը բաց թողնելը երևի ամենավատ բանը կարող էր լինել աշխարհում այդ պահին: Նա  քայլում էր՝ փոքր-ինչ երերալով, դեռ վստահ չէր իր վրա, դեռ վստահ չէր, որ կարող է այն մեծերի նման վստահ, գետնին ագահորեն խփելով քայլել: Բայց ոչի՜նչ, ինքն էլ է դառնալու այդ ագահներից մեկը: Մի օր, օրերից մի օր...

Ջերմաստիճանը բարձրանում է:
Տաք գոլորշին փակում է տեսադաշտը: Հեռվում վառվող լամպը խամրել է. ջերմաստիճանը բարձրացել է: Մի քիչ էլ  ու արդեն  դիմացս կլինի միայն սպիտակ գոլորշու ամպը: Երկնքում լողացող ամպերից մի կտոր ընկել էր սենյակս: Արդեն հասկացաք՝  տեսադաշտս էլ փակել ու հաճելի սպիտակի մի հավերժություն է դիմացս: Վերցնում եմ արդեն ծայրը մաշված մատիտը ու սկսում տեսնել մուգ շերտով "Համընկնությունների անվերջ աճող պրոգրեսիան": Կարծես  թե, դա ես չեմ նկարել ...

Արագ-արագ քայլերը  խաբում են ու վստահեցնում, որ ավելի արագ ու զգույշ քայլելու դեպքում չեն նկատի ներկայությունս: Մթնշաղում մինչև վերջին կետը միացրած երաժշտությունը ավելի  է արագացնում մեքենաների վազքը, դիմացովս քայլող համարձակ երիտասարդների թեժ զրույցը ու  մարդկանցով լցոնված երթուղայինի ծանր շարժումը:

Այն փոքրիկի նման` ես էլ վերարկուի, շարֆ-գլխարկ անբաժան զույգով փաթաթորված անցնում եմ այն կամուրջի վրայով, որը առաջին անգամ անցա, երբ պետք է պաղպաղակ գնեի այն ժամանակ այդ արգելված, չափից դուրս մեծ ու վտանգավոր կամուրջն անց գտնվող խանութից: Դա առաջին անգամն էր, երբ խախտեցի "չի կարելի"-ն, բայց ունեցա սպասված պաղպաղակը: Նրանք տեսնում էին ինչպես էին պսպղում աչքերը, երբ փոքրիկը վայելում էր վանիլային պաղպաղակը՝ սկզբում ազատում սպիտակին վաֆլու  պատնեշներից, հետո աստիճանաբար մաքրում նրան իրականությունից:

Ոտքս դնում եմ սառույցի արդեն մաշված, ասֆալտի տպավորություն թողնող կտորի վրա ու մտածում, որ հանկարծ թե ընկնեմ երևի աչքերս կբացեմ ու կժպտամ, թեկուզ որ՝ կցավա: Կժպտամ, ուղղակի մի մտքից, որ  այն օրը աչքերս փակեցի ու, քաղցր ալկոհոլը խմելով՝ ցածր, միայն մեկի համար լսելի ձայնով ասացի այդ եռյակը: Թեկուզ, որ նրանցից երկուսը՝մյուսի հետ  անհաշտ են:




суббота, 4 января 2014 г.

Պատերի ճաքերը հաշվելիս

Թաց  մտքերի մեջ պլստալով՝ հազիվ հասնում եմ առավոտին:
Ատում եմ քեզ ժամացույց, ինչու՞ ես միշտ ճշմարտությունն ասում: 
Ժամերը գնացին, ես դեռ արթուն եմ: 

Քնել՝ դեռ չի նշանակում աչքերը փակել ու որոշ ժամանակ հետո բացել: Դողը՝ դեռ չի նշանակում վախ: 
Երբ մտածում էի, որ հնարավոր է մանկության բացթողումները լրացնել բառերի, կիսատ-պռատ մարդկանց միջոցով, ամեն ինչ միջոց էր, տարբերակ նպատակիս հասնելու համար: Ես ընդամենը ուզում էի ջնջել  այդ պատկերները հիշողությունիցս: 

Ընկել եմ, չեմ ուզում կանգնել: Այստեղ տաք է, բայց նեղում է: Թեթև ձեռքը կօգնի... Այն գտնելու ամեն հնարավորություն գրավիչ է թվում:


Ուզում էի գրել, թե ինչպես այսօր երթուղայինում ժպտաց փոքրիկ կարմրաթուշ աղջնակը, որին ամբողջ ընթացքում ջանասիրաբար փորձում էի ուրախացնել, սառը դեմքի վրա ուրախության նշույլ պատկերել: Եվ ահա, ստացվեց, նա ծիծիաղեց, երբ անհաջող կերպով փորձում էի  խաղալիքների խանութում տեսած զվարճալի կոկորդիլոսի ձևերն անել: Ես ձախողվեցի, բայց հաղթեցի, որովհետև նա ժպտաց...


Երանի դու էլ էդպես ժպտաս, մի օր, մի թաքուն օր: Այ հիմա մտքումս պտտվող երաժշտության ներքո դանդաղ պարելուց: Ժպտաս, կամ թեթև շարժես դեմքիդ սառը, բայց հալվող արտահայտությունները: Սա ընդամենը գիշերային մտքերից մի հատված էր, որ վերաբերվում է երևակայական կերպարին, որը մի օր իրական կդառնա, կամ էլ արդեն դարձել է..


Ամենօրյա մարդկանց հոսքից զզված,  բայց աշխատել շարունակող արդեն հյուծված երթուղայինի վարորդը մոտենում է վերջին կագնառին: Այստեղ պիտի իջնեմ: Անծանոթ քաղաք, տհաճ աղմուկ, մեկ-մեկ սիրելի մարդկային ամբոխեր: Մոտս միայն մինուճար 200-ոցն էր՝ դասի գնալ-գալու համար նախատեսված: Մոտեցա, որ հանձնեմ վարորդին այն, նա ձեռքը արդեն պարզել էր, որ փոքր հարյուր դրամանոցները լցվեն սևացած ափի մեջ: Առաջինը ես էի, բայց իմը հարյուրանոց չէր: Նրա աչքերը հազիվ էին փակվում, մարմնով դող էր անցնում ամեն անգամ, երբ զգում էր խշխշան կոպեկների զրնգոցը, զզվել էր արդեն: Արագ դրեցի դեղնավուն մետաղադրամը ու  ձեռքի մյուս անկյունից վերցրեցի փոքրի հարյուրանոցը՝ որպես մանր: Արագ նայեց դեղնավուն մեկին, ապա աչքերով հետևեց իմ ինքնագործունեության ընթացքին: Գլուխս բարձրացրեցի, նա ժպտաց՝ ես էլ պատասխանեցի: Աչքերում առույգություն երևաց, կարծես, թե ազատ էլ էի իրեն մի շատ ծանր գործից: Ես ուրախացա՞ այդ պահին: Շա՜տ: Կծիծաղես, բայց նրա այդ ազատության, մի քանի րոպեն հանգիստ վայելելու զգացումի կեսը ինձ փոխանցվեց այդ մեկ ժպիտով:


Հիմա նորից   առատ շոկոլադի, պոպոքի, խմորեղենի կամ մսի  առկայություն կա:  Նորից բոլորը հիշել են, որ ուտելու սեզոնն է ու պետք է ընտրել ամենագունավորը, սիրունը, համեղը, ընտրել թանկարժեքը ու  վայելեն դրա բոլոր հատկանիշները՝ ոչինչ, որ գիշերը  լավ չեն քնի՝ ներսում այդ բոլորի անհաշտ լինելու պատճառով:
Կուզեի, որ այդպես չմտածեիք
Կուզեի կտածեիք այն վարորդի նման, որ երևի այն մի ժպիտով ավելի ուրախացավ, քան կուրախանար  խոզի բդի համից:


Թեթև քայլերով մոտենում եմ այն վայրին, որ  ամենալավ մի երկու քառակուսի մետրն է մտածելու, թե ինչ-որ բան արժես էս հողակույտի վրա  ու զգաս բարձրութան համը: Դու-ն փոխվել է, հիմա քերծվածքները նորաձև են: Հիշել եմ հավատարիմ ընկերոջս՝  մոխրագույն ագռավին: Պատմել եմ ձեզ նրա մասին: Ինձ խորհուրդներ էր տալիս, իսկ ես՝ գնում էի տուն ու մոռանում դրանց մասին, որովհետև էլի ձուլվում էի զզվելի մսաղացի մսացուին ու միանում միահամուռ աղման պրոցեսին: Երեկ նա այցելեց, երբ գիշերը  մթության մեջ հաշվում էի պատի վրայի ճաքերը: Հա, վերջերս եմ հայտնաբերել մթության մեջ  տեսնելուս փաստը:


Դե, իսկ հիմա մտքում շնորհավորիր, որ վերջապես մի բան կարողացա գրել: Իսկ ես էլ թաքուն կընդունեմ շնորհավորանքդ: